«Տեր Հիսուս մեր անձի հոգին է» (Ողբ Երեմ. Դ 20). մեր Աստված իր Խոսքը հոգի և կյանք անվանեց, որի անձկագին փափագողներն եք այժմ դուք` սրբազան հայրերի ու հարազատների խմբեր, որ ձեր մեջ կրում եք Տիրոջ պատվիրանը, թե` «Խնդրեցեք, և կստանաք, փնտրեցեք, և կգտնեք, բախեցեք, և կբացվի ձեզ» (Մտթ. Է 7): Արդ, ժամն է, որ մենք ևս կատարենք հրամանը, թե` «Ով խնդրի քեզանից` տուր, ով կամենա փոխ առնել` մի՛ արգելիր»: Եվ երբ այդպիսի պահանջողներ լինեն և տրվելիքն էլ մեզնից չլինի, այլ` տերերից` չենք կարող տրվածով պարծենալ իբրև չտրվածով: Այդ պատճառով և այսօր ախորժելով և ձեր պատվական երեսի առջև կանգնելով պետք է ձեզ մատռվակեմ առաջին այգու նախասկզբնական արմատի կանխահաս ու պարարտ ողկույզներից, որ հայրատունկ է, ինչը ոչ ոք չի կարող աղարտել իբրև օտար մի բան, և որը կարոտ չէ մեկ այլ` իբրև թե լավագույն` բանի, որովհետև Քրիստոս ինքն այն խոսքն է, որ ասաց. «Ոչ ոք, երբ հինը խմի, նորը կուզենա, որովհետև կասի, թե հինը ավելի լավն է» ( Ղուկ. Ե 39): Այս պատճառով հավիտենական կյանքի մասին հարցնող օրինականին այնտեղ է հղում ասելով. «Օրենքում ի՞նչ է գրված, ինչպե՞ս ես կարդում» (Ղուկ. Ժ 26): Որովհետև այս ևս կենարար է, ըստ այն խոսքի, թե` «Այդ արա և կփրկվես» (Ղուկ. Ժ 28): Այս պատճառով կամենալով առավելագույնս շահել ձեր կյանքը, ձեր առջև դրեք այն, ինչ բաղձալի է բոլոր մտքերին և սոսկալի` բոլոր սրտերին, ինչը բարբառեցին Արարչի իմանալի շրթունքները և մեկ անգամ ու երիցս կրկնակի գրեցին բոցեղեն մատները քառասնօրյա պահքով ընծայված տասնաթիվ լուսաճաճանչ խոսքերը, որ ասաց նույն Ինքը ամենատեր առաջին Բարին` խոսելով հոդավոր ձայնով:
Ես եմ քո Տեր Աստվածը, Ինձնից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ, ձեռագործ կուռքեր մի՛ կերտիր, քեզ համար, Քո Տեր Աստծո անունը զուր տեղը մի՛ արտասանիր, հիշիր շաբաթ օրը,պատվիր քո հորն ու մորը, մի՛ սպանիր, մի՛ շնացիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ երդվիր, մի՛ ցանկացիր (Ելք Ի 2-17):
Նախ անհրաժեշտ է իմանալ, թե բազում հայցակետերից շատ ավելի մեծարգի և պատվական են այս խոսքերը քան աստվածային մատյանի շատ իմաստությունները. առաջինը նրանով, որ Մովսեսն է առաջին վկա մարգարեն, օրենսդիրն ու Աստծո բարեկամը, Նրա բովանդակ տան հավատարիմը և բոլոր մարդկանցից հեզությամբ գովելին, որի հետ Տերը երես առ երես և բերան ի բերան խոսեց և ոչ թե առակներով, որի շնորհիվ անվամբ աստվածացավ, բայց նաև` ճշմարտությամբ ու գործերով իսկ, որովհետև արարածները նրան հնազանդվեցին իբրև Աստծո, որով տանջեց Եգիպտոսը և բարձրացրեց Իսրայելը մեծամեծ հրաշքներով ու նշաններով: Եվ կրկնապատիկ պատկառելի են այս խոսքերը, որ Ելից գրքից են, ինչն իբրև Աստծո ամեն բարություն և երախտիքի զետեղարան շատ էր սիրում հին ժողովուրդը, որի համար եղան այդ բոլորը, որովհետև, ինչպես ասում են ասորիները, առաջինը Ելից գիրքը շարադրվեց Մովսեսի կողմից, որ ինքն իսկ տեսել էր և գիտեր, և ապա ասաց Աստծուն, թե` Ինչ տեսա` այն գրեցի, իսկ ինչ չեմ տեսել` արարչությունը ցույց տուր ինձ և կգրեմ այն: Տերը լսեց նրան և վերցրեց ամպի ծոցը, որով պարուրված Սինա լեռան վրա քառասուն օր` անմարմնապես և իմանալի կերպով նրա առջև ստեղծեց արարածներին, և հրամայեց շոշափելիորեն նկատել խորանում և ասաց. «Զգույշ եղիր և արա ամենը, համաձայն այն օրինակի, որ ցույց տրվեց քեզ լեռան վրա» (Ելից ԻԵ 39): Եվ դրանից հետո միայն գրեց Ծննդոց գիրքը և մյուսները: Ինչպես ասում է եբրայեցիների Ապոլիմոս իմաստասերը, երբ Իսրայելի որդիներն անցնում էին Կարմիր ծովի միջով, նրանց վրա եկավ շնորհների Հոգին, և նոր լեզու ստացան ու նրանով երգեցին «Օրհնենք»-ը` մոռանալով եգիպտացիների լեզուն, ինչպես աշտարակաշինության ժամանակ, որպեսզի իսպառ հեռու մնան եգիպտացիների սովորություններից: Եվ նույն շնորհներով իմաստնացած սուրբ Մովսեսը նախ գիրք գրեց համաձայն այն լեզվի, և այն գրերով գրվեցին տախտակների վրա, և Մովսեսը դրանցով գրեց իր հինգ գրքերը: Այս խոսքերի նախապատվությունը երեք պատճառ ունի. որովհետև բոլոր մասնավոր օրենսդրությունները, որ Մովսեսից ասվեցին և հաստատվեցին,գլխակարգություն և պատմություն են, և միայն սրանք դուրս եկան Աստծո կամքից և բերանից բերան որպես մովսիսական բոլոր [օրենքներին] կանխող, որի պատճառով և աստվածաբանություններ ու աստվածախոսություններ են: Խորհրդավոր տասն թիվը ունի այլ առավելություն ևս, որովհետև սուրբ և նվիրական է Աստծո համար, որ պատվիրեց Իրեն տալ բոլոր պարագաների տասանորդը: Բայց այն մեծարում են նաև թվաբանները` նրան մայր անվանելով զույգ, կենտ և զուգակենտ թվերի. զույգ [թվերից]` երկուսի, կենտ [թվերից]` երեքի և զուգակենտ [թվերից]` հինգի: Եվ դարձյալ այն ծնողն է հարյուրի, որ տասի տասնապատիկն է, նաև` հազարի, որ տասի հարյուրապատիկն է: Այս պատճառով իրավացիորեն կոչվեց տասն, որովհետև իր մեջ տանում (բովանդակում) է հոգևոր և մարմնավոր բազում խորհուրդներ, ինչպես մեզ համար Նիկիայի դավանության և տերունական աղոթքի խոսքերը: Նաև տասն են արարածները. յոթը շարժուն մոլորակները, մեկը` անշարժ, իններորդը` խոնարհ լուսինը և տասներորդը` Աստծո անարատ խոսքը, որ հաստատում և պահում է արարածներին: Նմանապես մեր մեջ հինգն են մարմնի զգայությունները սրանք են. միտք, զգայություն, երևակայություն, դատողություն, կարծիք: Միտքը հոգու տեսնող մասն է, զգայությունը մասնակի իմացությունն է` առանց պատճառի, երևակայությունը բազմիմացությունն է` առանց պատճառի, դատողությունը` Աստծո կողմից հայտնված պատճառավոր իմացությունն է, կարծիքը պատճառավոր ընդհանուր իմացություն է` մարդկանց տեղեկացված ուսման միջոցով:
