Դուշման (իսկական անունը՝ Վարդան Ստեփանյան), (1966, մարտի 8, Երևան — 1992, հուլիսի 3, Մյուրիշեն, ամփոփված է Եռաբլրում (Երևան), Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի։ Հայաստանի հերոս:
Արցախյան պատերազմ
«Զենք վերցնել ու գնալ կռվելու արդեն իսկ մեծ հերոսություն է, իսկ ինչպիսին կլինի զինվորը՝ լավ թե վատ, կախված է հրամանատարից։
Սիրեք նրան, ինչպես սիրում եք ձեր հորն ու մորը, որովհետև մեր հողը մեր բոլորիս ծնողն է» : — Դուշման Վարդան
Հետագայում Վարդանը ստեղծում է նույնպիսի դպրոց նաև Արցախում։ Շատ բարդ էր Արցախ մեկնող նորակոչիկների գործը։ Վարդանը ոգեշնչում էր պատանի զինվորներին։ Հետո ձեռքն էր վերցնում մի բուռ հող ու ուտում և պահանջում, որ այդպես անեն նաև տղաները։ Հետո սկսում էր խոսել, որի միտքն այն էր, որ մեր երկիրը, մեր հողը մեր մայրն է, և աշխարհում նրանից ավելի քաղցր բան չկա։
Իսկ պատերազմը գնալով ուժգնանում էր։ Կատաղի մարտեր էին տեղի ունենում Երասխավանի, Ասկերանի, Շահումյանի շրջաններում։ Վարդանը անցնում է Կոռնիձոր։ Այնուհետև, մշակույթի աշխատողի փաստաթղթերով անցնում է Արցախ, որտեղ մասնակցում է Բադարա և Ասկերանի շրջանի Դահրավ գյուղերի ինքնապաշտպանության կազմակերպմանը։
1991 թվականի հոկտեմբերի 30-ին «Դաշնակցություն» ջոկատի կազմում, որի հրամանատարն էր Աշոտ Ղուլյանը (Բեկոր Աշոտ), մասնակցում է ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման մարտերին։ Այնուհետև Վարդանի ջոկատը մտնում է Քարագլուխ գյուղ, որը ադրբեջանցիների կողմից իրականացված «Օղակ» օպերացիայի արդյունքում ավերակ էր դարձել։ Վարդանի տղերքի հաջորդ հաղթանակը Ստեփանակերտի արվարձան Կրկժանի` ադրբեջանական ամուր հենակետի, ոչնչացման ուղղված օպերացիան էր` 1992 թվականի հունվարի 22-ին։ Կրկժանն ուղիղ կապ ուներ Շուշիի հետ, որտեղից թուրքերն անընդհատ մարդկային ու ռազմական համալրում էին ստանում։
Կրկժանի համար մղվող դիրքային մարտերը տևեցին ավելի քան մեկ ամիս և ահա եկել էր վճռական հարձակման անցնելու պահը։ Հայկական գրոհը սկսվեց գիշերը՝ երկու ուղղությամբ։ Իրականացված գործողության մեջ իրենց մեծ դերն ունեցան Դուշմանի տղերքը՝ շուրջ 40 կռվողներ։ Նրա խումբը հարձակվելով թիկունքից՝ անակնկալի բերեց ազերիներին։ Քարինտակի հաղթանակը դարձավ հայկական ուժերի առաջին խոշոր հաղթանակը Արցախյան պատերազմում։ Սա դրեց հայերի իրար հաջորդող հաղթանակների սկիզբը՝ 1992 թվականի փետրվարի 10-ից սկսած հայկական ուժերը իրար ետևից ոչնչացրեցինլ, Գուշչուլար և Լեսնո (Մեշալու) գյուղերի ադրբեջանական կրակակետերը։ Այդ հաղթանակների ողջ քաղցրությունն ու դառնությունը զգաց և ինքը՝ Դուշմանը, որը մարտերի անմիջական մասնակիցն էր։
Հաջորդ կարևորագույն հաղթանակներից էին Խոջալուի կրակակետերի ոչնչացումը (փետրվարի 25-26-ի գիշերը) և Ստեփանակերտ-ի օդանավակայանի ու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհների բացումը՝ ազատումը ազերիներից։ Գործողությունն իրականացվեց փայլուն կերպով և դարձավ անգնահատելի հաղթանակ ԼՂՀ-ի մայրաքաղաքի ու շրջափակման մեջ գտնվող բնակավայրերի անվտանգության ապահովման համար։ Այս հաղթանակները կարևոր նշանակություն ունեցան նաև Շուշիի ազատագրման համար։ Խոջալուի ազատագրման ժամանակ Բեկոր Աշոտի ուժերը հարձակման են անցել Ասկերանի շրջանի Քյարտուկ գյուղից։
Շուշիի ազատագրում
«Հայրենիքի անունից սխրանքներ գործել և հավատալ հաղթանակին — ահա սա է մեր ուժի աղբյուրը»։ — Դուշման Վարդան
Եվ հայ զենքի, հայ զինվորի իսկական սխրանքը դարձավ հնամենի Շուշիի ազատագրումը ադրբեջանաթուրքական 72-ամյա օկուպացիայից։ Անառիկ բերդ հիշեցնող Շուշի մտած ստորաբաժանումների մեջ առաջիններից էր Բեկոր Աշոտի գլխավորած 1-ին դաշնակցական վաշտը, որի մեջ մտնում էր նաև Դուշման Վարդանի գլխավորած խումբը։ Մայիսի 7-8-ի գիշերը Շուշիի ուղղությամբ իրականացվեց հրետանային հուժկու հարված, որից հետո սկսվեց գրոհը։ Դուշմանի կռվողներն հարձակումն սկսեցին քաղաքի արևելյան կողմից և արդեն առավոտյան ազատագրել էին Շուշիին հարակից թաղամասերը։ Շոշ գյուղի կողմից սկսվեց գնդապետ (այժմ՝ գեներալ-մայոր) Արկադի Կարապետյանի գլխավորած գումարտակի գրոհը։ Հյուսիս-արևմուտքից գրոհին միացան նաև Բեկոր Աշոտի գլխավորած ուժերի մնացած մասը։ Հարավից հարձակում գործեցին Նվեր Չախոյանի, այսպես կոչված «աֆղանների» վաշտը, ինչպես նաև Ժիրայր Սեֆիլյանի և Աշոտ Խաչատրյանի գլխավորած գումարտակները։ Նույն ժամանակ գնդապետ Սեյրան Օհանյանի գլխավորած ուժերը շրջանցեցին քաղաքը հարավ արևմուտքից՝ ազատագրելով Մալիբեկլու, Քյոսալար, Բաշքենդ, Ջավադլար և ուրիշ բնակավայրեր՝ ընդհանուր առմամբ 17։ Շուտով հարձակմանը միացավ նաև Վալերի Չիտչյանի գումարտակը։ Սամվել Բաբայանի գլխավորած ջոկատը Բերձորի կողմից փակեց ադրբեջանցիների հնարավոր օգնության ճանապարհը։
Առավոտյան դեմ հայկական ուժերն իրականացրեցին միասնական գրոհ։ Շուշիում թողնվել էր մարդասիրական միջանցք՝ թշնամու հեռանալու համար (Բերձորի (այն ժամանակ՝ Լաչին) կողմից)։ Մայիսի 9-ին կեսօրին մոտ քաղաքը ազատագրվեց։ Մարտի դաշտում բազմաթիվ զոհեր թողնելով, թողնված մարդասիրական միջանցքով, թշնամին դիմեց փախուստի։ Հայկական կողմը տվեց 27 զոհ և շուրջ 180 վիրավոր։ Ադրբեջանական կողմը տվեց շուրջ 300 զոհ և 700 վիրավոր։ Որպես ռազմավար հայկական կողմին մնաց թշնամու ամբողջ հրետանին, զենքերը և այլն։
Պատերազմի հետագա ընթացքը
Մայիսի 11-ին Դուշմանի խումբը Հայկի Էջմիածինի ջոկատի հետ շարժվեց Զարիսլու գյուղի ուղղությամբ՝ պաշտպանելու ստրատեգիական նշանակություն ունեցող ավտոճանապարհը։ Այդ ժամանակ ադրբեջանական ղեկավարությունը իր առաջ խնդիր էր դրել վերադարձնել Շուշին։ Բախվելով Դուշմանի գլխավորած ուժերի հետ, ադրբեջանցիները կատաղի մարտերից հետո դիմում են փախուստի՝ մարտի դաշտում թողնելով մեծ քանակությամբ ռազմավար՝ այդ թվում «T-72» տանկեր, ինչպես նաև կրելով զգալի մարդկային կորուստներ։ Այնուհետև տեղի ունեցավ հաղթական մուտք դեպի Լիսագոր և Բերձոր (այն ժամանակ՝ Լաչին)։ Իրականացվեց Դուշմանի երազանքը՝ տուն վերադառնալ Շուշի-Լաչին ճանապարհով։ Պատերազմի օրերին հերոսի մայրը՝ տիկին Զարուհին, նրա կողքին էր և օգնում էր որդուն։ Ծանր ու դաժան մարտերում Վարդանը բազմիցս վիրավորվել է։
Բուժվելու օրերին նա տանջվում էր նրա համար, որ այլևս չի կարող գնալ կռվելու — պատմում է Վարդանի մայրը՝ տիկին Զարուհին։
1992 թվականի մայիսին հրամանատարության որոշմամբ ստեղծվեց Շուշիի առանձին գումարտակ։ Հրամանատարի փոխարինող դարձավ Դուշմանը։
Հերոսի մահը
«Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի» ։ — Դուշման
Վարդանը զոհվեց 1992 թվականի հուլիսի 3-ին, երբ իր զինվորական ընկեր Երոի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում։
«Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ» ։ — Դուշման
Վարդանի մարմինը հանձնվեց իր այդքան սիրելի հողին՝ Երևանում, հայ զինվորների գերեզմանոցում՝ Եռաբլուրում։
Հերոսի հիշատակին
«Ինչքան մենք ենք մեր ազգը սիրում, գոնե մի փոքր էլ ազգը մեզ սիրի»։
Ժողովուրդը մեծ հարգանքով ու հպարտությամբ է հիշում ու գնահատում այն, ինչ արել է իր համար Վարդանը։ Վարդանին է նվիրված Դավիթ Ամալյանի երգերից մեկը, ինչպես նաև Գագիկ Հայկազունու «Հպարտ գնացեք երգը»։ Որդու զոհվելուց հետո մայրը՝ տիկին Զարուհին, չնայած դժվարություններին, կարողացավ վերանորոգել բնակարանը և նրա տունը դարձնել տուն-թանգարան՝ ընդարձակ գրադարանով։ Մուտքն այստեղ ազատ է և այցելուների պակաս չի լինում։ Գալիս են այստեղ սփյուռքից, ինչպես նաև աշակերտներ, ուսանողներ, պատերազմի ընկերները։ «Մեր դուշմանը դուշմաններից-մեր Դուշման Վարդանը»՝ այս վերնագիրն է կրում Դուշմանին նվիրված Արամայիս Սահակյանի գիրքը, որը նվիրվել է տուն-թանգարանին։ 2009 թվականի մարտի 8-ին, Վարդանի ծննդյան 42-րդ տարեդարձին, նրա անվան գրադարան-տուն-թանգարան առաջին այցելությունը կատարեց մարտական ընկերը՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և թանգարանի հուշամատյանում հանպատրաստից այսպիսի տողեր թողեց.
«Ես խոնարհվում եմ մեր բոլոր հերոսների հիշատակի առջև, որոնց շնորհիվ այսօր հայ ժողովուրդն իր խաղաղ կյանքով է ապրում։ Ես խոնարհվում եմ Վարդանի ոգու առջև, որ այսօր էլ սփռվում է Հայաստանով մեկ և դաստիարակում մատաղ սերնդին, և խոնարհվում եմ մայրերի առջև` հանձին տիկին Զարուհու, որ նրանք պահպանում ու բազմապատկում են հերոսների սխրագործությունը»:
2009 թվականի հուլիսի 3-ին Արցախի Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղում, այնտեղ, որտեղ զոհվել էր Վարդանը, կանգնեցվեց նոր հուշարձան։
«Նվիրյալները» հաղորդաշարը ներկայացնում է Դուշման Վարդանին։