Գրիգոր Մագիստրոս Պահլավունի (հայտնի է նաև որպես՝ Գրիգոր Մագիստրոս Բջնեցի (մոտ 990-1058)), գիտնական, փիլիսոփա, բանաստեղծ, քաղաքական և ռազմական գործիչ։ Սպարապետ Վասակ Պահլավունու որդին է։
Կենսագրություն
Սկզբնական կրթությունը ստացել է Անիի դպրոցում, այնուհետև ուսանել է Կ. Պոլսում։ Հորեղբոր՝ սպարապետ Վահրամ Պահլավունու հետ պայքարել է ներքին և արտաքին թշնամիների դեմ, նպաստել Բագրատունիների գահի ամրապնդմանը։ 1045 թ.-ին Կ. Պոլսում Կոստանդին IX Մոնոմախոսի կայսրի կողմից Գագիկ Բ-ի ձերբակալումից հետո, իր տիրույթները հանձնում է Բյուզանդիային՝ փոխարենը կալվածքներ ստանալով Հարավային Հայաստանում ու Միջագետքում։ Բյուզանդական կայսրը նրան շնորհում է մագիստրոսի տիտղոս, 1048 թ.-ին նշանակում Հարավային Հայաստանի և Միջագետքի կուսակալ։ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու գլխավորությամբ բյուզանդական բանակը ջախջախում է թոնդրակեցիների շարժումը։ Ի տարբերություն նախորդ աղանդահալած իշխանների և կաթողիկոսների, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, թույլ չի տալիս, որ զինվորները խոշտանգեն աղանդավորներին, սպանեն կամ աղվեսադրոշմով խարանեն նրանց։ Լինելով բարձրաստիճան բյուզանդական պաշտոնյա՝ շարունակել է սերտ կապեր պահպանել հայ իրականության հետ, նշանակալից դեր խաղացել Հայաստանի կյանքում։
Գրիգոր Մագիստրոս Պահլավունին եղել է ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկը, զգալի հետք թողել միջնադարյան հայ մշակույթի պատմության մեջ, նպաստել գիտության և գրականության զարգացմանը։ Հիմնել է դպրոց-ճեմարան, դասավանդել ճարտասանություն, փիլիսոփայություն, քերականություն, մաթեմատիկա և այլն։ Նրա նախաձեռնությամբ կառուցվել է Բջնիի Սբ. Աստվածածին վանքը, Կեչառիսի վանքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցին և այլ կոթողներ։
Մեզ են հասել Գրիգոր Մագիստրոս Պահլավունու նամակները («Թղթեր», հրատարակվել են 1910)։ Գրել է նաև «Մեկնութիւն քերականին» քերականագիտական երկը (առաջին նգամ հրատարակվել է Լ. Խաչերյանի «Գրիգոր Պահլավունի Մագիստրոս (985-1058 թթ.). Կյանքն ու գործունեությունը» գրքում, 1987), չափածո ստեղծագործություններ («Տաղասացութիւնք», 1868), որոնցից ամենանշանավորը «Առ Մանուչե» («Հազարտողեան») պոեմն է՝ Աստվածաշնչի համառոտ հանգավորված վերապատումը։ 1016 տողանոց պոեմի վերջին 116 տողը նվիրված են Հայոց եկեղեցու պատմությանը՝ Գրիգոր Ա Լուսավորչից մինչև հայերեն գրերի գյուտը։ Իր նամակներում նշում է, որ թարգմանել կամ ծրագրել է թարգմանել հույն և ասորի հեղինակների երկեր, որոնցից պահպանվել է միայն Էվկլիդեսի «Սկզբունքների» մի հատվածի թարգմանությունը։ Ունեցել է հետաքրքրասիրությունների լայն շրջանակ՝ հին հունական և հայկական դիցաբանություն, փիլիսոփայություն ու աստվածաբանություն, ճշգրիտ գիտություններ, պատմություն, գրականություն, արվեստ։
Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, զարգացնելով Դավիթ Անհաղթի նորպլատոնականությունը, հակվել է դեպի ռացիոնալիզմը և բնափիլիսոփայությունը։ Կարևորել է բնագիտությունն ու մաթեմատիկան, պետք է նախապատրաստեն մարդկային միտքը «բնությունից վեր գտնվող» գերագույն գոյի՝ Աստծո ճանաչման համար։ Ընդունել է Աստծո գոյության տիեզերաբանական ապացույցը, համաձայն որի՝ բնության՝ որպես Աստծո ստեղծագործության ճանաչումով կարելի է ըմբռնել նրա Արարչի էությունը։
Գրիգոր Մագիստրոս Պահլավունու գործերում ուշագրավ մտքեր կան կենսաբանության, բժշկագիտության, տիեզերագիտության, երաժշտության տեսության, գեղագիտության և այլնի վերաբերյալ։ Հայտնի է նաև որպես շարականագիր և տաղասաց։
Աշխատություններ
Գրիգոր Մագիստրոս, Թղթեր, Ալեքսանդրապոլ, 1910 (Հայ մատենագրութեան թուանշային գրադարան)։
«Գրիգոր Մագիստրոսի Թուղթ եւ չափաբերականք»,- Մատենագիրք հայոց, ԺԶ հատոր, ԺԱ դար, Եր., 2012։
«Գրիգոր Մագիստրոսի Մեկնութիւն քերականին»,- Մատենագիրք հայոց, ԺԶ հատոր, ԺԱ դար, Եր., 2012, էջ 384-471։
Տաղասացութիւնք Գրիգորի Մագիստրոսի Պահլաւունւոյ, Վենետիկ, 1868։