Տասը մեծարում են նաև պյութագորականները, որովհետև ասում են, թե սա ծնունդ է չորսի, որ [քանակն է] աշխարհի նյութերի ու տարրերի, որոնց նմանամասն տարրերը մեզանում մաղասը, արյունը, սև և շեկ մաղձն են. չորս մասերը մեկը մյուսին ավելացրած, նաև` երկուսը, երեքը և չորսը ծնում են տասը թիվը: Ըստ որում նաև տասն են Արիստոտելի ասած ստորոգությունները, որոնցով իմացվում է ամեն ինչ` կերպերի միտքն ու իմաստությունը: Դրանք են. առաջին` գոյացությունը, որ ինչ-որ էություն է, երկրորդ` քանակը, որչափ է, երրորդ` որակը, որ գոյն է, չորրորդ` ինչպես որդու անունն է կից Հոր անվանը, հինգերորդ` ուր, որ վայր է, վեցերորդ` երբ, որ ժամանակ է, յոթներորդ` մնալ, որ նստել կամ ոտքի վրա մնալ է, ութերորդ` ունենալ` որ զենք կամ հանդերձ ունենալ է, իններորդ` կատարել, որ գործ կատարել, տնկել կամ շինել է, տասներորդ` կրել, որ չարչարվել կամ ծնվել է[1]: Արարվածների մեջ սրանցից դուրս ոչինչ չկա, ուրեմն, հիրավի, Արարիչը զորավոր և իմաստուն այս թիվը կիրառեց իր օրենսդրության համար: Տասը ունի նաև այլ բազում նախախնամություն, որի մասին գրում է Փիլոն իմաստասերը[2], որը սակայն բացթողեցինք` խնայելով ձեր ականջները և մեր լեզուն:
Այսուհետև ասելու է, թե Աստված օրենքները ինչու խոր անապատում տվեց և ոչ թե եգիպտացիների կամ քանանացիների քաղաքներում, որովհետև քաղաքները լի են Աստծո և մեկմեկու հանդեպ բազում չարիքով, անչափ աղտեղությամբ և անիրավությամբ, մանավանդ` այն ժամանակի Եգիպտոսում, ուր Տերը արժանի չհամարեց պատիվ անել նրանց` Իր [Խոսքը] հասցնել նրանց` Իրեն հայտնելով բոլորին, օրենքներ տալ, այլ նրանց (հրեաներին) դուրս բերեց այնտեղից և նրանց սրտից մաքրեց սովորության աղտը և հետո միայն քաղցր ըմպելիք առաքեց նրանց սրտի մեջ: Նրանց արժանի չէր տանել նաև քանանացիների երկիրը և օրենք դնել նրանց վրա, քանզի ոչ ոք չի պատրաստվում նավել. քանի դեռ նավը չի հանել նավահանգստից, դուրս չի բերել (բաց ծով) և չի բացել առագաստ ու պաշար հավաքել: Այլ քանի դեռ հոժար է և տանն է նստած, նախապատրաստությամբ խնամքով հոգ է տանում բոլորին: Նույնպես պարտ ու պատշաճ էր բարի կենցաղավարության խրատն ու կանոնական սահմանը սկզբից կարգել և դրանով պատրաստել ժողովրդին, որի վրա էր հրավիրված Աստծո անունը, և այնպես տալ նրան վիճակված (հոգևոր) կալվածքը: Եվ դարձյալ անհրաժեշտ էր բոլորի մտքի մեջ հաստատել, թե օրենքները մարդկային հնարներ և գյուտեր չեն, այլ ճշմարիտ Աստծո հանճարն ու իմաստությունն են: Եվ այս նրանով հավաստվեց, որ լինելով անապատ տեղում առանց կերակուր և անջուր ապառաժի մոտ` հանկարծակի, անհնար (թվացող տեղից) անակնկալ կերակուր գտնվեց. օդից` մանանա, վիմաժայռից` ջուր և հողմից բերված լորամարգի: (Սրանք եղան, որպեսզի) հավատան, թե նա, ում համար կարելի են այս բոլոր ընծաները և մարմնավորների պատճառ լինելը` պատշաճորեն նրանն են նաև ճշմարիտ կյանքի պատճառները` փրկական օրենքները:
Այսպես, Աստված սրբելով Սինա լեռը և այն դարձնելով Իր տեղն ու տաճարը` հրաման տվեց տարրերին` Իր համար արքունիք կառուցել մռայլ ու բոցախառն մառախուղով, որ պատեց լեռների շուրջը: Բարձրաբարբառ փողերի նմանությամբ որոտների ձայներ [լսվեցին], ժայռերը թավալվեցին, քարերը գահավիժեցին` ահ ու երկյուղ [պատճառելով] գազաններին և գազանաբարո մարդկանց: Եվ երկայնաձիգ ու լայնատարած լույսի սյունը իջավ բարձունքներից: Նրա գագաթը երկփեղկել էր երկնքի կամարը և վայր իջնելով բարբոքել լեռան գագաթը` համատարած ծանրացնելով ու թանձրացնելով ծուխը: Եվ նրա առջև ակնկալու [կեցվածքով] կանգնած էր ժողովուրդը, որ 3 օր իրեն զերծ էր պահել կանանց հետ հարաբերությունից, այլև [սպասում] խորհրդական ջրով լվացված, ցնցուղված մարմնով, ճերմակ հանդերձանքով ու ահով, երկյուղածությամբ ունկնդիր էր [ձայներին]: Եվ ահա մի ահավոր, սարսափազդու ձայն արձակվեց, որ ոչ անշունչ իրերի ճայթյունից և ոչ էլ շնչավոր կենդանիների [ձայնի] նման էր, այլ` Աստծո ձայնի, որն իր զարմանալի հոդաբաշխ, վայելուչ ձայնով ավելին էր քան բանական կենդանիները, քանզի ձայնը բոցի կերպարանք էր ստացել և իբրև հրեղեն գերան մեգը պատռելով ու հեռացնելով իջել էր լեռան ստորոտը:
Ասածներիս վրա է Գրքի խոսքը, որ ասում է «Ամբողջ ժողովուրդը տեսնում էր Աստծո ձայնը» (Ելք Ի 18): Եվ այս իրապես այսպես է. որովհետև Աստծո խոսքը լոկ բան ու բառ չէ, այլ` կատարյալ գործ, որի պատճառով մարդկանց խոսքին հատուկ է լսելի լինել ականջներին, իսկ Աստծո (խոսքին) տեսանելի` աչքերին, որոնք հավաստի ու ճշմարիտ են քան ականջների լսածը: Եվ այդ խոսքերը սրանք են, որ ասում է.
Ես եմ քո Տեր Աստվածը, Ես եմ ասելով իր ճշմարիտ գոյությունն է ցույց տալիս, որով Մովսեսի այն հարցին, թե` «Ի՞նչ է քո անունը», պատասխանել էր. «Ես եմ, որ Է» (Ելք Գ 13), որի մասին սուրբ Երեմիան ասում էր. «Դու ինքդ ես Տեր Տեր» (Երեմիա Թ 24) ` հայտնի դարձնելով, թե միայն Նա է ստուգապես գոյ և էություն, ու արարածները չկային և նրանք գոյացան: Իսկ Տեր-ը իշխանությունն ու դատ կատարելու զորությունն է ցույց տալիս, և Աստված-ը` արարչական և բորեգործական կարողությունը, որով մեզ այստեղ բերեց և հաստատեց ամեն ինչ: Նախ Տեր-ը հետո Աստված-ը դնելով ակնարկում է, թե նրանց Եգիպտոսից դուրս բերեց իբրև ծառա, որպեսզի վախենան նրանից, որոհետև գրված է, թե «Ծառան երկյուղում է իր Տիրոջից»: Եվ որպես բարերար Աստված նրանցից հաշվետվություն չպահանջեց սկզբի վարքի համար, որի պատճառով ասում է.
(շարունակելի)
Սրբազան ավանդություն. Աստվածաբանություն/ աշխատասիրությամբ` Հակոբ Քյոսեյանի