Առակներ 20.6-22
6 Մեծանուն եւ պատուական է գթասիրտ մարդը, բայց դժուար է գտնել հաւատարիմ մարդ: 7 Ով անարատ է քայլում արդարութեան ճամփով, նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի: 8 Երբ արդար մի թագաւոր նստի գահին, ոչ մի չարագործ չի վրիպի նրա աչքից: 9 Ո՞վ կարող է պարծենալ, թէ ինքը սուրբ սիրտ ունի, կամ ո՞վ կհամարձակուի ասել, թէ ինքը զերծ է մեղքերից: 10 Թէ՛ մեծ, թէ՛ փոքր ծուռ կշեռքը եւ թէ՛ երկակի չափը՝ երկուսն էլ պիղծ են Տիրոջ առջեւ. պիտի խափանուեն թէ՛ դրանք եւ թէ՛ դրանք գործադրողները. այդպէս էլ պիտի խափանուի իր կեանքի մէջ նոյն կերպ վարուող մարդը: 11 Ուղիղ են այն երիտասարդի ճամփաները, որ մաքրութեամբ է ընթանում: 12 Ականջը լսում է, աչքը՝ տեսնում. եւ երկուսն էլ Տէրն է ստեղծել: 13 Մի՛ սիրիր չարախօսել, որպէսզի չզրկուես կեանքից. աչքերդ բա՛ց արա եւ կշտացի՛ր հացով: 14 «Վատ է, վատ է»,– ասում է գնորդը, իսկ հեռանալիս պարծենում է իր գնումով: 15 Կայ ոսկի էլ, հանդերի հարստութիւն էլ, բայց գիտուն շուրթերն են թանկարժէք անօթ: 16 Հանի՛ր ու վերցրո՛ւ նրա հանդերձանքը, քանզի նա երաշխաւոր եղաւ մի օտարականի եւ հիւրընկալեց նրան: 17 Խաբէութեան հացը քաղցր է թւում մարդու, բայց յետոյ նրա բերանը պիտի լցուի խիճով: 18 Դիտաւորութիւնը հաստատւում է մտքի խորհուրդներով. պատերազմը մղւում է խելամտութեամբ: 19 Գաղտնիք յայտնողը նենգամտութեամբ է վարւում. մի՛ հաղորդակցիր շողոքորթ լեզու ունեցողի հետ: 20 Ով հայհոյում է իր հօրն ու մօրը, նրա լոյսը պիտի հանգի. նրա աչքերի բիբերը պիտի զգան խաւարը: 21 Այն ժառանգութիւնը, որ սկզբից շուտ է ձեռք բերուել, վերջաւորութեան չի կարող օրհնուած լինել: 22 Մի՛ ասայ, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութի՛ւն ունեցիր Տիրոջ հանդէպ, որ նա օգնական լինի քեզ:
Բարուք 4.21-24
21 Քաջալերուեցէ՛ք, ո՛վ զաւակներ, ձա՛յն տուէք Աստծուն, եւ նա ձեզ կազատի թշնամիների բռնութիւնից, նրանց ձեռքից: 22 Ձեր փրկութեան համար ես յոյսս դրեցի յաւիտենական Տիրոջ վրայ եւ Սրբից ուրախ լուր առայ այն ողորմութեան մասին, որ շուտով ձեզ է գալու ձեր յաւիտենական Փրկչից: 23 Ձեզ ճանապարհ դրեցի սգով ու լացով, սակայն Աստուած յաւիտենապէս ձեզ ինձ է տալու ցնծութեամբ եւ ուրախութեամբ: 24 Ինչպէս այժմ Սիոնի պանդուխտները տեսան ձեր գերութիւնը, այնպէս էլ ընդհուպ պիտի տեսնեն Աստծոյ կողմից ձեր փրկութիւնը, որ ձեզ է հասնելու յաւիտենական Տիրոջ մեծափառութեամբ ու լոյսով:
Բ Կորնթացիներ 4.1-11
1 Քանի որ ունենք այս պաշտօնը Աստծոյ ողորմութեամբ, չենք տկարանում. 2 այլ հրաժարուեցինք ամօթալի խորհուրդներից, որպէսզի խորամանկութեամբ չընթանանք եւ Աստծոյ խօսքը չնենգափոխենք, այլ ճշմարտութիւնը յայտնելով՝ մենք մեզ յանձնում ենք բոլոր մարդկանց խղճմտանքին՝ Աստծոյ առաջ: 3 Եւ եթէ մեր աւետարանը ծածկուած իսկ է, ծածկուած է կորստեան մատնուածների համար, 4 որոնց՝ այդ անհաւատների մտքերը այս աշխարհի աստուածը կուրացրեց, որպէսզի նրանց մէջ չծագի Քրիստոսի աւետարանի փառքի լոյսը, Քրիստոսի, որ պատկերն է աներեւոյթ Աստծոյ: 5 Ոչ թէ մենք մեզ ենք քարոզում, այլ Յիսուս Քրիստոսին՝ Տիրոջը, իսկ մեզ՝ որպէս ծառաներ ձեզ՝ Քրիստոսի համար. 6 որովհետեւ Աստուած է, որ ասաց. «Խաւարից թող լոյս ծագի». եւ նա ծագեցրեց մեր սրտերում Աստծոյ փառքի գիտութեան լոյսը, որը ճառագայթում է Յիսուս Քրիստոսի դէմքից: 7 Այսուհետեւ այս գանձերն ունենք կաւէ ամանների մէջ, որպէսզի զօրութեան գերազանցութիւնը Աստծուց լինի եւ ոչ՝ մեզնից: 8 Ամէն կողմից ճնշուած, բայց ոչ՝ ընկճուած, կարօտեալ, բայց ոչ՝ յուսահատ, 9 հալածուած, բայց ոչ՝ լքուած, չարչարուած, բայց ոչ՝ մեռած: 10 Ամէն ժամ մեր մարմիններում կրում ենք Յիսուսի մահը, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մարմինների մէջ. 11 քանզի քանի դեռ կենդանի ենք, միշտ մահուան ենք մատնւում Յիսուսի համար, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մահկանացու մարմինների մէջ:
Ավ. ըստ Հովհաննեսի 9.39-10.10
3.39 Եւ Յիսուս ասաց. «Դատաստանի համար եկայ այս աշխարհ, որպէսզի ովքեր չեն տեսնում, տեսնեն, եւ ովքեր տեսնում են, կուրանան»: 40 Փարիսեցիներից ոմանք, որ Յիսուսի հետ էին, այդ լսեցին եւ նրան ասացին. «Մի՞թէ մենք էլ կոյր ենք»: 41 Յիսուս նրանց ասաց. «Եթէ կոյր լինէիք, դուք մեղք չէիք ունենայ, բայց հիմա ասում էք, թէ՝ տեսնում ենք, եւ ձեր մեղքը ձեր մէջ հաստատ է մնում:
10.1 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է ու աւազակ. 2 իսկ ով դռնով է մտնում, հովիւ է ոչխարների: 3 Դռնապանը նրա համար բացում է դուռը, եւ ոչխարները լսում են նրա ձայնը. նա իր ոչխարներին անուններով է կանչում եւ նրանց դուրս է հանում: 4 Եւ երբ իր բոլոր ոչխարներին հանի, նրանց առջեւից է գնում, եւ ոչխարները հետեւում են նրան, որովհետեւ ճանաչում են նրա ձայնը: 5 Օտարի յետեւից չեն գնայ, այլ կփախչեն նրանից, որովհետեւ չեն ճանաչում օտարների ձայնը»: 6 Յիսուս նրանց այս առակն ասաց, իսկ նրանք չէին իմանում, թէ ինչ էր այն, որ նա իրենց ասում էր: 7 Դարձեալ Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը: 8 Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գողեր էին ու աւազակներ, ուստի ոչխարները նրանց չլսեցին: 9 Ես եմ դուռը. եթէ մէկը իմ միջով մտնի, կփրկուի. կմտնի ու կելնի եւ ճարակելու բան կգտնի: 10 Գողը գալիս է միայն, որպէսզի գողանայ, սպանի եւ կորստեան մատնի. ես եկայ, որպէսզի կեանք ունենան, եւ առաւել եւս ունենան: