1912-13թթ հայությունը համազգային մասշտաբով նշում էր գրերի գյուտի 1500 եւ հայոց գրատպության 400 ամյակները : Չունենալով ազգային պետություն, հայությունը աներեւակայելի արժանապատվությամբ եւ երախտագիտությամբ էր նշում մեծ տարեդարձները: Արեւմտահայությունը եւ արեւելահայությունը դարձել էին, այսպես ասած, մեկ ամբողջություն, մեկ հայություն, մեկ ազգ: Դա համազգային զարթոնքի շրջան էր : 1912-ը, բառիս բուն իմաստով, վերածնունդի տարի էր նաեւ Թումանյանի համար: 1912թ. մարտի 20-ին Պետերբուրգի դատարանը չապացուցված համարեց նրա մեղքը, այսպես կոչված, «Դաշնակցության գործով» եւ արդարացրեց: Այլապես սպասվում էր Սիբիր, կամ … Ուրեմնՙ ֆիզիկական առումով սա իրապես կարելի է վերածնունդ համարել:
Թումանյանի ազատության լուրը մեծ խանդավառություն առաջացրեց հայկական շրջանակների մեջ եւ մոսկվաբնակ բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանը խնդրեց Թումանյանին մինչեւ Թիֆլիս մեկնելը անցնել Մոսկվաՙ տեղի հայ մտավորականությանը հանդիպելու համար: Թումանյանը չմերժեց: Ավագ որդինՙ Մուշեղը հորից անբաժան էր:
«Իսկապես հայրիկը էստեղ մեծ գործի վրա է… Հայրիկը էս 400-ի տոնին շատ բաներ է մտադիր անել, էստեղ Պետերբուրգի ու Մոսկվայի հայերից ուզում է մի բան սարքել, մի ֆոնդ: Իհարկե, շատ է ոգեւորվել… Ամեն օր մի տեղ են լինումՙ թատրոն, ցուցահանդես, գրական մանկական հանդես, կոնծաբանություն, այցելություններ եւ այլն»: (Մ.Թ ., ապրիլի 5-ին ընտանիքին գրած նամակից) :
Թումանյանը համոզված էր, որ այս փառահեղ առիթները կարող են փոխել հայությանը, նոր որակ հաղորդել նրան, մեկնարկային մի նոր փուլ հանդիսանալ ամբողջ ազգի համար:
«Սրանից էլ լավ դեպք չի կարող լինել, որ մենք էլ ազգովին մի շարժվենք գիտության համար: Ախր շատ ենք անգետ ու կույր-գյուղից մինչեւ քաղաք, հոգեւորական-աշխարհական, գրող ու ընթերցող տգե՜տ, տգե՜տ, ամեն բանից, սկսած մեզնից, մեր պատմությունից, մեր կյանքից…»: (Հոբելյանների առիթով Գալուստ Տեր-Մկրտչյանին գրած նամակից 1912, մայիս 25):
Հավատալով բարեբեր զարթոնքինՙ Հովհ. Թումանյանը նախաձեռնում է գրական մի կառույցի հիմնադրումը: Եվ արդեն 1912-ի հոկտեմբերին Թիֆլիսում պաշտոնապես մեկնարկում է Կովկասի հայոց գրական ընկերության գործունեությունըՙ նախագահությամբ պարոն Հովհ. Թումանյանի:
Կովկասի հայոց գրական ընկերության հիմնադրումից մեկ տարի անց Պոլսում վախճանվում է քաղաքական գործիչ Սիմոն Զավարյանը: Նրա դին Թիֆլիս ուղեկցող թափորի մեջ էր նաեւ Ատոմ Յարճանյան-Սիամանթոն:
Վերջինս առաջին անգամ էր Թիֆլիսում: Սա արեւելահայության համար ճիշտ նույն նշանակության քաղաքն էր, ինչ Կոստանդնուպոլիսըՙ արեւմտահայության: Սիամանթոն ծանոթանում էր քաղաքին, հայության կյանքին, շփվում մտավորականների հետ: Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ Ատոմ Յարճանյանը ընդունվում է Կովկասի հայոց գրական ընկերության շարքերը : Նրան այստեղ առանձնահատուկ կերպով են պատվում :
«…Եվ առանձին հաճույքով ուզում եմ հիշատակել, որ տաճկահայ գրականությանը նվիրված էս երեկույթին ներկա է տաճկահայ գրականության ինքնատիպ ու տաղանդավոր ներկայացուցիչներից մինըՙ մեր ազգային վշտի ու կորովի ուժեղ երգիչը, Պ. Ատոմ Յարճանյան-Սիամանթոն, որին հայտնում եմ մեր սերն ու հարգանքը» : Հ.Թ.
Յարճանյանը այնքան լավ էր իրեն զգում Թիֆլիսում: Հովնանյան դպրոցի քառաձայն երգչախումըՙ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի ղեկավարությամբ, Վահրամ Փափազյանըՙ Դանիել Վարուժանի եւ պատվավոր հյուրի բանաստեղծությունների ընթերցմամբ, Նվարդ Թումանյանի ուղեկցությամբ մեծ դերասանուհի Սիրանույշի հետ հանդիպումները, ընդհանրապես այն ջերմ վերաբերմունքը, որ գտավ նախեւառաջ Կովկասի հայոց գրողների ընկերության ղեկավարի շնորհիվ, անչափ հուզել էին նրան: «Մնացեք Թիֆլիսում» : Սա թերեւս ամենից հաճախ հնչող ցանկություն-առաջարկն էր Սիամանթոյին: Բայց իր փոխարեն նա այստեղ թողեց Թումանյանին ընծայագրված բազմաթիվ գրքերը եւ հստակ որոշեց լքել Թիֆլիսը: Դրա համար նա թե անձնական եւ թե անանձնական պատճառներ ուներ:Այս քաղաքում էր ապրում իր երբեմնի սերըՙ այն աղջիկըՙ Սաթենիկ Ջաղեթյանը, որ թերեւս առաջին անգամ նոր եւ գեղեցիկ զգացողությունների աղբյուր է եղել իր համար: Թիֆլիսը արթնացրեց Սաթենիկի հետ կապված վերհուշըՙ իրենց առաջին հանդիպումը Լոզանի կայարանում, լուսանկարը, որ փաստորեն թռցրել էր աղջկանից եւ պահել իր մոտ որպես թալիսման, օրիորդի նամակները, իր ապաքինվելը, որի մեջ երեւի թե ամենամեծ բաժինը իր սերն էր եւ իրեն սիրված զգալու զորավոր զգացողությունը: Մտքերը նրան մերթ նետում էին Լոզան, մերթ տանում Պոլիս: Սաթենիկից բաժանվելուց վեց-յոթ տարի անց Պոլսում նա գտել էր իր նոր սիրույնՙ պոլսեցի արվեստագետուհի Մաննիկ Պերպերյանին: Եվ հիմա Թիֆլիսում հայտնվել էր գեղեցիկ սեր- հիշողության եւ գեղեցիկ սեր-իրականության միջեւ:
Եվ հանկարծ, տարիների բաժանումից հետո, Թիֆլիսում, կարծեմ Արտիստական թատրոնում, Սիամանթոն հեռվից նկատեց օրիորդ Ջաղեթյանին: Սիրտը մի պահ պոկվեց տեղից: Նա առանց մտածելու մոտեցավ: Ավելի ճիշտ, անգիտակցորեն կամ ինքնաբուխ գնաց աղջկա ուղղությամբ, թեեւ վերջինս մենակ չէր: Հետո պարզվեց, որ ընկերուհուՙ Նվարդիՙ Հովհաննես Թումանյանի դստեր հետ էր:
— Սաթո,- այսպես էր կոչում պոետը Սաթենիկին, — օրիորդը շրջվեց, ճանաչեց իր դիմաց կանգնած տղամարդուն, լայն ժպտաց եւ անմիջապես զգաց նրա հուսախաբությունը:
— Ներեցեք,- մեծ դժվարությամբ արտաբերեց Ատոմը, ես սխալած եմ:
— Այնքան էլ չեք սխալվել, պարոն Յարճանյան, ես Սաթենիկի փոքր քույրն եմ: Հակառակի պես այդ օրը Սաթենիկը թատրոն չէր եկել հիվանդ լինելու պատճառով: Ներկայացումից հետո Սիամանթոն աղջիկներին ուղեկցեց տուն: Ինչ-որ նուրբ եւ հանդարտ տրամադրության մեջ էր նա: Ինչ-որ բան էր կատարվում հետըՙ տաք, աննման, հաճելի եւ նորմալ բան: Արդեն հասել էին տան շեմքին: Ներս մտնելու անկեղծ արված հրավերը Ատոմը մերժեց: Հավանաբար, հոգու խորքում շնորհակալություն հայնտելով Սաթենիկին, որ այդ օրը չէր եկել թատրոն, եւ ներողություն խնդրելով Մաննիկիցՙ իր մարդկային թուլության համար:
Նա հեռացավ Թիֆլիսից, քանի դեռ անազնիվ չէր գտնվել ինքն իր նկատմամբ :
Մի քանի օրով հետաձգեց ճամփորդությունը, քանի որ լսել էր, թե ծովը փոթորկում է: «Սեւ ծովը ալեկոծված է, չեմ ուզեր ճանապարհվիլ, որ ձեր ձուկերը… տաղանդավոր չըլլան» :
Ուր էլ որ ճամփորդեց Ատոմ Յարճանյանը, նրան խնդրեցին մնալ եւ ստեղծագործել այդտեղՙ Թիֆլիսում, ինչը բազմիցս կրկնեց Հովհ. Թումանյանը, Եվրոպայում… հեռու Պոլսից: Երանի՜ թե լսեր:
«Պիտի երթամ. իմիններս հոն են» : 1915թ. մնացել էր շատ քիչ ժամանակ:
Ն. Թուխիկյան-Խաչատրյան, Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն
Աղբյուր՝ ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ — ՄՇԱԿՈՒՅԹ #3, 26-01-2018