Իր տժգույն դեմքին վրա ներքին մրրկածուփ հուզումին սարսուռներր չմատնելու ճիգով մը՝ գլուխը վեր, պեխերը այլևս ալևոր, սրածայր ոլորվածքով՝ ինչպես ինքնագոհ ու վեհապանծ երիտասարդի մը, Կոպեռնիկոս Էֆենդի Մերասեդիյան ծանրորեն վար իջավ կառքեն, որ կանգ առած էր Շիշլիի ազգային գերեզմանատան դրանը առջև, Աստվածածնա երկուշաբթի օրը, ցերեկեն երկու ժամ ետքը, օգոստոսի տաքուկ ու երանավետ արևի մը տակ։ Իր անստգյուտ ռըդենկոտին օձիքեն մատներու հպանցմամբ մը փոշիներ վար տալու իր ատ շարժումին ծանոթ մեկը միայն գուցե հասկնար, որ բուռն տագնապով մը կդողդողար այդ մարդը, որ մինչև իսկ գերեզմանատան դրան կամարին տակ մտած ատենը մարմնի ընկրկում մը ունեցավ։ Բայց հառաջացավ գրեթե անվրդով, ամբարտավան քալվածքով մը։ Եվ հակառակ որ մուտքի կամարին տակ զինքը դիտող մը չըլլար, Կոպեռնիկոս Էֆենդի խոռոչներուն մեջ ամրապես քաշված սև և մանրաբիբ աչվըները աջ և ահյակ կշրջեր՝ տեսնելու համար, թե զինքը կտեսնե՞ն։ Գերեզմանատան պարտեզը, ուր մտավ, իր խաղաղ ու գեղարվեստական երևույթովը կարծես քաջալերեց Կոպեռնիկոս Էֆենդին, որ վարժ քալվածքով մը հառաջացավ դեպի վեր, մեջտեղի ճամբեն, այլևս գրեթե հանդարտ հետաքրքրությամբ մը շուրջը դիտելով, իբրև բոլորովին նոր բան մը տեսած, սլացիկ, մաքուր, մարմարեղեն շիրիմներուն նայելով զարմանքոտ, երկյուղած ու գգվագին աչվըրներով։ Մահաստանին անկյուններեն խժլտուք մը կբարձրանար հիմա, տաժանագին, ինչպես հուսկ հետին հռնդյունը բոլոր այդ հողին տակ պառկող մեռելներուն։ Գերեզմանոցին տարածությանը վրա սգավորներ եկած էին պագտվիլ հողին հետ, որուն տակ սիրելիներու կմախաշար կարավանները կփտտին որդնալից։
Կոպեռնիկոս էֆենդի տեսակ մը գոհունակության շարժում ունեցավ։ Մեռելաստանի իր երևակայած ահավոր ամայությունը ահա շենցած էր․ ու ինքը իրեն պես շատերուն մեջ աննշմար պիտի մնար, ու իր այդ այցելությունը, որմե կսոսկար տարիներե ի վեր, պարզ և գուցե հաճելի պտույտի մը հանգամանքը պիտի առներ, հակառակ իր ենթադրությանը, ուրիշներու աչքին։
Առևտրական աշխարհի մարդ, միշտ տեսակ մը նողկանք տածած էր մեռելներու աշխարհին համար, որմե կարելի եղածին չափ խույս տված էր։ Մահվան համար, որուն հանդերձյալ կյանքի հռչակված հեռանկարը իր կարծիքովը անճոռնի պարադոքս մըն էր, այնքան բնածին սոսկումով մըն էր լեցված, որ երբեք չէր ուզեր անոր վրա մտածել, անոր տվայտիլ, աշխարհը՝ օրին մեկը ձգելու գաղափարին հետ կատաղորեն անհաշտ։ Կոպեռնիկոս էֆենդիի որևէ հուղարկավորության չհետևիլը ամեն մարդ գիտեր իր բարեկամական շրջանակին մեջ, և ոչոք կվշտանար, երբ որ ծանոթի մը կամ ազգականի մը մահվան առթիվ փոխանակ մեռելին ներկա գտնվելու անձամպ՝ քարտով մը կամ ծաղկեփունջով մը իր ցավակցությունը հայտներ։
— Ատ կողմս տկար է, ինչ ընեմ, ձեռքս չէ, սիրտս չի դիմանար, գեշ կըլլամ, — կըսեր։
Սակայն մեկ քանիներ իր վաղածանոթներեն՝ լսած էին, առանց շատ պնդելու, թե Կոպեռնիկոս էֆենդի իր վաճառականի հիմակվան դիրքին չհասած, շատ անգամներ ներկա գտնված էր հուղարկավորությանց, առանց հուզման ակներև նշաններ ցույց տալու։ Վերջին ութը-տասը տարվան միջոցին էր, որ մեկենիմեկ հոգեկան այդ տկարության մղված էր և խույս տված մեռելներեն ու գերեզմանոցներեն։ Բայց որովհետև ազգային կամ հանրային հարց մը չէր ասիկա, մարդիկ աչք գոցած էին և անտարբեր գտնված։
