Նախ ուսուցանեց, թե ինչպես պետք է աղոթել, իսկ այժմ նաև աղոթքի խոսքերն է ասում: Իսկ ասելով՝ ձեր աղոթքներում մի եղեք շատախոս (տե՛ս Մտթ. Զ 7), արգելում է [աղոթել] երկրավոր հոգսերի և զբաղումների [մասին] և [ուսուցանում է] այն աղոթքը, որը երկնային է ու հոգևոր:
Հայր մեր, որ երկնքում ես. Երկնքում բնակվելու [մասին] ասում է այն պատճառով, թեպետև [ներկա] է ամբողջ տեսանելի աշխարհում ոչ միայն զորութեամբ, այլ նաև բնությամբ, քանզի աշխարհի պատվականագոյն և հրաշափառագոյն մասն է երկինքը:
Բայց ի՞նչ [ասել է]. Թող սուրբ լինի քո անունը. Միթե՞ հարատև սուրբ չէր. այո, բայց մեր անարժան գործեր անելը, ասում են, պղծում է նրա անունը: Ինչպես ասաց մարգարեն. «Դուք պղծեցիք իմ անունը ազգերի մեջ, ուր մտաք» (Եզեկ. ԼԶ 22): Եվ Տերն ասաց Մովսեսին. Իմ սուրբ անունը ժայռի վրա չարձանագրեք: Իսկ երբ բարի գործեր կատարենք, ասում է, սուրբ է լինում նրա անունը:
Արդ, այդ ասվածը, թե՝ Թող սուրբ լինի քո անունը, ոչ այլ ինչ է նշանակում, եթե ոչ այս, թե՝ թող սուրբ լինեն մեր գործերը, և քո առաջ արդար լինենք:
Նույնը հայտնում է նաև հետևյալ [խոսքում]. Թող գա քո արքայությունը.
Քրիստոս մշտնջենավոր Արքա և Թագավոր էր, բայց ասվում է, թե նա այժմ թագավորում է մեզ, երբ նրա կամքն ենք կատարում: Իսկ ովքեր չեն կատարում նրա պատվիրանները, նրանք չեն գտնվում նրա թագավորության ներքո, այլ լսում են, թե՝ «Հեռացեք ինձանից» (Մտթ. ԻԵ 41), և «Ձեզ չեմ ճանաչում» քանզի նրանց, որ չէր ճանաչում, ինչպե՞ս կարող է թագավորել:
Քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է.
Նրա կամքը կատարվում է երկնավորների՝ սերովբեների քերովբեների, աթոռների, պետությունների, իշխանությունների, հրեշտակապետների և հրեշտակների մոտ, իսկ երկրում միայն նրանք են կատարում նրա կամքը, ովքեր ըստ նրա հրամանի են ընթանում:
Արդ, հրամայում է աղոթել, որպեսզի Հայր Աստծու կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա, որպեսզի երկրայիններս լինենք, ինչպես երկնայինները:
Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր
Ինձ թվում է, թե մեր մարմնի տեսանելի կերակուրի համար չի ասում, որովհետև ինքն ասաց. «Մարդ միայն հացով չի կերակրվում, այլ ամեն տեսակ խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից (Մտթ. Դ 4): Կամ «հաց» ասելով նկատի ունի կենդանի խոսքը, որ իջավ երկնքից. «Ես եմ երկնքից իջած կենաց հացը» (Հովհ. Զ 41): Հրամայում է աղոթել և մեր հոգիները հարատևորեն կերակրել այն հացով:
Ներիր մեր մեղքերը և մենք կներենք նրանց, ովքեր պարտք են մեզ.
Արդ, թող արժանի դառնանք նաև մենք՝ ներելու մեր պարտապաններին, որպեսզի դու և քո Հայրն էլ ներեք (մեր մեղքերը): Քանզի Քրիստոս ինքը բացատրելով այս՝ քիչ անց ասում է. «Իսկ եթե չներեք մարդկանց հանցանքները, ապա երկնավոր Հայրն էլ չի ների ձերը: (Մտթ. Զ 15):
Մի տար մեզ փորձության
Ինչպե՞ս է ինքը տանում փորձության, ինչպես Աբրահամին և Իսահակին: Սակայն ասվում է, թե փորձությունն երկակի է. մեկն՝ Աստծուց է, որ սուրբերի համար է, որպեսզի մարդկանց ցույց տա, թե նրանք ինչպիսին են, որպեսզի այլոց խրատեն իրենց սխրանքով, ինչպես եղավ Հոբի հետ, որին Աստված ասաց. «Արդ, ինչ ավելի մեծ բարիք կա դրանից, որ քո համբերությունը ցույց տվի սատանային և մարդկանց»: Այսպիսի փորձությունը բարի և աստվածային է, իսկ մյուսի [պարագային], որ դժնի մեղքերից և Աստծո խոսքի հանդեպ արհամարհանքից է, [մարդիկ] դուրս են մնում Աստծո խնամքից, այդ պատճառով նրանք բանսարկուից և մարդկանցից փորձության են ենթարկվում տանջանքներով: Հրամայում է այսպիսի փորձության մեջ չընկնել, [այլ] աղոթել և փրկվել չարից՝ աներևույթ թշնամուց և չար գործերից, որոնք կատարվում են ըստ նրա կամքի:
Սրբազան ավանդություն. Աստվածաբանություն/ աշխատասիրությամբ` Հակոբ Քյոսեյանի.- Եր.: «Յունիքիմ» ՍՊԸ, 2015, 175 էջ: