Առաջին հանդիպումները միշտ անմոռաց են լինում, և ես այդ օրը հիշում եմ համարյա մանրամասնորեն:
1947թվական: Աշուն:
Մտնում եմ գրողների տուն, որ այն ժամանակ Մարքսի փողոցի վրա էր, երկհարկանի, սևաքար մի շենքում:
Փողոցին նայող լուսամուտի դեմ մեն- մենակ կանգնած է միջին տարիքի, դարչնագույն կոստյումով մի մարդ և ձեռքերը կրծքին խաչած, նայում է դուրս:
Կիսադեմքն եմ տեսնում: Հայկական, խիստ հայկական դիմագծեր, կեռ քիթ, տխուր, կայծկլտուն հայացք, գլխին՝ անհետացող գանգուրների հետքեր:
Ծանոթ է թվում, շատ ծանոթ, ո՞վ է, որտե՞ղ եմ տեսել… Չարչարում եմ միտքս, ու ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել…
Ու հանկարծ ասես պայծառություն է իջնում վրաս՝ «Մրգահասը», Սարյանի արած դիմանկարը…
— Մահարին է…
Լսել էի, որ վերադարձել է, բայց լսել էի նաև, որ քաղաքում չի բնակվում:
Մահարին է, այո՛. ասում եմ ինքս ինքս ինձ ու նստելով մոտակա աթոռին սկսում եմ «մուշտարու աչքով» զննել նրան:
Նկատում է, մոտենում:
— Այ տղա, բանաստե՞ղծ ես…
Թեթևակի գլխով եմ անում:
— Տեսա՞ր, ոնց իմացա…
— Ես էլ իմացա՝ դուք Գուրգեն Մահարին եք:
— Մալադե՛ց…
Ես սկսում եմ արտասանել.
Սիրած ոսկե աղջիկ, դեղին հասկե աղջիկ,
Աղջիկ իմ ջինջ աչքով,
Իզու՜ր դու տարվեցիր անձրևների կանչից,
Իզու՜ր հեռացար դու…
— Յա՞… իսկ ես կարծում էի ինձ մոռացել են, — ու ժպտում է, ու տխուր է ժպիտը… Ես սկսում եմ այլ բանաստեղծություններ արտասանել.
Գալիս եմ սիրտս ծախեմ մի բաժակ գարեջրով,
Մտնեմ քո լոթի թաղը մի բաժակ գարեջրով…
— Այ տղա, դա շատ հին բանաստեղծություն է, էդ որտեղի՞ց գիտես…
— «Տիտանիկ» — ը ունեմ: Այն էլ ձեր մակագրությամբ՝
նվիրված Սարմենին… Չգիտեմ, ինչ-ինչ ճանապարհներով էր ընկել մեր հարևանի տուն, այնտեղից էլ թռցրի…
— Մալադե՛ց… Այ, տղա, այդ բանաստեղծությունը ժամանակին արյունս շատ պղտորեց, գրեցին՝ եթե մի բաժակ գարեջրով սիրտն է ծախում, ապա ամեն ինչ էլ կարող է ծախել… Իսկ դու նստել ու անգիր ես արել:
— Հատուկ չեմ նստել անգիր անելու, անգիր արվել է…
— Այդպես, այդպես… Դուրս չգա՞նք…
— Գանք, Գուրգեն խան…
— Հալլա- հալլա, այ տղա, էդ — «խանն» -ն էլ գիտես…
Երևում է շատ բան գիտես…
— Չէ, շատ բան չգիտեմ, բայց այդ մեկն էլ գիտեմ…
Դուրս ենք գալիս:
Աշնանային տաք պայծառ կեսօր է:
— Շուկա չգնա՞նք, — հարցնում է նա:
— Գնանք:
— Շատ եմ սիրում շուկան, մանավանդ աշնան շուկան: Ի՜նչ գույներ են:
Ու դիմում ենք դեպի, , Կոլխոզ շուկա, , որ այդ ժամանակ գրողների տնից հեռու չէր:
Ճանապարհին հարցնում է.- է, «Մանկությունն ու պատանեկությունն» էլ կարդացե՞լ ես…
— Կարդացել եմ, դեռ պատերազմից առաջ, Էմինը տվեց…
— Էդ գործն էլ ժամանակին արյունս պղտորեց, էլ անցյալի իդեալականացում, էլ մանր բուրժուական:
— Գիտեմ:
Էլ ինչու՞ մանր, կույրե՞ր եք միթե,
Ես խոշոր-խոշոր բուրժուական եմ…
— Հալլա-հալլա, այ տղա, ինչպես երևում է դու իմ ամբողջ արխիվին ծանոթ ես:
— Ամբողջովին չէ, բայց Չարենցի մասին գրած ձեր հուշերն էլ եմ կարդացել:
— Да: Չարենցը…
Այ տղա, գիտես, արտաքինով Չարենցին նման ես, — մի քիչ հեռանում ու ինձ է չափում ոտից գլուխ, — նա էլ էդպես վտիտ էր, կարճահասակ, մեծ քթով, բայց նրա մի ուսը վար էր, մյուսը՝ վեր, քոնը՝ չէ:
Ու ժպտում է, ու տխուր է ժպիտը…
— «Նա ժպատլով էլ մեռավ»։
Վահագն Դավթյանի Գուրգեն Մահարու մասին հուշագրությունից
Մահարու հետ
Աշնան շեկ շուկան ողկույզ է ու նուռ,
Գինին եռում է, մեղուն՝ խենթանում…
Իսկ երգն աշուղի տառապանք է կույր.
— Ա՜խ, Մագադան են, մայրիկ ինձ տանում…
Օրը բուրում է որպես խունկ ու դեղձ,
ԵՎ թափառում են շուկայում այդ հին
Մի սիրահարված, անտիպ բանաստեղծ
Ու սիբիրական Գուրգեն Մահարին:
Դեռ պսպղում են նրա աչքերում
Ագահ մի կարոտ ու ագահ մի քաղց,
Տառապում է մի վիրավոր ներում,
ՈՒրախ մի թախիծ ու տխուր մի կայծ:
Հետո՝ գինետուն, մորմոք է ու մուր,
Թառը լալիս է, դափը խենթանում…
Դրսում երգում է դեռ աշուղն այն կույր.
— Ա՜խ Մագադան են, մայրիկ ինձ տանում…
Շուրթիս Մահարուց տողեր են գալիս.
«Արծաթ դույլի մեջ աստղերն են խաղում» …
Մեր երակներում գինին է լալիս,
«Լուսի՛նն է մեռել կապույտ դագաղում» …
Կապույտ գիշեր է: Մամռոտ Գետառից
Գորտերն են երգում միևնույն հանգով,
Բարդին աղոթք է, ուռենին՝ թախիծ,
Օծված աստղերի լուռ հեկեկանքով…
ՈՒ թափառում ենք, ցողն է մեզ թրջում,
Թափառում անվերջ… ԵՎ գիտենք, սակայն,
Որ մեր հետքերով անհայտն է շրջում,
ԵՎ քմծիծաղում մի սև ուրվական:
Շրջում է, ձեռքին գերանդին իր կեռ,
ԵՎ սպասելով աստղերի հունձին,
Ասում է. «Հիշեք, այն բակում, այնտեղ
Այս գերանդիով եմ հնձել Բակունցին» …
Գունատ եթերը մաղում ցուրտ ցողեր,
Ու ցողերի հետ սարսափ է մաղում:
Իսկ տողն իմ շուրթին մի բառ է փոխել.
— Աստվա՛ծ է մեռել կապույտ դագաղում..
Վահագն ԴԱՎԹՅԱՆ 1947թվ.