Իսկական երգն այն է, որ գարունն ավետող առաջին քնքուշ հովի պես աննկատելի շրջում է ամեն տեղ, մտնում ամեն օջախ, հուզում սարերի հովվի սիրտը, ընկերակցում լեռների ընդերքը պեղող հանքագործին, դառնում սիրահար պատանու, ուղեկիցը և երկար ու երկար ժամանակ չի ընկնում մարդու շուրթերից, նրա հետ է լինում բուռն ուրախության ու վշտի պահին, նրա տանը, հանդում, դազգահի մոտ, ամեն տեղ…
Լավ երգն ապրում է դարեր, փոխանցվում է սերնդից սերունդ ու երբեք չի մեռնում, չի կորչում։ Մարդիկ չեն ձանձրանում նրանից, ինչպես չեն ձանձրանում առավոտյան զեփյուռի փսփսոցից կամ ծարավ հագեցնող աղբյուրի քչքչոցից: Լավ երգը մարդուն ուղեկցում է նրա օրորոցից մինչև ծերության օրը, մինչև նրա արդար հանգչելու պահը…
Հազարամյակների ընթացքում հայ ժողովուրդը իր հոգու մաքրության, հյուրի առաջ իր սեղան-սուփրան բաց անելու ավանդական սովորության հետ միասին, պահպանել է իր հոգու, բազմաձև գանձերը, դրանց հետ նաև իր երգը՝ երբեմն խրոխտ ու մարտական, երբեմն քնքուշ ու թախծոտ, բայց ոչ երբեք նվացող ու հուսակտուր։ Պատահական չէ, որ ամեն մի նոր լավ երգ հացի պես քաղցր ու հանապազօրյա է դառնում մեզ համար, ապրում է մեր կյանքում ու կենցաղում, որպես նրա մի անբաժանելի մասը։
Նոր չէ, որ մեր ժողովուրդը ամենուրեք երգում է մեր նոր ժամանակների գուսանական երգի տաղանդավոր վարպետներից մեկի՝ գուսան Աշոտի ստեղծած սրտահույզ երգերից շատերը։ Երգում է, երբեմն մոռանալով, որ այդ երգի ստեղծողն իր անբաժան քյամանչայով ապրում է իր հետ, իր ժամանակակիցն է:
Քսանական թվականների վերջերին էր, որ տակավին պատանի Աշոտը գուսանական երգի ասպարեզն իջավ։ Դեռևս կայուն չէր նրա ձայնը, բայց նրա առաջին երգերում երևում էր ապագա ստեղծագործողը։ Նրա մելոդիաները ինքնատիպ էին, հուզիչ ու կենսախինդ: Այնուհետև զարմանալիորեն ծաղկեց նրա տաղանդը, և նա դարձավ մեր ժողովրդի կողմից սիրված տաղանդավոր գուսանը:
Եթե մենք ուշադիր ուսմնասիրենք նրա սրտաբուխ, հուզիչ ստեղծագործությունը, ապա կտեսնենք, որ այդ ամենը սովետական կարգերի ծնունդ է։ Ամենից առաջ դա երևում է այն բանում, որ Աշոտի ստեղծագործություններում կա մեր դարաշրջանի շունչը, նրա երգերը ներծծված են պայծառությամբ ու կենսուրախությամբ, մեր կյանքի վեհությամբ: Աշոտը մեր սովետական մարդու հուզաթաթավ զգացմունքների երգիչն է, նոր կյանք կառուցող աշխատավորի հույզերի ար֊տահայտիչը` երգարվեստի մեջ։
Գուսան Աշոտը, խաշնարածի որդի լինելով, իր մանկությունն անց է կացրել Զանգեզուրի բարձր լեռներում, հովիվների ու խաշնարածների մոտ՝ հովվական հասարակ մաղախն ուսին ու սրինգը ձեռքին։ Երբ առաջին անգամ նա իջավ սարերից ու «մարդամեջ» մտավ, լեռնային վճիտ աղբյուրի պես հնչեց նրա առաջին երգը.
Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի,
Ոչ մի մայր քեզ պես գյոզալ չի ծնի…
Ինքնատիպ, թարմ ու կյանքով լի այդ երգն իսկույն անցավ շուրթից-շուրթ, տարածվեց Հայաստանի գյուղերում ու քաղաքներում, Անդրկովկասի ռեսպուբլիկաներում, Միջին Ասիայում, Միության այլ վայրերում:
Այդ երգը թարգմանվեց շատ լեզուներով ու երգվեց…
Հետո իրար հաջորդեցին գուսան Աշոտի «Զանգեզուրի բարի ծնունդ», «Կյանք տուր, կյանք առ», «Ւմ Հայաստան» և այլ բազմաթիվ երգեր, որոնք ևս տարածվեցին զարմանալի արագությամբ: Երգերի հետ ժողովրդի լայն խավերի մեջ հայտնի դարձավ նաև գուսանի անունը։ Այդ օրվանից էլ կոլտնտեսային դաշտերում ու գործարաններում, ժողովրդական տոների ու ուրախությունների ժամանակ, հայկական հին ու նոր երգերի հետ, հնչում են նաև Աշոտի սրտաբուխ երգերը:
Գուսան Աշոտի երգերի հաջողության պատճառն այն է, որ դրանք նորություններ էին մեր ժամանակակից գուսանական արվեստի մեջ իրենց թեմատիկայով ու մեղեդիներով։ Նրա հենց առաջին երգում զգացվում էր խոր ժողովրդայնություն, քնքուշ լիրիկա, բանաստեղծական խոսքի ու մեղեդիի ինքնատիպություն ու թարմություն։
Նրա երաժշտական արվեստի սկիզբը գտնվում է Հայկական ժողովրդական երգի գունեղ ակունքներում, մեր գուսանական տաղերի բազմադարյան շտեմարանում: Աշոտի ստեղծած երաժշտության մեջ մենք տեսնում ենք մեր հին ու նոր ժողովրդական երգերի երանգները, մեծ Սայաթ-Նովայի, Նաղաշ Հովնաթանի, Ջիվանու, Շերամի երգարվեստի հմայքները։ Աղբյուր ունենալով այս ամենը, Աշոտը, սակայն չմնաց նրանց ստվերի տակ կորած, առանց սեփական գույնի ու ստվերի, նա ստեղծեց իրենը, միայն իրեն հատուկ մեղեդին, իրեն բնորոշ երաժշտական ու պոետական հնարքներ։
Թեև նա ստեղծագործել սկսել է երեք տասնամյակ առաջ, սակայն որպես իսկական գուսան — բանաստեղծ, Աշոտը ձևավորվեց Հայրենական պատերազմի տարիներին: Թիկունքում ստեղծած նրա երգերը «զեփյուոի թևով» հասնում էին ռազմաճակատի առաջավոր գծերը, և այնտեղ` գետնատների ու խրամատների մեջ հնչում էին նրա երգերը։ Կարծես այդ երգերր կրակագիծ էին բերել հայրենի լեռնաշխարհի բուրմունքը, զեփյուռի համբույրը, մեր սևաչյա աղջիկների սիրո թրթիռը։
Իր երաժշտական ու բանաստեղծական խառնվածքով Աշոտը լիրիկ գուսան է։ Նրա լիրիկան անմիջական է ու տպավորիչ։ Սեր դեպի աշխատաավոր մարդը, հայրենիքը, բնությունը, ազնիվ աշխատանքը, դեպի ժողովուրդների սրբազան եղբայրությունը — ահա գուսան Աշոտի արվեստի հիմնական մոտիվները:
Իր ծնող հայ ժոդովրդի իղձերն է արտահայտում գուսանը, երբ ամուր կերպով կանգնում է խաղաղության դիրքերում և ցանկանում, որ միշտ
«Անմար արևը խաղաղության,
Լույս տա, փայլի ողջ աշխարհին…» :
Գուսան Աշոտի «Էն սարերը», «Աշուղ եմ», «Զեփյուռը փչեց», «Ոչ մի խորշակ», «Ու՞ր է» «Ժողովրդին», «Սայաթ-Նովա», «Պախրա» և այլ շատ գործեր դարձել են մեր ժոդովրդի սիրած երգերից, որովհետև այդ երգերի մեջ կա ժողովրդի կյանքը, աշխատանքը, նրա հույզերն ու ձգտումները:
Աշոտը շատ լավ է հասկանում, որ այդ բոլորի համար նա ամենից առաջ պարտական է իր հայրենիքին ու մայր ժողովրդին։
«Երբ գովքն եմ անում մեր Հայրենիքի
Խոսում է սրտիս ամեն մի լարը…»
երգում է նա։ Հայրենիքի գովքն անելիս խոսում է նրա սրտի ամեն մի լարը, երգում է իր ամբողջ էությամբ, սրտահույզ ու երախտապարտ ձայնով։ Եվ պատահական չէ, որ նա գուսան լինելու համար իրեն պարտական է համարում իր Հայրենիքին, ժողովրդին:
«Հորովելիդ ձայնն եմ առել,
Քեզնով գուսան Աշոտ դառել»:
Աշոտը սիրում է երգել իր շրջապատի մարդկանց, մորը, քրոջը, զավակին, եղբորը, բոլորի մեջ լավն ու ազնիվը տեսնելով։ Այդ երգերից մեկն է «Մոր սերը» հուզաթոթով երգը։ Չնայած գուսանը ձեռք է զարկել բազմիցս երգված թեմայի, բայց գտել է արտահայտչական նոր ձևեր, բանաստեղծական գունեղ պատկերներ, նոր մեղեդիներ՝ մայրական անսահման սերը գովերգելու համար։
«Լույսի նման, հույսի նման կենսատու,
Կյանքի նման թանկագին է մոր սերը,
Որդու համար միշտ էլ պայծառ, լուսատու,
Հավերժական, սրտագին է մոր սերը։
Ջա՛ն, անուշ մայրիկ, ջա՛ն, քնքուշ մայրիկ,
Քո լեզվին մատաղ, քո լեզուն մեղմիկ»։
Կամ ահա ընդհանուր, այսպես ասած, «Գուսանական-փիլիսոփայական» մի երգ՝ «Հե՜յ աշ֊խարհ»-ը։ Եթե մեր հին գուսանները, հին իրավակարգերի դեմ տրտնջալով «աշխարհը փուչ» էին համարում, մեր օրերի գուսանը բարձր ձայնով բացականչում է.
«Ո՞վ է ասում, թե փուչ ես դու,
մորս նման թանկ ես, աշխա՛րհ»։
Աշոտն իր ստեղծագործական բոլոր թելերով կապված է ժողովրդի հետ, ծառայում է նրան, իր լիրիկական, խրատական ու հայրենասիրական երգերով օգնում է մեր աշխատավորությանը՝ կատարելու այն մեծ խնդիրները, որոնք պարտիան դրել է ժողովրդի առջև, երգում է մեր պայծառ առօրյան։ Նա լավ է գիտակցում, որ ինքը կոչված է ազնվորեն ծառայելու հայրենիքին ու ժողովրդին, ուստի և մի երգի մեջ ինքն իրեն դիմելով ասում է.
«ժողովրդիդ սիրո համար վառիր քեզ,
Խալխի նոքար անմահ Սայաթ-Նովի պես… »:
Իսկական, արվեստի այդ սկզբունքին հավատաիմ մնալով, նա իր սրտի ողջ ավյունը, իր ստեղծագործական ջանքերը չի խնայում ժողովրդի համար: Եվ քանի որ, ինչպես վերը շեշտեցինք, նրա ստեղծագործական աղբյուրը ժողովրդից է, նրա լիրիկական հերոսը ժողովուրդն է, ուստի և գուսան Աշոտի ստեղծագործությունը մտել է ժողովրդի կենցաղի ու աշխատանքի մեջ։ Նրան հավասար սիրով երգում են բանվորն ու գյուղացին, ջահել տրակտորիստն ու տարեց այգեպանը, դեսպանը, հովիվն ու հանքագործը։
Նրա երգերից շատերը դարձել են մեր ռեսպուբլիկայի երգչական անսամբլների ռեպերտուարների անբաժան մասնիկները, կատարվում են նաև բազմաթիվ այլ լեզուներով։
Մենք նպատակ չունենք այս կարճ խոսքի մեջ վերլուծելու երաժիշտ՝ Աշոտի և բանաստեղծ Աշոտի ամբողջ ստեղծագործությունը, դա դուրս է նաև այս ժողովածուի նպատակից, սակայն ուզում ենք նշել, որ գուսան Աշոտի երգերին հատուկ են մեր գուսանական կլասիկայի բնորոշ գծերը՝ երաժշտության ու խոսքի խոր ներդաշնակությունը, խոսքի բանաստեղծական ուժն ու թովիչ մելոդիան: Եթե դրան ավելացնենք նաև կատարման վարպետությունը, ապա լիովին հասկանալի կդառնա գուսան Աշոտի երգի հմայքի ու ժողովրդայնության գաղտնիքը։
Ինքնուս կերպով սովորելով բազմաթիվ զործիքների վրա նվագելը և ապա գրագիտություն ձեռք բերելով, Աշոտր համառորեն ուսումնասիրել է հայ կլասիկ գուսանների, հատկապես Սալաթ-Նովայի և Ջիվանու խոշոր ժառանգությունը, օգտաագործել է խոսքի ու երաժշտության բնագավառում կուտակված նախորդների փորձը, հմտորեն օգտագործել է ժողովրդական երաժշտության պայծառ երանգները՝ պարզությունը, անկեղծությունը և մտերիմ ջերմությունը։ Նա իր երաժշտական առաջին «կրթությունը» ստացել է հովիվների շրջանում,
«Ես հիշում եմ մեր սարերի լանջերը,
Աղբյուրների սառ ջրերի կանչերր:
***
Ես հիշում եմ մորս ձայնը սարերում,
Ոչխարների մակաղելը քարերում,
Հովիվների սրինգների ձայնն անուշ՝
Սարին նստած թուխ ամպերի հովերում…»:
Նրան հրապուրել են Զանգեզուրի գուսանների երգերը։ Նրան առանձնապես հմայել է ժամանակի հայտնի աշուղ Աթան (1852-1942), որից առաջին անգամ լսել է հայ և ադրբեջանական գուսանական աշուղական երգեր, ծանոթացել հայկական գուսանական երգի կառուցման առանձնահատկություններին և ձևերին։
Պատերազմական շրջանի երգերը գուսան Աշոտը պսակեց իր հանրահայտ «Աղբյուր- հուշարձան» երգով, որը իրավամբ երգի մի սքանչելի կոթող է։ Ահա նրանից մի քառատող,
«Նրանց արդար հոգիներից,
Բխում է պաղ, զուլալ աղբյուր,
Ամեն անգամ ջուր խմելիս,
Շրթունքներով կտանք համբույր…»:
Եկավ մեր սովետական ժոդովուրդների երազած օրը՝ հաղթանակը։ Աշոտը սկսեց մասնակցել ժողովրդի վերքերի ապաքինմանը: Նա ստեղծեց սիրո, աշխատանքի նոր երգեր, որտեղ ցույց տվեց սովետական ժողովրդի հոգու ուժն ու ամրությունը, հումանիզմն ու հայրենասիրությունը։ Պատերազմը վերջացավ, այլևս ոչ մի նոր ձեռք չի մոտենա մեր երկրին, ոչ մի ծաղիկ չի տրորվի օտար բռնակալի ոտքի տակ։ Այս միտքը լավ է արտահայտել նա իր մի երգում.
«Ոչ մի խորշակ բուրաստանս չի մտնի,
Ոչ մի քամի վարդիս թուփը չի պոկի։
Ոչ մի ծաղիկ չի թառամի, չի թոշնի,
Քանի որ այն իմ մայր հողումն է բացված,
Իմ հայրենի բարդիներով պարսպված»:
Գուսան Աշոտի ստեղծագործության էական գիծը պայծառ լավատեսությունն է կյանքի, մարդու ապագայի, երկրի այսօրվա ու գալիքի նկատմամբ։ Նրա երգերի մեջ արտահայտված է անսահման սեր դեպի մարդն ու հայրենիքը, դեպի եղբայրական ժողովուրդները, քնքշություն դեպի մերձավորն ու հարազատը, անկեղծ սքանչացում բնության ու աշխարհի գեղեցկությունների նկատմամբ։ Երբեմն նրա երգերի մեջ զգացվում են նաև թախծի շեշտեր, բայց այդ թախծի թեթև երանգները ծնվում են իր հայրենի աշխարհի նկատմամբ տածած բացառիկ սիրուց: Գուսանն ուզում է հավերժ ապրել իր գեղեցիկ երկրի ու «ծնող մեծ ժոդովրդի հետ»։
Լավ է ասել գուսան Աշոտն իր մասին.
«Կյանքի հովտում թե մի ծաղիկ ցանես դու,
Երգի ծովին թե մի աղբյուր տանես դու,
Ո՜վ իմ գուսան, անունդ անմահ կանես դու….»
Աղբյուր՝ ՄԻՐՀԱՎ։