«Աղքատ եղբայրը թող պարծենա, երբ Աստված բարձրացնում է իրեն, իսկ հարուստը թող պարծենա, երբ Աստված խոնարհեցնում է իրեն» (Հակ. 1.9-10)։
Ամեն անգամ, երբ Սուրբ Գրքում խոսվում է աղքատների ու հարուստների մասին, աղքատները մշտապես ջատագովվում են, իսկ հարուստները՝ պարսավվում: Հակոբոս առաքյալն ինքն էլ իր հերթին նորադարձ քրիստոնյաներին ուղղված նամակում խիստ լեզվով է խոսում հարուստների մասին, իսկ աղքատների վերաբերյալ քաղցրալեզու է գտնվում:
Այսօրվա իմ ընտրած բնաբանը Հակոբոս առաքյալի այն խոսքերից մեկն է, որն առաջին հայացքից հարուստների հանդեպ բավականին անհաճո վերաբերմունքի մասին է վկայում: Նաև եթե նկատի ունենանք Ավետարանները, դրանցում ևս հարուստների նկատմամբ շատ կծու ակնարկություններ կգտնենք: Հիսուսի՝ Ավետարաններում տեղ գտած առակներում մշտապես տանուլ տված և զազրելի մարդու դեր է հատկացվում հարուստներին, մինչդեռ աղքատները շատ ավելի ազնիվ ու փառավոր դիրք են զբաղեցնում:
Ավետարաններում հանդիպում ենք չար հարուստի մասին առակի, բայց չար աղքատի մասին առակի ականջալուր չենք լինում: Հանդիպում ենք անմիտ հարուստի առակի, բայց չենք գտնում առակ անմիտ աղքատի վերաբերյալ:
Սրանից ավելի տարօրինակ մի բան էլ կա. Ավետարանները լայնորեն բացում են երկնքի դռներն աղքատների առջև, բայց միևնույն ժամանակ այդ նույն դռներն ասես շրխկացնում են հարուստների դեմքին. «Երանի՜ աղքատներիդ, որովհետև Աստծու արքայությունը ձերն է» (Ղուկ. 6.20), «Վա՜յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետև դուք ձեր մխիթարությունը ստացել եք» (Ղուկ. 6.24):
Հարկ է ասել, որ ներկայումս նման խիստ խոսքի ու ոճի ուժգնությունը նվազել է, և եթե այսօր մի քարոզիչ կամենար Հիսուսի ու առաքյալների գործածած բառերով ու ոճով խոսել, իրավունք ունեմ կարծելու, որ այդ քարոզիչը մեծապես կզիջեր իր դիրքերը, իսկ նրա ունկնդիրների թիվն էլ մեծապես կնվազեր այդ քարոզչի հասցեին հնչող դժգոհությունների տարափի ներքո:
Մեզ իսկապես զարմանք կպատճառեր Հիսուսի ու առաքյալների որդեգրած այս ակնհայտ դրական վերաբերմունքը՝ աղքատների, և խիստ ու դաժան կեցվածքը հարուստների հանդեպ, եթե չիմանայինք այդ ամենի պատճառը, որ ոչ այլ ինչ էր, եթե ոչ քրիստոնեության տարածման սկզբնական շրջանում աղքատների՝ Ավետարանի նկատմամբ ցուցաբերած համակիր խանդավառությունն ու հարուստների ատելավառ մոլեռանդությունը:
Գուցե ասեք, թե այդ դեպքում ինչպե՞ս ստացվեց, որ նորադարձ քրիստոնյա ժողովուրդներից կորնթացիները, բարեկեցիկ կյանքով ապրելով, ընդունեցին Ավետարանը, կամ այդ ինչպե՞ս էր, որ Պողոս առաքյալը կարողացավ Եկեղեցի հիմնել: Պետք է ասեմ, որ նույնիսկ Կորնթոսի Եկեղեցում հարուստ դասակարգի ներկայացուցիչները շա՜տ փոքր թիվ էին կազմում: Այդպես էր նաև այլուր, առհասարակ ամեն տեղ:
Այդ ժամանակաշրջանում հարուստները, որ սովորաբար հրեա էին կամ հեթանոս, հազվադեպ էին համակրանք դրսևորում Ավետարանի քարոզության հանդեպ: Նրանք Ավետարանի քարոզությունը շատ խիստ էին կարծում այն պատճառով, որ Ավետարանը պատգամում էր գթություն, անձնազոհություն և սրբություն:
Նմանատիպ քարոզությունը բոլորովին անհաճո էր հարուստների համար, քանի որ այդ վարդապետությունը դատապարտության էր ենթարկում նրանց բոլոր սովորությունները, զվարճանքներն ու մոլորությունները: Բացի այդ քրիստոնեության քարոզած նոր գաղափարներն էին անհանգստացնում նրանց՝ խախտելով ընդունված կարգն ու սարքը, որոնցից դժգոհելու առիթ հարուստները բնավ չունեին, քանի որ այդ վերոնշյալ կարգուկանոնի ներքո նրանք կարողացել էին ունեցվածքի տիրանալ և պահպանել իրենց սեփականությունը, հարստությունն ու ունեցածը:
Եվ ընդհակառակը, նույն պայմաններում ապրող աղքատները, որոնց թշվառությունը չափ ու սահման չուներ, Ավետարանի քարոզության մեջ անհուն մխիթարություն և անսպառ հույսեր էին գտնում, մի բան, որ նրանց համար չէր ապահովել ո՛չ հեթանոսությունը, և ո՛չ էլ հրեությունը:
Այդպես էր քրիստոնեության ոչ միայն ծագման, այլև հետագա դարերում: Եթե ուսումնասիրության առարկա դարձնենք քրիստոնեության տարածման նախնական շրջանում Հռոմի գետնախորշերում քրիստոնյաների գերեզմանաքարերի տակավին անաղարտ մնացած քանդակներն ու արձանագրությունները, պիտի տեսնենք, որ դրանցում քանդակված են արհեստավորների աշխատանքային գործիքները, իսկ արձանագրություններում նկատվում են ոճական և նույնիսկ ուղղագրական այնպիսի սխալներ, որոնք մեզ դրդում են այն համոզմունքին, որ քրիստոնեության հերոսական այդ ժամանակամիջոցում Եկեղեցին զուրկ էր «մարմնավոր» հարուստներից, զորավորներից և ազնվականներից:
Այսօր քրիստոնեության ու Եկեղեցու ծոցում իրողությունները խիստ տարբեր են, թերևս շա՜տ խիստ: Այժմ ընդհակառակը՝ հարուստ և բարեկեցիկ դասակարգն է ամենաջերմ նվիրումն ու համակրանքը ցուցաբերում եթե ոչ քրիստոնեությանը, ապա գոնե գեթ Եկեղեցուն:
Ես ճանաչում եմ մեծաշուք հարուստների, որոնք գուցե թերահավատ են, բայց քրիստոնեության նվիրյալ և հաստատամիտ կողմնակիցներն են, քանի որ քրիստոնեությունը համարում են հասարակության հիմքերն անխախտ պահելուն օժանդակող մեծագույն զորություններից մեկը:
Այդպիսի հարուստները Եկեղեցին ավելի շուտ դատարանի են նմանեցնում, իսկ հոգևորականներին էլ՝ ոստիկանների, որոնք պահպանում են բարոյական կյանքի վսեմ ընթացքը: Եվ ընդհակառակը՝ աղքատ ու ժողովրդական դասակարգերի ներկայացուցիչները դարձել են քրիստոնեության թշնամիները և հաճախ հայտնապես դրսևորում են իրենց թշնամանքը:
Այդ աղքատներն այժմ Եկեղեցին համարում են մի կառույց, որն արգելում է ազատագրումը և շղթայում ու կաշկանդում է իրենց: Աղքատների թշնամական այս տրամադրություններն այնքան են զորացել, որ ցավով արձանագրում ենք ներկայումս աղքատների՝ տաճարներ այցելության հոսքի նվազումը: Այսօր նրանք իրենց մշտապես հեռու են պահում եկեղեցիներից և նախընտրում են աղտեղի ու ապականված մթնոլորտում կազդուրել իրենց անձերը:
Իրավամբ կարող ենք ասել, որ եթե Հիսուսի ապրած ժամանակաշրջանում Ավետարանը ծանուցվեց աղքատներին, այսօր ավելի նպատակահարմար է այդ նույն Ավետարանը քարոզել հարուստներին. «Երանի՜ հարուստներիդ, որովհետև Աստծու արքայությունը ձերն է»:
Չկարծե՛ք, որ նմանատիպ մեկնաբանություններով ցանկանում եմ հաճոյանալ մեր հարուստներին: Բնա՛վ: Այս բացատրությունները տալիս եմ ճշմարտությանը հավատարիմ մնացած լինելու և Ավետարանի ա՛յն համարները լուսաբանելու համար, որոնք մարդուն մղում են խորհելու, որ աղքատներն անխուսափելիորեն փրկված են, իսկ հարուստները՝ կորսված:
Ինձ թվում է, որ եթե մի քարոզիչ ցանկանար խստորեն հավատարիմ մնալ Հիսուսի և առաքյալների ընտրած այս ուղղությանը, պիտի գովերգեր նաև աղքատ դասակարգերում ու ժողովրդական խավերում գոյություն ունեցող բուռն և քինախնդիր կրքերն ու ավերածու, անհանդուրժելի ապականությունները՝ մեծապես սխալվելով ճշմարտության ու արդարության վերարծարծման հարցում:
Անշուշտ պետք չէ դադարել հարուստների մեղքերը պախարակելուց, բայց ինչո՞ւ չտեսնել ու չխոստովանել Աստծու փառքը, որն այսօր Ավետարանի խորունկ ազդեցությամբ դրսևորվում է հարուստների կյանքում: Եվ եթե այսօր, ինչպես Հիսուսի ժամանակներում, կան եսասեր ու խիստ անողոք հարուստներ՝ ինքնահավանությամբ ու հպարտությամբ լեցուն, կան նաև այնպիսիք, որոնց սիրտը մարդկային տառապանքների հանդեպ համակրանքով է լի: Նրանք անձնվեր հոգածություն են ցուցաբերում դժբախտների ու զրկյալների նկատմամբ, իսկ բարեգործությունն այդպիսի հարուստների կյանքի մեծագույն բերկրանքն է:
Ա.
Հարկ է մեր բնաբանին վերաբերող մի քանի կետ առանձնացնել՝ ցույց տալու, որ առաքյալի այդ խոսքը մասնավորապես այն ժամանակաշրջանի մասին է, երբ գրվել է նամակը, բայց և այդ հորդորը պարունակում է մի սքանչելի ուսուցում, որը պատշաճում է բոլոր ժամանակներին:
Այս տողերի միջոցով առաքյալը բացատրում է, թե աղքատներն ու հարուստները ինչով պիտի պարծենան: Նախ աղքատների առնչությամբ ասում է. «Աղքատ եղբայրը թող պարծենա, երբ Աստված բարձրացնում է իրեն»: Այս խոսքն ուղղված է այնպիսի մարդկանց, որոնք ստորին դասակարգի ներկայացուցիչներ են համարվում: Հնում աղքատները ոչ միայն անտանելի դժվարություններ էին կրում, այլև ենթարկվում էին աննկարագրելի անարգանքների այնպես, որ իրենք իրենց աչքին էլ էին նվաստ երևում:
Հակոբոս առաքյալը կամենում է զգացնել տալ նրանց արժանիքը՝ աղքատներին հրավիրելով պարծենալու իրենց «բարձրությամբ»: Մարդուն ո՛չ նրա հագած զգեստն է զարդարում, ո՛չ բնակավայրը, որտեղ նա ապրում է, քանի որ այդ ամենն իրականում մարդուն չեն պատկանում: Այլ, մարդուն զարդարողը հոգին է:
Արդ կարող է գտնվել առյուծասիրտ մի հերոսի հոգի՝ ցնցոտիներ հագած ամենաաղքատ մարդու կրծքի տակ, ինչպես որ «արքայական ծիրանու տակ կարող է ստրուկի հոգի լինել» (Տակիտոս):
Ահա այդ պատճառով է, որ սրբազան մատենագիրը, իր խոսքերն ուղղելով աղքատիկ ու խոնարհ պայմաններում ապրողներին, կամենում է ասել հետևյալը. «Եթե դուք քրիստոնյաներ եք, եթե ընդունում եք հոգու կարևորագույն նշանակությունը, ինչպես նաև ձեզ ընծայված փրկության վսեմությունը, երկնային ժառանգության այն հարստությունը, որ միայն ձեզ է վերապահված, և վերջապես, եթե դուք Աստծու զավակներն ու Հիսուսի եղբայրներն եք, ուրեմն դադարե՛ք փոշիների մեջ քարշ գալուց և ձեզ մարդկության ամենավերջին թափթփուկը մի՛ կարծեք: Ոտքի՛ ելեք և քայլե՛ք գլուխներդ բարձր, քանի որ դուք վսեմ էակներ եք, ու չկա որևէ երկնային մեծություն, որ կարող է համեմատվել ձեր վսեմության հետ: «Աղքատ եղբայրը թող պարծենա իր վսեմությամբ»:
Հակոբոս առաքյալն իր այս խոսքերով ոչ միայն ուսուցանում է ճշմարտությունը, այլև ցնցում է մարդու հոգեկան աշխարհը, ինչն օգտակար կարող է լինել նրանց համար, ովքեր իրենց նվիրել են հոգևոր վեհացման ու ազնվացման գործին: Այդ խորհուրդը որչա՜փ առավել հանձնարարելի է այն մարդկանց, որոնք, մեր բնագրի բառերով ասած, կոչվում են «աղքատ եղբայրներ»:
Երբ հետաքրքրվում ենք աղքատների կյանքով, նրանց մեջ տկար ու հուսալքված այնպիսի թշվառականների ենք հանդիպում, որ շվարում ենք՝ չիմանալով ինչպես ոտքի կանգնեցնել ու փրկել նրանց, քանի որ այդ մարդկանց հոգում խորտակված ու ջախջախված է լինում բարոյական զսպանակը:
Առաջ ընթացող բանակներում միշտ էլ լինում են հետ ընկնող դժբախտ զինվորներ, որոնք ի վիճակի չեն կրելու իրենց զենքի ծանրությունը: Այդպիսիք շատ տկար են զգում իրենց, և մեծ դժվարությամբ առաջ շարժվելով, վերջիվերջո ընկճվում և ուժասպառ նստում են ճամփեզրին: Նրանք, ոտքի ելնելու քաջություն չունենալով, խցում են իրենց ականջները վերադասի հրամանների և նույնիսկ սպառնալիքների առջև:
Մարդկության հարատև առաջընթացի բովում ևս գտնվում են հետ ընկնող մարդիկ, որոնք անկարող են դառնում ընթանալու «պատերազմի» ճանապարհով: Վհատությունն ընկճում է նրանց, և նրանք հուսալքված կանգ են առնում կյանքի ճամփեզրին՝ անկարող անհրաժեշտ ճիգ գործադրելու ոտքի կանգնելու և քայլելու համար:
Չեմ կարծում, որ այդպիսի մարդկանց կարելի է բարոյական կորով ներշնչել՝ նրանց հարվածելով, մտրակելով ու անդադար նախատելով: Այդ թշվառ վիճակից նրանց դուրս բերելու համար անհրաժեշտ է այդ մարդկանց ի սրտե համոզել, որ նրանք իրենց կարծածի չափ թույլ և անկարող չեն, որ նրանց մեջ թաքնված են ուշիմության, իմաստության և քաջության ուժն ու գանձերը, որոնք մինչ այդ չեն օգտագործվել կյանքում:
Գուցե մինչև հիմա քարոզիչները փորձել են նրանց վեր պահելու, բարձրացնելու համար խոսել այնպիսի քարոզներ, որոնց բովանդակությունը կարելի է ամփոփել մեկ բառով՝ խոնարհվեցե՛ք: Իսկ այժմ փորձե՛ք Հակոբոս առաքյալի կիրառած մեթոդն ու ասե՛ք այդ հուսալքվածներին. «Պարծեցե՛ք»: Թո՛ղ աղքատ եղբայրը պարծենա իր վեհությամբ:
Բ.
«Պարծեցե՛ք». այս խոսքն առաքյալը ոչ միայն աղքատներին, այլև հարուստներին է ուղղում՝ վերջիններիս հիշեցնելով, որ ճշմարիտ փառքն արտաքին պերճանքների ու ամբոխի մեծաշռինդ ծափողջույնների մեջ չէ:
Սրբազան մատենագրի հաղորդած ճշմարտությունն անծանոթ չէր նաև հին ժամանակներում ապրած մարդկանց: Նույնիսկ այն դարում, երբ Հակոբոսը գրում էր իր առաքելական նամակը, Հռոմում ապրում էր Էպիկդետ իմաստասեր գերին, որի հեղինակած առածները բարոյական տեսանկյունից թերևս ամենագեղեցիկ ստեղծագործություններն են, որ հին օրերից հասել են մեզ:
Այս մարդն, իր խոսքն ուղղելով մի չար հարուստի, ասում է նրան. «Դու տանդ մեջ ոսկյա և արծաթյա թանկագին անոթներ ունես, բայց հոգիդ տիղմով է կերտված: Փոխանակ տունդ սքանչելի կահ-կարասիով զարդարելու՝ արդարությա՛մբ և բարությա՛մբ կահավորիր հոգիդ»:
Բայց Հակոբոս առաքյալի պատգամն իր խիզախ պերճությամբ գերազանցում է ստոյիկյան Էպիկդետի խոսքերին: Առաքյալը չի բավականանում՝ ասելով, որ հարուստը պետք է պարծենա հոգու առաքինություններով, այլ հայտարարում է, որ հարուստը պիտի պարծենա խոնարհությամբ:
Առաքյալն ասում է. «Հարուստը թո՛ղ պարծենա խոնարհությամբ»: Օ՜հ, դա այլևս ստոյիկյան վարդապետություն չէ, դա ավետարանակա՛ն վարդապետություն է: Այն օրից սկսած, ինչ նազովրեցի Մարգարեն հայտնվեց այս աշխարհում, «մեծության» մասին նախկին պատկերացումները հեղաշրջվեցին, և այդուհետ ճշմարիտ մեծությունն անբաժանելի դարձավ խոնարհությունից:
Մենք որքա՜ն ենք հիանում այն գեղեցկությամբ, գիտությամբ և առաքինությամբ, որոնց կրողները չեն հիշատակում իրենց արժանիքների մասին ու ասես մոռացության են մատնում իրենց այդ կենդանի շքեղությունը, խորունկ գիտությունը և ազնիվ առաքինությունը: Մարդկային ամեն մեծություն ինքնին անշքանում է, երբ մարդ սկսում է պարծենալ իր ունեցածով:
Սա ճշմարտապես պատշաճում է մասնավորապես այն մեծությանը, որը ներկայումս թերևս ամենագրավիչն ու ցանկալին է, այն է թե՝ հարստությանը: Հարստություն ունեցողը սովորաբար կանգնում է պերճության, շքեղության ու փառքի առկայծող շլացումների «վտանգի» առջև:
Այդ փորձություններին դիմագրավելու միակ պայմանը պարզությունն է, որի շնորհիվ մենք չենք անտեսում նրանց, ովքեր պատկանում են հասարակական այնպիսի դասակարգերի, որոնք առնվազն տարբեր են այն խավերից, որոնց ներկայացուցիչներն ենք մենք: Բացի այդ, պարզության շնորհիվ մենք զերծ ենք մնում նրանց հանդեպ սառը վերաբերմունք ցուցաբերելուց և, ընդհակառակը, մշտապես ժպտադեմ ու պատրաստակամ ենք՝ հոժարությամբ գործելու որևէ արարք, որը նրանց կազատեր դառն ու դժվարին կացությունից:
Ամեն մարդ էլ հարուստ է, և բնավ կարիք չկա պալատում ապրելու՝ այդ հարստության գիտակցումն ունենալու համար: Մարդ հարուստ և ունևոր է իր եղբայրների հետ ունեցած հարաբերություններով, երբ նա գիտե մոռանալ իր արտաքին վեհությունն ու առավելությունը, երբ իր հարստությունը կյանքի գերագույն արժեք չի համարում, այլ՝ առանձնաշնորհում, որի համար երախտագիտությամբ պարտական է զգում իրեն Արարչի առջև:
