Ալեքսեյ Կարապետի Ջիվելեգով (ռուս.՝ Алексей Карпович Дживелегов, մարտի 14 (26), 1875, Դոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն — դեկտեմբերի 14, 1952, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսահայ պատմաբան, արվեստաբան, գրականագետ, թարգմանիչ, Հայաստանի ԳԱ թղթակից անդամ։ Հիմնական աշխատությունները նվիրված են Եվրոպայի երկրների պատմությանն ու մշակույթին։
Կենսագրություն
Ջիվելեգովը միջնակարգ կրթությունն ստացել է իր ծննդավայրում, Նոր Նախիջևանի հայ թեմական դպրոցում, հայտնի մանկավարժ և բանասեր Երվանդ Շահազիզի տեսչության օրոք։ 1893 թվականին ավարտելով թեմական դպրոցը՝ ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը։ Այստեղ աշակերտել է ռուս նշանավոր պատմաբան Պ. Գ. Վինոգրադովին` մասնագիտանալով ընդհանուր պատմության մեջ: 1897 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը: Ուսանելու տարիներին գրել է իր առաջին գիտական հոդվածը` «Вико и его система философии» խորագրով։ 1897 թվականին Մոսկվայում հրավիրվել է աշխատակցելու Գրանատի մեծ հանրագիտարանին սկզբում իբրև պատասխանատու քարտուղար, ապա իբրև հրատարակչության վարչության նախագահ։
1939 թվականին Ջիվելեգովը վարել է արևմտաեվրոպական գրականության բաժինը Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում, իսկ 1945-1949 թվականներին՝ թատրոնի պատմության մասնաճյուղը Մոսկվայի արվեստի պատմության ինստիտուտում։ Միաժամանակ նա գործուն մասնակցություն է ունեցել Հայաստանի ակադեմիայի աշխատանքներին՝ 1945 թվականին ընտրվելով հայրենի ակադեմիայի թղթակից անդամ։
Սովետական իշխանության առաջին իսկ օրերից սկսած պրոֆեսոր Ջիվելեգովը գիտական և կազմակերպչական աշխատանքներին զուգընթաց դասախոսել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտում, Լունաչարսկու անվան թատերական արվեստի պետական ինստիտուտում և Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտում։ 1945-1946 թվականներին նա հրավիրվել է Երևան՝ դասախոսություններ կարդալու պետական համալսարանում և թատերական ինստիտուտում։
Գիտական գործունեություն
Ալեքսեյ Ջիվելեգովի դիմաքանդակը Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում, քանդակագործ՝ Արա Սարգսյան
Ջիվելեգովը գրել և հրատարակել է պատմական, գրականագիտական և արվեստաբանական երկու տասնյակ աշխատություններ և բազմաթիվ հոդվածներ։
Ջիվելեգովի գիտական գործունեությունը կարելի է բաժանել երկու շրջանի, որոնց բաժանարար սահմանագիծը կազմեցին 1930-ական թվականները։ ՄԻնչև այդ Ջիվելեգովն իր ուշադրությունը գլխավորապես նվիրել էր Արևմտյան Եվրոպայի պատմության և միջնադարյան հասարակական կյանքի ուսումնասիրությանը, իսկ 1930-ական թվականներից հետո նրա հետազոտությունների հիմնական առարկան է եղել եվրոպական և հատկապես իտալական Վերածննդի մշակույթը։ «Жизнь замечательных людей» մատենաշարը նվիրել է Վերածննդի երեք մեծ դեմքերին՝ Դանթե, Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո:
Ջիվելեգովի գիտական և կազմակերպական գործունեությունը ծավալվել է հատկապես «Academia» հրատարակչությունում՝ Մաքսիմ Գորկու ղեկավարությամբ և համագործակցությամբ։ Գորկու և Ջիվելեգովի նամակագրության և համագործակցության տարիներին (1931—1935) և այնուհետև մինչև 1939 թ. ռուսերեն թարգմանություններով և Ջիվելեգովի ներածական հոդվածներով «Academia» հրատարակությամբ լույս են տեսել իտալական դասական գրականության նշանավոր հեղինակների (Դանթե, Բոկաչչո, Արիոստո, Տասսո, Մաքիավելի, Կամպանելլա, Չելլինի, Լեոնարդո դա Վինչի, Պոլիցիանո, Ֆիրենցուոլա, Մազուչչո և այլն) գործերը։ Գորկու հետ նամակագրական կապերի և «Academia» հրատարակչությունում համատեղ աշխատանքի մասին Ջիվելեգովը պատմել է իր «Горький и итальянская литература» հոդվածում։
Ջիվելեգովն ու հայկական հարցը
Զբաղվել է նաև Հայաստանի քաղաքական պատմության խնդիրներով, հայկական հարցով, որի շուրջ գրել է 40 գիրք և հոդված։ «Հայերը Ռուսաստանում» (1906) գրքում ռուս ընթերցողին ծանոթացնում է հայ ժողովրդի պատմությանը, նրա՝ Ռուսաստանի հետ պատմական և մշակութային կապերին, դատապարտում ցարական կառավարության վարած քաղաքականությունը Կովկասում։ «Թուրքական Հայաստանի ապագան» (1911) ուսումնասիրությունը հայկական հարցի դիվանագիտական պատմության, Արևմտյան Հայաստանի նկատմամբ տերութունների վարած քաղաքականութան հանգամանալի ակնարկ է։
1916 թվականին Ջիվելեգովը «Արմյանսկի վեստնիկ» (“Армянский вестник”) ամսագրի կազմակերպիչներից էր, ապա՝ խմբագիրը, իր հեղինակությամբ և եռանդով ամսագրի շուրջն էր համախմբել ռուս մտավորականության ականավոր ներկայացուցիչների, որոնք հանդես էին գալիս հայ ժողովրդի շահերի պաշտպանությամբ։ «Հայաստանի ճակատագիրը» (1916) հոդվածում դատապարտել է երիտթուրքերի քաղաքականությունը, քննադատել տերությունների դիրքորոշումը հայկական հարցում։ Թուրքիայի հայերի փրկությունը կապել է Գերմանիայի նկատմամբ Ռուսաստանի հաղթանակի հետ, հանդես եկել արևմտահայ գաղթականներին անհապաղ օգնություն կազմակերպելու կոչով, հավանություն տվել հայկական կազմակերպությունների համագումար հրավիրելու նախաձեռնությանը։ Ջիվելեգովը խմբագրական հոդված է նվիրել Թալեաթ փաշայի՝ գերմանացի լրագրողի հետ զրույցին, որտեղ ցույց է տվել արևմտահայերի գլխավոր դահճի սուտն ու երեսպաշտությունը, գրել, որ «Հայերի ջարդերը կատարվել են նախօրոք մշակված ծրագրով, որ այդ ծրագրի գլխավոր մասը այն էր, որ ինչքան հնարավոր է շատ հայ կոտորել…»։ «Նեոթուրանիզմը և Հայաստանը» (1916) հոդվածում մերկացրել է պանթյուրքիզմի քաղաքականությունը, գրել, որ «Թուրքիան նպատակ ունի արմատախիլ անել Հայաստանը՝ Կիլիկիայի հետ, որը սեպի նման խրվել է իսլամական Արևելքի սրտի մեջ»։
Ջիվելեգովը ողջունել է Փետրվարյան հեղափոխությունը Ռուսաստանում, Հայկական հարցի լուծումը կապել դրա հետ։ Հայ ժողովրդի քաղաքական կյանքի կարևորագույն խնդիրն է համարել արևելահայերի և արևմտահայերի ջանքերի միավորումը՝ հանուն Հայաստանի ապագայի, ինքնավար Հայաստանի ստեղծման ու գոյատևման երաշխիքը տեսել է Ռուսաստանի հանրապետության հովանավորության ներքո։ Իր հավանությունն է արտահայտել «Թուրքահայաստանի մասին» դեկրետին՝ գտնելով, որ «Ռուսաստանի օգնությունը կարող է արտահայտվել միայն նրանում, որ Հայաստանում կթողնվի ռուսական բանակի գոնե մի մասը»։
1918 թվականի թուրքական արշավանքի մասին գրել է. «Պահը, որին մենք մերձենում ենք. ճգնաժամային է Հայաստանի պատմության մեջ։ Հարցը դրվում և վճռվում է հույժ որոշակի։ Լինի թե չլինի Հայաստանը, այս է հարցը» (“Армянский вестник”, 1918, N3, էջ 2-3)։
1946 թվականի փետրվարի 20-ին Ջիվելեգովը ելույթ է ունեցել Մոսկվայում՝ «Հայաստանը և Թուրքիան» հրապարակային դասախոսությամբ, որտեղ տվել է Հայկական հարցի քաղաքական և դիվանագիտական պատմության փուլերը՝ 1878 թվականի Սան Ստեֆանոյի պայմանագրից մինչև 1920 թվականի դեկտեմբերը։