— ․․․․Մեծ պահքի ժամանակ աշխարհիկ մարդիկ ինչ-որ չափով ժուժկալում են, իսկ մենք՝ վանականներս, մշտապես պետք է այդպես վարվենք։ Սակայն գլխավորը, որին յուրաքանչյուրը պետք է ուշադրություն դարձնի, հոգու կրքերն են, իսկ ապա մարմնի։ Որովհետև եթե մարդ նախընտրությունը մարմնական սխրանքին տա և չճգնի հոգու կրքերը հատելու համար, ապա համարիր, որ ոչինչ չի անում։ Մի անգամ Մեծ պահքի սկզբին մի աշխարհական գնում է վանք, և վանականներից մեկը կոպտում է նրան։ Սակայն խեղճը բարի էր տրամադրված և չքննադատեց նրան։ Հետո ինձ մոտ եկավ ու ասաց․ «Ես նրանից չեմ նեղանում, հա՛յր, նա երեքօրյա ծոմապահությունից հետո էր այդպիսին»։ Եթե վանականն այդ երեք օրը հոգևորապես ծոմ պահեր, ապա հոգևոր քաղցրություն կզգար և քաղաքավարի կխոսեր մարդկանց հետ։ Իսկ նա հպարտությունից իրեն ստիպել էր խիստ պահք պահել, այդ պատճառով էլ բոլորը մեղավոր էին նրա համար։
— Իսկ ինչի՞ մասին մտածեմ պահքի ընթացքում, հա՛յր։
— Քրիստոսի չարչարանքի, զոհաբերության մասին մտածիր։ Թեև մենք՝ վանականներս, պետք է ամեն օր վերապրենք Քրիստոսի չարչարանքները, քանի որ ամեն օր շարականներն ու եկեղեցական բոլոր արարողությունները օգնում են մեզ։
Մեծ պահքի ժամանակ մեզ ավելի մեծ հնարավորություն է տրվում սխրանքի համար, հանուն Քրիստոսի սիրո Տիրոջ փրկչական չարչարանքներին խոնարհությամբ, երկրպագություններով, կրքերը հատելով ու կերակուրը կրճատելով ավելի լիարժեք մասնակցելու համար։
Արդ, այդ հոգևոր ասպարեզը մեր օգտին գործածենք, երբ խաչյալ Քրիստոսին ավելի մոտենալու, Նրա օգնությունը ստանալու նման պայմաններ ու հնարավորություն կա։ Եվ պահած պահքով հոգևորապես փոխակերպվելով, ուրախությամբ դիմավորենք սուրբ Հարությունը։
Ուժ և կարողություն եմ մաղթում ձեզ Մեծ պահքի ընթացքում, որպեսզի բարձրանաք Քրիստոսի մոտ՝ Գողգոթա, Սուրբ Աստվածածնի և ձեր հովանավոր սուրբ՝ Հովհաննես Աստվածաբանի հետ միասին, և մեր Տիրոջ չարչարանքների մասնակիցը դառնաք․ ամեն։
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից հատվածաբար թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը