Վահե Սամվելի Զաքարյան (հոկտեմբերի 12, 1995, Հրազդան, Կոտայքի մարզ, Հայաստան — ապրիլի 2, 2016, Ջաբրայիլ, Ադրբեջան), Հայաստանի զինված ուժերի և Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող, շարքային։
Վահե Զաքարյանը ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ Սամվել Զաքարյանի ընտանիքում։ Ունի երկու քույր, իսկ ինքը տան միակ արու զավակն էր։ 2002 թվականին ընդունվել է տեղի հիմնական դպրոց և ավարտել 2012 թվականին։ Նույն թվականին ընդունվել է Հրազդանի 10-րդ ավագ դպրոցը։ Սովորել է կենսաքիմիկական հոսքում։ Դպրոցն ավարտել է 2014 թվականին։ Ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն, սակայն Վահեն 13 տարեկան էր, երբ որոշեց թողնել Մոսկվայի հանգիստ կյանքը և վերադարձավ Հայաստան։ Վահեն 11 տարեկանից զբաղվել է սպորտով՝ կարատեով և արևելյան մարտարվեստով։ Բազում հաղթանակներ և մեդալներ ունի, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող է։ Հայաստանում մասնակցել է բազմաթիվ մրցույթների։ Հայաստանի հանրապետության երկակի չեմպիոն է, ունի երկու սև գոտի։ Աշխարհի մրցույթներին մասնակցելու հրավեր էր ստացել․ մասնակցել է Լեհաստանում կայացած մրցմանը, իսկ Չեխիայում կայանալիք մրցմանը չի հասցրել մասնակցել։ 2014 թվականին ընդունվել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։
2014 թվականին 2014/1 զորակոչով զորակոչվել է հայոց բանակ, ծառայության անցնելով Հոկտեմբերյանում։ 6-ամսյա ուսումնական փուլն անցնելուց հետո, որպես տանկի նշանառու-օպերատոր, տեղափոխվել է ԼՂՀ՝ Ջեբրաիլ։ Վահեի տունդարձին մնացել էր 111 օր։ 2016 թվականի ապրիլի 2-ին Վահեն իր տանկով հասավ մինչև հակառակորդի դիրքերը և խոցվեց։ Վահեն զոհվեց՝ բաց տարածքում կռիվ տալով։
Վահեի հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 8-ին Ջրառատ թաղամասի եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 9-ին։
Հետմահու Հայաստանի և Արցախի նախագահների կողմից պարգևատրվել է «Արիության» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով։