Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Լրահոս

Դատավորի կիրակի. աղոթք

27 Մարտի, 2022
Լրահոս, Կարևոր խոսք
Դատավորի կիրակի. աղոթք
0
Կիսումներ
9
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Աղոթքը երկրից երկինք սանդուղքն է, կյանքի ալեկոծված նավը խաղաղության նավահանգստին կապող պարանը:

 «Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե նրանք ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան»:    (Ղուկ.18:1)

Աղոթքի գաղափարին է ընծայված Մեծ պահքի հինգերորդ կիրակին: Աղոթքը կրոնի հոգին է, ուղնուծուծը, կյանքը: Կրոնն առանց աղոթքի աներևակայելի է, քանզի կրոնի առարկան նույն ինքն Աստված է և հոգևոր կյանքը, իսկ աղոթքն անպայման ենթադրում է իր դիմաց աներևույթ հավիտենական Էակին ունենալ, Ով Արարիչն է տիեզերքի և Տերը կյանքի: Իսկ հոգևոր կյանքը և աղոթքը գրեթե նույնն են, ինչպես ընտանեկան կյանքը և սերը: Ըստ այսմ, առանց աղոթքի քրիստոնյան թռչուն է առանց թևի, ձուկ՝ առանց լողակի:

Այս իսկ պատճառով Ավետարանում զորավոր շեշտ է դրված աղոթքի վրա: Մեր Տերը թե՛ Իր խոսքով և թե՛ կյանքով է հաստատել դրա կարևորությունը: Երբ ցերեկները հատկացնում էր քարոզություններին ու գյուղեգյուղ ճամփորդություններին, հաճախ «ամբողջ գիշերը» աղոթքով էր անցկացնում, երբեմն էլ «խույս էր տալիս դեպի ամայի տեղեր և աղոթքի էր կանգնում» (Ղուկ. 5։16): Ավետարաններում շատ են հիշատակությունները, ուր Հիսուսն աղոթում է. Մկրտությունից մինչև Գեթսեմանի, Պայծառակերպության լեռից մինչև Գողգոթայի բարձունքը:

Ըստ երևույթին, մարդն ունի երկու տեսակ կյանք՝ անհատական և ընկերային: Նմանապես կա աղոթելու երկու ձև՝ հավաքական և առանձնական: Հիսուսը հավաքական աղոթքի մասին ոչինչ չի խոսել: Աղոթքի մասին Նրա ուսուցումը գրեթե ամբողջությամբ վերաբերում է առանձնականին: Եվ սա՝ կարևոր հոգեբանական պատճառով: Փաստված է, որ առանձնական աղոթքի  նվիրված  մարդն  անպակաս  կլինի  նաև  հավաքական  աղոթքներից:

Փաստված է նաև, որ անհատական կյանքում շիտակ և առաքինի մարդն ավելի  պիտանի  ու  օգտակար  գործունեություն  է  ունենում  ընկերային կյանքում: Անհատական  աղոթքում  Աստծո  ներկայության  մեջ  գտնվող  մարդը հավաքական պաշտամունքից չի բացակայի: Անհատական աղոթքը կյանքի հոգևոր շենքի անտեսանելի հիմքն է, որը պահում է հավաքական աղոթքի տեսանելի կառույցը: Առանձնական աղոթքը կյանքի նավի՝ ծովի մեջ մխրճված մասն է, իսկ հավաքականը՝ ծովից վեր երևացող մասը: Երկուսն իրարից  անբաժան  են,  երկուսը  միասին  կազմում  են  աղոթքի  կյանքի ամբողջությունը: Ով հոգնել է առանձնական աղոթքից, անխուսափելիորեն պիտի հոգնի հավաքականից: Այդպիսին եթե ներկա իսկ լինի եկեղեցական պաշտամունքին, ապա՝ աղոթասացությանը մասնակցելուց տարբեր շարժառիթներով: Ուղիղ շարժառիթով հավաքական աղոթքին մասնակցողը փաստում է, որ անհատական աղոթքը կիրարկող մեկն է:

Ինչպես պետք չէ աղոթել

Ավետարանն այս մասին բացահայտ թելադրանքներ ունի: Նախ ասում է, որ ցուցադրելու, երևալու համար չպետք է աղոթել: Հիսուսը սովորեցնում է. «Եվ երբ աղոթես, չլինես կեղծավորների նման, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի մարդկանց երևան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը», այսինքն՝ ցուցադրելու համար աղոթողների վարձը մարդկանցից գնահատվելն է, թե աղոթասեր են: Իսկ Աստծուց ոչ վարձ և ոչ էլ պատասխան են ստանում, քանի որ նրանց նպատակն Աստծուն աղոթելը չէր, այլ մարդկանց աղոթող երևալը: Փառք Աստծո, ենթադրում ենք, որ «հրապարակների անկյուններում» աղոթողները վաղուց վերացվել են հրապարակներից, քանի որ այնտեղ նրանց ապրանքն այլևս ոչ ոք չի գնում: Սակայն «ժողովարաններում» (աղոթավայրերում) ցուցադրելու համար աղոթողների սերունդը դեռ չի սպառվել:

Գրեթե յուրաքանչյուր պաշտամունքի ընթացքում հանդիպում ենք նրանց: Առհասարակ բոլորս էլ զգում ենք, թե ո՛վ է Աստծո առաջ ու սրտանց աղոթում, և ո՛վ է մարդկանց առաջ ու  երեսպաշտորեն աղոթում: Դարձյալ ենթադրում ենք, որ ոչ մի լուրջ մարդ որևէ ձևով չի գնահատում ցուցադրելու համար կատարվող այս շարժուձևերը, ընդհակառակը, միայն արգահատանք է ունենում այդպես աղոթողի հանդեպ: Եթե գնահատողներ կան, նրանք էլ կա՛մ նրանց նման երեսպաշտներ են, կա՛մ աղոթքի արհեստավորներ, որոնք աղոթքի ոգուց արդեն վաղուց են պարպված՝ լիովին պահելով հանդերձ և միատեղ պաշտոնապես կիրարկելով աղոթքի արտաքին ձևերը միայն:

Եթե աղոթք ցուցադրելու համար ծնկի եկողների և ձեռքերը բարձրացնողների վարձը մարդկային մակերեսային գնահատանքն է կամ գիտակից անձերի արգահատանքը, ի՞նչ պիտի լինի նրանց վարձը, ո՛վ Տեր, ովքեր, գիտես, որ հաճախ աղոթարան են գալիս իրենց կամ արդուզարդը ցուցադրելու համար…

Հիսուսն Իր հետևորդներին զգուշացնում է նաև աղոթքի մեկ ուրիշ սխալ ձևից: «Աղոթք անելիս, — ասում է Նա, շատախոս մի՛ լինեք ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսքերի պատճառով լսելի կլինեն: Արդ, նրանց չնմանվե՛ք, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք, նախքան որ դուք Նրանից մի բան ուզեք»: Այս կետի վերաբերյալ լուրջ և այժմեական հարց է առաջանում: Հավանաբար իրենց առանձնական աղոթքի մեջ «շատ խոսողներ» չեն մնացել, սակայն նույնը չենք կարող ասել հավաքական աղոթքի համար: Տարակույսից վեր է, որ մեր այժմեական պաշտամունքները չափազանց երկար են: Մեր հանդիսավոր կամ տոնական օրերի ժամերգությունները, ս. Պատարագով միատեղ, երեք կամ չորս ժամից պակաս չեն տևում: Մեծ տոներին հասնում և անցնում են հինգ ժամի սահմանը: Ուրեմն, արդյո՞ք մեր արածն էլ շատախոսություն չէ…

Չաճապարենք, սակայն, դրական կամ ժխտական եզրակացությունների հանգել  և  վճիռներ  արձակել:  Ընդհանուր  մի  ակնարկ  նետենք  խնդրի զանազան երեսներին: Նախ չմոռանանք, որ Հիսուսի նկատողությունն առանձնական աղոթքի մասին  է:  Ընդդեմ  փարիսեցիական  այն  սովորության,  որով  նրանք «պատրվակներով երկարում են աղոթքը», այսինքն՝ Աստծուց զանազան պարգևներ էին խնդրում, որովհետև դրանց պետքն ունեին, որպեսզի դրանք զանազան բարի նպատակների համար գործածեն… Եվ այսպես՝ որովհետևների  և  որպեսզիների  անհատնում  պատրվակներով  ոչ  միայն աղոթքն իր վերջին չէր բերվում, այլ նաև ոգուց պարպվում էր և, ի վերջո, նպատակին չէր ծառայում: Սրանից բացի, պատրվակներով երկարացված այս աղոթքով անուղղակիորեն և անգիտակցաբար Աստծուն անգետի տեղ դնելու ամբարշտությունն էր գործվում, որպես թե Նա լուր չուներ երկրի կամ  աղոթողի  ներաշխարհի  անցուդարձից,  և,  հետևաբար,  փարիսեցին պետք էր զգում դրանք պատճառաբանված բացատրությամբ Աստծուն հիշեցնելու:

Հետևաբար, Հիսուսի դատապարտածը այս դատարկ, եսասեր ու տգետ շատախոսությունն է, որն անպատճառ նույնը չէ ժամերով վերացած ու տարված աղոթելու հետ, ինչը կարող է «հոգով և ճշմարտությամբ» լինել: Պետք է հիշել, որ Հիսուսն էլ, պատահել է, երբեմն ժամերով աղոթել է. «Լեռ  բարձրացավ  աղոթելու  և  ամբողջ  գիշերն  անցկացրեց  Աստծուն աղոթելով» (Ղուկ. 6։12):

Պատահել է նաև, որ երբ Պողոս առաքյալը կատարել է հացի բեկանման պաշտամունքը,  այսինքն՝  առաքելական  ժամանակներին  հատուկ  ս. Պատարագի խորհուրդը, «խոսքը երկարեց մինչև կեսգիշեր», այսինքն՝ պաշտամունքը և նրա խոսքը երկարել են մինչև կեսգիշեր: Այնպես որ, այս երկուսը, այսինքն՝ աղոթքի ընթացքում «շատախոս լինելը» և երկար ժամեր տարված աղոթելը, անպատճառ նույնը չեն:

Մյուս կողմից, մեր ժամերգություններն, առանձին առանձին վերցրած՝ Գիշերային, Առավոտյան, Արևագալի, Երեկոյան և այլն, երկար չեն: Ոչ մեկը մի ժամից ավելի չի տևում, մի քանիսը կես ժամ էլ չեն տևում: Սրանք միասին կատարելն է, որ ժամերգության երկարացման պատճառ է դառնում: Պետք է նաև գիտենալ, որ այս ժամերգությունները ստեղծված են այնպիսի մարդկանց կողմից և այնպիսի մարդկանց համար, ում գրեթե միակ նպատակը «ամեն ժամ»  աղոթելն էր, այսինքն՝ ստեղծված են կրոնավորների կողմից՝ հատկապես կրոնավորների կամ վանականների համար, ովքեր Եկեղեցու աղոթող բերաններն էին: Օրական յոթ կամ ինն անգամ աղոթելու վանական սովորությունը ժամանակի ընթացքում կամաց-կամաց անցավ նաև հասարակ հավատացյալներին, նրանց շրջանում, սակայն, բնականաբար, օրական յոթ կամ ինն անջատ ժամերգությունների կատարումն անհնար եղավ, ուստի դրանք իրար միացվեցին և կազմվեցին այսօրվա բաղադրյալ ժամերգությունները: Բացի սրանից, մեր ժամերգությունները կարգավորվեցին այնպիսի ժամանակահատվածներում և այնպիսի հավատացյալների համար, ում ամենօրյա կյանքում աղոթքը կարևոր տեղ էր գրավում, և ովքեր իրենց առօրյա աշխատանքից ու աղոթքից զատ շատ քիչ բան ունեին անելու և իրենց ժամանակը դրան հատկացնելու: Ժամերով աղոթելը նրանց ոչ միայն տաղտուկ չէր պատճառում, այլ մինչև իսկ հոգեկան պահանջ և վայելք էր:

Ժամանակները փոխվեցին՝ շատ քիչ բան փոխելով հազար կամ ավելի տարիներ  առաջ  կազմավորված  մեր  ժամակարգությունից:  Ներմուծված գլխավոր փոփոխությունը եղավ բազմաձայն գործիքավորված երգեցողությունը, հատկապես ս. Պատարագի, որն ինչքան էլ գրավիչ լինի, մյուս կողմից՝ գրեթե կրկնապատկեց նրա երգեցողության տևողությունը: Ս. Պատարագի միաձայն չափավոր երգեցողությունը մի ժամից ավելի չի տևում: Ուստի, եթե մեր ներկա պաշտամունքի վիճակը, հատկապես կիրակնօրյա հանդիսավոր ժամապաշտությունը, ակնկալվածից ավելի երկար է տևում, և երբեմն այդ պատճառով պահանջված չափով չի ծառայում իր նվիրական նպատակին, մեղավորը ոչ պաշտամունքն է և ոչ էլ այն ստեղծող սրբազան հայրերը, այլ այն ավանդապահներն ու կիրարկողները, ովքեր, նախ, վանքերում զանազան ժամերի կատարվող ժամերգություններն իրար կցելով համադրել և փոխադրել են գյուղերի ու քաղաքների եկեղեցիներ և, երկրորդ, չեն կարողացել կիրարկվող բարդ ու բաղադրյալ ժամերգությունը մի կերպ հաշտեցնել փոխվող ժամանակների հետ: Կաթոլիկ եկեղեցին ստեղծել է կես ժամանոց «լուռ պատարագը»՝ առանց ժամերգության, և դա՝ օրը մի քանի անգամ, որպեսզի ցանկացողն իր ուզած ժամին կարողանա գալ ու ս. Պատարագին  մասնակցելու  իր  առաջնահերթ  կրոնական  պարտականությունը կատարած լինելու ներքին բավարարություն ունենալ: Իսկ բողոքականությունը, մյուս կողմից, իրեն ձերբազատել է «կանոնականացված» պաշտամունքի պարտադրությունից և որդեգրել ազատ աղոթաժողովներ կազմելու կարգը, երբ երգվում են ցանկացած երգերը՝ ցանկացած թվով, ցանկացած ավետարանական հատված կարդացվում է ցանկացած կարճությամբ և քարոզի ցանկացած նյութը ընտրվում ու խոսվում է ցանկացած երկարությամբ: Սրանք հիշելով, չենք ուզում ասել, որ մեկ կամ մյուս կարգը որդեգրենք, քավ լիցի: Այլ մատնանշում ենք այս կամ այն եկեղեցում առկա իրողությունները, երբ ժամանակների պահանջին համաքայլ գնալու բացահայտ միջոցներ են ձեռք առնվել՝ հետևելով ավետարանական այն սկզբունքին, թե «Շաբաթը եղավ մարդու համար և ոչ մարդը՝ շաբաթի»: Այս հարցի մեջ ավելի խորամուխ լինելը մեր նպատակից շեղում կլինի, քանի որ մեր առաջադրանքը լոկ Մեծ պահքի կիրակիների խորհուրդի շուրջ ընդհանուր խորհրդածություններ անելն է: Հարցի կապակցությամբ միայն կարող ենք ասել, որ ամբարշտություն կլինի մեր ժամերգությունները «հեթանոսական շատախոսություն» կոչել: Բայց դրանք այդ վտանգին են ենթարկվում,  եթե  լոկ  մեքենայաբար  ենք  կատարում  և  թութակաբար ասում, առանց մեր միտքը և հոգին ընկերացնելու այն կենսատու ոգուն ու իմաստին, որ կա յուրաքանչյուր աղոթքում և յուրաքանչյուր շարականի գրեթե ամեն տողում:

Ինչպես է պետք  աղոթել

Ավետարանում այս մասին էլ բացահայտ թելադրանքներ կան: Նախ՝ աղոթքը պետք է մարդկանց հետ հաշտված հոգեվիճակով լինի: «Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես, — ասում է Հիսուսը, — և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր»:

«Ընծա մատուցելը» հին հրեաների համար այն էր, ինչ այսօր մեզ համար «ս. Պատարագ մատուցելը» կամ որևէ պաշտամունքի մասնակցելն է: Իացի այս, երբ մեր Տերը «Հայր մեր»-ն է սովորեցնում, հատկապես ծանրանում է նրա «թող մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին» խոսքի վրա: «Եթե դուք մարդկանց ներեք նրանց հանցանքները, — ավելացնում է Հիսուսը, -ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների: Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր հանցանքները»:

Աղոթքը պետք է նաև «հոգով և ճշմարտությամբ կատարել»: Մի անգամ Հիսուսն ասաց. «Աստված Հոգի է և, հետևաբար, Նրան պետք է հոգով ու ճշմարտությամբ պաշտել» : Սա Հիսուսի անմատչելի և անմրցելի խոսքերից մեկն է, որը մի նոր դարաշրջան է բացում կրոնի և պաշտամունքի հասկացության մեջ: Այս խոսքով պաշտամունքը հանկարծ մի նոր և բարձրագույն մակարդակի վրա է դրվում, որին, դժբախտաբար, քչերն են կարող բարձրանալ, ինչպես քչերն են կարող լիովին իրագործել Հիսուսի բարոյական ու ընկերային ուսուցումները:

Հոգին հակադրված է նյութին, երկուսն էլ՝ նյութը և հոգին, իրական են, տարբերությունն այն է, որ մեկը ենթակա է մեր զգայարաններին, իսկ մյուսն ըմբռնելի և հասանելի է մեր բարձրագույն կարողություններով, իմացականությամբ ու երևակայությամբ: Կրոնը կամ աղոթքը, որոնց նպատակը մեր առջև հոգեկան աշխարհի դռները բանալն է, դժբախտաբար, երբեմն կարող են ճիշտ հակառակ դերը կատարել. դառնում են վարագույր մարդու և Աստծո միջև: Կան հավատացյալներ, ովքեր եկեղեցասեր են, հետաքրքրվում են եկեղեցու ծեսերով և լավ գիտեն դրանք, մինչև իսկ սրբագրում են պաշտամունքը կատարողներին, սակայն այնքան են տարված պաշտամունքի տառով և գիտությամբ, որ Աստծո հետ «հոգով ու ճշմարտությամբ» հաղորդակցության մեջ չեն կարող մտնել: Աստվածաբաններ կան, ովքեր այնքան շատ բան գիտեն Աստծո և Քրիստոսի մասին, որ իրենց ամբարած չոր գիտությունը արգելք է դառնում իրական Քրիստոսին և կյանք ունեցող ու կենսատու Աստծուն ճանաչելու: Մարդու պարագայում գործածվելիս «հոգին» նշանակում է նրա բարձրագույն էությունը, մարդու անձը, ինչ էլ այն իրականում լինի: «Հոգով պաշտել», ուրեմն, նշանակում է  պաշտամունքի  ընթացքում  մարդու  բարձրագույն  էության,  այսինքն՝ անձի ներկայությունը: Մարդն անձնապես, այսինքն՝ իր խորագույն գիտակցությամբ, ներկա պետք է լինի պաշտամունքին և, թափանցելով ծեսերի ու արարողությունն երի իմաստի, բառերի և եղանակների միջով, Աստծո ներկայությանը բարձրանա, Ով հատկապես այդ պահին ներկա է աղոթավայրում:  Իսկ  ի՞նչ  է  նշանակում  «ճշմարտությամբ  պաշտել»: Ճշմարտությունը նախ հակադրված է ստին, կեղծին և չեղածին և, հետևաբար, նույնացած «իրականության» հետ՝ իրերի հոգևոր մարզում:

«Ճշմարտությունը» իրերի բարոյական և հոգեկան մարզերում նույնն է: Աղոթքը կամ պաշտամունքը հիմնված պետք է լինի Աստծո «իրականության» վրա, քանզի աղոթքի և պաշտամունքի նպատակը մարդուն աստվածային «իրականության» հետ շփման և հաղորդակցության մեջ դնելն է: Իր վերոհիշյալ վսեմ խոսքը Հիսուսը եզրակացության է բերում. «Աստված այսպիսի պաշտողների է փնտրում»  Ինքն Իրեն նրանց հայտնի դարձնելու համար: Ուրեմն, պարտավոր ենք մեր գերագույն կարողությունները՝ միտքը և հոգին, ի գործ դնել իրագործելու համար աղոթքի գերագույն նպատակը՝ բարձրանալ Նրա «իրական» ներկայությանը, հոգով «զգալի» և ոչ «բարոյական» կամ «խորհրդանշական» ներկայությանը:

Աղոթել հարատև, ամեն ժամ և անձանձրույթ

Այս կետում մտնում ենք այն առակի կալվածքից ներս, որից կիրակին վերցրել է իր անունը:

Մի քաղաքում կար մի դատավոր: Արևելքի գրեթե բոլոր դատավորների նման «ոչ Աստծուց էր վախենում, ոչ մարդկանցից ամաչում»: Նույն քաղաքում կար նաև մի այրի կին, աղքատ՝ Արևելքի բոլոր այրիների նման: Այս կինը զոհ էր գնացել մի անիրավության, ուստի գրեթե ամեն օր գալիս էր դատավորի դուռը՝ վերջինի քարացած խղճմտանքը բախելու: Անօգուտ: Դատավոր ասված աղվեսը գիտեր, որ խեղճ կինը ուտվող հավ չէ. ոչ կարող է կաշառք տալ, ոչ էլ դատարանի «ծախսերը» հոգալ: Սպասավորներին հրամայում էր դուրս նետել նրան: Սակայն կինն ուներ ազդու մի զենք, որով անդադար ռմբակոծում էր դատարանը և դատավորի գլուխը: Դա հարատևությունն էր: Բարեբախտաբար, սա մի զենք է, որը ոչ ոք մարդու ձեռքից չի կարող առնել, եթե ինքն այն չհանձնի, և կինը վճռել էր ձեռքից բաց չթողնել այդ զենքը: Եվ դատավորը, որ լավ գիտեր սովորած կամ ունեցած ողջամտությունն իր անձի օգուտի համար գործածել, ի վերջո, ինքն իրեն ասաց. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից էլ չեմ ամաչում», գոնե օձիքս այս փորձանքից ազատելու համար այրու դատը տեսնեմ, որպեսզի այստեղ գալով՝ իր թախանձ անքներով ինձ տաղտուկ չպատճառի: Եվ առակն այստեղ վերջանում է:

Անգամ ասելն ավելորդ է, որ դատավորն Աստծուն չի ներկայացնում: Առակները կենտրոնական մի պատգամ ունեն, որը տալիս են թափանցիկ ձևով, հետևաբար, պատմության յուրաքանչյուր դերակատարի մեջ կամ դրվագում ինչ-որ իմաստ դնելը նշանակում է մտնել այլաբանական մեկնաբանությունների բավիղները, ինչը, որքան էլ հետաքրքրական կողմեր ունենա, հաճախ կենտրոնական գաղափարը աչքից վրիպեցնելու վտանգին է ծառայում: Դատավորը, նախորդ կիրակիի առակում հիշված տնտեսի նման, «այս աշխարհի որդի» է, ով գիտի իր գործերը անձնական շահերի համաձայն դասավորել: Ըստ այսմ, անիրավ այս դատավորը նախապատվություն տալիս էր «հուսալի» դատերին, որոնցից կարող էր դրամ մտնել նրա գրպանը: Նրա ձեռքում դատավորությունը մի միջոց էր դրամ շահելու և ոչ՝ արդարություն իրականացնելու: Այս առումով անիրավ դատավորը Աստծո հակադիրն է: Այս առակը ցանկանում է ասել, որ եթե Աստծո հակադիրն անգամ ի վերջո զիջեց ինչ-որ այրու թախանձանքներին, Աստված, Ով բարության մարմնացումն է, չի՞ լսի ձեր աղոթքները:

Կյանքի դառը փորձառությունները, սակայն, տարբեր են առակների սփոփարար թելադրանքներից: Տարակույսից վեր է, որ արդարև կան բազմաթիվ երջանիկ հավատացյալներ, ովքեր այս կամ այն ձևով իրենց աղոթքների պատասխանը ստացել են: Սակայն, թերևս չենք սխալվի, եթե ասենք, որ ավելի շատ է թիվը այն աղոթողների, ովքեր անպատասխան են մնացել՝ հակառակ իրենց խնդրանքի արդարության և բարոյական ու հոգևոր օգտակարության (ըստ իրենց անկեղծ համոզումի): Սա կրոնի և աղոթքի ամենադժվար լուծելի խնդիրներից մեկն է. ինչո՞ւ մեր աղոթքները երբեմն չեն «լսվում»: Անշուշտ, հաշվից դուրս են մնում այն «աղոթքները» կամ խնդրանքները, որոնք հաճույքի կամ բախտախաղերում հաջողելու և նման այլ բազմաթիվ անլուրջ նպատակների համար են: Մեր հարցը խորապես և բարոյապես  ընդգրկում  է  մարդկային  ու  հոգեկան  պահանջների  հանդեպ երկնքի երբեմն կարծեցյալ կամ իրական լռությունը:

Առաքյալներից մեկն իրեն հատուկ կտրուկ և մասամբ ստոիկյան պարզությամբ փորձում է այս հարցին պատասխանել. «Խնդրում եք և չեք ստանում, որովհետև չարամտորեն եք խնդրում» (Հակ. 4։3): «Չարամտորեն  խնդրել»  նշանակում  է  Աստծուն  դիմել  չար,  եսասիրական  ու աշխարհիկ նպատակներով: Բնականաբար, չի կարելի դրանց պատասխան սպասել բարի, մարդասեր և հոգի Աստծուց: Բայց ի՞նչ ասել այն աղոթքների մասին, որոնք իսկապես արդար և բարի դատաստանների, հիվանդների համար են, ովքեր կարող էին և պետք է դեռ երկար ապրեին, և, վերջապես, տագնապալի մի կացության մասին, որտեղ դրա հպատակը մաս ու բաժին չունի, այլ միջավայրը և մարդկային չարությունն են, որ այն մեջտեղ են բերել: Ինչպե՞ս կարելի է շարունակել աղոթել, երբ Հոբի վիճակին ես մատնված՝ հարստությունդ փչված է, զավակներդ կորած, բարեկամներդ՝ թշնամի դարձած, առողջությունդ՝ քայքայված, ընտանիքդ՝ քանդված: Այս վիճակում Աստծուն չուրանալը, չմերժելն ու չանիծելն այլևս անցնում է գրեթե գերմարդկային գործերի կարգը:

