«…Աս ինչ անուշ ժողովուրդ կըլլան գորիսցիք…»
1976 թվականն էր: Վիլյամ Սարոյանը գալով Հայաստան, այցելեց նաև Գորիս:
Մեծին վայել և փառահեղ դիմավորում էր կազմակերպվել շրջանի ղեկավարության կողմից:
Աղուհացի սեղանը բացված էր քաղաքի բարձունքում՝ Գորիս մտնող մայրուղու հատվածի «Սըդեղին լիճ» կոչվող տարածքում, որը հատուկ հյուրերի ընդունելության համար ուներ նաև «պանսիոնատ» կոչվող շքեղ շինություն՝ իր ներսի և դրսի գեղեցիկ ձևավորումներով, ծաղիկների և էկզոտիկ կենդանիների արգելանոցների մեջ կորած:
Հայրս էլ կար Սարոյանին դիմավորողների պատվիրակության մեջ: Երբ հորս ծառայողական մեքենան եկել- հասել է կարմիր ժապավեններով քաղաքացիներից առանձնացված տարածք և երբ նրա առջև բացել են ճանապարհը՝ դեպի «Սըդեղին լիճ», հայրս ասել է.
— Էլի՛ մեքենա կա, թողեք, թող անցնի…
Ոստիկանները զարմացած նայել են իրար, իրենք տեղեկացված չեն եղել նոր մեքենայի մուտքի թույլտվության մասին:
Անմիջապես կապվել են շրջկոմի առաջին քարտուղարի հետ և հայտնել, որ արգելված տարածք՝ «պանսիոնատ» է մտնում գարեջրի գործարանի «ավտոբուսը» և որ՝ դիրեկտորն է իր հետ բերել…
Առաջին քարտուղար Արամ Հարությունյանն անակնկալից շփոթվել է, «պանսիոնատից» շտապել է «դեպքի վայր», որտեղ էլ տեսել է հորս տեղում մեխված ծառայողական մեքենան, հետևից էլ՝ տասնյակ մարդկանցով լեփ-լեցուն «ավտոբուսը»:
Սարոյանի ժամանմանը րոպեներ էին մնացել:
Թեժ խոսակցություն է ծավալվել, հայրս չի զիջել, ասելով, որ իր երեք հազար աշխատողից ընդամենը տաս-քսան մարդ է բերել…
— Այ մարդ, հազիվ էի աշխատողներիս պահում, գործարանի դարպասները ջարդում էին…բոլորն էլ ուզում էին իրենց աչքով տեսնել գրողին, համբուրել նրա ձեռքերը…ի՞նչ անեի…հորս, մորս թայ մարդիկ են…
Պարզվեց, «ավտոբուսի» ուղևոր-աշխատողները բոլորն էլ Հայրենական պատերազմում զոհվածների այրիներ էին, նաև՝ մասնակիցներ…
Քարտուղարը դժվար երկընտրանքի առջև է կանգնել, և քանի որ ինքն էլ բնույթով բարի և հումորով մարդ էր, ասել է.
— Բաց թողեք, թող անցնի ավտոբուսը, Բաբաջանյանը որ մտքում մի բան է դնում, դժվար է նրան կանգնեցնելը…
Հաշտվել, իրար ուսի թփթփացնելով, ծիծաղել են…
Բայց հայրս դեռ ասելիք ուներ…
— Արամ Առաքելիչ, էդ մեյմունի կարմիր ժապավեններն ինչի՞ համար են, բացեք, թող ժողովուրդը մոտենա, տեսնի քաղաք մտնող իր գրողին…Այ մարդ, պատմական պահ է, մի անգամ ենք ծնվել, ժողովրդի տեսնելն ա կարևոր, թող ժողովուրդը տեսնի…ի՞նչ ա եղել, հո գել ու գազան չե՞նք…թող տեսնեն էլ, զրուցեն էլ, համբուրեն էլ…հո չե՞ն ուտելու գրողին…Տարել, մի կիլոմետրի վրա ժողովրդին կանգնեցրել եք, առաջը պահել…բա դա մարդկություն է՞….
Քարտուղարը նայել է մեծ հեռավորության վրա ոստիկաններով հսկվող և ժապավեններով տարանջատված բազմությանը, ողջ ճանապարհը բռնած մեքենաների անվերջանալի անշարժ գծին և նորից քրքջալով խփել հորս ուսին.
— Այ մարդ, գնա է….քեզանից պրծում չունենք…
Եվ անմիջապես բարձր կանչել է.
— Թողեք, թող ժողովուրդը մոտ գա, մինչև «պանսիոնատ» թեքվող կետը…
Հորս ծառայողական մեքենայում համբերատար նստած մայրս, որ այս ամենի ականատեսն էր և լավ գիտեր, որ հայրս, միևնույն է, ջարդվո՜ղը չի, տեսել է, թե ինչպես են գրողին դիմավորելու եկած քաղաքացիները հուժկու ալիք տալով, միանգամից հասել մինչև մայրուղու «բուկը»…
Քիչ անց հայտնվել է Սարոյանին բերող սփյուռքայության կոմիտեի՝ Վահագն Դավթյանի ծառայողական ավտոմեքենան՝ իր հայտնի վարորդով՝ Աղասով: Այնուհետ, հետևել է ուղեկցող մեքենաների շքերթը՝ Սերո Խանզադյանն առջևում…
Թե ինչ է կատարվել, ինչպիսի՜ ցնծություն և ոգևորություն է բարձրացել, ինչպե՜ս է ժողովուրդը շրջապատել գրողի ավտոմեքենան, ինչպե՜ս են գրողին գրկել և օդ բարձրացրել, համբուրել և արտասվել…
Դժվար է վերարտադրել ծնողներիս պատմածը…
Մի կին, որ գորիսյան ճախաթթու, ծամերով ավելուկ ու մեղր, բուժիչ խոտաբույսերով լի քսակ էր բերել, շտապում էր բազմությունը ճեղքելով, հասնել գրողին…
Դիմավորող պատվիրակությունն ինքն էլ կորչել է բազմության մեջ…
Աղուհացի արարողությունն էլ վեր է ածվել մի կատարյալ, հանպատրաստի տոնի…
Մարդիկ բառիս բուն իմաստով ծաղկախեղդ են արել գրողին…
Ոչ մեկի ձայնն այլևս չի լսվել…
Սերոն կանգնել է մեքենայի վրա և ձեռքերը թափահարելով, երջանկությունից աղաղակել, որ ժողովուրդը հանդարտվի, որ ինքն ասելիք ունի…
Լսողն ո՞վ էր… Սերոն տանու մարդ էր, ամեն օր նրան կարող էիր հանդիպել քաղաքի փողոցներում… Սերոյի ասածները անգիր գիտեի՜ն…
Բայց երբ Սարոյանը մի կերպ ազատվելով գրկախառնումներից, համբույրներից, ծաղկեփնջերի ծովի մեջ օրորվելով, հուզմունքի և ուրախության արցունքն աչքերին կանգնել է տարածքի ամենաբարձր թմբին և դեռ բառ չասած՝ բազմությունը հետ-հետ է գնացել և մի մարդու պես լռել, քար լռություն է տիրել..
Սարոյանը խոսել է…
— Է… հոս եկա, որ ձեզի բարև մը ըսեմ….ես շատ հպարտ կըլլամ, որ էկած եք, իմ սֆաթ տեսնաք և ինձի ասչափ սիրով կդիմավորեք…
Ափսոս, որ այդ պահին (ինչպես հայրս էր այս դեպքի մասին միշտ պատմելուց՝ ասում…), Սերո Խանզադյանն անսպասելի մոտեցել է գրողին, օգնել նրան՝ իջնելու թմբից, ինքը կանգնել ու սկսել խոսել…
Կես ժամից հյուրերի և պատվիրակության մեքենաների շարասյունը շարժվել է դեպի «պանսիոնատ»:
Նրանց հետ շենքի տարածք է մտել նաև հորս բերած «ավտոբուսը»՝ իր յուրովի պատվիրակությամբ…
Շատ ու շատ մանրամասներ բաց եմ թողնում, ներկայացնելով մի փոքրիկ դրվագ, որը տարիներ շարունակ այնքան շատ է հիշվել և ծիծաղով պատմվել ծնողներիս կողմից, որ անգիր եմ արել:
Երբ արդեն «պանսիոնատում» նստել են հացի մեծ ու ճոխ սեղանի շուրջ, հայրս հայտնվել է ուղիղ Սարոյանի դիմաց, կողքին՝ մայրս, մյուս կողքին՝ իր հետ բերած բանվոր- գարեջրագործների «շքախումբը»…
Երբ քարտուղարը ներկայացրել է հորս, ասելով, որ շրջանի ամենաառաջավոր գործարանի դիրեկտորն է, որ պլանները երեքհարյուր տոկոսով է կատարում, որ հանրապետության փոխանցիկ դրոշը հնարավոր չէ ձեռից առնել և այլն…
Սարոյանը թեքվելով Վահագն Դավթյանի կողմը, հարցրել է.
— Վահագ, ի՞նչ ըսել է բլան…
Բոլորը լսել են և սկսել բարձր ծիծաղել:
Գրողը համբերատար տեղեկանալով, որ դա կատարված գործի ցուցանիշն է, որ այսպես է իմացվում՝ ինչպես և ինչքան են գիշերուզօր աշխատում մարդիկ, Սարոյանն ուշադիր նայել է բարեկազմ, ձիգ փողկապով, անթերի հագնված հորս, կողքին՝ գեղեցկուհի մորս և բամբ ձայնով, ասես ափսոսանքով ասել.
— Է, չեմ հասկնար… այն ատեն աս մարդիկ ե՞րբ կապրին, ե՞րբ հանգիստ կընեն, որ զօր ու գիշեր ասոնք բլան, բլան, բլան կընեն…հաբա ե՞րբ զավագ կունենան…
Բոլորը բարձրաձայն և երկար ծիծաղել են:
Մարդկանց համար շատ զվարճալի էր այդպես բացեբաց ձեռ առնել և տարակուսել պետական պլանների թեմայի շուրջ…
Եվ առաջինը ծիծաղել են հայրս ու մայրս…
Այնուհետ հայրս է մեկ առ մեկ ներկայացրել իր հետ եկած գարեջրագործներին, նշելով Հայրենական պատերազմում զոհվածների այրիներ Փառանձեմ, Արուս, Աստղիկ, Արևհատ …մայրիկների անունները…նաև՝ որը թևից, որը ոտքից, որը աչքից զրկված պատերազմի մասնակիցներին…և որ բոլորն էլ Սարոյանին շատ են սիրում… ծիծաղով էլ ավելացրել.
— Այ մարդ, դու էդ ի՞նչ մարդ ես, հրա՞շք ես, սու՞րբ ես…աշխատողներս ինձանից առաջ են վազել՝ տեսնելու քեզ…
Սարոյանը հորս անկեղծ, ոչ չինովնիկական կաղապարում ասված խոսքից անչափ շոյվել է, լայն ու բարի ժպտացել, բաժակն առել և ոտքի կանգնելով, ասել.
— Ըսիք՝ Պապաճանյա՞ն, դուն պատվական մարդ ես… քուկիդ ճակատը համբուրելու է, որ ասչափ ասոնց լավ կղեկավարիս, ոտ ու ձեռեն տկար, էրիկ չունեցող մեր մայրերուն ասպես կը հավաքիս ու անուշ աչքով կնայիս ասոնց ընտանիքներուն…
Եվ հանկարծ գրողը, որ թվում էր այնքան էլ ուշադիր չէր հորս խոսքերին և կարող էր չմտապահել այրի մայրերի մի քանի անունները, զարմանալի հիշողությամբ իրար հետևից սկսել է թվարկել.
— Փառանձեմ, Արուս, Աստղիկ, Արև…ատոնք բոլորն ալ մեր թագուհիները կըլլան, ասոնց բոլորի համար ոտքի վրա բաժակ կբարձուցիմ և կհամբուրիմ թագուհիների ձեռքեր…Ուրախ կըլլամ, որ աս կիներուն ու աս մարդոցը հետ սեղան եմ նստեր և ասոնց սարքած խմիչք կխմեմ…
Սարոյանը մեծ բաժակը սեղանից վերցնելով, պարզել է Սերոյին.
— Լցրե աս պիվայեն, անուն ի՞նչ կըսեիք՝ չանի պիվա՞ է…
Սերոն Գորիսի հանրահայտ, հանրապետության առաջին մրցանակակիր «չանի պիվան» փրփրացնելով և գլգլացնելով, լցրել է գրողի բաժակի մեջ:
Բոլորը բաժակներն առած՝ սպասել և ուրախ ժպտալով հետևել են այդ հանդիսավոր պահին, մինչև գրողը խմել է փրփրալից գարեջուրը, վերջում էլ՝ բեղերը սրբելով, ասել է.
— Օխ՜այ, աս ինչ անուշ կբուրե, հոտն ալ, համն ալ աղվոր է…
* * *
Հայրս պատմում էր, որ ճաշկերույթի վերջում Սարոյանը քարտուղարին շնորհակալ է եղել գորիսեցիների այդչափ ջերմ ընդունելության համար և հրաժեշտին ասել.
— Է, ձեզմե շնորհակալ եմ, որ ասչափ ինձի պատվեցաք…Պիտի խոստովանիմ ձեզի, որ ժողովուրդ ինձի իր պաչերով կխեղդիր, լավ դուրս պրծա մեջներեն…
Աս ինչ անուշ ժողովուրդ կըլլան գորիսցիք…Ամենն ալ սրտեն կուգար…
Աս օրը պիտի չմոռնամ…
Քարտուղարը աչքի պոչով և թաքուն ժպտալով, հորս է նայել…
Սուսաննա Բաբաջանյան
Աղբյուր՝ Magaghat.am