Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում Լեոնիդ Ենգիբարյանին առաջին անգամ հանդիպելիս` Վահրամ Փափազյանն ասել է. «Ուրեմն դո՞ւն ես ադ նոր աստղը: Լսել եմ, գիտեմ, մանչս: Ուրախ եմ, լավ սկսած ես, ճիշտ կերթաս: Հայերեն կհասկնա՞ս: Կարևորը` ոգիդ է հայ, բաց ու անհատակ: Դուն կրկեսում թատրոն կխաղաս»: Լեոնիդ Ենգիբարյանը, շոյված Փափազյանի խոսքերից, պատասխանել է. «Վարպետ, Ձեր ասածներն անպայման հաշվի կառնեմ: Իրոք որ, ոգին, դուխը շատ կարևոր է»
Մոսկվայում հայազգի Գևորգ Ենգիբարյանի ընտանիքում 1935-ի մարտի 15-ին ծնված այդ նոր աստղը ծննդավայրի Մ.Ռումյանցևի անվան կրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարանն ավարտելուց հետո եկել էր Երևան և 1959թ. հաստատվել հայկական կրկեսի կոլեկտիվում: Եկել էր հայերեն մի քանի բառ իմանալով միայն: Եկել էր` իր հետ բերելով այն ոգին, որը հետո հայ և միջազգային իրականության մեջ կձևավորեր մի նոր մշակութային հասկացողություն` ենգիբարյանական արվեստ, մտածելաձև և արտիստիզմ:
1960-ականների սկզբներին Ենգիբարյանը հյուրախաղերով եղավ ԽՍՀՄ-ի տարբեր քաղաքներում: Սև, լայնեզր գլխարկով, տրիկոտաժե շերտավոր շապիկով, սև տաբատով ու անսահման անկեղծ ժպիտով այդ երիտասարդին արդեն ճանաչում էին: 1963թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում Հենրիկ Մալյանի և Լևոն Իսահակյանի համատեղ ջանքերով նկարահանվեց «Ճանապարհ դեպի կրկես» կինոնկարը: Անհավատալի է, սակայն իրողություն:
Ենգիբարյանն այնքան ընդունելի էր իր կերտած կերպարով, որ էկրանին գլխավոր հերոսի դերն ինքն էր կատարում:
1964-ին Պրահայում կայացած ծաղրածուների միջազգային մրցույթում նա արժանացավ առաջին մրցանակին` Է. Բասի անվան գավաթին: Աննկարագրելի հաջողություն էր դա 29-ամյա արտիստի համար: Այն դեպքում, երբ ընդամենը մի քանի տարի առաջ նրա արվեստին քչերն էին լուրջ վերաբերվում: Հենց այդ ժամանակ չեխական թերթերն առաջին անգամ հրատարակեցին Ենգիբարյանի նովելները: Տարիներ անց, 1971թ., Լեոնիդ Ենգիբարյանը հիմնում է մնջախաղի էստրադային թատրոնը, այդտեղ ներկայացնում հայտնի «Աստղային անձրևը»:
Վստահորեն կարելի է ասել, որ Լեոնիդ Ենգիբարյանը տիրապետում էր կրկեսային արվեստի գրեթե բոլոր ժանրերին: Նկարագրել Ենգիբարյանի կրկեսային մանրապատումները` անիմաստ է, դրանք տեսնել է պետք: Իմ սերնդակիցներից շատերն այդ մանրապատումները տեսել են Երևանի կրկեսում, Երևանի դրամատիկական թատրոնի, Հայֆիլհարմոնիայի համերգային մեծ դահլիճի (այժմ` Արամ Խաչատրյանի անվան) բեմահարթակներում: Տեսել են ու հիացել, ապրել պահի պարգևած կախարդանքը: Քանի որ Լեոնիդ Ենգիբարյանը, չարտասանելով ոչ մի բառ, հանդիսատեսի հետ խոսում էր մարդու հանդեպ հարգանքի, միայնության ու ունայնության, վերջապես` սիրո և ատելության մասին:
Լինելով իմպրովիզացիայի` հանպատրաստից ստեղծագործելու մեծագույն վարպետներից մեկը, նա որակապես հարստացրել և նորովի է մեկնաբանել կրկեսային ծաղրածուի ավանդական կերպարը: Ապշեցուցիչ վարպետությամբ և աստվածատուր հմտությամբ կարողացել է պատկերել ողբերգական և կատակերգական տեսարաններ, մարդկային տարաբնույթ կերպարներ ու իրավիճակներ: Կարողացել է օգտագործել տառապագին դժվարությամբ իր իսկ արարած բարդ հնարքները:
Խոսելով գրիմի մասին` ասել է. «Ծանրութեթև անելուց հետո հրաժարվեցի շպարվելու մտքից և որոշեցի իմ հերոսին կոչել Լեոնիդ Ենգիբարյան ու ներկայացնել ինձ»:
Լեոնիդ Ենգիբարյանի կյանքին ու գործին նվիրված ծովածավալ գրականություն կա: Դրանք մենագրություններ են, հոդվածներ, ակնարկներ, հուշագրություններ, կրկեսային արվեստին նվիրված ուսումնասիրություններ: Հիմնականում հայերեն ու ռուսերեն: Նրան նվիրված առաջին մենագրությունը Ռուդոլֆ Սլավսկու «Լեոնիդ Ենգիբարով» (Մոսկվա, 1989) գիրքն է: Ցայսօր Ենգիբարյանին նվիրված հայերեն գիրք դեռ չի գրվել:
Լեոնիդ Ենգիբարյան արվեստագետն իր մեջ ներառում է երեք անձի: Կրկեսի, էստրադայի արտիստ, ծաղրածու, մնջկատակ: Կինոյի արտիստ: Բարձրաճաշակ և խիստ ինքնատիպ գրող` մանրաքանդակների ու կարճ նովելների անզուգական վարպետ: Բացի «Ճանապարհ դեպի կրկես» կինոնկարից` Ենգիբարյանը նկարահանվել է նաև Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները», Ռոլան Բիկովի «Այբոլիտ 66», Վասիլի Շուկշինի «Վառարան-նստարաններ», Թենգիզ Աբուլաձեի «Վզնոց իմ սիրելիի համար», Յուլի Ռայզմանի «Կոմունիստ» ֆիլմերում: Նկարահանվել է նաև Ենգիբարյանի կրկեսային ստեղծագործության մասին պատմող երկու ֆիլմ` «Ծանոթացեք, Լեոնիդ Ենգիբարովն է» և «2 Լեոնիդ 2»:
Տաղանդաշատ գրողի նովելները և մանրապատումները տպագրվել են 1969 թվականից ռուսական «Վոլգա», «Մոսկվա» և «Ուրալ» ամսագրերում: Երևանում ռուսերենով լույս են տեսել Ենգիբարյանի «Առաջին ռաունդ» (1971) և «Վերջին ռաունդ» (1984) գործերը: 2010-ին Հովհաննես Այվազյանի թարգմանությամբ Երևանում լույս է տեսել Լեոնիդ Ենգիբարյանի «Ծաղրածուն աշունը սրտում» նովելների ժողովածուն: Ենգիբարյանի ստեղծագործություններից հայերեն թարգմանել է նաև Վարդան Ֆերեթեշյանը:
Մահվանից մեկ տարի առաջ 1971 թվականին Լեոնիդ Ենգիբարյանին շնորհվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում: Սա մեծ հաջողություն էր: 1971-ին Ենգիբարյանը 36 տարեկան էր: Քչերին էր վիճակված այդ տարիքում, այն էլ այն տարիներին, նման տիտղոսի արժանանալ:
Հայտնի է, որ Լեոնիդ Ենգիբարյանը ռուսախոս էր (նրա մայրը ռուս էր), սակայն նրա ոգին և էությունը հայկական էին:
Ինչպես վկայում է նրա աշակերտը` այժմ Երևանի Կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը. «Ենգիբարյանը քաջածանոթ էր հայ գուսանների ու վարձակների (խնջույքներում պարող կին.- Ա.Փ.), հին հայկական մունջերի թատրոնի արվեստին, Պարոնյանի ու Սունդուկյանի, Թումանյանի ու Շիրվանզադեի թատերգությանը, Չմշկյանի ու Ադամյանի, Փափազյանի ու Ներսիսյանի դերասանական վարպետությանը»: Այս տեսակետը լավագույնս հաստատվում է Ենգիբարյանի խոստովանությամբ. «Ես ապրում եմ Արարատյան հարթավայրում: Այս հարթավայրը նման է թասի, որի եզրերը լեռներն են: Ես ապրում եմ երկրի ափի մեջ: Ես ապրում եմ Աբովյանի վերքերով ծածկված ափի մեջ»:
Վլադիմիր Վիսոցկին առանձնահատուկ սեր ու հոգածություն է ցուցաբերել Ենգիբարյանի նկատմամբ: Նրան է նվիրված Վիսոցկու «Ենգիբարովին` հանդիսատեսից» սրտառուչ բանաստեղծությունը, որ գրվել է 1972-ին` արվեստագետի վաղաժամ մահվան կապակցությամբ: Ռուսական արձակի հսկաներից մեկը` կինոբեմադրիչ և դերասան Վասիլի Շուկշինը, Ենգիբարյանին «հրաշալի գրող» է անվանել: Ֆրանսիացի հանրահռչակ դերասան, ծաղրածու Մարսել Մարսոն, ով Ենգիբարյանի ելույթը տեսել էր Լեհաստանում, ասել է. «Հոյակապ դերասան է: Նրա դիմախաղային գողտրիկ տեսարաններն առանց բառերի զարմանալի պատմվածքներ են մարդու ուրախության ու տխրության մասին: Ենգիբարյանը շարժման մեծ բանաստեղծ է: Նա հանճար է: Նրա անունը կմնա որպես լեգենդգ»:
Լեոնիդ Ենգիբարյանը կրկեսի պատմության մեջ մտավ որպես փիլիսոփայական մնջկատակության վառ ներկայացուցիչ, մի արվեստագետ, ով կրկեսում ստեղծեց «տխուր ծաղրածուի» կերպարը: 1972-ին Երևանում հիմնվել է Ենգիբարյանի անվան կրկես-ստուդիան (հիմնադիր և ղեկավար` Սոս Պետրոսյան), կրկեսի շենքի առջև կանգնեցված է նրա արձանը (1995թ., քանդակագործ` Լևոն Թոքմաջյան):
Ասատուր Փաշայան
Աղբյուր՝ 168.am
Տեսանյութը՝ Շողակաթ հեռուստաընկերության