Շնորհակալ ժողովուրդը հզոր բան է… 2012 թվականն էր, հիշում եմ, լուր տարածվեց, որ Սոս Սարգսյանը հիվանդանոցում է հայտնվել։ Սոցիալական ցացները պայթեցին։ Բոլորն անհանգստանում էին, ուզում էին մի նորություն ունենալ Վարպետի առողջական վիճակից։ Եկեղեցիներում մարդիկ մոմ էին վառում, Աստծուց խնդրում առողջություն ու երկար օրեր պարգևի Սոս Սարգսյանին։ Հետո եկվավ 2013թ.-ը ու Սոսը հեռացավ մեզանից…
Հիշու՞մ եք այդ օրը։ Տղամարդիկ չէին կարողանում արցունքները թաքցնել։ Եվ ազնվական մի բան կար այդ ամենում։ Ժողովրդի սերը հզոր բան է։
Սոս Սարգսյանին ծափահարություններով ճանապարհեցինք։ Նա գնաց ու ամենքիցս մի բան պակասեց։ Վերջին օրերին հաճախ եմ հիշում Վարպետին։ Իր տեսանյութերն եմ նայում։ Շատ հետաքրքիր մի բան գտա այսօր։ Ուզում եմ մեջբերել իր խոսքից։ Եկեք կարդանք, հետո առաջ կանցնենք.
— Մարդիկ անասուն են չաղացնում ուտելու համար։ Մենք ինչի՞ ենք չաղանում։ Որ ո՞վ ուտի մեզ։ Սա ի՞նչ բան է։ Որտե՞ղ մեր երիտասարդները հող գտնեն աճելու։ Ումի՞ց ամաչեն… Գիտեք, շատ կարևոր բան է, որ հասարակության մեջ չկան մարդիկ, ումից ակնածում է մարդը։ Ակնածանքը շատ մեծ զգացողություն է։ Եվ ակնածող մարդու մեջ մարդ կա։
Լավ հարց է՝ ումի՞ց ամաչեն… Սոս Սարգսյանից ամաչում էի։ Տիգրան Մանսուրյանից էլ եմ ամաչում։ Կոմանդոսից, Մեսչյանից, Արտաշես Հովսեփյանից էի ամաչում… Ու եթե առթ լիներ Շարլ Ազնավուրին տեսնեի, նրանից էլ կամաչեի։
Այսօր բոլորս ենք սգում Ազնավուրի մահը։ Նրան էլ ծափերով կճանապարհենք։ Ժողովրդի հարգանքը հզոր բան է։
Ու հիմա, նստած մտածում եմ՝ երևի ճիշտ է, որ Ազնավուրի մահը Սոս Սարգսյանին ու Արտաշես Հովսեփյանին հիշեցրեց ինձ։ Պետրոս Հովհաննիսյանին, Օսկոլկային, Պավել Չոբանյանին, Արթուր Մկրտչյանին, Ալվարդ Ղազիյանին… մեր մեծերին։ Մարդկանց, ում հանդեպ ակնածանքը մեզ մարդ է դարձնում, ժողովուրդ ու ազգ։ Եվ փառք Աստծո, որ նրանք մեզ հետ են ապրել և ապրելու են մեր երեխաների հետ, և մեր երեխաներն են դառնալու նրանցից մեկը։ Ծափահարություններ և խոնարհում ձեզ, մեծ Մարդիկ…
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