Կոնստանտին Սողոմոնի Սարաջև (Սարաջյան) (սեպտեմբերի 27, 1877, Դերբենդ — հուլիսի 22, 1954 Երևան), հայ խորհրդային դիրիժոր, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945)։ Աշխատանքի հերոս (1921)։
Կյանքը և գործուներությունը
Կոնստանտին Սարաջևի հուշատախտակը Երևանում
1898 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի Ի․ Վ․ Գրժիմալիի ջութակի դասարանը (կոնտրապունկտ ուսումնասիրել է Ս․ Ի․ Տանեևի մոտ)։ 1900 թվականից՝ Մոսկվայի մասնավոր ռուսական օպերայի նվագախմբի կոնցերտմայստեր: 1905-1906 թվականներին Լայպցիգում պարապել է Ա․ Նիկիշի մոտ (դիրիժորություն)։ 1908 թվականից Մոսկվայում հանդես է եկել որպես մենակատար-ջութակահար, նվագել կամերա-գործիքային անսամբլներում, ժողովրդական կոնսերվատորիայում վարել ջութակի և երաժշտական գրագիտության դասեր, ղեկավարել է հանրամատչելի սիմֆոնիկ համերգներ Սոկոլնիկիում (1908, 1910, 1911), օպերային ներկայացումներ Սերգիևո Ալեքսեևյանի տանը (1911-1912), գլխավորել «Ազատ թատրոնի» երաժշտության մասը (1913-1914)։ Սարաջևը դասական երաժշտության խոր գիտակ և լուրջ մեկնաբան էր, ժամանակակից երաժշտության անխոնջ պրոպագանդող։ Նրա ղեկավարությամբ են առաջին անգամ հնչել Ն․ Մյասկովսկու, Ս․ Պրոկոֆևի, Դ․ Շոստակովիչի շատ սիմֆոնիկ երկեր։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո Սարաջևը ակտիվորեն մասնակցել է սովետական երաժշտական կյանքին։ 1918-1919 թվականներին Սարատովում վարել է սիմֆոնիկ համերգներ, ղեկավարել Սովետական օպերայի թատրոնը, դասավանդել կոնսերվատորիայում։ Դոնի Ռոստովում կազմակերպել է սիմֆոնիկ նվագախումբ և օպերային թատրոն, եղել է Ազով Սևծովյան նավատորմի նվագախմբի դիրիժոր, ստեղծել է կամերա-գործիքային անսամբլ: 1922 թվականին Ա․ Վ․ Լունաչարսկու հրավերով տեղափոխվել է Մոսկվա։ 1922-1935 թվականներին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (վարել է նվագախմբային, խմբավարական, օպերային դասարանները, դասավանդել երաժշտա-տեսական առարկաներ, պարտիտուրի ընթերցում)։ Հատկապես մեծ դեր է խաղացել դիրիժորական կադրերի պատրաստման գործում։ Աշակերտներից են Գ․ Բուդաղյանը, Լ․ Գինզբուրգը, Մ․ Պավերմանը, Բ․ Խայկինը, Ցու․ Տիմոֆեևը և ուրիշներ։ Ղեկավարել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտը (1922-1924, ռեկտոր), սիրողական սիմֆոնիկ նվագախումբ (1924-1935, 1926 թվականից՝ Սարաջևի անվան)։ Սովետական կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ հանդես է եկել Վիեննայում և Պրագայում (1927)։ Սարաջևի դիրիժորական արվեստն աչքի է ընկել վառ Կ․ Ս․ Սարաջև արտիստականությամբ, դասական խստությամբ, կատարվող ստեղծագործության գաղափարա-գեղարվեստական մտահղացման բացահայտման խորությամբ։ 1935 թվականից ապրել է Երևանում, ծավալել բազմակողմանի ստեղծագործական և կազմակերպչական գործունեություն․ 1935-1939-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր, մասնակցել է Ա․ Դարգոմիժսկու «Ջրահարսը» (1938) օպերայի, Բ․Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (1939), Ա․ Խաչատրյանի «Երջանկություն» (1939) և «Գայանե» (1947) բալետների բեմադրություններին։ 1941 թվականից՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ Լայնորեն պրոպագանդել է հայ կոմպոզիտորի ստեղծագործությունը։ 1936-1954 թվականներին՝ Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր (1936-1937 թվականներին և 1940-1954 թվականներին՝ տնօրեն)։ Սաներից են՝ Արամ Քաթանյանը, Յուրի Դավթյանը, Հակոբ Ոսկանյան: Սարաջևի անունով Երևանում կոչվել է երաժշտական դպրոց:
Մրցանակներ
Լենինի 2 շքանշաններ
Աշխատանքի հերոսի կոչում, 1921
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1945
ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործչիչ
Մեջբերումներ Կոստանտին Սարաջևի մասին
Իր արժեքավոր խորհուրդներով Կոստանդին Սարաջևը վայելում էր երաժիշտների մեծ սերն ու հարգանքը:
— Դմիտրի Շոստակովիչ