Հայկ Գյուլիքևխյան (1886, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն — 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, փիլիսոփա, հասարակական գործիչ, պրոֆեսոր (1929), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1906 թվականից:
Կենսագրություն
Ծնվել է Շուշի քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի ռեալական դպրոցում, ապա մեկնել է Գերմանիա, Ենայի և Լայպցիգի համալսարաններում հետևել փիլիսոփայության, քաղաքատնտեսության և գրականության դասընթացներին։ 1907 թվականին սովորել է Ցյուրիխի (Շվեյցարիա) համալսարանում։
1914 թվականին ավարտել է Հայդելբերգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Նույն տարում ձերբակալվել է իբրև ռուսահպատակ և ուղարկվել գերմանական համակենտրոնացման ճամբար, որտեղից ազատվել է 1918 թվականին։ 1918-1919 թվականներին եղել է Աստրախանում, ծառայել 11-րդ բանակում, խմբագրել «Կրասնի վոեին» թերթը, 1919 թվականին՝ «Կարմիր բանվոր» թերթը։ 1920 թվականին աշխատել է Գրոզնիում որպես կուսակցության քաղկոմի ագիտբաժնի վարիչ, ապա քարտուղար։ Նույն թվականին փոխադրվել է Հայաստան, կարճ ժամանակ խմբագրել Երևանի «Կոմունիստ» հայերեն թերթը։ 1921 թվականին աշխատել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) որպես գավառային կոմիտեի կուլտպրոպ բաժնի վարիչ և «Կարմիր Շիրակ» թերթի խմբագիր։ 1923 թվականին ՀԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ էր, մի տարի հետո «Վերելք» ամսագրի խմբագիրը։ 1924-1927 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի պրոռեկտորը, 1931-1934 թվականներին՝ ՀԿ(բ)Կ Կենտկոմին կից մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի ռեկտորը, 1934 թվականին՝ լուսժողկոմատին առընթեր գրականության և պատմության ինստիտուտի ռեկտորը։ 1936-1938 թվականներին խմբագրել է «Հայկական ԽՍՀ պատմության և գրականության ինստիտուտի տեղեկագիրք»-ը։
1939 թվականից եղել է Արմֆանի գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է Երևանի Վ. Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտում։ Մահացել է Երևանում։
Գրականագիտական հետազոտություններ
Պրոֆեսոր Հայկ Գյուլիքևխյանը զբաղվել է ինչպես եվրոպական, այպես էլ ռուս և հայ դասական ու արդիական գրականության հարցերով։ Նա ուսումնասիրել է արվեստի ու գրականության համարյա բոլոր ճյուղերն ու ժանրերը։ Նա խոսել և գրել է Շեքսպիրի, Գյոթեի, Հայնեի, Հեգելի, նաև Պուշկինի, Բելինսկու, Չերնիշևսկու, Դոբրոլյուբովի, Գորկու, Պլեխանովի, Աբովյանի, Շիրվանզադեի, Սունդուկյանի և սովետահայ դրամատուրգիայի, հայ թատրոնի ու կինոարվեստի անվանի ներկայացուցիչների մասին։ Գյուլիքևխյանը 1920-ական թվականներին Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի հիմնադիրներից մեկն էր և լրջորեն հետևել է նորածիլ գեղարվեստական գրականության զարգացման կենդանի պրոցեսին։
1920-1930-ական թվականներին Գյուլիքևխյանը բազմաթիվ հրապարակային զեկուցումներ է կարդացել և հոդվածներ գրել պրոլետարական նոր գրականության զարգացման ու վերելքի մասին։ Նշանակալից է 1930 թվականին «Խորհրդային Հայաստան» թերթում լույս տեսած «Գեղարվեստական գրականության հիմնական խնդիրները» հոդվածաշարը, որտեղ նա քննադատել էր պրոլետարական գրականության ստեղծման դեմ ծառացող այդ ժամանակների նիհիլիստներին։
Գրականագիտական հատուկ ուշադրության արժանի գործ է «Պուշկինի գեղագիտական հայացքները դրամատուրգիայի վերաբերյալ» հոդվածը, որտեղ զարգացրել է այն կարևոր միտքը, որ Պուշկինը ոչ միայն ռուս ժողովրդի ազգային մեծ պոետն է, այլ առանձնահատուկ տեղ է գրավում ռուսական գեղագիտության և քննադատության մեջ։
Հայկ Գյուլիքևխյանի աշխատությունների ցանկում նշանակալից տեղ են գրավում Մաքսիմ Գորկու, Իլ. Ճավճավաձեի և այլոց մասին գրված բազմաթիվ հոդվածները։ Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում «Շեքսպիրը նախասովետական հայ քննադատության մեջ» և «Ադամյանի Շեքսպիրը» հոդվածները։ Նա իր հոդվածներում նախ ծանոթացրել Է ընթերցողին Շեքսպիրի գործերի հայերեն թարգմանության պատմության հետ, այնուհետև խոսել ՝ այն դերի մասին, որ կատարել է հայ խոշորագույն դերասան Պ. Ադամյանը շեքսպիրյան գործերի իր բեմականացման ու Շեքսպիրի մասին գրած գրքույկով։
Պրոֆեսոր Գյուլիքևխյանի գրական աշխատասիրությունների շարքում առանձնահատուկ տեղ են գրավում Րաֆֆու «Կայծերի» և Ռափայել Պատկանյանի գեղարվեստական արձակի մասին գրված ծավալուն գործերը։
Հայկ Գյուլիքևխյանի երկերի մատենագիտություն
Գաբրիել Սունդուկյան, Երևան, Հայպետհրատ, 1944, 84 էջ։
Սովետական դրամատուրգիայի մասին, Երևան, Հայպետհրատ, 1948, 205 էջ։
Քննադատական հոդվածներ, Երևան, Հայպետհրատ, 1955, 416 էջ։
Ընտրանի, Երևան, «Սովետական գրող», 1978, 328 էջ։