Հակառակ այս բոլորին, ամբողջ Նոր Կտակարանը ծայրից ծայր հաստատում է աղոթքի մեջ հարատևության անհրաժեշտությունը, մինչև իսկ նեղ և անկարելի նկատված կացություններում: Հիսուսը Գեթսեմանիում աղոթում էր, որպեսզի Իրեն մատուցվող չարչարանքների «բաժակը հեռու անցնի», բայց «բաժակը» չհեռացավ Նրանից: Աղոթում էր, երբ մուրճի հարվածներն իջնում էին խաչին տարածված Նրա ափերը մխրճված գամերի գլխին. «Հայր, ներիր դրանց, որովհետև չգիտեն՝ ինչ են անում»: Երբ ֆիզիկական կյանքը քամվում էր ձեռքերին ու քունքերին բացված արյան աղբյուրներից և մարմնական տառապանքը հասել էր իր գագաթնակետին, աղոթքն է, որ դարձյալ գալիս է Նրա շուրթերին՝ «Ինչո՞ւ թողեցիր ինձ»: Նրա վերջին շունչը հաղթանակն է աղոթքի և Իր կյանքի. «Հայր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին»: Նրա անմիջական հետևորդներից Ստեփանոսը, գլխին տեղացող քարերի տեղատարափի տակ կարողանում էր աղոթել. «Տեր, սա մեղք մի՛ համարիր դրանց»:

Պողոս առաքյալը կարող էր բանտերն աղոթավայրի վերածել: Նույնը Ղևոնդյաններն արեցին իրենց արգելարանի խոնավ խավարում… Երկար է հոգևոր հերոսների շարքը, ովքեր կենսավորված էին Մեծ Կենսատուից, և ովքեր տագնապալի կացությունները դիմավորեցին բարձր ճակատով, լուսեղեն տրամադրությամբ ու աղոթքով: Քանզի նրանց համար աղոթքը լոկ աղերսանք կամ խընդրանք չէր, այլ հաղորդակցության միջոց զորության, ուժի, իմաստության ու հոգևոր կյանքի Աղբյուրի՝ Աստծո հետ, և այդ հարաբերության ուժգնությունը կամ տկարությունը, մշտական կապը կամ խզումը երբեք կախում չունեին նրանց աղոթքների ընդունելի լինելուց կամ մերժվելուց, կամ դրանց ընդունման հապաղելուց:

Աստված  երբեմն  ուշացնում  է  մեր  խնդրանքներին  ընթացք  տալը, որպեսզի ժամանակը մեր մտածումները մաքրի դրանց պարունակած զուտ մարդկային տարրերից, եսասիրությունից, շահասիրությունից ու փառասիրությունից:

Չի՞ պատահել, որ մենք որոշ ժամանակ հետո բոլորովին տարբեր լույսի տակ տեսնենք այն նույն խնդրանքը, որը ստացած չլինելու համար սրտնեղել էինք Աստծուց: Աստված մեր աղոթքներին պատասխանելը հաճախ ուշացնում է, որպեսզի մեր առողջ ու բարի փափագներն ավելի զորանան և արմատ բռնեն մեր մեջ, իսկ անօգուտները և վատառողջները՝ մշուշի նման աղոտանան ու անհայտանան:

Երբեմն էլ ուշացնում է՝ փորձելու համար մեր հարատևությունը և հավատքի ուժգնությունը: Մեր մեջ տոկալու, դիմանալու ու համբերելու սովորություն կերտելն անհրաժեշտ է ուժեղ կամք և հաստատ նկարագիր կազմելու համար: Համբերությունը հավատքի փորձաքարն է: Եվ հավատքն այնքան լայնորեն է տարածվում երկրի վրա, որքան մարդիկ հարատև են Աստծո  հանդեպ  ունեցած  իրենց  վստահության  մեջ՝ հակառակ  բոլոր վհատեցնող կացությունների:

Աստված ուշացնում է մեր աղոթքների կատարումը, որպեսզի, ի վերջո, կարողանանք տեսնել մեր որոշ խնդրանքների անհեթեթ և անհիմն, իսկ որոշների  էլ՝  մեր  իսկ  ձեռքով  իրականանալի  լինելը:  Հոգու,  մտքի  և աշխարհի խաղաղությունը որքան Աստծո պարգևը, նույնքան և ավելի մարդու գործն է: Որքան էլ մեծ փափագով աղոթենք, պատերազմները, սակայն, չեն դադարի, որովհետև դրանք մարդու ստեղծածներն են և մարդկանց ձեռքով էլ կարող են վերանալ: Եթե մարդը կամենա, կարող է: Եվ Աստված մարդու կամքին հակառակ ոչ մի շնորհ չի պարգևում:

Կրքերի և արտաքին բռնությունների դեմ անզոր մարդկությունը պետք է շարունակ բախի Աստծո գութի ու ամենակարողության դռները՝ այդ բռնությունների ու անօրենությունների ձեռքից օրերից մի օր ազատվելու հույսով ու հավատով: Աստված հաճախ միայն «համբերատար է», որպեսզի դիմացի, անարդար կողմն էլ դարձի գա և շտկի իր իսկ ստեղծած թնջուկը, «որովհետև Աստված չի կամենում մեղավորի մահը, այլ նրա՝ չար ճանապարհից ետ դառնալը և ապրելը»: Եվ այս պատճառով Աստված չի պատասխանում մեր աղոթքներին այնքան շուտ ու այն եղանակով, որը մենք ենք փափագում:

Առակի բացահայտ թելադրանքը «չձանձրանալն» է: Եթե անաստված ու անպատկառ դատավորը տեղի է տալիս այրի կնոջ հարատև թախանձանքներին, ապա Աստված, Ով բարության և արդարության մարմնացումն է, ի վերջո, չպիտի՞ լսի Իր ծառաներին, ովքեր գիշեր-ցերեկ Նրան են կանչում: Ուրեմն, մամոնայի, մեզ ընծայված կյանքի, ժամանակի և պատեհությունների բարվոք ու հավատարիմ տնօրինման հետ հարատև և թախանձագին աղոթքը հիմնական պայմաններից է այն հոգեվիճակն ու դիրքը պահելու, որին տիրացել է զղջացող, ապաշխարող և դարձի եկող մարդը: Առակի եզրակացնող մասի վերջին տողը կնքում է այդ կիրակիի խորհուրդը՝ մատնանշելով այն էական պայմանը, առանց որի աղոթքը երբեք իր նպատակին չի կարող ծառայել: Այդ էական պայմանը հավատքն է: Նույն այդ եզրակացնող նախադասությունը մյուս կողմից հաջորդ կիրակիի խորհրդի և անվան վարագույրն է բացում: Եվ այդ եզրափակիչ նախադասությունն է. «Իսկ երբ Մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞»:

Շարական  Դատավորի կիրակիի

Որ պատուիրան ճշմարտութեան աւանդեցեր

Եկեղեցւոյ Քում սրբոյ, Քրիստոս, անսահման

ժամանակաւ աղօթել միշտ առ Աստուած հոգւով և մտօք:

Որ զբան քո օրինաց հաստատեցեր գործով՝

մեզ օրինակ հանելով զգիշերն ի գլուխս յաղօթս

Աստուծոյ բնութեամբ մերով տնօրինաբար,

Որում կրկնի ծունր ամենայն:

Վասն որոյ և մեք պաղատեսցուք առ Քեզ,

Քրիստոս, շնորհեա մեզ յամենայն ժամ լինել քեզ յանդիման

մաքուր աղօթիւք ըստ անմարմնոցն, որ յերկինս:

Աղաչանօք Աստուածածնին՝ անապական

Քում Ծնողին, զիմանալի զաչս սրտից մերոց

բացցես ողորմութեամբ՝ հայիլ ի լոյս Քո, Քրիստոս:

Թարգմանություն.

Ճշմարիտ  պատվիրանն  ավանդեցիր

Եկեղեցուդ,Քրիստոս,  թե  միշտ պետք է անսահման

ժամանակով հոգով և մտքով աղոթել Աստծուն:

Օրենքիդ խոսքը գործովդ հաստատեցիր,

երբ ամբողջ գիշերն Աստծուն աղոթելով անցկացրիր՝

իբրև մեզ օրինակ, երբ հատուկ տնօրինությամբ

մեր բնությունն էիր առել, Որիդ առաջ իջնում են բոլոր ծնկները:

Ուստի, մենք էլ Քեզ ենք պաղատում,

Քրիստո՛ս, շնորհի՛ր, որ ամբողջ ժամանակ

Քեզ մաքուր աղոթքով ներկայանանք՝

երկնքի անմարմին էակների նման:

Աստվածածնի՝ անապական Քո Ծնողի աղաչանքով,

Քո ողորմածությամբ բա՛ց մեր հոգու աչքերը,

Քրիստոս, որպեսզի կարողանանք նայել Քո լույսին:

«ՄԵԾ ՊԱՀՔԻ ԿԻՐԱԿԻՆԵՐԻ ՈՍԿԵ ՇՂԹԱՆ» – Շնորհք արքեպիսկոպոս ԳԱԼՈՒՍՏԵԱՆ

Նախորդ

Քառասնորդական պահքի Ե կիրակի Դատավորի կիրակի

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Աստուա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղաւորիս»:

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Աստուա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղաւորիս»:

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Աստուա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղաւորիս»:

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.