Սերգեյ Ալեքսանդրի Խուդյակով, իսկական անունը՝ Արմենակ Արտեմի Խանփերյանց (հունվարի 7, 1902, Մեծ Թաղեր, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն — ապրիլի 18, 1950, Մոսկվա, ԽՍՀՄ), Խորհրդային Միության ավիացիայի մարշալ, կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ (1944)։
Մարտական ուղի
Սերգեյ Խուդյակովը (իսկական անուն-ազգանունը՝ Արմենակ Խանփերյանց) 1916 թվականին տեղափոխվել է Բաքու, աշխատել նավթահանքերում։ 1917 թվականի նոյեմբերին կամավոր անդամագրվել է Կարմիր գվարդիային, 1918 թվականին մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանությանը, 1918-20 թվականներին՝ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ Մարտերից մեկում մահացու վիրավորված ռուս ընկերոջ և հրամանատարի՝ Սերգեյ Խուդյակովի խնդրանքով Խանփերյանցը համաձայնել է նրա փոխարեն և նրա անունով ղեկավարել մարտը։ Ռազմավարական հմուտ գործողությունների շնորհիվ Խանփերյանց-Խուդյակովը ջոկատը դուրս է բերել շրջափակումից։ Խանփերյանցը 1922 թվականին ավարտել է Թիֆլիսի հրամկազմի վերապատրաստման ու կատարելագործման հեծելազորային դասընթացները, 1931-1936 թվականներին՝ Մոսկվայի Նիկոլայ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան։ 1936-1941 թվականներին ծառայել է Բելառուսական հատուկ ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) շտաբում, եղել է նաև շտաբի պետ, 1938-1940-ին՝ Բելառուսիայի հատուկ ռազմական օկրուգի ՌՕՈւ-ի թիկունքի պետ։ 1940 թվականին մասնակցել է Արևմտյան Բելառուսիայի և Արևմտյան Ուկրաինայի վերամիավորման համար մղված մարտերին։ Հայրենական մեծ պատերազմի (1941-45 թթ.) ժամանակ եղել է Արևմտյան ռազմաճակատի ՌՕՈւ-ի շտաբի պետ, 1942 թվականի փետրվարից՝ ՌՕՈւ-ի հրամանատար, ապրիլից՝ խորհրդային բանակի ՌՕՈւ-ի շտաբի պետ, հունիսի 1-ից՝ Արևմտյան ռազմաճակատի Առաջին օդային բանակի հրամանատար, 1943 թվականի մայիսից՝ խորհրդային բանակի ՌՕՈւ-ի շտաբի պետ և հրամանատարի տեղակալ։ 1945 թվականի հունիսից 12-րդ ՌՕՈւ հրամանատարն էր, մասնակցել է ճապոնական զորքերի ջախջախմանը Հեռավոր Արևելքում։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից (1945 թվականի սեպտեմբերի 2) հետո ղեկավարել է Անդրբայկալյան-Ամուրյան զինվորական օկրուգի 12-րդ ՌՕՈւ-ն։ 1945 թվականի դեկտեմբերին անհիմն մեղադրանքով ձերբակալվել է և չորսուկես տարի ստալինյան զնդաններում անցկացնելուց հետո՝ 1950 թվականի ապրիլին, գնդակահարվել։ Արդարացվել է 1956 թվականի նոյեմբերին։ 1965 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի և նախագահության որոշմամբ վերականգնվել է մարշալի կոչումը։ 1980 թվականին ծննդավայրում բացվել է մարշալի տուն-թանգարանը։
Հիշատակ
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ավիացիոն համալսարանը՝ 2005 թվականին անվանվել է Արմենակ Խանփերյանցի անվամբ, ՀՀ Կառավարության որոշմամբ Երևանում կանգնեցվելու է նրա հուշարձանը։ Նրա անունով են կոչվել նաև փողոցներ ՀՀ և ԼՂՀ քաղաքներում։