Եղիշե Մարտիրոսի Թադևոսյան (սեպտեմբերի 24, 1870, Վաղարշապատ, Ռուսական կայսրություն — հունվարի 22, 1936, Թիֆլիս, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935)։ Վրաստանի գեղարվեստական ակադեմիայի հիմնադիրներից (1923) և առաջին պրոֆեսորներից։
Կենսագրություն
Վաղ շրջան
1879-1894 թվականներին սովորել է Թիֆլիսի Տեր-Հակոբյան պանսիոնում, Մոսկվայի Լազարյան ճեմարանում, Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ 1894-1895 թվականներին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա վերադարձել է Մոսկվա։ 1896 թվականին Թադևոսյանը մասնակցել է «Պերեդվիժնիկների» 24-րդ ցուցահանդեսին, 1898 թվականին Մոսկվայի արվեստագետների ընկերության մրցույթում նրա «Կեսօրյա ճաշ» (1896 թվական) և «Քարոզ ուղղադավաններին» (1896) կտավներն արժանացել են մրցանակների։ 1898 թվականին իր ուսուցչի՝ ռուս նկարիչ Վասիլի Պոլենովի հետ մեկնել է Պաղեստին, գրեթե ամեն տարի ճամփորդել Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի երկրներում (մինչև 1914 թվականը), Ռուսաստանում և Հայաստանում, ստեղծել մի շարք գործեր։
Գործունեությունը Թիֆլիսում և Երևանում
1901 թվականից Թադևոսյանը բնակվել է Թիֆլիսում, մասնակցել տեղի և ռուսաստանյան ցուցահանդեսներին։ 1916 թվականին Թիֆլիսում աջակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը, ընտրվել է նախագահ, 1921 թվականին Երևանում կազմակերպել է միության ցուցահանդեսը, մասնակցել է Թիֆլիսի «Հայարտան» աշխատանքներին։ Վրաստանի Գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրներից և առաջին պրոֆեսորներից էր։
Աշխատանքները
Եղիշե Թոդևոսյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում
Նկարիչն աշխատել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում. ստեղծել է գրաֆիկական, կիրառական արվեստի, բեմանկարչականգործեր, խճանկարներ, մանրաքանդակներ։ Թադևոսյանի առաջին իսկ գործերն արտահայտում են նկարչի խոր գունազգացողությունը, ամուր գծանկարը, կատարման բարձր մակարդակը։ Նրա որոշ գործերում («Դեպի պանդխտություն», 1895, «Երկրպագություն խաչին», 1901, և այլն) զգացվում է Վարդգես Սուրենյանցի արվեստի ազդեցությունը։
Թադևոսյանի բնանկարները երբեմն ներառում են մեծ կամ փոքր սյուժեներ՝ «Կոմիտասը Էջմիածնի լճի մոտ» (1893 թ.), «Մեր փողոցը Վաղարշապատում» (1921) և այլն։ Մեծ վարպետությամբ է պատկերել «Ալեքսանդր Շիրվանզադե» (1929), «Հովհաննես Թումանյան» (1933), «Կոմիտաս» (1935) և այլ դիմանկարներ։ Նրա արվեստում կարևոր տեղ ունեն հայ գյուղը, կենցաղը, գեղջկական կերպարները՝ «Հովիվն ու ոչխարները» (1895), «Խնձոր ունեմ խածած է» (1930) և այլն։ Թադևոսյանը մի շարք գործերում անդրադարձել է հայերի կոտորածների ու պանդխտության թեմաներին («Դեպի պանդխտություն», 1895, «Կեսօրյա ճաշ», 1896 և այլն), հայ ժողովրդի անցյալին և ավանդույթներին. ստեղծել է նկարաշար՝ «Հոգեհաց. Արտաշեսի մահը» (1910), «Տորք Անգեղ» (1910), «Արշակ և Փառանձեմ» (1921), «XI դարի աղջիկը» (1921), նաև հին հայկական հուշարձանները պատկերող բազմաթիվ բնանկարներ։
Մարդասիրական ու բարոյախոսական գաղափարներով են տոգորված նրա «Սիսարայի մահը» (1893), «Տիրամայր» (1917) կրոնական սյուժեներով գործերը։ Նկարչի «Հանճարը և ամբոխը» (1909), «Քրիստոսը և փարիսեցիները» (1919) հանրահայտ պատկերները արտահայտում են բողոք քաղքենի հասարակության դեմ։
Թադևոսյանի գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական և այլ թանգարաններում։
Հետահայաց ցուցադրություն
2015 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Եղիշե Թադևոսյան. Ռետրոսպեկտիվ. Հայաստանի Ազգային պատկերասրահի և Վահագն Գրիգորյանի հավաքածուներից» ցուցահանդեսը՝ նվիրված նկարչի ծննդյան 145-ամյակին։
Հիշատակ
Եղիշե Թադևոսյանի կիսանդրի (Երևան)
Թադևոսյանի անունով Երևանում կոչվել է փողոց, Էջմիածնում` Գեղարվեստի դպրոց[3], 2015 թվականին Երևանի Շենգավիթ վարչական համայնքում բացվել է գեղանկարչի կիսանդրին[4]:
Քաղվածքներ
Նկարչի բարձրագույն արժեքը նրա կոլորիտն է։ — Եղիշե Թադևոսյան
…Թադևոսյանը ստեղծեց իր հրաշալի էտյուդները, որոնց մեջ արվեստի իսկական գոհարներ կան։ Գույնի նուրբ զգացողություն ուներ ու կարողացավ մերձենալ իմպրեսիոնիզմի սկզբունքներին, կարողացավ լուսային, գունային մաքուր թրթռումներով փոքր չափի էտյուդների մեջ արտացոլել հայրենի բնության գողտրիկ անկյունները՝ այնքան վճիտ ու հայկական…։ — Մարտիրոս Սարյան