Պետրոս Հերոնիմոսի Ադամյան (դեկտեմբերի 21, 1849, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն — հունիսի 4, 1891, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ մեծ դերասան, բանաստեղծ, գրող, նկարիչ և հասարակական գործիչ։ Համլետի և Օթելլոյի դերակատարումներով դասվել է աշխարհի մեծագույն ողբերգակների շարքում, իր ժամանակի հայ թատրոնի առաջատարն էր և ամենախոշոր ողբերգակը։ Թիֆլիսի հայկական թատրոնը կրում է նրա անունը։
Կենսագրություն և կարիերա
Պետրոս Ադամյանը նախնական կրթությունը ստացել է Պոլսի Ղալաթիայի Սուրբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցու դպրոցում։ 17 տարեկան հասակում շատ փոքրիկ դերով հանդես է եկել Արևելյան թատրոնում բեմադրված «Գուլիելմոս աշխարհակալ» ներկայացման մեջ, իսկ առաջին մեծ դերը խաղացել է 1867 թ. Միքայել Նալբանդյանի մահվան առաջին տարեդարձին նվիրված երեկոյին «Վարդան Մամիկոնեան. փրկիչ հայրենեաց» պիեսի բեմադրության մեջ, ինչի համար արժանացել է տեղի մամուլի դրական գնահատականին։
1867-1869 թթ. խաղացել է Ասիական ընկերության, Կամավոր ընկերության և հայկական մի քանի այլ թատրոններում։ 1872-1875 թթ. աշխատել է Պ. Մաղաքյանի թատերախմբում, խաղալով պատմական ողբերգություններում և մելոդրամաներում։ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զբաղվել է ասմունքով՝ տարածելով Մ. Նալբանդյանի և Ռափայել Պատկանյանի ազատասիրական ոճի ստեղծագործությունները։ 1879 թ. Պետրոս Ադամյանը հրավիրվում է Թիֆլիս, իսկ մեկ տարի անց հյուրախաղերով հանդես է գալիս Ախալցխայում: 1883-1885 թթ. Ադամյանն արդեն որպես ճանաչված դերասան հրավերներ է ստանում տարբեր քաղաքներից՝ Շուշի, Նոր Նախիջևան, Դոնի Ռոստով, ավելի ուշ Մոսկվա, Պետերբուրգ, Աստրախան, Խարկով, Կիև, Բաքու, Քութայիս, Վլադիկավկազ, Մոզդոկ, Թեոդոսիա, Կերչ և այլն։ Ռուսական մամուլում նրա մասին այսպես են գրել «Ադամյանն՝ իր տաղանդի չափով, այն արտիստներից է, որոնց նմանները նույնիսկ Եվրոպայում են քիչ»: Օդեսայում ընտրվել է Օդեսայի գիտնականների ու գրողների, և Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։ 1888 թվականին վերադարձել է Հայաստան։
1880 թ. նոյեմբերի 20-ին հայ թատրոնի պատմության մեջ առաջին անգամ խաղացել է Համլետի դերը: Ադամյանը նաև գրել է բանաստեղծություններ՝ կենցաղային, բարոյական, կրոնական, նաև իմաստասիրական բնույթի, ինչպես նաև՝ քնարական և երգիծական։ 1887 թ. Թիֆլիսում լույս է տեսնում նրա «Շեքսպիր և յուր Համլետ ողբերգության աղբյուրն ու քննադատությունները»: Զբաղվել է նաև գեղանկարչությամբ և գրաֆիկայով։ 1888 թ. դեկտեմբերի 30-ին Կ. Պոլսում նշվում է նրա բեմական գործունեության 25-ամյա հոբելյանը։ Վերջին անգամ բեմ է բարձրացել 1889 թ. դեկտեմբերի 10: Կյանքի վերջին տարիներն անցկացրել է նյութական ծանր վիճակում՝ տառապելով կոկորդի ցավերով, հոդացավով և թոքախտով։ Մահացել է հունիսի 4 Պոլսի ռուսական հիվանդանոցում։ Թիֆլիսի հայկական թատրոնը կրում էր նրա անունը։
Ադամյանը մահացել է անբուժելի հիվանդությունից նյութական ծանր կացության մեջ։ Աճյունն ամփոփված է Կոստանդնուպոլսի Շիշլիի հայկական գերեզմանատանը։ Հալեպում գործում է «Ադամյան» թատերախումբը։
Դերեր թատրոնում
Ադամյանը կերտել է շուրջ 300 դեր, որոնցից են.
Համլետ՝ Վ. Շեքսպիրի «Համլետ»
Օթելլո՝ Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո»
Ֆրանց Մոոր՝ Ֆ. Շիլլերի «Ավազակներ»
Ժադով՝ Ա.Օստրովսկիու «Եկամտաբեր պաշտոն»
Չացկի՝ Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»
Կրեչինսկի՝ Ա. Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը»
Արբենին՝ Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես»
Խլեստյակով՝ Ն. Գոգոլի «Ռևիզոր»
Արման՝ Ա. Դյումայի (որդու) «Քամելիազարդ տիկինը»
Քին՝ Ա.Դյումայի (որդու) «Քին»
Ջանումյան՝ Ա. Քիշմիշյանի «Օրիորդ Բերոյանց»
Կորրադո՝ Պ. Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը»
Ուրիել Ակոստա՝ Կ. Գուցկովի «Ուրիել Ակոստա»
Ատրներսեհ՝ Մուրացանի «Ռուզան»
Մասիսյանց՝ Գ. Սունդուկյանի «Խաթաբալա»
Միքայել՝ Գ. Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»

Պետրոս Ադամյանի դիմաքանդակը, քանդակագործ՝ Արա Սարգսյան, Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան, 1941