Երեք օր առաջ Մատյան.am-ի էջերում տեղադրվել է Facebook սոցիալական ցանցի օգտատերերից մեկի՝ Ռոբերտ Ավագյանի հոդվածը, որտեղ նա իր մտքերն է ներկայացնում այն մասին, թե ինչ արժեքներ է դավանել և պահպանել հայ ազգն ու հայ ժողովուրդը։
Ռ. Ավագյանի տողերը շատ ցավոտ են։ Նա պնդում է, թե «ազգը, որ հազարամյակներ շարունակ կրակն է ընկել ժողովրդի, նույն ինքը՝ ամբոխի ձեռքը, պարտավոր է առերեսվել սեփական ես-ի հետ: Իսկ սեփական ես-ն այն է, որ այս ժողովուրդը պետություն չի սիրում, այս ժողովուրդը սիրում է, որ իրեն ուրիշներն իշխեն, սեփական իշխանություն չի սիրում: Այս ժողովուրդը սիրում է իշխանավորին տիրումեր անել՝ սեփական ոչնչության մեղքն ամեն անգամ բարդելով իշխանավորի վրա»։
Զարգացնելով միտքը, Ռ. Ավագյանը հանգել է այն եզրայացությանը, որ ազգը 1700 տարի եկեղեցի է պահել և կարող է գոյատևել առանց պետության։ Իսկ ահա ժողովուրդը պետություն չի սիրում։ «Դրա համար ոչ մի թագավորի գերեզման չի պահվել, մեծամասնության գերեզմանների տեղն անգամ չգիտենք: Ազգն իր գլխավոր ինստիտուտի՝ եկեղեցու գլուխ կաթողիկոսների գերեզմանները պահել է, ժողովուրդը՝ ոչ», — գրում է Ավագյանը։
Նյութն իսկապես հետաքրքիր է, և որպեսզի այս հոդվածը շատ չծանրաբեռնեմ մեջբերումներով, խորհուրդ եմ տալիս անպայման ընթերցել այն։
Բայց նաև կիսատ է։ Այդպես եմ կարծում։ Որովհետև չկա գլխավոր հարցի պատասխանը՝ իսկ ո՞վ է մեղավոր ժողովրդի նման ընկալումների համար։ Միթե՞ ոչ այն նույն ազգը, որը պահել է իր կաթողիկոսների գերեզմաններն ու եկեղեցին և համարել, որ այդքանը բավարար էր երջանկության համար։
Մենք խոսում ենք ժողովրդի ձգտումների և ամբոխի երջանկության մասին։ Իսկ ինչու՞ չենք խոսում ազգի ձգտումների մասին։ Վերջապես, ի՞նչ է կարելի ակնկալել այն ժողովրդից, որի մտավորականությունը ամփոփվել է ընդամենը մի կառույցի մեջ և հանրության հոգևոր անվտանգությունից զատ այլ խնդիրներով չի զբաղվել։ Ո՞վ պետք է պահեր թագավորների գերեզմանները։ Կամ էլ թե ինչու՞ է ազգը որոշել պահել միայն կաթողիկոսների գերեզմանները։
Բոլոր այս հարցերը հստակ պատասխաններ ունեն։ Բայց դրանցից ամենաառանցքայինն այն է, որ ժողովրդին ուղենիշներ են հարկավոր։ Իսկ այդ ուղենիշներ մշակողը, դնողը և ժողովրդին այնտեղ առաջնորդողը հենց ազգն է։ Մեր բոլոր խնդիրների հիմքում հենց դա է՝ մտավորականության ներամփոփ լինելը։ Տեսնել և լռելը, հնարավորություն ունենալն ու չանելը, իսկ հետո մեղքը ժողովրդի վրա բարդելը։
Դրա համար առաջարկում եմ հենց այս հարցի շուրջ մտածենք՝ Ո՞վ պետք է պահեր թագավորների գերեզմանները։ Եվ ո՞վ պետք է պահի թագավորներին իրենց ողջության ժամանակ։ Հավատացնում եմ՝ այն ժամանակ ազգի ու ամբոխի պատասխանատվության հարցն էլ իր պատասխանը կստանա։
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