Սիլվա (Սիրվարդ) Կապուտիկյան(1919-2006), հայ գրող ու բանաստեղծուհի, հասարակական գործիչ։
Սիլվա Կապուտիկյանը 1941 թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1950 թ-ին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները: Վաղ տարիքից տպագրել է բանաստեղծություններ «Կանչ» թերթում: 1944 թ-ին հրատարակել է «Երկու զրույց», 1945 թ-ին՝ «Օրերի հետ» բանաստեղծությունների ժողովածուները: Նրա պոեզիայի գլխավոր թեմաներն են հայրենիքը և սերը: «Զանգվի ափին» (1947 թ.), «Այս իմ երկիրն է» (1949 թ.), «Իմ հարազատները» (1951 թ.), «Սրտաբաց զրույց» (1955 թ.), «Բարի երթ» (1957 թ.), «Դեպի խորքը լեռան» (1972 թ.) ժողովածուներում, «Մտորումներ ճանապարհի կեսին» (1961 թ.) պոեմում անդրադարձել է հայ ժողովրդի սխրանքներով ու ողբերգություններով լի ճակատագրին, մտորել նրա ներկայի ու գալիքի մասին: Կապուտիկյանի և՜ պոեզիայում, և՜ հրապարակախոսական գործերում Հայաստանը հայ ժողովրդի հարատևող գոյության խորհրդանշանն է:
Կապուտիկյանը հավատում էր հայ ժողովրդի հավերժությանը, նրա ներքին մեծ ուժին, ոգորումներին ու մաքառումներին: Հայաստան աշխարհը նա սիրել է ոչ «հանդարտ սիրով», այլ «ցավոտ ու ցավախառն, մե՜րթ խռովելով, մե՜րթ հաշտվելով»:
Կապուտիկյանի սիրո քնարերգությունը, ծնվելով անձնական տառապանքից, ընդհանրանալով հասել է համամարդկային զգացմունքի մարմնավորման: Անկեղծությամբ շնչող նրա սիրային բանաստեղծություններում սիրո բերկրանքն ու տագնապն են, կարոտի կանչն ու հուսահատությունը, տառապանքն ու վիշտը («Հայնեական երգեր», 1966 թ., «Երգ երգոց», 1970 թ., «Լիլիթ», 1981 թ., «Ձմեռ է գալիս», 1983 թ.):
Կապուտիկյանը խորապես մտահոգվել է Սփյուռքի ճակատագրով, հայապահպանության խնդրով: 1962—63 թթ-ին և 1973 թ-ին այցելել է սփյուռքահայ գաղթավայրեր, գրել «Քարավանները դեռ քայլում են» (1964 թ.), «Խճանկար հոգու և քարտեզի գույներից» (1976 թ.), «Քարավանները հեռանում են» (1999 թ.), «Իմ կածանը աշխարհի ճանապարհներին» (2002 թ.) ուղեգրությունները, որտեղ անդրադարձել է սփյուռքահայի հոգսերով ու փորձություններով լի ճակատագրին: Նա հայությանն ուծացումից փրկելու միակ երաշխիքը համարել է Հայաստանը:
Կապուտիկյանին մշտապես հուզել են ժամանակաշրջանի հրատապ ու կարևոր հարցերը: Հրապարակախոսական երկերում արտացոլել է արցախահայության ազատագրական պայքարը, հայ ժողովրդի ինքնորոշման ու անկախության խնդիրները («Իմ ժամանակը: Հրապարակագրություն և ուղեգրություն», 1979 թ., «Էջեր փակ գզրոցներից», 1997 թ., «Վերջին զանգը», 2006 թ.):
Կապուտիկյանի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց, 2009 թ-ին բացվել է նրա տուն-թանգարանը:
Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի