Առանց խոնարհության անօգուտ են բոլոր տեսակի սխրագործությունները՝ ժուժկալությունը, հնազանդությունը, անշահախնդրությունն, ու ձեռք բերած գիտությունները: Որվհետև ինչպես բարիքի սկիզբն ու վերջը խոնարհությունն է, այդպես էլ չարիքի սկիզբն ու վերջը մեծամտությունն է:
Այդ անմաքուր ոգին՝ մեծամտությունը, հնարագետ է և բազում կերպարանքներ ունի, այդ պատճառով էլ ամեն կերպ ջանում է յուրաքանչյուրին իր թակարդը գցել և հաղթել, անկախ այն բանից, թե ով ինչպիսի ճանապարհ է գնում:
Այսպիսով՝ մեծամտությունը ջանում է բոլորի մեջ իր որոմը ցանել: Տերը, որպես դրան դիմակայելու և հաղթելու միջոց՝ մեզ տվեց խոնարհությունը՝ ասելով. «Երբ կատարեք այն բոլորը, որ ձեզ հրամայված է, ասացեք, թե՝ անպիտան ծառաներ ենք, ինչ-որ պարտավոր էինք անել, ա՛յն արեցինք»(Ղուկ.17:10):
Ի՞նչ է մեծամտությունը: Մեծամտությունը գրեթե նույն բանն է, ինչ Աստծուն հանդիմանելը սեփական արժանիքներով: Այդպես էլ, երբ մեկը նվեր է տալիս իր մերձավորին, բայց սկսում է նրա առաջ մեծամտանալ, ապա նրա արարքը դառնում է ոչ միայն անօգուտ, այլ վնասակար, քանզի ոչնչացնում է մերձավորի բարեկամությունը՝ դառնալով նրա համար զազրելի: Այդ պատճառով էլ Աստված, հոգ տանելով մեր մասին ցանկանում է հեռու պահել մեզ այս կործանարար կրքից:
Մեզ խրատելու համար էր, որ սովորեցրեց ոչ միայն խոնարհությամբ խոսել, այլև՝ խոնարհություն ցուցաբերել: Տերը խրատեց մեզ հենց գործով, երբ գոտեվորվեց սրբիչով և լվաց առաքյալների ոտքերը: Ինչի համար ասում է. «Սովորեցեք Ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնրահ. և ձեզ համար հանգիստ պիտի գտնեք» ( Մատթ. 11:29):
Մի՞թե չես խորհում այն կրակների մասին, որոնց միջով անցնելու ենք: Եվ երբ այդ կրակների միջից անցնենք, պարզվի, որ մաքուր ենք և զերծ հանդիմանանքից, այդ դեպքում նոր կիմանանք մեր մասին, թե ինչպիսին ենք, քանզի. «Յուրաքանչյուրի գործը, ինչպես որ է, կրակը պիտի փորձի» (Ա Կորնթ. 3:13): Հետևաբար խոնարհությամբ աղոթենք Տիրոջը, որպեսզի ազատի մեզ գալիք բարկությունից և արժանացնի արդարների հափշտակությանը, որոնք «Հափշտակվելու-տարվելու են ամպերի վրայից օդում» (Ա Թեսաղ.4:16) փառաց թագավորի մոտ: Եվ ուրեմն ջանանք հեզությամբ և խոնարհությամբ ժառանգել երկնքի արքայությունը: Քանզի, ինչպես գրված է. «Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթ.5:3), հետևաբար, վայ հպարտներին և մեծամիտներին, որովհետև նրանց համար է պատրաստվում կրակե հնոցը:
Հետևաբար, փախչենք հպարտությունից, ինչն ատելի է Տիրոջ համար և սիրենք խոնարհությունը, որի շնորհիվ բոլոր արդարները հաճելի եղան Նրան:
Հատված «Խրատանի ապաշխարության» գրքից