Մանավանդ, որ վերջին տասը տարվան միջոցին իր իսկ ընտանիքին մեջ պատահած մեռելներեն ոչ մեկուն հանդեսին ներկա գտնված էր․ ոչ ժամ գացած էր, ոչ գերեզմաննոց. տունը նստած էր կամ մինչև իսկ անգամ մը, քրոջը մահվան ատենը, Պոլսո իր գրասենյակը իջած էր, հոն ընդունելով երկու փոխանագիրներու ստորագրությանը մեջ, ցավակցությանց ճղակտոր արտահայտությունները։ Իր այս բոլորովին տարօրինակ ժեստը ոմանց հետաքրքրությունը շարժած ըլլավ, Կոպեռնիկոս էֆենդիի գործակատարը, Ղուկաս աղա — ազիզիե[1] ֆեսով և գլխուն ետևը՝ ծոծրակին և քունքերուն ծեփ-ծեփ փակչած մազերով միջահասակ մարդուկ մը, մարդոց առջև երկարամյա անդադրում խոնարհումներեն ողնահարը ծռած, — սրտաշարժ ու կսկծագին ձայնով մը ըսած էր․
— Էֆենդին իր քույրը այնքան կսիրեր որ, եթե ասանկ չներ ու սուգը առներ վրան լար ողբար, պելքի ալ խելքին կուգար։
— Խե՜ղճ մարդ, — ըսած էին այս խորին հայտնությունը լսողները։
Մորը մեռելին անգամ ներկա չէր գտնված։ Իր մեծ եղբայրը, քույրը, քրոջ ամուսինը, հետո ուրիշ մեկ քույրը չված էին աշխարհես՝ մեռելական փոսին եզրը իրենց եղբոր լալահառաչ ներկայության «հետմահու» մխիթարությունեն ալ զրկված։
— Ես մինչև հոն երթամ նե, — ըսած էր անգամ մը Կոպեռնիկոս էֆենդի—ինծի ալ ատ փոսին մեջը նետելու, ողջ-ողջ թաղելու են․․․
Իրեններուն համար տածած այս խանդակաթ սերը ոչ միայն զարմանք չէր պատճառած իր ծանոթներուն, այլ և իր «բարոյական»-ին համար անոնց սնուցած բարձր համարումը ալ ավելի բարձրացված էր։
Եվ ահա տասը տարի ետքը, երբ այլևս ամայությունը տիրած էր իր շուրջը իր ընտանիքին մեջ, ուր միս-մինակ մնացած էր մահվան անողոք կույրզկուրայն հնձումին մեջ, ուր միս-մինակ մնացած էր մահվան անողոք կույրզկուրայն հնձումին մեջտեղ, Կոպեռնիկոս էֆենդի, Աստվածածնա մեռելոցին կուգար վերջապես այցելել իր մեռելներուն՝ զանոնք օրհնել տալու համար։
Իր գործակատարը, որ միշտ իր կողմե բոլոր հուղարկավորություններուն ներկա գտնված էր մինչև փոսերուն ծածկվիլը և ծաղկեփունջերուն անոնց վրա խառնիխուռն կուտակվիլը, և որ այդ օրը հանդիսավոր ու խորհրդալից օր իր տեղը տիրոջը տված էր, մանրամասնորեն նկարագրած էր Մերասեդիյան գերդաստանին դամբարնին վայրը, որ ազգային ծանոթ բարերարի մը գմբեթավոր հոյակերտ դամբարանին ետևը կիյնար։ Կոպեռնիկոս էֆենդի, առանց ուշադրություն ընելու Ղուկաս աղային բացած զարմացական աչվըներուն, առած էր գերեզմանին բանալիքը, որուն սառն հպումը դող մը պտտցուցեր էր իր երակներուն մեջ։ Մահվան պես ա՛տ ալ պա՛ղ։
Սոսկումը, որով պաշարված էր մահաստանին շրջափակեն ներս մտնելե առաջ, կմեղամնար հիմակ, վայրին խնամքոտ ու խաղաղավետ հարդարումեն, պորփյուրե ու մարմարե հոյակերտ շիրիմներուն կանգնագեղ հորինվածութենեն հմայված, թեև ինք երբեք մարմարին արվեստովը հետաքրքրված չըլլար։ Կամաց-կամաց, զգուշությամբ կքալեր, ավելի հետաքրքիրի մը ձևը ջանալով տալ իրեն, քան թե իր մեռելներուն այցելողի մը։ Կարճուկ թուփերուն վրայեն և դամբարաններուն օձապտույտ ածուներուն միջև կտեսներ փոսերու և գերեզմանաքարերու վրա ծռած կռնակներ, որոնք կթոթվվեին, կիներ ու տղաք, որ տոտոզված շիրմաքաքերու մեջտեղ՝ կխոսվռտեին։ Ավելի հեռուն, վանդակորմի մը ձողերուն ետին՝ մորուքը տերտերի մը, որ կկարդար։ Բայց երբ առաջին անգամ աչքին դիպավ գմբեթավոր դամբարանը «ազգային բարերար»-ին, Կոպեռնիկոս էֆենդի կանգ առավ։ Իրենցը անոր ետևն էր, ինչպես բացատրած էր Ղուկաս աղան։
Այս Ղուկաս աղան, պարագաներուն և իր գործին բերմամբը, շատ կարևոր դեր մը խաղացած էր Մերասեդիյան ընտանիքին մեջ։ Նախ և առաջ, իբրև Կոպեռնիկոս էֆենդիի գործակատարը, ընտանիքին բոլոր մեռելները ինք իր ձեռքովը հողին հանձնած էր։ Առաջին մեռելին, էֆինդիին հանձնարարությամբը, տասը քառակուսի մետր տարածությամբ հող մը գնած էր Շիշլիի ազգային գերեզմանատան մեջ․ հետո, ամեն անգամ նոր մեռել մը պատահելուն, Ղուկաս աղա քար մը ձգել տված էր վրան տապանագիրով մը՝ գրված իրեն ծանոթ հինգլուխ հայկաբան պատվելիի մը կողմե, Ենի Քափու, ուր ինքը կբնակեր։
Յուրաքանչյուր գերեզմանաքարը տնկվելուն, Ղուկաս աղա հաշիվը ներկայացուցեր Էր Կոպեռնիկոս Էֆենդիին, որ, առևտրական պարզ և սովորական հաշվեցուցակ մը աչքե անցընելու պես, ակնոցներուն շրջանակին վրայեն նայվածք մը նետելով անոր, միշտ սա դիտողությունը միայն ըրած էր․
— Ղուկա՛ս, աս ծախքին վե՞րջը․ չլմնցավ․ անոնք մեռան գացին, աստված ողորմի հոգունուն․ իջտե աս քսան ոսկին ճերիմե է․․․
Եվ օր մը, տրամադրությունը տեղը մեկ վայրկյանին, հայ վաճառականը՝ Ղուկաս աղային հանել տված էր Շիշլիի ազգային գերեզմանատան մեջ Մերասեդիյան ընտանիքին դամբարանին համար եղած բովանդակ ծախքին հաշիվը։ Գործակատարը, որ այլևս կարծես այդ ընտանիքին գերեզմանափորի քստմնելի տիտղոսովը կհպարտանար, գրպանի մեկ եղոտ տետրակեն քաղած Էր այդ մեռելարույր հաշիվը։
— Ութը հազար երեք հարյուր քառասունըչորս դրուշ, տասը փարա, — ըսած էր Ղուկաս աղա արարողական ձայնով մը։
— Մե՜ղք փարաներուն, — մրմռացած էր Կոպեռնիկոս էֆենդի․․․ բայց ան չէ ամմա, ատ տասը փարա՞ն ինչ է, — հարցուցած էր գործակատարին դառնալով։
— Վերջին անգամ դռնապանին տղուն տասնոց մը պաշխիշ տվի, — պատասխանած Էր Ղուկաս աղա։
— Մե՛ղք, մե՜ղք փարաններուն։
Ժամանակե մը ի վեր, սակայն, Ղուկաս աղա կդիտեր, որ իր մեծավորը տրտմաթախիծ ու մտահոգ երևույթ մը ուներ։ Ատեն-ատեն իր մանր ու սև բիբերը պաղած կմնային մեկ կետի մը սևեռած, և հանկարծական թոթվըտուքներ ալ կունենար։ Հետո, վերջերս, օր մըն ալ,չլսված բան․Ղուկաս աղային հարցուցեր Էր թե երբեմն երբեմն գերեզմաննոց կերթա՞ և մեռելները աչքե կանցընե՞։ Թաղը ի՞նչ վիճակի մեջ Է։ Պզտիկ ծառեր տնկվա՞ծ են հոն։ Պահապանը կջրե՞ կոր։ Քարերը կմաքրվի՞ն կոր։ Բնականաբար Ղուկաս աղա հանկարծակիի եկած էր ու կմկմացած, վասնզի այդ բաներուն ոչ մեկը եղած էր։
— Ղուկա՛ս, — հրամայած էր Կոպեռնիկոս էֆենդի, — ասկից ետքը ամիսը մեյ մը գնա՛, աչքե անցո՛ւր, բանլիքն ալ երկուք ըրե, մեկը միշտ վրադ պահե՛։
— Աս մարդը կփախցնե կոր, — մրմռացեր Էր գործակատարը՝ քունքին մազերը շտկելեն։
Բայց իր զարմանքը ապշության փոխվեցավ, երբ Աստվածածնա շաբաթ օրը մաղազայեն ելլելե առաջ՝ Կոպեռնիկոս Էֆենդին կանչեց իր գործակատարը և ըսավ անոր․
— Ղուկա՛ս, վաղն առտու մեր տան երեցին գնա, ըսե՛, որ երկուշաբթի կեսօրեն ետքը ժամը ութնին Շիշլիի գերեզմանոցը պիտի գտնվիմ, մեռելներս օրհնել տալու համար․ ինքն ալ հոն թող ըլլա․․․
— Աստված վերջերնիս բարին ընե, — մրթմրթաց Ղուկաս աղա՝ չկրնալով բան մը հասկնալ եղածեն։
Եվ հիմակ, ահա իր մեռելները օրհնել տալու եկած էր Կոպեռնիկոս էֆենդի, որ «ազգային բարեբար»-ին գմբեթավոր դամբարանին ետևը դառնալուն պես՝ Մերասեդիյան գերդաստանին դամբարանին առջևը գտած էր ինքզինքը։ Ներս նայեցավ․ տերտերը տակավին չէր եկած։ Այս դժպատեհությունը քանի մը կաթիլ քրտինք ծորեցուց ճակտին վրա։ Գերեզմանը շրջապատված էր երկաթե վանդակորմով մը։ Հինգ հատ տապաններ, երեքը քով-քովի, մյուս երկուքը քիչ մը ավելի ետև՝ իրարմե հեռու, կծածկեին հողը։ Քառակուսի մարմարներ էին, շիրիմներուն է՛ն պարզը։ Քանի մը ծառեր կային, կարճուկ ու վտիտ, հայտնապես նոր տնկված։ Պերճ ու հոյակապ շիրիմաքարերուն և խնամքով զարդարուն գերեզմաններուն մեջտեղ տրտմագին պարզությամբ մը կհայտնորոշվեր Մերասեդիյաններուն թաղը՝ լքման հայտարար նշաններով։
Կոպեռնիկոս էֆենդի հանեց գրպանեն բանալին, բացավ դուռը և ներս մտավ։ Իրեններուն քովն էր։ Իր մորթին տակ մաճկացած արյունը, որ հակառակ իր հիսունըհինգ տարիներուն՝ երիտասարդական վառք մը կուտար իրեն, պահ մը անհետացավ, մահական տժգունությամբ մը դալկահարելով իր դեմքը։ Այդ տոկուն և անգութ մարդը կդողար։ Դանդաղուն քայլերով մոտեցավ մեջտեղի երեք տապանաքարերուն և կարծես չիյնալու համար, երկու ձեռքերովը կրթնեցավ մարմարին։ Եվ հուզումեն պղտորած աչվըներովը նայեցավ տապանագիրին։ Մորն էր։
Այս է տապան հանգստյան
Տիկին Նազենի Մերասեդիյան,
Որ մեկնեցավ այս ցավոց Հովտեն
Հետ յոթանասնամյա կենաց ամբասիր։
Վարքովն եղե առաքինազարդ
Անցորդ, կաթիլ մը արտասուք
Նվիրե իր անմահ հիշատակին։
Ենի Քաբուցի պատվելիին քերթողական այս չքնաղ արտադրությունը ուժգնորեն ցնցեց Կոպեռնիկոս Էֆենդին։ Իր սևեռական նայվածքին տակ՝ մայրը կնկարվեր այդ մարմարին վրա․ այդ գիրերը գիծեր կըլլային՝ ուրվանկարելու համար անոր ճերմակ ու վտիտ մարմինը, ճիշդ ինչպես վերջին անգամ ան իր աչքին երևցած էր՝ անկողնին վրա, իրիկունը, շուկայեն դարձին, Ղուկաս աղային հետ, որ մեռելի գիշերներ չորպաճիին տունը կպառկեր բացառապես։ Ցերեկին հանկարծամահ եղեր էր պառավը, առանց ճիկ մը հանելու, մոմի պես անցնելով։ Շուտով մարդ մը վազեցուցեր էին մաղազան՝ այս աղետը ծանուցանելու։ Կոպեռնիկոս էֆենդին դրամարկղը բացած՝ ոսկիի և բանկնոտի հետ կխաղար երբ Ղուկաս աղան, ետևեն հանկարծ բոթը նետեր էր իրեն․
— էֆենդի՛, մայրերնիդ ձեզի օրեր․․․
Վաճառականը, առանց ձեռքը դուրս հանելու դրամարկղեն գլուխը դարձուցեր և ակնոցին վրայեն նայելով գործակատարին՝
— Ատ ո՞ւրկե իմացար, ծո՛, — ըսեր էր, — սխալ չըլլա՛։
— Հիմա լուր բերին։ Այո՛, ձեզի օրեր, — կրկներ էր գործակատարը։
— Թոհա՜ֆ բան, մրմռացեր էր Կոպեռնիկոս էֆենդի և դարձյալ դրամարկղով զբաղեր էր։ Իրիկվան, սովորական ժամուն, տուն գացեր և մայրը երկնցած գտեր էր անկողնին վրա, անկենդան։
Ահա այդ պատկերը կտեսներ հիմա գերեզմանաքարին վրա։ Խեղճ կին։ Որքան տառապել էր կյանքին մեջ և իր վերջին տարիները որքան դառնակսկիծ եղեր էին՝ միմիայն իր այդ Կոպեռնիկոսին երեսեն-պզտիկուց իսկ նենգամիտ ու կեղծավոր, — անոր լռիկ ու սքողված չարագործությանց պատճառովը։ Ագահ և զոշաքաղ, այս մարդը բռնաբար մորը ձեռքեն հափշտակեր էր հորենական ժառանգության բաժինը, խաբեության և ահաբեկումի ցանց մը լարելով այդ երկյուղած ու երկչոտ կնոջ շուրջը։ Կնհիշեր հիմակ, որ գիշեր մը, նույնիսկ իր հաստ գավազանովը անոր վրա հարձակելու եղեռնական շարժում մըն էր ըրած, «տո՛ւր, տո՛ւր ունեցածդ» ոռնալով, երբ քույրը, քառասուննոց ամուրի աղջիկ մը, նվաղած ինկեր էր մորը և եղբորը մեջտեղ։ Հետևյալ օրը, Նազենի հանըմ իր արկղին բանալին դողալով զավկին կլափը նետեր էր։ Եվ տղան, բորենիի պես դունչը այդ արկղին մեջ խոթեր ու լափեր էր հարյուրավոր ոսկիներու արժեքով գոհարե՛ղեններ և բազմաթիվ արժեթուղթեր։
Հապա այդ խեղճ քույրը՝ որուն կյանքը մարտիրոսություն մըն էր եղած իր եղբորը ձեռքին մեջ։ Հակառակ հազար ոսկի դրամօժիտ ունենալուն, մինչև երեսուն տարեկան տակավին թարմ հասակը, չէր կրցած ամուսնանալ։ Կոպեռնիկոս անարգ մեքենայություններով հաջողած էր ամուսնական բոլոր առաջարկերը չեզոքացնել, իր մոտը, իր ձեռքին տակը պահելու համար անոր հազար ոսկին։ Աղջիկը մեծցեր էր, մազերը սկսել էին ճերմկոտիլ, և օր մը, եղբորը կսղմե բրտորեն փողոց ձգելու, գայթակղությանց նշավակ դառնալու սպառնալիքին տակ, հավանած էր իր դրամօժիտը եղբորը հանձնել իբր ավանդ։ Կոպեռնիկոս կուլ տված էր իր դրամն ալ։ Հոն էր, մորը տապանաքարին քովիկը։ Իսկուհի Մերասեդիյանը, և իր տապանագիրը, որ «Այս է տապան հանգստյան»-ով մը կսկսեր, ինչպես բոլոր մյուսները, կհիշեր, թե «փոխեցավ աստի, վարելով կյանս կուսական և առաքինի»։ Օրիորդ Իսկուհի, եղբորը հանձնելե հետո իր հույսն ու ապագան, տան մեջ սպասուհիի դերին իջուցված էր։ Ըղեղատապ մը տարեր էր զինքը մորմեն առաջ։
Կոպեռնիկոս էֆենդի կորաքամակ, քրոջը գերեզմանաքարին վրա հակեցավ՝ ձայնի մը ականջ տալու պես։ Հանկարծ քայլ մը ետ ինկավ։ Լսած էր այն հեկեկանքը, զոր լացեր էր քույրը՝ հարստութաունն իր եղբորը հանձնած օրը։ Տժգույն և դողդողահար,Կոպեռնիկոս էֆենդի դուրս նայեցավ. անգաղտնապահ աչք րե դիտվելու վախով պաշարված․ Այդ օրը, բարեբախտաբար, սովորական էր տեսնել գերեզմաններու առջև այլայլած դեմքեր,սևեռաբիբ նայվածքներ և հեկեկալից կոկորդներ։ Կանցնեին անկե, առանց իսկ իրեն նայելու։ Եվ Կոպեռնիկոս էֆենդի ուզեր ա՝ չէր կրնար դուրս ելլել այդշրջափակեն, իր զոհերուն ստվերներուն մեջ կարծես բռնված, կաշկանդված։
Նորեն մոտեցավ, ակամա, մանրաբիբ աչվըները հառած շերմաքարերուն։Մորը աջ դին եղբայրն Էր պառկած, իրմե մեծը. Հովհաննես Էֆենդի Մերասեդիյան, որ բուն հիմնադիրն Էր եղած առևտրական այն տանը, ուր այժմ կտիրապետեր Կոսենիկոս Էֆենդի միահեծան։ Բարի, ազնիվ, վեհանձն և ուղղամիտ մարդ, ձեռք բոնել Էր իր եղբորը, քովը առեր և իր գործ/ն զայն ընկեր ըրեր Էր․ի վերջո։ Կոպեռնիկոս, նենգավոր և հնարամիտ, զեղծումներով խախտեր Էր գործին տոկունությունը, և իր վստահությունը վայելող քանի մը պատվավոր չարագործներու մեղսակցությամբը, պարտքի կեղծ թուղթեր ստորագրեր Էր հ նուն Մերասեդիյան առևտրական տան, և անակնկալ սնանկություն մը հիմնահատակ կործաներ Էր գործը։ Հովհաննես ԷՖենդիի կորած ցնցումը մահաբեր եղեր էր։ Կաթված մը երկու տարի տանը անկյունը գամելե հետո զինքը, վերջապես գերեզման իջեցուցեր էր։ Այդ միամիտ ու բարի մարդը իր եղբոր ամբողջ դավաճանությունը ետքեն կռահելով, իր անշարժության անկյունեն մերթ մրրկաթունդ կատաղությամբ մը բորբոքած, գոռացեր էր անոր երեսն ի վեր.
— Գազա՛ն, տուներնիս տեղերնիս կործանեցիր։
Անոր կենդանությանն իսկ, Կոպեռնիկոս էֆենդի վերահաստատեր էր առևտրական տունը և հրապարակին վրա ճանչըցվեց էր իբրև հույժ վստահելի, պարկեշտ ու պատվավոր վաճառական մը։
Իր եղբորը մահվընեն ետքն էր, որ իր ամուսնացած քրոջը,տիկին Ագապի Գյուլերյանի ամուսինը, Մարտիրոս էֆենդի, մի քանի հազար ոսկիի տեր մարդ, մտերմաբար տարվելով իր աներորդիին շողշողուն և պատվական խոստումներէն, իր ամբողջ դրամագլուխը անոր գործին տրամադրեր էր, մասամբ ընկեր դառնալով։ Տարի մը չէր տևած, և Մարտիրոս էֆենդի վռնդված էր իր աներորդիին վաճառատունէն ու թեև դատարանե-դատարան ինկած էր մեկ քանի տարի, կրած հուզումներեն ու քաշած տառապանքներէն վերջ ի վերջո տեսակ մը ապշության ենթարկված ու թշվառորեն մեռած էրճ իբրև շնորհ թաղվելով Մերասեգիյանենց դամբարանին մեջ, Ղուկաս աղային միջնորդությամբը:Իրեն հետևած էր կինն ալ, որ հակառակ քանիցս եղբորը ոտքերը իյնալուն լալահառաշ, կոպտորեն վռնտված էր։
Եվ այդ ըն տան իքին բոլոր անդամները մեկիկ֊մեկիկ ինկած էին՝ այդ մարդեն շանթահարվելով, իրենց բոլոր ունեցածը տալով անորճ զանիկա հասցնելու համար իր իդեալ-նպատակին, որ էր պատկառելի հարստության մը և նախանձելի դիրքի մը տի բացումը։ Հիմակ հոդ էին իր բոլոր զոհերը, շուրջն էին իր խոշտանգած, քայքայած, մահացուցած բոլոր էակները, որոնցմէ տարիներով հեռի մնալե և զանոնք իզուր մոռնալ ջանալե հետո՝ կքաշվեր ահա հոդ կբերվեր հիմա, դեպի կառափնատ քաշկռտվող դատապարտյալի մը պես։
Կանգնած այդ քստմնելի քարերուն մեջտեղը, որոնց ճերմակ գույնին վրա արյան կարմրություններ կնշմարվեր մերթ, ամբողջ մարմնովը կդողդղար։ Տշապանագիրնեբուն ներքև փորագրված մարդկային գանկերը՝ խաշաձև երկար ոսկորներու մեջ զետեղված* իբրև դիվային խորհրդանշանը մահվան, շարժիլ կթվեին իրեն, աչքերնուն անդնդային խոռոչներովը իրեն կնայեին, կզակներնին ընդհարելով չոր կափկափումով մը։ Գերեզմաններուն խորերեն ձայներ կուգային հիմա, աղեխարշ և ահավոր, լալագին կականներ կբարձրանային, և նվաղկոտ ճիչեր ու օրհասական հեծյուններ իրարու կխառնվեին։ Երբեմն բոլորեն ալ, ահեղագոռ աղաղակ մը կբարձրանար միանվագ.
