Արտաշես Քալանթարյան (սեպտեմբերի 16, 1931, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ — փետրվարի 23, 1991, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, երգիծաբան։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից: ԽՄԿԿ անդամ 1951 թվականից:
1954 թվականին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է «Սովետական Հայաստան», «Երեկոյան Երևան», «Գրական թերթ» պարբերականներում, իսկ 1970-ականներց մինչև 1982 թվականը եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագիր։ Արտաշես Քալանթարյանը գրել է մի շարք պիեսներ, որոնք բեմադրվել են հեռուստատեսությամբ և Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում: Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը 1980 թվականին բեմադրել է նրա «Քանի դեռ կամ» կատակերգությունը:
Պարբերականներում տպագրել է ֆելիետոններ, որտեղ ծաղրել է բյուրոկրատիզմը, քծնանքը, պարծենկոտությունը և հասարակարգին հատուկ այլ թերությունները։ Գրել է հրապարակախոսական սուր հոդվածներ, պատմվածքներ։
Մտերմություն է արել ժամանակի խոշորագույն արձակագիրներ, բանաստեղծներ Սերո Խանզադյանի, Համո Սահյանի, Պարույր Սևակի և այլոց հետ։
Իբրև գրող Արտաշես Քալանթարյանը մեծ ճանաչում է ձեռք բերել «Մարաթոն» (1969) վեպով։ Նրա գրչին են պատկանում տասնյակից ավելի գրքեր, որոնցից մեծ հետաքրքրության են արժանացել «Իսկ դո՞ւք որտեղ էիք», «Ինչո՞ւ տրորեցիր ծաղիկները», «Խոստովանություն» վեպերը և ժողովածուները։ Նրա մի շարք պատմվածքներ և վիպակներ թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, բուլղարերեն:
2006 Գարիկ Ղազարյանի «Օթյակ» հաղորդումը Արտաշես Քալանթարյանի մասին