Արմենակ Շահմուրադյան (ապրիլի 7, 1878, Մուշ — սեպտեմբերի 14, 1939, Փարիզ, Ֆրանսիա), հայ օպերային երգիչ, տենոր։ Կոմիտասյան դպրոցի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկը, հայ ազգային երգարվեստի վաստակաշատ գործիչներից մեկը։ Նրան անվանել են հայկական Կարուզո: Փարիզի Մեծ Օպերայում աննախընթաց հաջողություն ունենալուց հետո, թողնելով միջազգային ասպարեզը, ամբողջապես նվիրվել է հայ ժողովրդական ու հոգևոր երգին՝ տարածելով այն աշխարհով մեկ։
Ծնվել է 1878 թվականին, Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքում, դարբին Սարգիսի (տեղացիները նրան Սրգո էին ասում) ընտանիքում։ 8 տարեկանից սկսել է հաճախել եկեղեցու երգչախումբ։ Այդ հասակում արդեն երգում էր տեղի եկեղեցում՝ միաժամանակ ուսանելով վարժարանում։ Բայց հոր մահով ամեն ինչ ընդհատվում է։ Մայրը անհրաժեշտ միջոցներ չի գտնում Արմենակի ուսման համար։ Սակայն Արմենակի բնատուր արտակարգ ձայնային շնորհը հաշվի առնելով՝ Մշո հոգևոր թեմի առաջնորդ Ներսես եպիսկոպոս Խարախանյանը որդեգրում է նրան և ուղարկում սովորելու Մշո նշանավոր սուրբ Կարապետ վանքի Ժառանգավորաց դպրոցում։ Եկեղեցու անձուկ միջավայրը դուր չի գալիս Արմենակին, և նա, շատ չանցած, վերադառնում է Մուշ։ Այս անգամ Խարախանյանի ծախսով ու հանձնարարական նամակով նա գալիս է Էջմիածին և ընդունվում Գևորգյան ճեմարան: Այստեղ պատանի Արմենակը դառնում է երաժշտության ուսուցչի՝ համբավավոր երգահան Կարա-Մուրզայի երգչախմբի մեներգիչ։ Արմենակի արտակարգ ձայնը և բարձրորակ կատարումը գրավում են Կարա-Մուրզային փոխարինած երիտասարդ Կոմիտասի ուշադրությունը, և նա առանձնահատուկ հոգատարություն է ցուցաբերում պատանու հանդեպ (ինչպես նաև՝ ողջ կյանքի ընթացքում)։
Շուրջ տարիուկես Արմենակը որպես երգիչ-երաժիշտ ձևավորվում է Կոմիտասի անմիջական հսկողությամբ և կատարելագործում է նրա մասնագիտական խորհուրդներով։ Ճեմարանում Շահմուրադյանի դասընկերներն էին Ավետիք Իսահակյանը, Գրիգոր Սյունին, Դերենիկ Դեմիրճյանը և ուրիշներ։ Շուտով նրան հեռացնում են ճեմարանից՝ ճեմարանի՝ այդ ժամանակվա պահպանողական-հետադիմական գործելակերպի դեմ ուղղված ուսանողական խռովությանը մասնակցելու համար։ Սակայն, Խրիմյան Հայրիկի միջնորդությամբ, հատկապես արևմտահայ ուսանողներին ընդունում են Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը՝ ուսումը շարունակելու համար։ Շուտով նածանոթանում է Ղազարոս Աղայանի, Գևորգ Բաշինջաղյանի, Հովհաննես Թումանյանի հետ։ Նրա երգչական արտակարգ ընդունակությունները գրավում են նաև դպրոցի երաժշտական ուսուցիչ Մակար Եկմալյանին, որի մոտ էլ Արմենակը մշակում է իր ձայնը։ 1896 թվականին Շահմուրադյանն ավարտում է Ներսիսյան դպրոցը։ Արևմտյան Հայաստանում սկսվել էին համիդյան ջարդերը, և սուլթանական վայրագությունների դեմ թիֆլիսահայության մեջ բողոքի ալիք էր բարձրացել, որի եռանդուն մասնակիցներից մեկը դարձավ Արմենակը։
Ցարական ոստիկանությունը ձերբակալում է նրան և նետում Մետեխի բանտը և ապա որպես թուրքահպատակի՝ հանձնում է թուրքական կառավարությանը։ Բանտից բանտ փոխադրվելով նա հասնում է մինչև Կարս, ուր մնում է ութ ամիս։ Այդ օրերին Արմենակի միակ սփոփանքը երգն էր, որով նվաճում էր հսկիչների բարյացակամությունը և բախտակիցների սերը։ Նրա երգը թռչում է բանտի պատերից և հասնում թուրք հյուպատոս Ֆուադբեյին, որն էլ նրան ազատ աքսոր է ուղարկում դեպի հայրենի Մուշ, որտեղ երկու տարի Սուրբ Կարապետի Ժառանգավորաց վարժարանում ուսուցչություն անելուց հետո փոխադրվում է Կարին (Էրզրում), ուր չորս տարի տեղի երկսեռ վարժարանում դասավանդում է երաժշտություն, հայոց լեզու ու հայ ժողովրդի պատմություն, ղեկավարում իր ստեղծած երգչախումբը։
Իր սանի ճակատագրով մտահոգված Կոմիտասը այդ օրերին Էջմիածնից Կարին լուր է ուղարկում. «Ասացեք Արմենակին՝ չնստի-մնա Էրզրումում, պետք է անպայման Իտալիա երթա՝ ձայնը մշակելու»: Սակայն Արմենակը, լինելով ազատ աքսորի մեջ, չէր կարող առանց թույլտվության Թուրքիայի սահմանն անցնել, և դպրոցի ղեկավարության միջնորդությամբ բուժման մեկնելու նպատակով ձեռք է բերում լիբանանյան անձնագիր և ֆրանսիական նավով Լիբանանի փոխարեն մեկնում է Փարիզ (1904)։ Այստեղ մասնակցում է հայ մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանցի ծախսերով կառուցված եկեղեցու օծման արարողությանը, որտեղ էլ մասնակցող երգիչների մեջ ճանաչվում է առաջինը։ Փարիզում նա սովորում է աշխարհահռչակ երգչուհի Պոլինա Վիարդոյի մոտ, որը սիրով հանձն է առնում երկու տարի անվճար պարապել նրա հետ։ Ընդունվում է Փարիզի կոնսերվատորիա:
1911 թ-ի հունվարի 27-ին տեղի է ունենում Շահմուրադյանի առաջին բեմելը Գունոյի «Ֆաուստ» օպերայում Ֆաուստի դերակատարումով։ Ներկայացումը Փարիզի մամուլի և երաժշտասեր հասարակության խնդրանքով հայ երգչի մասնակցությամբ կրկնվում է շուրջ մեկ ամիս։ Շահմուրադյանը միաբերան համարվում է այդ օրերի Ֆրանսիայի «ամենաթովիչ տենորը»: 1912-1913 թվականներին Փարիզի Մեծ Օպերայի երգիչ Արմենակ Շահմուրադյանը համերգներով հանդես է գալիս Կահիրեում, Թիֆլիսում, Կ. Պոլսում, Բաքվում և այլուր՝ երգացանկում ունենալով հայ ազգային ավանդական և ժողովրդական երգեր։
Շահմուրադյանին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել հայ գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցը: 1914 թվականին Շահմուրադյանը տեղափոխվում է ԱՄՆ, համերգներ ունենալով ամերիկյան մեծ քաղաքներում (Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո, Բոստոն, Դետրոյթ, Ֆրեզնո), նաև Եվրոպայում (Լոնդոն, Մանչեսթեր, Բրյուսել, Անտվերպեն, Ժնև, Ցյուրիխ) ու Ասիայում (Թեհրան, Բաղդադ, Կալկաթա)։
Աշխարհով մեկ թափառելուց հոգնած, արդեն խարխլված առողջությամբ, նյութապես խիստ անապահով Շահմուրադյանը 1930 թ-ին վերադառում է Եվրոպա, գալիս Փարիզ և ամենից առաջ շտապում հիվանդանոցում տառապող իր մեծ ուսուցչի՝ Կոմիտասի մոտ։ Հիվանդասենյակին, ուր Կոմիտասն էր պառկած, բժշկի խորհդով Շահմուրադյանը երգում է «Հայաստան, երկիր դրախտավայր» երգը, որի առաջին քառատողն իսկ մոգական ազդեցություն է ունենում Կոմիտասի վրա։ Նա ճանաչում է իր սիրելի աշակերտին, վեր է կենում անկողնուց, ձեռքերը տարածում գրկելու համար և բացականչում միակ բառը՝ Արմենա՜կս… Այդքանը միայն։ Կոմիտասն այլևս ո՛չ ճանաչում է, ո՛չ հիշում և ո՛չ էլ պատասխանում է Շահմուրադյանի հարցերին։ Գնում է լուսամուտի մոտ, դեմքը հպում է ապակուն և խռովածի տեսք ընդունում։
Շահմուրադյանը երկար ժամանակ չի կարողանում թողնել հիվանդասենյակը, 1939 թվականին մահանում է Փարիզում նույն հոգեբուժարանում:
Ունի մի քանի կատարումներ Կոմիտասի հետ։
«Ապրե՜ս, եթե աշխարհում կան երեք հազվագյուտ ձայներ, մեկը քոնն է»,- Արմենակ Շահմուրադյանին ասել է ֆրանսիացի երգչուհի Պոլինա Վիարդոն:
«Շահմուրատը, որ հայ հողի սերմն է, հայ ջրովը սնված ու հայ արևովը կիզված, ունի ընտիր, պայծառ և եռանդուն ձայն: Հայերուս համար որքա՛ն պարծենալիքներ պիտի առթնե տակավին նա, որ իր գործունեության գարնան շեմին վրա է կանգնած…»: — Կոմիտաս
«Եղել են ուրիշ հայ երգիչներ, բայց Շահմուրադյանի նմանը չի եղել: Եթե ինձ հարցնեք՝ նա փառավոր կյանք ապրեց: Կարևոր չէ, թե ինչպես և ինչու մահացավ, որովհետև քիչ մարդիկ են փառավոր մեռնում»: — Վիլյամ Սարոյան
Շահմուրադյանին անվանել են Տարոնի սոխակ: