Մաս Բ
Ինձանից բացի թող քեզ այլ աստվածներ չլինեն. Որով կարծեք ասում է. դրանք չկային անցյալում. և արդ, չեն լինի նաև ապագայում, բայց քո անմտության հետևանքով, որի մասին գիտեր, թե հորթն ու երինջը (աստվածներ պետք է դարձներ) և աղաղակեր, թե` «Իսրայել, սրանք են քո աստվածները, որ քեզ հանեցին Եգիպտոսից» (Ելք ԼԲ 4,8): Եվ իրավացիորեն ասում է` այլ աստվածներ, որ ցույց է տալիս օտարը, խորթը և բազումը, որովհետև, ինչպես գրված է. «Այն աստվածները, որ չեն արարել երկինքն ու երկիրը, կորչելու են»: Բայց տարակուսելի է, թե ինչու՞ է կարծեք մեկի հետ խոսում, ասելով` «Ես եմ քո Տեր Աստվածը» և ոչ թե` ձեր, և «թող քեզ չլինեն» և ոչ թե ձեզ, նույնպես և ամբողջ խոսքը եզակի է դնում. «մի դարձրու Աստված», «մի՛ վերցրու անունը», «զգույշ եղիր», «մի՛ շնացիր» և այլն: Եվ լսողները հազարավորներ էին, բացի կանանցից, երեխաներից ու ծերերից, որոնք համրված չէին: Արդ, ինչպես տեղեկացան սրբերը, այս է խնդրի լուծումը. ինչպես մեկի հետ խոսելով` Տերը ցույց է տալիս թե մեկը, որ կատարում է օրենքները, թող որ աղքատ ու աննշան մեկն է, նա հավասար է ամբողջ ժողովրդին և կամ թե, համարձակելի ասել, բովանդակ աշխարհին, քանզի Պողոսը և ասում է. «Բովանդակ աշխարհը չարժե սրբերից մեկին» (Եբր ԺԱ 38): Դարձյալ եթե հոգնակի խոսեր` յուրաքանչյուր ոք քողարկելով կթաքցներ իր անձը` իրեն չվերագրելով խոսքը, այլ` բովանդակ բազմությանը: Բայց Աստված այն օրը սքանչելագործում էր յուրաքանչյուրի հանդեպ, ամեն մի անձի վրա տարածելով Իր խոսքը, որպեսզի յուրաքանչյուրին թվա, թե Աստված միայն իր հետ է խոսում: Եվ Տերն այս անում էր, որպեսզի թագավորներից, գոռոզներից կամ պատվավոր իշխաններից մեկը չարհամարհի և ոչ մի աղքատի` նրան թողնելով առանց խնամքի, որովհետև եթե բոլորիս ստեղծիչը արժանի համարեց յուրաքանչյուրին առանձին խնամք տանել, համաձայն լավի ու բարու երկիր խոնարհվել ու նրանց օրենքներ տալ, ապա ի՞նչ պատասխան պետք է տան հողեղեններն ու մահկանացուները, որոնք նույն տեսակից են, թեպետև չեն կարող բախտով պատասխան տալ, թե անտեսում են աղքատներից մեկին` հոգ չտանելով նրան օգուտի համար: Այս պատճառով էլ Աստված խոսում է յուրաքանչյուրին ասելով.
Ես եմ քո Տեր Աստվածը. Ինձանից բացի թող քեզ այլ աստվածներ չլինեն. Սա ցույց է տալիս այն, թե` ես եմ Աստվածը և` ովքեր բնությամբ Ինձանից են` Որդին և Հոգին. մեկը առաջ եկած ծննդյամբ և մյուսը բխումով, բնությամբ անբաժանելի, անժամանակ, անեղանակ, ամեն տեսակ գոյությունների հետ անհամեմատելի անձով մասնահատկորեն բաժանված և բովանդակ բնությամբ, զորությամբ և կամքով միավորված: Եվ այս պատմեց սուրբ Մովսեսը Երկրորդ օրենքում` ասելով. «Լսիր, Իսրայել քո Տեր Աստվածը մեկ է» (Բ օր. Զ 4), որ հասկացավ Հերմես[3] փիլիսոփան և հրեից այդ խոսքերի զորությունը տեղեկացրեց Պտղոմեոս թագավորին[4]: Երբ կարդում էի Աստվածաշունչ գրքի Յոթանասնից թարգմանությունը` ստուգելով թարգմանիչների (թարգմանության) միաբանությունը` հասնելով այս տեղին` Հերմեսը դադարեցրեց կարդալը և ասաց. Իմացեք, հրեաներ, որ ձեր Աստվածը եռանձնյա է և մեկ բնությամբ ու զորությամբ, որովհետև ասվում է «Տեր Աստված» և դարձյալ` «Տեր» ու վրա է բերվում, թե` «Մեկ է»: Եվ «Մեկ» ասելով` զերծ է պահում բազմաստված մոլորությունից, որի պատճառով հարկ է, որ մի պետություն, մի իշխանություն, մի արարչություն և մի նախախնամություն լինի, որպեսզի հաստատուն մնան արարածները, իսկ բազմիշխանությունը լուծում և ապականում է ինչպես և անիշխանությունը, որովհետև հավասարապես ավերվում և քանդվում է թե՛ անթագավոր և թե՛ բազմաթագավոր աշխարհը: Բայց ինչպես անապատի միտք իմաստուն Եվագրիոսն[5] է վկայում. մեկ ու միակ, պարզ բնություն է Աստված, իսկ արարածներս կցկցումներով ու բազմությունից ենք (կազմված), և՛ լավը, և՛ բարին, և ազնիվը մեկ է և անլուծելի, և այն ամենը, որ մոտ է մեկին ու մերձ` պարզին` հաղորդակից է բարուն ու լավին, իսկ բազմաթիվ լինելը տրոհելի և անլուծելի է: Բայց արարածները ևս կարող են մնալ անմահության մեջ, ինչպես հրեշտակները, հոգիները և մարմնավոր արդարներից քչերը, ինչպես Ենովքը և Եղիան: Եվ հարության ժամին շատերը ապականացու մարմնով փոխվում են դեպ անապական կյանք: Այդ զորությունը հրաշագործ Աստծունն է, որ երբեք չի նվազում, և ում կամենում ու պատշաճ համարում (տալիս է): Սրանից հետո, երկրորդ կարգում դնում է մյուս խոսքը, որ ասում է.
Քեզ մի՛ արա ձեռագործ կուռքեր որևէ բանի նմանությամբ, որ վերևում երկնքում է և ներքևում Երկրում.
Կուռքեր անվանում ձուլածոները, կռածոները և ամեն տեսակ կոփածոները, որ ոսկուց, արծաթից, քարերից, փայտից և կավից պատրաստեցին դևերի խաբեությունից խավարած մտքով հեթանոսները տարբեր ու զանազան պատճառներով, որովհետև Արարիչ Աստծուց և դրախտից հեռացած մարդկային բնությունը` անառակ կյանքով ամեն տեսակ մեղքի մեջ անխտիր կերպով շաղախված, զրկվեց հոգևոր գանձերից և աստվածային բարուց: Եվ այս պատճառով փղձկալով տագնապում և փափագում էր գտնել դեպ առաջին բարին (տանող) ճանապարհը: Իսկ ճշմարտության թշնամին առաջ անցնելով նրանց իբրև կույրերի առաջնորդելով աջուահյակ` ցած գլորեց, որովհետև ետ նայելով դեպ վեր երկինք և դեպ ներքև երկիր, ուր ինչ գեղեցիկ ու պիտանի էր թվում` նրանց համոզում էր այն իբրև աստված պաշտել: Այդ պատճառով պաշտամունքի առարկա դարձրին արարածներին. ոմանք պաշտեցին Արեգակին և Վահագն հորջորջեցին, ուրիշներ` Լուսնին և Արտեմիս կոչեցին, կեսը` երկնքի երկու կիսագնդերը, և Զրվանի զավականեր անվանեցին, մյուսները` ամբողջ երկինքը, և Կռոնոս անվանեցին, ոմանք` աստղաբույլերը` և Զրվանի որդիներ կոչեցին, ոմանք` օդը և Ադոնիս անվանեցին, ոմանք` երկիրը, և Դեմետր կոչեցին, ոմանք` ջուրը, և Պոսեյդոն անվանեցին, ուրիշներ` կրակը, և Հեփեստոս անվանեցին, ոմանք մոլորական և անմոլար աստղերը, և զանազան անուններ դրեցին: Դեռ ավելին, սրանով չբավարարվեցին և նրանց ձեռագործ կերպարանքը ստեղծեցին ու նրանց երկրպագեցին: Հենց այս է, որից զգուշացրեց` չնայել վեր դեպ երկինք և ձեռագործ աստվածներ հաստատել, և դեպ ներքև երկիր, որովհետև ասում է. «Չնայես և նմանություն չստեղծես», որի մասին ասացինք, թե դա երկիրը, ջուրը, կրակը և օդն է: Իսկ առավել կուրամիտները, որ ավելի չար էին, գազաններ ու սողուններ` նույնիսկ աքիս և մուկ պաշտեցին, ինչպես պարսիկները` կրակ և ջուր, բաբելացիները` վիշապ և օձ, և եգիպտացիները` այծ և ոչխար, եթովպացիները` կատու և կոկորդիլոս: Իսկ ովքեր չափազանց ախտավոր էին, ախտերն ու ցանկությունները աստվածացրին և ուրիշներ` այլ կրքերը, և ստեղծեցին նրանց պատկերները և երկրպագեցին: Ուրիշներ դարձյալ իրենց սիրելիների պատկերները ստեղծեցին, և ժամանակ անց տգետներից շատերի համար այն աստված համարվեց և պաշտվեց, ինչպես ասում է Սողոմոնը, թե` Տարաժամ սգով վշտացած հայրը ստեղծում է վաղամեռիկ որդու պատկերը, և ամեն օր գնում է ողջունելու նրան, և այս սովորությունը խաբեց այլոց ու պաշտամունք դարձավ (տե՛ս Իմաստ. ԺԴ 15)[6]: Ամենիմաստ Աստված ընտրյալ ազգին զերծ է պահում այս ամենից, որովհետև դրանք մահաբեր, վնասակար ու կործանարար էին հոգիների համար: Որի պատճառով ասում է.
Քեզ համար մի՛ պատրաստիր ձեռագործ կուռքեր. կարծեք ասում է, թե քո ձեռքով քեզ մահ մի պատճառիր, որովհետև կուռքերը մեռած են, և նրանց նման կլինեն նրանք, ովքեր ստեղծեցին նրանց, և ոչ թե` Ամենակալի, որ ինքնաբավ լինելով, կարիք չունի պատիվ (ստանալ) մարդկանցից: Եվ երրորդ պատվիրանն ասում է.
Քո Տեր Աստծո անունը իզուր մի տուր. Ամենապատշաճ ձևով կարգորոշում է Աստծո գոյությունը` հայտնի դարձնելով նաև անունը, որովհետև ամեն առարկայի նախ էությունն է (տրվում) և հետո` անունը, և թեպետ (Աստծո) իսկական բնության անունը անպարփակելի և անհայտ է մեզ, բայց «Աստված»-ը և «Տեր»-ը բարեգործական, պատժողական զորությունն է ցույց տալիս, որ վայել չէ իզուր արտասանել, որովհետև կատարյալ մարդուն այն է պատշաճ, որ ամենևին չերդվի, ինչպես Քրիստոս ավանդեց Ավետարանի կատարյալ աշակերտներին (տե՛ս Մտթ. Ե 34), որ սովոր էին կուռքերի անունով սուտ երդվել, հրամայեց արդարությամբ երդվել Իր անունով, որպեսզի ամեն տեսակ հնարքով զերծ մնան կուռքերին հիշելուց և սրտով ու շուրթերով և ամենայն ինչով կապվեն ճշմարիտ Աստծո անվանը: Եվ երդման տեսակները երեքն են. կա, որ վկայական է կոչվում, երբ ասում են` «Աստված վկա», ինչը հույժ սոսկալի և ահալի է` սուտ բաների համար վկայակոչել Աստծո թանկագին անունը, ինչպես եթե մեկը երկրավոր թագավորի և իշխանի անունը վկայակոչի` նրա (արարքը) աններելի է ու նա մահապատժի արժանի կլինի: Եվ երկրորդը ուրացական է կոչվում, երբ ասում են` «Աստծուն ուրանամ թե այսպես չէ», այս մեծ անօրինություն է, եթե նույնիսկ ճշմարիտ բաների համար ասվի: Երրորդը խոստովանական է կոչվում, երբ ասում են. «Այն ճշմարիտ Աստվածը», «Աստծո փառքը», «Խաչի զորությունը», «Այս Ավետարանն ու Խաչը». սա հարկ է քննել. (նայած) թե խնդիրը որքան է մեծ ու վերաբերում է արյան փրկությանն ու եկեղեցու բարությանը: Եթե նման հանգամանքներ կան, և երդվողը իրավացի է ու սրտով, լեզվով, ձեռքով սուրբ է, և տեղն էլ` մաքուր ու լսողներն էլ` արժանավոր են, և (երդվողները) հարկից դրդված են գալիս խոստովանական երդման` այս ներելի է: Բայց կան ոմանք, որ ունայն բաների համար, անմաքուր վայրերում անսուրբ հոգով փուչ տեղը հիշում են Աստծո ահագին անունը: Այսպիսիները եթե չսթափվեն և չզղջան` աններելի պատուհաս կկրեն դատարկաբաններից ավելի, որոնց համար Քրիստոս ասաց, թե հաշիվ են տալու դատաստանի օրը: Դարձյալ վայել չէ Աստծո անունը տալ զգայական կենդանիներին և անշունչ նյութերին, ինչպես մոլորյալ, անմիտ հեթանոսները տեր և աստված էին դավանում սնոտի, ոչինչ և անզոր բաները, ինչպես Եսային է ասում. «Երկրպագեցին նրանց որ իրենց մատները ստեղծեցին» (Եսայի Բ 8), որոնց համար իրավացիորեն ասվում է, թե` «այնպիսիները չեն սրբվի մեղքերից և Տերը նրանց սուրբ չի դարձնի», այսինքն` նրանց, իբրև ողորմությանն անտեղյակ (ադամորդիներ), չի փրկի, այլ իբրև ճշմարտության թշնամիներ կպատժի նրանց և կամ ինչպես այժմ մարդապաշտներն են ասում ապականված ու մեղսասեր մարդկանց` (նրանց անվանելով) Աստված, Տեր և Քրիստոս, թե՛ «Այ, դու, իմ Աստված», ինչը նամանապես մեծ անօրենություն է:
(շարունակելի)
Սրբազան ավանդություն. Աստվածաբանություն/ աշխատասիրությամբ` Հակոբ Քյոսեյանի