Գրականագետ, մանկավարժ, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ
Ծնվել է 1873թ. ապրիլի 1-ին Թիֆլիսում: 1892թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և ընդունվել էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ սովորել է երկու տարի: Այնուհետև տարբեր տարիներ կարճ ժամանակով եղել է Մոսկվայի, Լոզանի, Սորբոնի համալսարանների ունկնդիր, սակայն չի ավարտել` ազգային-քաղաքական գործունեության նվիրվելու պատճառով: Զբաղվել է քաղաքական, գրական-մշակութային գործունեությամբ, ինչպես նաև ուսուցչությամբ` Կաղզվանում, Ագուլիսում, Շուշիում, Թեհրանում, Ալեքսանդրիայում, Բեյրութում: Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության գործուն անդամներից էր. 1918-1920թթ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային խորհրդի, ապա պառլամենտի անդամ:
Գրական գործունեությունն սկսել է «Մուրճ» ամսագրում:
1896-1899թթ. այստեղ տպագրել է երեք տասնյակից ավելի գրախոսական, հոդված, գրականագիտական ուսումնասիրություն: 1900-1910թթ. ճանաչված քննադատ էր, քաղաքական գործիչ, Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահի (Հովհ.Թումանյան) անփոփոխ տեղակալը:
Մեծ է նրա դերը հայ գրական-մշակութային գործիչների և մասնավորապես Սայաթ-Նո վայի հոբելյանական հանդիսությունների կաղմակերպման գործում: Նա ամենուր դասախոսություններ էր կարդում Սայաթ-Նովայի մասին և հընթացս կատարում նրա երգերը, որոնցից մի քանիսը նոտագրվել և փոխանցվել են սերունդներին:
Ն. Աղբալյանը Առաջին Հանրապետության օրերին Երևանում ստեղծեց Հայաստանի գրողների ընկերությունը: Նա ճանաչված հրապարակախոս էր, փայլուն հռետոր: Անդրադարձել է XXդ. առաջին կեսի հասարակական-քաղաքական կյանքի գրեթե բոլոր խնդիրներին:
Հայաստանի Հանրապետության հանրային կրթության և արվեստի նախարարի (1919թ. օգոստոս-1920թ. մայիս) պաշտոնում մեծ աշխատանք է ծավալել մշակույթի, գիտության և ագգային կրթության նկատմամբ պետական մոտեցում ձևավորելու ուղղությամբ: Ն.Աղբալյանի ստորագրած հրամանով ու ջանքերով էլ իրականացավ համալսարան ստեղծելու մասին մինչ այդ ընդունված որոշումը:
1920թ. Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Ն.Աղբալյանը չհեռացավ հայրենիքից, սակայն շուտով ձերբակալվեց: Կացնի «դատավճռից» նրան ազատեց 1921թ. Փետրվարյան հեղափոխությունը:
Ն .Աղբալյանը աշխատակցել է «Մուրճ», «Վտակ», «Զանգակ», «Գործ», «Հորիզոն», «Նոր հոսանք», «Արև», «Ազատամարտ», «Ռազմիկ», «Հառաջ», «Վեմ», «Սիոն», «Հայրենիք», «Ազդակ» և այլ պարբերականների, եղել է «Ազատամարտիկ»-ի խմբագիր (մեկ տարի, 1917), «Հորիզոնի» և «Նոր հոսանքի» խմբագիրներից մեկը: Սփյուռքում հրատարակվել են գրականության և լեզվի խնդիրներին նվիրված նրա աշխատությունները:
Ն.Աղբալյանի «Բանասերի հուշագիրը» (Բեյրութ, 1937-1938), «Դասախոսություններ հայ մատենագրության մասին» (Բեյրութ, 1951), «Սայաթ-Նովայի հետ» (Բեյրութ, 1966), «Մտածումներ» հրապարակախոսական հոդվածների ժոդովածուն (Բեյրութ, 1967), «Պատմություն հայոց գրականության» (Բեյրութ, 1970) աշխատությունները լուրջ ավանդ են հայ գրականության պատմության, հայոց լեզվի ուսումնասիրության բնագավառներում:
Վախճանվել է 1947թ. օգոստոսի 15-ին Բեյրութում:
Ն.Աղբալյանի բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնտկան մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնական-մանկավարժի դերը համալսարանի հիմնադրման գործում:
Տեսանյութը՝ «ԱՌԱՋԻՆ ԱՅՐԵՐ» հաղորդաշարի