Լուսանկարվելու հետ կապված մի պատմություն կա, որը հումորով է հիշում Իսահակյանը.
«Երբեք չեմ մոռանում մի զվարճալի դեպք: 1908 թվին ուշ աշնանը, գրականության նահապետ Ղազարոս Աղայանը Հովհ. Թումանյանին և ինձ ասաց, թե՝ հինգշաբթի օրը Գևորգի մոտ ճաշի ենք կանչված. Գևորգն ասաց, թե՝ «Ղազարոս, տղաներին առ արի, մի քիչ ժամանակ անցկացնենք»:
Տղաները՝ Հովհ. Թումանյանն էր, Կոմիտասը, Վրթանես Փափազյանը և ես:
Հինգշաբթի օրը հավաքվեցինք ժամադրավայր սրճարանում և գնացինք Գ. Բաշինջաղյանի տունը: Զանգը տվինք. Դուռը բացեց Բաշինջաղյանի տիկինը. Քաղցր ժպիտով մեզ ընդունեց և առաջնորդեց նկարչի արվեստանոցը, որ միաժամանակ իր նկարների սրահն էր:
— Գևորգը տանը չէ՞, — հարցրեց Աղայանը:
— Ոչ, տանը չէ, հիմա կգա, խնդրեմ մի քիչ սպասեցեք…
— Տիկնոջ սիրալիրության տակ ես զգացի մի ինչ-որ շփոթմունք, վարանում:
Ընդարձակ, լուսավոր սրահում մենք սկսեցինք դիտել նրա նկարները, իրար ցույց էինք տալիս այս կամ այն նկարը, հիանում էինք, հրճվում: Այսպես անցավ մի ժամ, թերևս ավելի:
Աղայանը դիմեց ինձ. -Էդ մարդն ու՞ր մնաց. Ես էլ քաղցած եմ շատ… ձեն-ձուն չի լսվում: Ա՛յ տղա, միջանցքը գնա, մի կերպ նայիր էս ու էն կողմը, մարդ կա՞, չկա՞…:
Ես մտա միջանցքը, ականջ էի դնում դռներին՝ ձայն չկա, շարժում չկա, զգուշությամբ բաց եմ անում խոհանոցի դուռը-մարդ չկա, և ոչ միայն մարդ չկա, պլիտան էլ լուռ է, կրակ չկա, բացարձակ ամայություն տան մեջ:
Եկա հայտնեցի…
Աղայանը զայրացավ.
— Տո, էս ի՜նչ օյին է…:
Թումանյանը իր հումորով կպավ Աղայանի օձիքից.
— Ա՛յ մարդ, հենց որ լավ ճաշի անուն ես լսում գլուխդ կորցնում ես. Բա մարդ լավ չիմանա՞ ճաշի ենք կանչված, թե՞ չայի:
— Ա՛յ գիժ, — գոռում է Աղայանը,- ի՞նչ է՝ հայերեն չեմ հասկանու՞մ, խո փիլիսոփայություն չէր կարդում էդ մարդը… ասաց, թե՝ հինգշաբթի…
Մենք ծիծաղներս զսպած՝ դիտում էինք նրանց կռիվը՝ Թումանյանի կողմից կատակով, Աղայանի կողմից լուրջ, երբ հանկարծ դուռը արագորեն բացվելով, բարկացած ներս մտավ Բաշինջաղյանը և ուղղակի հարձակվեց Աղայանի վրա.
— Մարդ Քրիստոսի, ես քեզ ի՞նչ ասի…
Դու ասիր, թե՝ հինգշաբթի տղաներին առ…
— Հա է, հա, բայց ես ասի, թե՝ էս հինգշաբթի չէ, մյուս հինգշաբթի, էս հինգշաբթի ես ինքս հյուր եմ ուրիշի մոտ, էդ ասի:
Դեհ, էդպես կասեիր, է՛լի, ի՞նչ ես ինձ սարսաղի տեղ դնում…
— Ա՛րի, էս մարդուն խոսք հասկացրու, — ձեռքերը հուսահատ վար թողեց նկարիչը:
Վերջապես մենք միջամտեցինք և երկու մեր շատ սիրելի բարեկամներին հանգստացրինք:
Բաշինջաղյանը իրեն վերստին գտավ, քաղցրությամբ ու ժպտալով պատմեց, որ հենց մենք տուն ենք մտնում, տիկինն իսկույն խոհարարուհուն ճամփում է այն տունը, որտեղ Գևորգը հյուր էր, հայտնելու, թե՝ եկել են հյուրերը, ինքն էլ գնում է խանութները գնումներ անելու:
Բաշինջաղյանին հյուրասիրող ընտանիքը ինչ ունեն չունեն, իրենց սեղանից վերցնում են, Բաշինջաղյանի հետ ճանապարհ դնում, մինչ այդ՝ տիկինը բերում է և իր գնումները:
Մի խոսքով բավական ուշ սեղան նստեցինք և շատ ուրախ ճաշասեղան ունեցանք, մինչև ուշ գիշեր խոսք ու զրույց, կատակ ու ծիծաղ: Կոմիտասն էլ երգեց ու նվագեց:
Այդ անմոռանալի օրը Վ. Փափազյանը հավերժացրեց՝ լուսանկարելով մեր խումբը գեղեցիկ պատկերասրահում»:
Լուսանկարում՝ ձախից աջ ՝ Ավ. Իսահակյան, Հովհ. Թումանյան, Գ. Բաշինջաղյան, Ղ. Աղայան, Վ. Փափազյան, Կոմիտաս, Ա. Չոպանյան
Թիֆլիս, Բաշինջաղյանի արվեստանոց, 1908թ.
Աղբյուր՝ vnews.am