Ծնվել է 1905 թ հուլիսի 26-ին (օգոստոսի 8-ին) Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։ Մանկությունն անցել է հայրենի գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում։ 1915 թվականին ընդունվել է Դիլիջանի ծխական դպրոցը, բայց ուսման վարձը չկարողանալով վճարել` երկու տարուց հետո դուրս է մնում դպրոցից։ Հետագայում գրողը ցավով հիշում է.
— Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից հետո իսկական դպրոց այլևս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ։
1926 թվականին տեղափոխվել է Երևան, աշխատել «Մաճկալ» (1930-1931 թթ.), «Սոցիալիստական գյուղատնտեսություն» (1931-1935 թթ.) թերթերի խմբագրություններում։ Եղել է «Կոլխոզնիկ» թերթի պատասխանատու խմբագիր (1935 թ.)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։ Անանյանը մանկական ու պատանեկան ստեղծագործությունների համար արժանացել է Հայկական ՍՍՀ պետական մրցանակի (1970 թ.)։
1941 թ.-ին նա մասնակցել է Մեծ հայրենականին և մինչև պատերազմի ավարտը մարտնչել է հաղթանակի համար։
1945 թ.-ին վերադառնալով պատերազմից, գրողը շարունակում է ստեղծագործական իր աշխատանքը։
Նա մահացել է 1980 թ.-ին Երևանում։
2006 թվականին Անանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Վախթանգ Անանյան 1905-1980» նամականիշ է տպագրվել։ Հայաստանում գործում է նաև Վախթանգ Անանյանի անվան միջնակարգ դպրոց։
Ստեղծագործական աշխատանք
Վ. Անանյանը հայ գրականության մեջ լինելով արկածային ժանրի հիմնադիրը, ստեղծեց հայ արձակի մնայուն արժեքներ։ «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վեպերում բնանկարիչ գրողը ընթերցողի առջև բացում է մի նոր կախարդանքների աշխարհ, հրաշքների մի նոր գանձարան, որով գերում է մանուկ ու մեծ ընթերցողին։ Այս ստեղծագործությունները մեծ ճանաչում բերեցին հեղինակին։
Առաջին ստեղծագործությունը՝ «Չոլախ Թաքոն» հրատարակվեց «Պիոներ» ամսագրում 1927 թվականին։ Առաջին վիպակը («Կրակե օղակի մեջ») լույս է տեսել 1930 թվականին։
1934 թ.-ին հրատարակվեց «Որս» պատմվածքների ժողովածուն, որը ամբողջությամբ նվիրված է բնությանը և շուտով ընթերցողը ճանաչեց նրան, որպես հայրենի բնությունը հետաքրքիր ու գեղեցիկ պատկերներով նկարագրող հեղինակի։
Ճանաչված գործերից է նրա «Սևանի ափին» (1951 թ.) վիպակը, որի արժանիքներից են մարդասիրական, հայրենասիրական շունչը, բնության նկարագրությունները, կերպարների համոզչականությունը, գրելաձևի ինքնատիպությունը։
1947-1966 թվականներին հրատարակվել են Անանյանի որսորդական պատմվածքների վեց պրակները։ Վ. Անանյանի «Որսորդական պատմվածքներ» ժողովածուն նույնպես նվիրված է հայրենի բնությանը, սակայն այստեղ ի հայտ է գալիս բնություն — մարդ կապի գեղարվեստական մարմնավորումը։ Պատմվածքների հիմքում ընկած է մայրական սիրո զգացումը։ Մանկուց մորը կորցրած գրողը, որ բնությունից է ստացել մոր կարոտն ու ջերմությունը, հաճախ է մտախոհ խորհում՝ մոր սիրտը մեկ է. կուզե մարդ լինի, կուզե կենդանի։ Անանյանը ոչ միայն բնությունից վերցնում է գեղեցիկը, այլև արտահայտում է իր զգացմունքները, պատմվածքներում քանիցս կրկնում է.
«Սիրում եմ անձրևը, կայծակը, որոտը, կախարդական սևագորշ ամպերը…»։
Վ. Անանյանի «Որսորդական պատմվածքները» շատ կարդացվող գրքերից է բոլոր տարիքի ընթերցողների համար։
Հայաստանի կենդանիների մասին ընթերցողներին բազմակողմանի ծանոթացում է տալիս գրողի «Հայաստանի կենդանական աշխարհը» (հ. 1 — 4, 1961-1967 թթ.) աշխատությունը։
«Հին վրանի փոքրիկ բնակիչը» և «Ու՞ր են տանում կածանները» վեպերը ինչ-որ իմաստով ինքնակենսագրական են. նրանց հիմքում ընկած է Անանյանի հետ մանկության ու պատանեկության տարիներին կատարված դեպքերը։
Մեր գրականության մեջ այսօր Վ. Անանյան անունը դրվում է ամենաժողովրդական գրողների շարքում։ Գրական վիճակագրական տվյալներով հայ գրողների մեջ իր երկերի թարգմանությամբ նա գրավում է առաջին տեղերից մեկը։ Անանյանի երկերը հրատարակվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, չինարեն, ճապոներեն, չեխերեն, բուլղարերեն, բենգալերեն, հինդի լեզվով։ Սա ասում է այն մասին, որ Անանյան գրողը կարողացել է նաև այլ ազգի ընթերցողների հոգում հետաքրքրություն առաջացնել բնության և կենդանական աշխարհի նկատմամբ։
Մանկական լավագույն գրքի համամիութենական մրցանակաբաշխությունում «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» (1956 թ.) վիպակներն արժանացել են մրցանակի։ Նրա «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վիպակների հիման վրա գրված սցենարներով նկարահանվել են «Լեռնային լճի գաղտնիքը» և «Հովազաձորի գերիները» կինոնկարները («Հայֆիլմ», 1954, 1957 թթ.)։
Մեջբերումներ Անանյանի մասին
Վ. Անանյանի «Սևանի ափին» վիպակը մի նոր նվաճում է ինչպես հեղինակի, այնպես էլ մեր գրականության համար։ … Նա գրում է հյութեղ, պարզ ու հասկանալի, ժողովրդական բառ ու բանով հարուստ, հետաքրքիր լեզվով։ Նրա լեզվամտածողությունը գերազանցապես հայերեն է, զերծ օտարություններից։ — Պարույր Սևակ
* * *
Անանյանն ունի ինչ ասել ամեն մեկի սրտին։ Ինքը շատ բաներ է տեսել, շատ բաներ գիտի։ Հավատարիմ լինելով հայ դասական գրականության ավանդույթին՝ ինքը գրում էր ժողովրդի լեզվով, ժողովրդի մասին և ժողովրդի համար։ — Սերո Խանզադյան
* * *
Անանյանը մի գրող է, որ երեխաներին տոգորում է ազնվության, բարության, գեղեցիկի հանդեպ մեծ սիրո զգացմունքներով։ Իսկ մեծերին վերադարձնում է իրենց մանկության հովիտները՝ մանկության գույները վերստին զգալու, բնության թրթիռներով ապրելու համար։ — Հարի Ազեմիս (գերմանացի գրող)
* * *
Վ. Անանյանի ստեղծածը մի գրականություն է, որ հավասարապես կարող է հմայել և՛ մեծերին, և՛ փոքրերին։ Չեխ ընթերցողը երախտապարտ է հայ ականավոր գրողին՝ պատճառած բերկրանքի, հայոց լեռնաշխարհում այդքան հմայիչ հեռակա ճանապարհորդություն տանելու համար։ — Յա Եդլիչկա (չեխ գրող)