Երվանդ Հովակիմի Շահազիզ (հունվարի 13, 1856, Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն — օգոստոսի 12, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային գրականագետ, պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1944 թվական), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1946 թվական)։
Բանաստեղծ Սմբատ Շահազիզի եղբորորդին։
Կենսագրություն
1870 թվականին ավարտել է Երևանի գավառական դպրոցը, 1879 թվականին՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանը, 1879-1882 թվականներին՝ սովորել ճեմարանի լիցեյում։ 1882-1917 թվականներին՝ ուսուցիչ, տեսչի օգնական, տեսուչ է եղել Նոր Նախիջևանի թեմական դպրոցում, 1918-1921 թվականներին՝ ուսուցիչ Դոնի Ռոստովի աշխատավորական դպրոցում և տեղի հայկական թանգարանի վարիչ։ 1918-1919 թվականներին խմբագրել է (Ռ․ Բերբերյանի հետ) Նոր Նախիջևանի և Դոնի Ռոստովի հայերի «Հայ համայնք» շաբաթաթերթը։ 1922 թվականին հրավիրվել է Երևան, մասնակցել Խորհրդային Հայաստանի կենտրոնական պատմամշակութային թանգարանի ստեղծման աշխատանքներին, նորաստեղծ թանգարանը համալրել Նոր Նախիջևանից բերած արխիվային հարուստ նյութով, թանգարանում աշխատել որպես պատմագրական բաժնի վարիչ։ 1938 թվականից՝ գիտաշխատող գրականության ինստիտուտում (1944 թվականից՝ Մանուկ Աբեղյանի անվան)։
Պատմաբանասիրական բազմաթիվ աշխատությունների հեղինակ է։ Պատմական գործերից արժեքավոր են հայ մեծ հեղափոխական-դեմոկրատ Միքայել Նալբանդյանի կյանքին ու գործունեությանը նվիրված «Միքայել Ղազարյան Նալբանդյանց» (1897 թվական), Նոր Նախիջևանի հայկական գաղթավայրի պատմությանը, ազգային սովորություններին և ավանդույթներին վերաբերող «Նոր-Նախիջևանը և նոր-նախիջեվանցիք» (1903 թվական), «Պատմական պատկերներ» (1903 թվական) ուսումնասիրությունները։ Պատմահնագիտական բնույթ ունի «Հին Երևանը» (1931 թվական) աշխատությունը։ Բանասիրական ուսումնասիրությունները վերաբերում են Խաչատուր Աբովյանին («Դիվան խաչատուր Աբովյանի», 1940-1948 թվականներ), Միքայել Նալբանդյանին («Դիվան Միքայել Նալբանդյանի», 1932 թվական), Ռաֆայել Պատկանյանին, Սմբատ Շահազիզին, Գաբրիել Սունդուկյանին (հրատարակել է նրանց գրական գործունեությանն առնչվող բազմաթիվ փաստաթղթեր, ճշգրտել և վերլուծել դրանք)։ Անտիպ է Շահազիզի «Չերքեզիա կամ Չերքեզիստան և չերքեզահայք» աշխատությունը։
Ստեղծագործություններ
Նոր Նախիջեւանի ուսումնական գործի անցեալը, Նոր Նախիջևան, 1894թ.:
Մկրտիչ Յովսէփեան էմին, Թիֆլիս, 1900թ.:
Նոր Նախիջեւանի Ս. Խաչվանքը, Թիֆլիս, 1901թ.:
Տէր-Գաբրիել Պատկանեանց, Թիֆլիս, 1910թ.:
Պատմական պատկերներ, Թիֆլիս: Տպարան Տ.Մ. Ռօտինեանցի, 1903:
Խորէն արքեպ. Գալֆայեանը եւ Նալբանդեանի աղցմիքը, Թիֆլիս: տպ. Ա. Քութաթելաձեի, 1903:
Հին Յերևանը, Երևան: Տպ. Պետհրատ, 1931:
Նոր-Նախիջեւանը եւ Նոր-Նախիջեւանցիք, Թիֆլիս: Տպարան Կ. Մարտիրոսեանցի, 1903:
Աշտարակի պատմությունը : Հնագիտական-պատմական տեսություն, Երևան: Հայաստան, 1987:
Դիվան Խաչատուր Աբովյանի, Երևան: Արմֆան , 1940:
Շահազիզ Ե., Սմբատ Շահազիզի կենսագրությունը, Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1944:
Դիվան Խաչատուր Աբովյանի, Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1948:
Դիվան Միքայել Նալբանդյանի: [Կյանքն ու գործունեությունը], Երևան: Մելքոնյան ֆոնդի հրատ., 1932:
Խաչատուր Աբովյանի կենսագրությունը, Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1945:
Հին Երևանը, Երևան: Մուղնի, Գասպրինտ, 2003:
Հիշողություններ և դիմաստվերներ: [Հուշեր հայ ականավոր գրողների, արվեստագետների և մշակույթի գործիչների մասին], Շահազիզ, Երվանդ, Սիմոնյան, Պարգևուհի, Հակոբյան, Պիոն Հովսեփի, Մադոյան, Գևորգ Արշակի (ավագ), Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1980:
Նոր Նախիջևանի ուսումնարանական գործի անցեալը, Նոր Նախիջևան: տպ. Ա. Զամինեանի եւ Վահան Քիրլեանի , 1894: