Գրիգոր Արամի Գուրզադյան (հոկտեմբերի 15, 1922, Բաղդադ, Իրաք — փետրվարի 22, 2014, Երևան, Հայաստան), ականավոր հայ գիտնական, ֆիզիկոս աստղագետ, գրող էսսեիստ, գեղանկարիչ, ՀՀ Գիտության Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ Գրողների միության և Հայաստանի նկարիչների Միության անդամ։
ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի եղբայրն է։
Գրիգոր Գուրզադյանը ծնվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում։ Ծնողները 1915 թ․ մազապուրծ են եղել Մեծ եղեռնից։
1944 թ․ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական (ճարտարագիտական) ինստիտուտի (ԵրՊԻ) հիդրոտեխնիկական և շինարարական ֆակուլտետները։ Նույն տարի ընդունվել է ասպիրանտուրա։
1948-ին Վ․ Հ․ Համբարձումյանի ղեկավարությամբ, 26 տարեկան հասակում, Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը «Միջաստղային գազային նյութի ճառագայթային հավասարակշռությունը» թեմայով։ Վիկտոր Համբարձումյանի հետ երկար տարիներ աշխատել է Բյուրականի աստղադիտարանում՝ հիմնադրումից ի վեր և ըստ էության (ԲԱ) հիմնադիր կազմում գլխավոր անձանցից մեկն էր։
1955-ին (33 տարեկանում) Լենինգրադի պետական համալսարանում պաշտպանել է դոկտորական թեզը։
1950-66-ին ղեկավարել է ԲԱ աստղերի և միգամածությունների ֆիզիկայի բաժինը։
1967-1973-ին՝ տիեզերական հետազոտությունների մասնաճյուղը։
1973-1978-ին ղեկավարել է Գառնիի աստղագիտության լաբորատորիան։
1978-1992-ին եղել է ԲԱ արտամթնոլորտային աստղագիտության լաբորատորիայի վարիչ,
1979-ից ԵրՊԻ տիեզերական սարքաշինության ամբիոնի վարիչ։
1992-2004-ին՝ Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տնօրեն։
1962-ին արժանացել է պրոֆեսորի կոչման։
1965-ին ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ։
1986-ին՝ ՀՍՍՀ ԳԱ իսկական անդամ։
Գրիգոր Գուրզադյանը 1955-ին ամուսնացել է Մարիաննա Քալանթարի (ծնվ. 1927 թ.) հետ, բանասեր՝ ռուսաց լեզվի դասախոս; Մարիաննան դուստրն է հնագետ Աշխարհբեկ Քալանթարի՝ Հայաստանում հնագիտության հիմնադիրներից, Երևանի պետական համալսարանի հիմնադիր դասախոսներից։ Նրանց երկու զավակները՝ Վահագն (ծնվ. 1955 թ․) և Գագիկ (ծնվ. 1957 թ․) Գուրզադյանները, նույնպես հայտնի ֆիզիկոսներ են, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ։ Վահագնը ղեկավարում է Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնը Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, իսկ Գագիկը՝ հրավիրված պրոֆեսոր է Սինգապուրի Նանյանգ տեխնոլոգիական համալսարանում:
Հրատարակել է ավելի քան 200 գիտական հոդված և մեկ տասնյակ ստվարածավալ մենագրություններ նվիրված աստղաֆիզիկայի հիմնախնդիրներին։ Հրատարակված աշխարհի խոշոր հրատարակիչների կողմից, նրա գրքերով կրթվել են մասնագետների սերունդներ։ Ուսումնասիրել է մոլորակաձև միգամածությունների ֆիզիկան և դինամիկան՝ դեռևս 1960-ականներին կանխատեսել է մագնիսական դաշտի դերը միգամածություններում, ստեղծել աստղերի բռնկման տեսություն՝ հիմնված նրանցում ընթացող ոչ ջերմային երևույթների վրա։ 1990-ականներին նա մշակեց սեղմ կրկնակի աստղերի ընդհանուր գունոլորտներ (շուրջքրոմների) և կրկնակի գնդաձև աստղակույտերի էվոլյուցիայի տեսությունները։
Գուրզադյանը տիեզերական աստղագիտության առաջնեկներից է։ Նա ստեղծել է մի շարք գիտական սարքեր ու օպտիկական համակարգեր։ Նրա անվան հետ է կապված «Օրիոն» տիեզերական աստղադիտարանի օպտիկական համակարգի աշխատանքի սկզբունքի, ավտոմատ կառավարման մեթոդիկայի ստեղծումը։ Դեռ 1960-ականներին կիրառելով Ռ-5 բալիստիկ հրթիռներ, նա ղեկավարեց Արեգակի և աստղերի գերմանուշակագույն և ռենտգենյան դիտումները. առաջին թռիչքը կայացավ 1961 թ. փետրվարի 15-ին Կապուստին-Յար արձակման կայանից։ 1969-ին նրա ղեկավարությամբ արձակվեցին [Պրոցիոն] տիեզերական աստղադիտակը Космос-309 ուղեծրային արբանյակի վրա, ապա (Ալտաիր) ռենտգենյան ուղեծրային աստղադիտակը Метеор արբանյակի վրա։
Այնուհետև Գուրզադյանն անցավ տիեզերական ուղեծրային աստղադիտարանների նախագծմանը, որոնցից ամենահայտնին են «Օրիոնները»։ Դրանք գերազանցում էին ժամանակի աշխարհում իրականացվող տիեզերական նման գիտափորձերը և հանգեցրին կարևորագույն գիտական արդյունքների ստացմանը, տիեզերական սարքաշինական սկզբունքների մշակմանը։ 1971 թ.-ի ապրիլին «Սալյուտ-1» առաջին տիեզերական կայանը ուղեծիր բարձրացրեց «Օրիոն-1»-ը, օբյեկտիվ պրիզմայով առաջին տիեզերական աստղադիտակը։ Սակայն գագաթնակետն էր Օրիոն-2-ը, որը «Սոյուզ-13» տիեզերանավի վրա աշխատեց 1973 թվականի դեկտեմբերին։ Առաջին անգամ ստացվեցին շատ թույլ՝ մինչև 13-րդ մեծության աստղերի բազմաթիվ կարճալիք սպեկտրագրեր, մոլորակաձև միգամածության առաջին կարճալիք սպեկտրագիրը՝ բացահայտելով նախկինում այդ միգամածություններում չդիտված ալյումինիումի և տիտանի սպեկտրալ գծեր, առաջին անգամ միգամածությունից գրանցվեց երկֆոտոն ճառագայթում, որ կանխատեսվել էր ֆիզիկոսների կողմից տասնամյակներ առաջ։
Նրա ղեկավարությամբ Գառնիի տիեզերական աստղագիտության լաբորատորիայում իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել ավելի քան 40 խորհրդային տիեզերագնացներ։ Նա դասախոսել է Երևանի պետական համալսարանում (1948-1978), Պոլիտեխնիկական ինստիտուտում հիմնադրել (1978) և ղեկավարել է ճշգրիտ սարքաշիության ամբիոնը։
Գուրզադյանի ստեղծագործական ժառանգությանն են պատկանում նաև բազմաթիվ կտավներ, փիլիսոփայական էսսեների գրքեր՝ նվիրված գիտւթյանը, արվեստին, ճարտարապետությանը։ 2001-ին Գառնիում բացված Տիեզերքի թանգարանում ներկայացված են տիեզերական հետազոտություննրի վաղ շրջանի բացառիկ ցուցանմուշներ։