Ամեն ոք, ով մարդկանց խղճի և Աստծու դատաստանի առջև խոնարհեցնում է իր անձը, պիտի բարձրանա: «Հարուստը թո՛ղ պարծենա խոնարհությամբ»:
Ո՜վ հավատացյալներ, եկեք մշտապես մտաբերենք Աստծու Որդու խոնարհությունը և Նրանից ուսանենք այդ վսեմ առաքինությունը: Քրիստոս, որ վայելում էր երկնքի լուսեղեն փառքը, ծառայի կերպարանքով է ներկայանում ձեզ: Դուք սիրում եք մտովին հետևել Նրան Գալիլիայի ծովի զմայլելի եզերքներում՝ այն անհուն բազմության հետ, որ խանդավառությամբ գնում է Նրա հետևից:
Բայց արդյո՞ք փոխադրվում եք նաև Հիսուսի «աշխատավայր»: Մտե՛ք ու տեսե՛ք, որ Նա իբրև աշխատավոր մարդ ուրագի ուժգին հարվածներով փայտ է տաշում: Նայե՛ք Հիսուսի փոշոտ հագուստներին, թե որքա՜ն աղտոտ են դրանք, որքա՜ն են կոշտացել Նրա ձեռքերը, որքա՜ն է քրտնել Նրա ճակատը: «Ո՜վ հպարտ, արի՛ ու տե՛ս այդ տեսարանը» (Bossuet):
Այդ աշխատավոր մարդը, որին տեղացիները պարզապես «հյուսն» են կոչում (տե՛ս Մարկոս 6.3), ձեր Տերն է, ո՜վ ունկնդիրներ: Արդ հարցնում եմ ձեզ. դուք արժևորո՞ւմ եք Նրա քաղցր լուծն ու թեթև բեռը, ուզո՞ւմ եք հետևել Նրան ինչպես փառքի մեջ եղած ժամանակ, այդպես էլ դժվարության պահերին: Եթե այո, ուրեմն դուք ապահովել եք ձեր լուսեղեն ապագան:
Խոնարհությունն անհրաժեշտություն է բոլոր հավատացյալների համար: Եթե խոնարհություն չկա, չկա նաև շնորհ: Բայց խոնարհությունն ամենից առավել անհրաժեշտ է բարձր դիրք ունեցող մարդկանց, որոնք մշտապես ենթակա են ընկնելու աշխարհի ունայն փառքի և պսպղուն հարստության հետևից: Որքան բարձրանում ենք, այնքան պիտի ջանանք խոնարհ լինել, այնքան պիտի փորձենք վար իջեցնել մեր հայացքը:
Հետաքրքիր է, որ արծիվներն ու առհասարակ բոլոր այն թռչունները, որոնք լայն թևեր ունեն և հզոր թռիչքի են տիրապետում, դեպի երկինք սավառնելուց առաջ մի պահ գետնին շատ մոտ են թռչում՝ թևերով «բախվելով» հողին ու փոշուն: Դա է նաև բարոյական զարգացման, կարող ենք ասել նաև՝ փրկության նախապայմանը:
Արդարության ու ճշմարտության ճանապարհով վեր բարձրանալու, դեպի երկինք սլանալու համար անհրաժեշտ է, որ նախ խոնարհեցնենք մեր անձերը, վար իջնենք, և որքան մեծ ու զորավոր լինեն մեր թևերը, այդքան մեծ թափով պիտի շոշափենք գետնի փոշին:
Այս վարդապետությունը ոչ միայն քրիստոնեական ուսմունք, այլև ողջ քրիստոնեությունն իսկ է, ա՛յն քրիստոնեությունը, որը մշտապես հիացնում ու սքանչացնում է մեզ՝ վեր բարձրացնելով: Ուրեմն եկեք սովորենք ու ճանաչենք այդ քրիստոնեությունը և իբրև քրիստոնյա ապրելով, մեր անձերը հաղորդակցենք Նրա՛ հետ, Ով պարծանք համարեց մինչև խաչը խոնարհվել՝ մեզ փառքի գագաթնակետին բարձրացնելու համար:
Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Ե հատոր, Փարիզ, 1927 թ.
Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը