Ստեփան Մալխասյանց (նոյեմբերի 7 (19), 1857, Ախալցխա — հուլիսի 21, 1947, Երևան), ակադեմիկոս՝ հայ ականավոր հայագետ, բանասեր ու բառարանագիր է։
Կենսագրություն
Ստեփան Սարգսի Մալխասյանցը ծնվել է 1857 թվականի նոյեմբերի 7-ին (հոկտեմբերի 25-ին) Ռուսական Կայսրության (ներկայումս՝ Վրաստանի Հանրապետություն) Ախալցխա քաղաքում։ Ավարտելով տեղի ծխական դպրոցը, ուսումը շարունակել է Ախալցխայի ռուսական գավառական դպրոցում։ 1874 թվականին ընդունվել է Վաղարշապատի Գևորգյան ճեմարանը։ 1878 թվականից սովորել է Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, աշակերտելով Քերովբե Պատկանյանին, Նիկողայոս Մառին, Նիկողայոս Ադոնցին, Օրբելուն, Կուսիկյանին։ 1889 թվականին ավարտում է համալսարանը, որպես հայոց լեզվի, սանսկրիտի և վրաց լեզվի մասնագետ՝ ստանալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1890 թվականին Ստ. Մալխասյանցը աշխատանքի է անցնում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որտեղ աշխատել է մինչև 1910 թվական, 1903-1906 թթ. լինելով տեսուչ։ Այդ տարիներին նա ամուսնանում է Սաթենիկ Բենկլյանի հետ։ Այստեղ նա գրում է Ներսիսյան դպրոցի 75-ամյա գործունեության պատմությունը, ինչպես նաև մի քանի դասագրքեր ու շատ հոդվածներ։ Եղել է Ժողովրդական (հետագայում՝ Ռամկավար ազատական) կուսակցության ղեկավար դեմքերից։
1910-1914 թթ. Ստ. Մալխասյանցը Թիֆլիսի Հովնանյան օրիորդաց դպրոցի տեսուչն էր, իսկ 1914-1915 ուս. տարում տեսուչի պաշտոնով աշխատանքի է հրավիրվում Գևորգյան ճեմարան, սակայն 1917 թվականին ճեմարանը փակվելու պատճառով նորից վերադառնում է Թիֆլիս ու տեսուչի պաշտոնով աշխատանքի է անցնում Գայանյան վարժարանում։ 1919 թվականին Մալխասյանցը վերջնականապես վերադառնում է Հայաստան. մեկ տարի պաշտոնավարում է Ալեքսանդրոպոլի (ներկայումս՝ Գյումրի) նորաբաց առաջին համալսարանում։ Ստ. (1918-1921) պետական դրոշի գույների ընտրության համար Հայաստանի անկախության վերականգնումից հետո նույն գույնՄալխասյանցի ելույթը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում հիմք հանդիսացավ անկախ Հայաստանիերով դրոշը նորից դարձավ Հայաստանի Հանրապետության պետական հորհրդանիշը։ 1920 թվականի փետրվարի 1-ին նրան շնորհվել է պատվավոր իրավունքը կարդալու առաջին հանդիսավոր դասախոսությունը նորաբաց Երևանի պետական համալսարանում։ 1940 թվականին Ստ. Մալխասյանցին honoris causa (երբ գիտական աստիճանը շնորհվում է առանց դիսերտացիա պաշտպանելու, սակայն գիտության բնագավարում մեծ ներդրում կատարելու համար) շնորհվել է գիտությունների դոկտորի պատվավոր գիտական աստիճան, իսկ 1943 թվականին նա ընտրվել է նորաբաց Հայկական Գիտությունների ակադեմիայի հիմնադիր կազմի անդամ։ Ակադեմիկոս Ստ. Մալխասյանցը եղել է Սուրբ Էջմիածնի Մայր աթոռի հոգևոր խորհրդի անդամ, ինչպես նաև «Էջմիածին» ամսագրի հիմնադիր անդամ՝ 1944 թվականից։ Ստ. Մալխասյանցը մահացել է Երևանում 1947 թ հուլիսի 21-ին։
Լրագրողական գործունեությունը
Հայագիտության բնագավառում Մալխասյանցը հիմնականում չորս կարևոր ուղղություններով է զբաղվել՝ բանասիրություն, լեզվաբանություն, թարգմանություն, բառարանագրություն։ Սրանց զուգահեռ նա նաև հայտնի լրագրող էր։ Ստ. Մալխասյանցի առաջին երկու հոդվածները տպագրվել են «Արարատ» ամսագրի 1878-ի 4-րդ և 5-րդ համարներում՝ Թոմաս Էդիսոնի պատրաստած առաջին ձայնագրիչ ապարատի և Փարիզի Սենի ափին կազմակերպված հայկական ձեռագրերի ու հնատիպ գրքերի ցուցահանդեսի մասին։ Նրա համագործակցությունը «Արարատ» ամսագրի հետ շարունակվել է մինչև «Արարատի» փակումը 1919 թ։ 1944 թ. հունվարից, երբ լույս է տեսել «Էջմիածին» հանդեսի առաջին համարը, Մալխասյանցը եղել է նաև նրա մշտական թղթակիցը։ Նա բազմաթիվ հոդվածներով հանդես է եկել մի շարք այլ հանդեսներում ու լրագրերում, որոնցից են՝ «Մշակ», «Հանդէս ամսօրեայ», «Մարտակոչ», ԳԱ «Տեղեկագիր»։ Ինչպես գրում է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Բադիկյանը՝ «Պետք է հատուկ ընդգծել, որ Մալխասյանցի՝ մամուլում հրատարակված հոդվածները միայն տեղակատվական բնույթ չեն կրում. նրա հոդվածներն ավելի շատ տեսական և բանավիճային բնույթի են և շատ կարևոր արժեք են ներկայացնում»։
Գործունեությունը բանասիրության և թարգմանության ոլորտում
Դեռևս Սանկտ Պետերբուրգում սովորելու տարիներին Ստ. Մալխասյանցը պատրաստեց առաջին լուրջ ուսումնասիրությունը՝ Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ) «Պատմութիւն տիեզերական» գիտական բնագիրը ու ծանոթագրությունները, որը հրատարակել է 1885 թ։ Սրան հաջորդեցին Ղազար Փարպեցու «Պատմութիւն հայոց», «Թուղթ առ Վահան Մամիկոնեան», ապա՝ Սեբեոսի և Ամիրդովլաթ Ամասիացու աշխատությունները՝ ծանոթագրություններով ու մեկնաբանություններով։ Հետագայում լույս են տեսել նրա «Գրիգոր Լուսավորիչ», «Մաշտոցի ծագման ժամանակը», «Երբ են հայերն ընդունել քրիստոնեությունը», «Խորենացու անձը և գործը» և այլ աշխատությունները։ Ստ.Մալխասյանցը աշխարհաբար թարգմանեց Մովսես Խորենացու և Փավստոս Բուզանդի «Պատմություն հայոց» աշխատությունները։ 1880-ական թվականներից նա թարգմանում էր Վիկտոր Հյուգոյի բանաստեղծություններից, որից հետո անցավ ավելի մեծ գործերի. թարգմանեց Ու.Շեքսպիրի «Արքա Լիր», «Մակբեթը», Գ.Էբերսի «Մարդ եմ» գործերը, ապա ռուսերեն թարգմանեց Սիմեոն Երևանցի կաթողիկոսի «Ջամբռը», ինչպես նաև Սեբեոսի «Հայոց պատմությունը» և ուրիշ հեղինակների գործեր։
Ներդրումը լեզվաբանության ոլորտում
Մեծ է Ստ. Մալխասյանցի ներդրումը հին հայերենի, հայոց լեզվի պատմության, համեմատական քերականության, ինչպես նաև ժամանակակից հայերենի մի քանի կնճռոտ ու բանավիճային հարցերի ուսումնասիրության մեջ։ Նա իր ծանրակշիռ խոսքն է ասել հայոց լեզվի ցեղակցության, հայերենի տաղաչափության և բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ։ Նրա «Գրաբարի հոլովումը, խոնարհումը և նախդիրները» (Թիֆլիս, 1891 և 1910) և «Գրաբարի համաձայնությունը» (1892) գրաբարի հետագա ուսումնասիրողների համար ուղեցույց են դարձել։ Ընդունելով նախալեզվի գոյությունը՝ Ստ. Մալխասյանցը ընդունում էր գրաբարից առաջ հայ բարբառների գոյության վարկածը։ Հայտնի է, որ 10-ական թվականներին բանավեճ ծավալվեց աշխարհաբարի հոլովների վերաբերյալ. բանավիճելով Մ. Աբեղյանի հետ՝ նա երկու հոդված գրեց՝ ի պաշտպանություն հայցական հոլովի («Հայցական հոլովը աշխարհաբարի մեջ» և «Դարձյալ հայկական հոլովը») (Նոր դպրոց, 1908 և 1909)։ Նույն թվականներին հսկայական բանավեճ էր ծավալվել նաև հայերենի ուղղագրության վերաբերյալ, որի պարագլուխը նույնպես Մալխասյանցն էր, որը տարբեր պարբերականներում հանդես եկավ բազմաթիվ հոդվածներով՝ «Մեկ հնչյունին մեկ գիր» նշանաբանով։ Բանավեճը տևեց տասը տարուց ավելի, նա միշտ մնաց Մանուկ Աբեղյանին հակառակորդ։
Ներդրումը բառարանագրության ոլորտում
Ստեփան Մալխասյանցը 1940-ական թվականներին
Ստ. Մալխասյանցի ստեղծագործությունների գլուխգործոց ն է հանդիսանում քառահատոր «Հայերէն բացատրական բառարանը», որը դարերի պատմություն ունեցող հայ հարուստ բառարանագրության մեջ նախորդը չունեցող կոթողային աշխատություն է։ Բառարանը, ըստ Մալխասյանցի, ազգի քաղաքակրթության վկայությունն է։ Մինչև իր քառահատորը կազմելը նա բառարանագրության փորձ արդեն ուներ. դեռևս Թիֆլիսում աշխատելու տարիներին նա մասնակցում էր ռուս-հայերեն իրավաբանական առձեռն բառարանի կազմության աշխատանքներին, հեղինակակից է եղել նաև ռազմական, բժշկական, շինարարական, երկաթուղային, տնտեսագիտական և այլ մասնագիտական բառարանների կազմությանը։
Խաչիկ Բադիկյանը Ստեփան Մալխասյանցին նվիրված իր հոդվածում բարձր է գնահատել ականավոր հայագետի կատարած աշխատանքը՝
Ճիշտ է, մինչև Մալխասյանցի քառահատորը հայ բառարանագրությունը հարուստ փորձ ուներ («Նոր Հայկազյան», Հ. Աճառյան, Ջախջախյան, Նորայր Բյուզանդացի), բայց եղածները ընդգրկուն չէին, մինչդեռ այս քառահատորը իր տեսակի մեջ առաջինն էր. ընդգրկում է գրաբարի, միջին հայերենի, նոր գրական լեզվի (արևելահայ և արևմտահայ տարբերակներով), հին ու նոր փոխառյալ, ինչպես նաև բարբառային շատ բառեր, չեն անտեսվել մինչև 1940-ը գործածված նորաբանությունները։ 2380 տպագիր եռասյուն էջերից բաղկացած քառահատորը մեր 1500 տարվա բառապաշարի ընդգրկումն է՝ 120 հազար բառահոդվածով և դարձվածային միավորներով։ Բառերի քերականական նշումների ու բացատրությունների հետ միաժամանակ բերվում են տվյալ բառերի հոմանիշներն ու հականիշները՝ վկայված օրինակներով։ Ինչպես այս բառարանի համար հիմք հանդիսացան «Նոր Հայկազյանը» և եղած մյուս բառարանները, այնպես էլ այս քառահատորը հիմք հանդիսացավ իրենից հետո կազմված բառարանների (ԳԱ լեզվի ինստիտուտ, Էդ. Աղայան և մյուսները)։
Բառարանը լույս տեսավ Մեծ հայրենականի տարիներին և արժանացավ Խորհրդային Միության Ստալինյան (հետագայում՝ Պետական) մրցանակի։ Հրատարակվել է Մելգոնյան հիմնադրամի միջոցներով։ Երկրորդ տպագրությունը կայացավ Բեյրութում՝ 1955-56-ին, Սիմոն Սիմոնյանի «Սփիւռք» հրատարակչության կողմից: Երրորդ տպագրությունը կատարվեց Թեհրանում՝ 1982-ին, իսկ չորրորդը՝ դարձյալ Երևանում, 2008-ին։