Լևոն Հովհաննեսի Հախվերդյան (1924 դեկտեմբերի 26, Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր) — 2003 փետրվարի 6), հայ գրականագետ, թատերագետ, թարգմանիչ, հրապարակախոս։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1967 թ.), պրոֆեսոր (1987 թ.)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1952 թվականից: ԽՄԿԿ անդամ 1955 թվականից: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972 թ.)։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996 թ.)։
Լևոն Հախվերդյանը ծնվել է Ղարաքիլիսայում: Սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում: 1949 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը։ 1955-1959 թվականներին եղել է «Խորհրդային արվեստ» ամսագրի քարտուղար, 1956 թվականից՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի աշխատակից (1965-1987 թվականներին՝ թատրոնի և կինոյի բաժնի վարիչ), 1987-2003 թվականներին՝ նույն ինստիտուտի տնօրեն: 1956 թվականին «Մեր օրերի հայ դրամատուրգիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1967 թվականին «Թումանյանի աշխարհը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան: Հախվերդյանի «Թումանյան» գիրքը 1969 թվականին Երևանում լույս է տեսել ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն: 1980-2001 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում:
Հախվերդյանի հոդվածներն ու գրքերը վերաբերում են լեզվի, հայ դասական և ժամանակակից գրականությանը (Թումանյանի աշխարհը, Երևան, 1966 թ., Թումանյան, Երևան, 1969 թ., նաև անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, Մտորումներ, Երևան, 1984 թ., Զրույցներ լեզվի մասին, Երևան, 1993 թ., Թումանյանը և իր ժամանակը, Երևան, 1995 թ.), թատրոնի հարցերին (Մեր օրերի հայ դրամատուրգիան 1945-1955 թթ., Երևան, 1955 թ., Սուրեն Քոչարյանի արվեստը, Երևան, 1959 թ., Հայ թատրոնի պատմություն. 1901-1920 թվականներ, Երևան, 1980 թ., Տաղանդ և բնավորություն. Վարդան Աճեմյանը կյանքում և արվեստում, Երևան, 1989 թ.), ուր հեղինակի վառ արտահայտված անհատականությունը համադրվում է գիտական ստույգ իմացությանը։ Թարգմանել է Ն. Կունի, Անտոն Չեխովի, Ստեփան Ցվայգի, Իոսիֆ Յուզովսկու և այլոց երկերից։
Երկեր
Մեր օրերի հայ դրամատուրգիան (1945-1955), Ե., Հայպետհրատ, 1955, 198 էջ:
Սուրեն Քոչարյանի արվեստը, Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1959, 220 էջ:
Կլասիկան և մեր օրերը (Վարդան Աճեմյանի արվեստը), Ե., ՀԽՍՀ ԳԱ 1962, 192 էջ:
Երկեր և կերպարներ, Ե., Հայպետհրատ, 1964, 254 էջ:
Թումանյանի աշխարհը, Ե., «Հայաստան», 1966, 500 էջ:
Հայ խորհրդային թատրոնի պատմություն (հատորի դերասանական արվեստին վերաբերող գլուխները գրել է Լևոն
Հախվերդյանը), Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1967, 648 էջ:
Թումանյանի կյանքը, Ե., «Հայաստան», 1969, 92 էջ:
Թումանյան, Ե., «Հայաստան», 1969, 102 էջ:
Սունդուկյանի անվան թատրոնը, Ե., «Հայաստան», 1972, 27 էջ:
Ինչպես դիտել ներկայացումը, Ե., «Հայաստան», 1972, 31 էջ:
Իսահակյանի կյանքն ու գործը, Ե., «Հայաստան», 1974:
Ժամանակի հետ (հոդվածներ), Ե., «Հայաստան», 1976, 355 էջ:
Դերեր և դերասաններ, Ե., Հայկական թատերական ընկերություն, 1977, 272 էջ:
Հայ թատրոնի պատմություն (1901-1920), Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1980, 378 էջ:
Թարգմանություններ (ռուսերենից)
Կուն Ն., Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները, Ե., Հայպետհրատ, 1956, 624 էջ:
Հին Հռոմ, Ե., Հայպետհրատ, 1958, 384 էջ:
Ցվայգ Ստեփան, Մարդկության աստեղային ժամերը (պատմական մանրապատումներ), Ե., «Հայաստան», 1974, 184 էջ:
Յուզովսկի Յուրի, Դարն ու կերպարը, Ե., Հայկական թատերական ընկերություն, 1975, 204 էջ:
Կոկլեն-Ավագ, Դերասանի արվեստը, Ե., Հայկական թատերական ընկերություն, 1978, 66 էջ:
Կուն Ն., Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները, Ե., «Սովետական գրող», 1979, 591 էջ:
Մրցանակներ
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972 թ.)
ՀԽՍՀ պետական մրցանակ (1983 թ.)
Նալբանդյանի անվան մրցանակ (1988 թ.)