Աստված նրա նման անհատականությունների ծնունդով օրհնել է հայ ժողովրդին, ինչու չէ նաև ամբողջ աշխարհին` ունենալու Գայանե ու Սպարտակ, Դիմակահանդես ու Ջութակի համերգ, սիմֆոնիանե՜ր, սիմֆոնիանե՜ր…
Մեծանուն կոմպոզիտորը ծնվել է 1903 թվականին Թիֆլիսում, որը կոմպոզիտորի բնորոշմամբ երաժշտական քաղաք էր, և այնտեղ հեշտ էր մխրճվել երաժշտական մթնոլորտի մեջ: Երաժշտական աշխարհում առաջին քայլերը կատարել է` ընդունվելով փողային նվագախումբ` ինքնուրույն սովորելով նվագել փողային գործիքներ: 1922 թ.Արամ Խաչատրյանի եղբայր Սուրենն Արամին տանում է Մոսկվա, որտեղ Արամն ընդունվում է «Գնեսինի Երաժշտական Ուսումնարան»։ Ինչպես հետագայում հիշում է վարպետը. «Չունենալով անգամ տարրական երաժշտական կրթություն` կանգնեցի հանձնաժողովի առջև…», «…ես հեշտությամբ հաղթահարեցի երաժշտական հիշողության, լսողության և ռիթմի վարժությունները, չնայած նրան, որ այդ բոլոր հանձնարարությունները կատարում էի առաջին անգամ…»:
Շատ շուտով բացահայտվում է նրա կոմպոզիտորական տաղանդը, և 1925 թ. Գնեսինն Արամին առաջարկում է կոմպոզիտորական վարպետության դասերի հաճախել։ 1929 թվականին Արամն ընդունվում է Մոսկվայի Կոնսերվատորիան, որտեղ նա ուսանում է ռուս հայտնի կոմպոզիտոր և ուսուցիչ Մյասկովսկու մոտ։ Դեռևս ուսանողության տարիներին ապագա կոմպոզիտորը մշակում է հայկական, ռուսական, հունգարական և այլ ժողովուրդների երգեր, գրում տարբեր ստեղծագործություններ դաշնամուրի, ջութակի, սիմֆոնիկ նվագախմբի համար:Արամը կոնսերվատորիան ավարտում է փայլուն առաջադիմությամբ։ Կոնսերվատորիան ավարտելիս (1934 թ.) որպես ավարտական աշխատանք Ա. Խաչատրյանը գրում է իր «Առաջին սիմֆոնիա»-ն, որը համարվում է նրա առաջին խոշոր աշխատանքը: Հենց վերջինով է սկզբնավորվում Խաչատրյանի արվեստի ծաղկման շրջանը: Հետագայում տարիների բուռն ստեղծագործական ջանքերի շնորհիվ նա աշխարհին է ներկայանում իր բազմաթիվ և բազմաժանր գործերով` սիմֆոնիկ երաժշտություն, բալետ, թատերական երաժշտություն և կինոերաժշտություն:
Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թ.մայիսի 1-ին Մոսկվայում: Թաղված է «Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում»:
Համաշխարհային դասականի կյանքը, բացի բոլորիս հայտնի մանրամասներից, ունի նաև բազմաթիվ չճանաչված ու հետաքրքիր կողմեր: Ուստի պարզապես ժամանակագրական կամ իրադարձային նկարագրությունից զատ անհրաժեշտ է ներկայացնել Արամ Խաչատրյան մարդու, արվեստագետի կյանքի պակաս հայտնի և նշանակալի կողմերը, ինչպես նաև ուշագրավ փաստեր մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործական ձեռքբերումների մասին:
Չնայած Ա. Խաչատրյանի երաժշտական ընդունակություններն ի հայտ են եկել վաղ հասակում, այնուհանդերձ նոտաները նա սովորել է 19 տարեկանում:
Խաչատրյանի երգարվեստին ենք պարտական ազգային առաջին բալետով և սիմֆոնիայով: 1939 թ-ին Արամ Խաչատրյանը գրել է ազգային առաջին բալետը՝ «Երջանկությունը», որը հետագայում վերանայվել և վերանվանվել է «Գայանե»։ «Գայանե» բալետից հատկապես աշխարահռչակ ճանաչում ստացավ «Սուսերով պար»-ը, որը դարձավ Հայաստանի «այցեքարտերից» մեկը: Բացի այդ հենց կոմպոզիտորի Առաջին սիմֆոնիան (1934 թ.) է հայ երաժշտության պատմության մեջ այդ ժանրի առաջին ստեղծագործությունը:
1940-ականներին շրջագայում է ԽՍՀՄ տարածքով, 1950 թ. Հռոմ մեկնելով` սկսվում է նրա համաշխարհային շրջագայությունը: Առաջիկա տարիներին շրջագայում է 42 երկիր՝ լինելով բոլոր մայրցամաքներում։ Իր շրջագայությունների ընթացքում նա հանդիպում է բազմաթիվ հանրահայտ մշակույթային գործիչների՝ Սիբելիուս, Հեմինգուեյ, Չապլին, Դալի:
Հատուկ Խաչատրյանին հանդիպելու համար Դալին Ամերիկայից ժամանել է Իսպանիա` հյուրընկալելու վերջինիս իր առանձնատանը, քանի որ հանճարեղ կոմպոզիտորի մեծ երկրպագուն էր: Անսովոր ընդունելությունից հետո, որի մանրամասները, կարծում եմ, շատերին է հայտնի, հաջորդ օրը Դալին հանդիպել է Ա. Խաչատրյանին, ներողություն խնդրել և նրան նվիրել իր մանրանկարների ալբոմը, որը արժեր մի քանի միլիոն դոլլար:
Խաչատրյանն արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր էր, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի (ԳԱ) անդամ, Իտալիայի «Սանտա Չեչիլիա» երաժշտական ակադեմիայի պատվավոր անդամ, Մեքսիկայի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ԳԱ թղթակից անդամ:
1941թ. ստեղծվել է Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը: Այս ստեղծագործությունը, որը կառուցված է իբրև վալս, դարձավ համաշխարհային վալսային երաժշտության ամենանշանավոր երկերից մեկը:
Խորհրդային Հայաստանի օրհներգի (1944 թ.) հեղինակն է, խոսք` ըստ Սարմենի:
Ունեցել է ավելի քան 33 կոչում, պարգև և մրցանակ, որոնցից` 5 ԽՍՀՄ պետական մրցանակ տարբեր ստեղծագործությունների համար, Հռոմի պապ Հովհաննես XXIII-ի հուշամեդալ (Վատիկան), Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի ԽՍՀ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում, հուշամեդալներ և շքանշաններ (Վիեննա, Պրահա, Բուդապեշտ, Թեհրան, Հռոմ), Լեհաստանի, Ուզբեկստանի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում և այսպես շարունակ:
2013 թ. հունիսի 18-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի կոմիտեի նիստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ և Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ծրագրի Միջազգային ռեգիստրում (անգլ.՝ Memory of the World International Register) գրանցվել են «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը»։
Արամ Խաչատրյանը կենդանիներ շատ էր սիրում: Գերմանիայում նրան արքայական պուդել էին նվիրել, որի անունը Լյադո էր դրել (ըստ լյա և դո նոտաների): Կոմպոզիտորը հաճույքով էր զբոսնում Լյադոյի հետ: Վերջինիս հանդեպ տածած սիրո մասին է վկայում Խաչատրյանի «Լյադոն լուրջ հիվանդացել է» պիեսը` նվիրված շանը:
«Ես հայ եմ, եղել եմ, կամ ու կլինեմ հայ, և իմ ստեղծագործությունը, իմ ամբողջ գործունեությունն ամենից առաջ պատկանում է իմ հարազատ ժողովրդին և իմ հայրենիքին` Հայաստանին…»:
Այսպես է բնորոշել սեփական գործունեությունն ու դրա արմատները 70-ամյա կոմպոզիտորը, մեծանուն հայորդին: Եվ ուրեմն մենք էլ ճանաչենք, գնահատենք ու սիրենք մեր մեծերին` առաջին հերթին պահպանելով նրանց ժառանգությունը: Ինչպես հայ ժողովրդի մեկ այլ տաղանդաշատ զավակը` Համո Սահյանն է Խաչատրյանին բնորոշել.
«Նա մեր փոքրության առասպելի մեծ հերքումը եղավ, մեծերի հետ չափվելու խորհուրդը եղավ փոքրաթիվ մեր ժողովրդի: Դարձավ քաղաքակրթության մեր վկայականը…»:
Վերջում հետաքրքիր հումորային դրվագ մեծ կոմպոզիտորի կյանքից.
* * *
Մի սկսնակ կոմպոզիտոր, դիմելով հանճարեղ Արամ Խաչատրյանին, խնդրում է գնահատել իր ստեղծագործությունը: Արամ Իլյիչն ուշադիր զննում է, օրորում գլուխը, շոյում մազերը և բարեհամբույր տոնով հարցնում է.
— Իսկ որտեղի՞ց եք գնել նոտայի այսպիսի լավ թուղթ:
Նյութը պատրաստեց` Տաթև Կարապետյանը
Աղբյուր՝ lousavorchikantegh.wordpress.com
Արամ Խաչատրյանը և կոմպոզիտոր Ադամ Խուդոյանը Վազգեն 1-ին Վեհափառի հետ
Արամ Խաչատրյանը, նրա կինը` Նինա Մակարովան և Էռնեստ Հեմինգուեյը (1960)
Արամ Խաչատրյանը և իր որդին` Կարենը
Արամ Խաչատրյանը Մարտիրոս Սարյանի արվեստանոցում (1960)
Արամ Խաչատրյանը կոմպոզիտորներ Ա. Բաբաջանյանի, Ա. Հարությունյանի, Էդ. Միրզոյանի և Ա. Խուդոյանի հետ (Մոսկվա, 1940)
Արամ Խաչատրյանը ղեկավարում է Վիեննայի Ֆիլհարմոնիկ Նվագախումբը (1961)
Արամ Խաչատրյանը Իրանի Շահի մոտ ընդունելության ժամանակ (ձախից 2-ը և 3-ը Շահը և նրա կինն են, 1968
Հ. Դանիելյան, Ա. Իսահակյան, Հ. Բաղրամյան և Ա. Խաչատրյան (1945)
Ա. Խաչատրյանը Դմիտրի Շոստակովիչի և Սերգեյ Պրոկոֆևի հետ (1945)
Արամ Խաչատրյանը Հռոմի Պապ Հովհաննես 23-րդի հետ հանդիպման ժամանակ (Վատիկան, 1963)