Գրիգոր Նարեկացի եկեղեցին (նկ․ 1) գտնվում Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղից մոտ 1 կիլոմետր արևմուտք՝ բլրի վրա։ Տեղացիների մոտ ավելի տարածված է Նարեկավանք անվանումը։ 2020 թվականի հոկտեմբերից Դրախտիկը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։
նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը արևելքից, 2014, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Պատմական ակնարկ
Դրախտիկ գյուղը գտնվում է Հադրութ քաղաքից 24 կիլոմետր հեռավորության վրա։ Գյուղի մասին Մ․ Բարխուդարյանը նշում է․ «բնակիչք բնիկ են» (Բարխուտարեանց 1895, 58):
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Ուղղանկյուն հատակագծով միանավ դահլիճ է։ Ունի 13 մետր երկարություն, 8 մետր լայնություն, 4 մետր բարձրություն։ Շինությունը ներսից արևելքում ավարտվում է կիսաշրջանաձև խորանով։ Թաղածածկը հենվում է երեք զույգ որմնասյուներից բարձրացող կամարների վրա։ Արտաքուստ ունի երկթեք հողածածկ տանիք։ Միակ մուտքը բացվում է արևմուտքից։ Լուսավորությունը ստանում է արևմտյան և արևելյան պատերին բացված լուսամուտներից։ Արևմտյան ճակատը հարդարված է չորս խաչքարերով (նկ․ 2, 3), մի երևույթ, որ հատկապես բնորոշ է 17-18-րդ դարերի ելեղեցաշինությանը։ Եկեղեցու ներսում պատերին կան ագուցված ոչ մեծ մի քանի խաչքարեր, խաչքարային քանդակներ կան նաև սյուների և կամարների վրա (նկ․4, 5)։ Եկեղեցու կառուցման թվականը՝ թվին ։ՌՂԴ։ (1645 ), պահպանվել է մուտքը եզերող սրբատաշ քարերից մեկի (նկ․ 6) և եկեղեցու ներսի հյուսիսային կենտրոնական որմնասյան վրա (նկ․ 7)։
Եկեղեցու շուրջը տարածվում է հին գերեզանատունը։
նկ. 2 Արևելյան պատի խաչքարերը, 2020, լուս․ Գ․ Բուդաղյանի։
նկ. 3 Արևելյան պատի խաչքարերից մեկը, 2020, լուս․ Գ․ Բուդաղյանի։
նկ. 5 Արևելյան լուսամուտին ագուցված խաչքարերը 2020, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ թշնամու հրթիռակոծությունից վնասվել է եկեղեցու արևելյան պատը և թաղի մի մասը (նկ․ 8)։ 2020 թվականի ռազմական գործողություններից եկեղեցին չի տուժել, հետպատերազմական վիճակի մասին տեղեկությունները բացակայում են։
նկ. 4 Կամարի խաչքանդակները, 2020, լուս․ Գ․ Բուդաղյանի։
նկ. 6 Եկեղեցու կառուցման տարեթիվը մուտքի սրբատաշ քարին, 2020, լուս․ Գ․ Բուդաղյանի։
նկ. 7 Հյուսիսային որմնասյունը․ 2020, լուս․ Գ․ Բուդաղյանի։
նկ. 8 Եկեղեցու ավերված հատվածը, 2014, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Գրականություն
1․ Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
2․ Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
momumentwatch.org