— Ոճրագո՛րծ։
Ու գանկերը՝ իրենց ոսկորե պատվանդաններուն վրա կհոլովվեին, կթավալեին, պարապ ու ահավոր աչքերովնին շանթահարելով Կոպեռնիկոս էֆենդին, որուն ճակտեն, քունքերեն, թուշերեն քրտինքի կաթիլները ուղխորեն կվազեին, ու իր մանր բիբերը, սպիտակուցներուն մեջտեղը անշարժացած, նայեցան, նայեցան, նայեցան շիրմաքարերեն գանկերը կամաց–կամաց վեր ելան հիմա ու կանգնեցան ոսկորներուն վրա, մարդաչափ երկարությամբ: Ու կշարժեին այդ հինգ գանկերը, կպարեին վաճառականին շուրջը, լալագին ոռնումներով, ահռելի ու դիվային ծամածռություններով, կլափնին լայնաբաց, իրենց պարապ ականողիքներուն մթին արհավիրքովը ահաբեկելով այդ հինգ գերեզմաններուն հարդարիչը։
Կոպեռնիկոս Էֆենդի մղձավանջեն այսահարված, ջղաձգորեն երկու ձեռքովը կոկորդը բռնեց․ կխեղդվեր, օրհասական հռընդյուններ կարձակեր։ Եվ ուզեց փախչիլ, ազատիլ մեռելներեն, որ իրենց կմախքներովը կսպառնային իրեն․ քայլ մը առավ դեպի ետև, օդին մեջ տատանող գանկերուն նայելով հևասպառ։ Պիտի պոռար, պիտի ոռնար իր բովանդակ սարսափը, ու ձեռքերը դեպի ետև վանդակորմին երկնցուց…
Հանկարծ խոշոր ու թավ ձայն մը բարձրացավ·
— Ի՞նչ կըլլաք կոր, Կոպեռնիկոս էֆենդի։
Տերտերն էր,որ կուգար մեռելները օրհնելու։
Վաճառականը մեկեն ի մեկ սթափեցավ։ Քրտինքները կիջնային երեսն ի վար և կուրծքը կհևար տաժանորեն։
— Այդ ո՞րքան հուզվեր եք, Էֆենդի, ըսավ քահանան վշտագին զարմացմամբ նայելով իր հարուստ ծուխին, որ լուռ ու մունջ քրտինքները կսրբեր հիմա։
Ու այլևս հանդարտած․
— Տե՛ր հայր, առաջին անգամն է, որ սիրելիներուս գերեզմանները կայցելեմ, — թոթովեց, շուրջը նայելով և ա՛լ չտեսնելով կմախքները, որ անհայտ եղած էին աստծո պաշտոնյային երևումեն։
Օրհնեցե՛ք այս գերեզմանները, տե՛ր հայր, — ըսավ Կոպեռնիկոս էֆենդի տեր հոր աջը առնելով և գլխիկոր ու ձեռնածալ կենալով մորը տապանաքարին առջև։
Քահանան ծոցեն հանեց խաչը և ժամագիրքը, և հանգստյան աղոթքը սկսավ մեռելական տխուր եղանակավորումով մը, որ հանցապարտ վաճառականին ոսկորները սրսփացուց։
Գա զորությանց թագավորն ի նորոգել
Զարարածս ի ձայն ահեղ բարբառո
Զարթուցանե զննջեցյալն…
Մոտեն ու հեռվեն սգավորներու նվաղուն հեծեծմունքը կըլսվեին։ Ծառերուն մեջ՝ հեզասույլ հովը դամբանական խարշափ մը կպտտցներ, և մերթ, — ո՜վ տրտմալի հակասությունը մարդկային իրերուն, — ծիծաղի բեկորներ կթռչտեին շիրմե-շիրիմ, և տղաք ու կիներ կաճապարեին ճամբաներուն վրա, ինչպես տոնավաճառի մը մեջ։
Տերտերը իր ողբական թավահունչ սաղմոսերգությունը կշարունակեր, խաչը կարգավ մոտեցնելով ամեն մեկ տապանաքարին․
Ի տաճարի քում սրրության մատուցանեմք քեզ
Պսղատանս արտասվալից,պայծառացո
Տեր, գհոգիս նընջեցելոցն ընդ սուրբս քո
Եվ դասավորյա ի հավուրն այցելության…
Կոպեռնիկոս էֆենդի ինկած իր դողդողջ ծնկվըներուն վրա, կորաքամակ, կուլար։ Կուլար լռիկ, մնջիկ, իր այտերուն վրա առաջին անգամը զգալով թացությունը աղի արցունքներուն, որոնցմե հեղեղներ վազցուցեր էր՝ ատենոք՝ հոդ ամփոփված թըշվառներուն դեմքին վրա։ Իր լայնշի ուսերը կցնցվեին․ և իրոք աղեխարշ էր տեսնել այդ պատկառելի ու տարեց մարդը, որ խուլ և զսպված հեկեկանքներով կուլար, տղու մը պես, մարմարյա այդ դագաղներուն մեջտեղ։ — Խե՜ղճ մարդ, — կըսեին անկից անցնող սգավորները, դամբաներու մեջտեղը ծնրադիր կոծող այդ «շնորհքով մարդուն» ողբալի տեսքեն ազդված։
Տերտերը, որուն համար անբացատրելի Էին իր ծուխին լացի այդ հանկարծական պոռթկումները, կարելի եղածին չափ երկարեց օրհնությունը, որ վերջապես լմնցուց հանդիսավոր ու արարողական շեշտով մը արտասանված «հոգվոցն հանգուցելոց»-ով մը։ Խաչը վերջին անգամ մը երկարեց Կոպեռնիկոս Էֆենդիի շրթներուն, որոնք համբուրեցին զայն սրտազեղուն ջերմեռանդությամբ։
Քահանան, գործը ավարտած, խաչը պլորեց մետաքսյա լաթին մեջ․ ծոցը դրավ և աճապարեց դուրս ելլել դամբարանեն՝ վաճառականին կողմե կամացուկ մը իր ափը սպրդած ոսկիին հետ միասին։
Կոպեռնիկոս էֆենդի իսկույն հետևեցավ քահանային՝ իր մեռելներուն հետ նորեն առանձին, գլուխ–գլխի մնալու վախեն հալածված ու դուրս նետվեցավ, կղպեց դուռը և հազիվ քայլ մը հեռացած՝ երկու ձեռվըներովը գոցեց ականջները։
Մեռելներուն ահեղ ձայնը լսած էր նորեն, որ կպոռային իր կռնակեն․
— Ոճրագո՛րծ, ավազա՛կ…
Մեկ քանի օր վաճառատան մեջ Կոպեռնիկոս էֆենդիի տրտմությունը, խոժոռությունն ու խորհրդավոր անխոսությունը պատկառանք և մինչև իսկ երկյուղ ազդեցին պաշտոնյաներուն, մանավանդ Ղուկաս աղայի, որուն հետ հազիվ թե քանի մը բառ փոխանակեց վաճառականը։ Անշահախնդրական վերաբերմունք մըն՝ ալ ունեցավ իր գործին իսկ հանդեպ, որուն ամենեն հետին մանրամասնությանցը կհետաքրքրվեր՝ մինչև տակավին քանի մը օր առաջ։ Հետո, գործակատարը դիտեց, որ չորպաճին, իր գրասեղանին առջև, ակնոցը քիթը, մատիտ մը ձեռքը, երկարորեն կորոճար թուղթի կտորի մը վրա, կգրեր, կավրեր, նորեն կգրեր ու նորեն կավրեր և ի վերջո խնամքով կծալեր, գրպանը կտեղավորեր զայն։ Ղուկաս աղա, հակառակ իր բարակի հոտառությանը, չէր կրնար հասկնալ այդ խորհրդավոր թուղթին պարունակությունը, ու կճենճերեր հետաքրքրության հնոցին մեջ։
— Բարով խերով չերթար ատ գերեզմաննոցը, — կմռլտար քունքին մազերը բարկությամբ տափակցնելեն։
Երրորդ իրիկունը, Կոպեռնիկոս էֆենդի — «Այս գիշեր մեկտեղ տուն երթանք,Ղուկա՛ս»-ըսավ խոժոռ ու հանդիսավոր ձայնով մը։
Միասին ելան վաճառատունեն։ Ղուկաս աղա միշտ քայլ մը հեռվեն,ըստ սովորության։
«Տունը նորեն մեռե՞լ մը կա արդյոք», — կմտածեր ճամբան Ղուկաս աղա, որ մահվան պարագաներու միայն իր չորպաճիին տունը գացած ու գիշերած էր։ — Բայց… մարդ չմնաց, ամենքն ալ ճողեցան, — կշարունակեր՝ չկրնալով հանգույցը լուծել։
Ճաշը լուռ ու մունջ անցավ։
Հետո Կոպեռնիկոս էֆենդի իր սենյակը տարավ Ղուկաս աղան, և գրասեղանի մը առջև անցնելով՝ ակնոցը դրավ և գրպանեն ծանրորեն հանեց խորհրդավոր թուղթին կտորը։
— Ղուկա՛ս, — ըսավ, գործակատարին երեսը նայելեն խորաթափանց նայվածքով մը: — ես ոճրագործ մարդ մըն եմ, գիտես, հե՞։
— Աման, էֆենդի, քավ լիցի, քեզի պես առաքինի մարդ մը, ի՞նչ կըսես,
էֆենդի, — մլավեց Ղուկաս աղա դողդողալով այս անկեղծ, ճշմարիտ և անակնկալ խոստովանության առջև։
— Ես ըսածս գիտեմ, — շարունակեց վաճառականը․ — ոճիրնիս սկսինք քավել ուրեմն…
Եվ բացավ թուղթին կտորը։
— Ղուկա՛ս, — ավելցուց, — մտիկ ըրե՛ դուն քիչ֊շատ իմ մեղսակիցս ես, իմ սիրելիներս մեկիկ-մեկիկ դուն գերեզման իջեցուցիր․ մտիկ ըրե ուրեմն, խիղճդ թող խոսի այս անգամ։
Եվ կարդաց։
«Հինգ հարյուր ոսկի կուտամ Պոլսո տասը եկեղեցիներու՝ իբրև մոմագին։ «Երկու հարյուր ոսկի Ք… գյուղի գերեզմանատան պատին՝ շինության համար։
«Հարյուրական ոսկի Պոլսո չորս եկեղեցիներու՝ մեռելներուս հոգուն տարին երկու անգամ պատարագի համար։
«Չորս հարյուր ոսկի մեռելներուս նոր գերեզմանաքարեր շինելու համար»։
Կոպեոնիկոս էֆենդի գործակատարին նայեցավ։ Աչքերը կնշուլեին ջինջ ու անապական հոգիի մը ճառագայթումով։
— Բավակա՞ն է այս քավությունը, Ղուկա՛ս, — հարցուց Կոպեռնիկոս էֆենդի՝ թուղթը ծալելով։
— Շատ է պիլե, — պատասխանեց գորածկատարը՝ դողդոջ մատվըներովը քունքին մազերը տափակցընելեն…
1. Ազիզիե-ֆեսի յուրահատւկ ձև։