… նաև դժգոհ օրեր
Յուրաքանչյուր նոր օրից ակնկալում եմ առօրյա ակտիվ աշխատանք: Փորձում եմ օրվա հնարավորինս առավելագույն բաժինը հատկացնել ստեղծագործական գործունեությանս, սակայն երբեմն կենցաղն ու սոցիալական խնդիրները թույլ չեն տալիս: Առհասարակ ստեղծագործական կյանքն ու կենցաղը համատեղելը դժվար է, առավել ևս, երբ ձգտում ես արդյունք քաղել յուրաքանչյուր օրից: Պատահում են օրեր, որ ոչինչ չեմ կարողանում ստանալ և նվիրել ստեղծագործական մտքին: Ինչ-որ խանգարող հանգամանքներ թույլ չեն տալիս, որ բացված օրը հոգիս հարստացնի, և հենց այդ օրերից էլ դժգոհ եմ լինում: Օրինակ՝ ինձ կարող է խանգարել կենցաղային խնդիրներով զբաղվելու պրոցեսը, և ուզած-չուզած մոլբերդի առաջ կանգնելու ու ստեղծագործելու փոխարեն օրս նվիրում եմ մեկ այլ բանի:
Ստեղծագործելու ուժը
Ինձ ափերից հանում է կեղծիքը, սուտը, երևույթների նկատմամբ ոչ արդարացի մոտեցումը: Թեպետ թվարկածս անընդունելի երևույթներից չենք կարող խուսափել, քանի որ դրանք մեր առօրյայի անբաժան մասն են կազմում: Իսկ այս ամենից պաշտպանվելու միակ ուժը ստեղծագործելն է: Առհասարակ ստեղծագործելիս ուղեկցում են տարբեր հուզական ապրումներ՝ ուրախությունից մինչև տխրություն: Ստեղծագործական պահերը հարուստ են տարբեր զգացողություններով: Հոգով մինչև չես ապրում որևէ զգացողություն՝ լավ կամ վատ, չես կարող ստեղծագործել: Ինչպես Պարույր Սևակն է ասում. «Թաթերը մինչև կարգին չգժվեն՝ ձեռք չեն դառնալու»:
Երազած ազատություն
Առհասարակ ազատության ընկալումը խիստ հարաբերական է, մեկի համար երևույթը որակվում է ազատություն, իսկ մյուսի համար՝ ոչ: Ազատությունը նույնպես ունի իր կանոններն ու սահմանները: Ինձ համար ամենացանկալի ազատությունն այն է, որ ես ազատված լինեմ բոլոր տեսակի սոցիալական ու կենցաղային խնդիրներից և անմնացորդ նվիրվեմ ստեղծագործական կյանքին, ինչը, սակայն, հնարավոր չէ մեր օրերում: Իսկ իմ երազած ազատությունը կվայելեի այն դեպքում, երբ մի գեղեցիկ բնության գրկում ունենայի իմ առանձնատունն ու արվեստանոցը: Կերպարվեստն ու երաժշտությունն ինձ համար արքայական արվեստի տեսակներ են:
Կեղծ փիլիսոփայության «գլուծգործոցներ»
Արվեստի մեջ չեմ հանդուրժում այն, որ պրոֆեսիոնալ բազա չունենալով՝ փորձում են <գլուխգործոցներ> ստեղծել: Չեմ ընդունում նաև արվեստի քողի տակ շահարկվող կեղծ փիլիսոփայությունը: Ինձ համար անընդունելի է, երբ ներկը որոշակի հեռավորությունից շաղ են տալիս կտավի վրա և ստացված անհասկանալի պատկերը որոկում արվեստ, այնուհետև փորձում փիլիսոփայական մեկնաբանություներ անել: Դա ինձ համար արվեստ չէ: Նման բան կարող է անել փողոցում հանդիպած ցանկացած մարդ: Արվեստը պետք է ունենա իր ողնաշարն ու կառուցվածքը, ներքին հարստությունն ու գունային ներդաշնակությունը:
Վտանգավոր կետ
Երբեմն թեման ինքն է թելադրում գույների հերթականությունն ու ներդաշնակությունը: Առհասարակ ստեղծագործությունը մի օրգանիզմ է, որում յուրաքանչյուրը շաղկապված են միմյանց հետ՝ թեման, միտքը, գույնը, տրամադրությունը: Եթե կտավի մեջ բացակայում է այդ օրգանական կապը, ուրեմն մակերեսային, կեղծ արվեստ է: Ստեղծագործական տարբեր շրջաններում իշխում են տարբեր գույներ՝ տաք կամ սառը: Օրինակ՝ իմ կյանքում եղել է շրջան, որ իշխել են միայն սառը գույներ: Առհասարակ նույն կետում մնալը վտանգավոր է, պետք է անընդհատ փոփոխությունների ու ինքնակատարելագործման մեջ լինել: Ստեղծագործական միտքն ու թեման պետք է զարգացնել:
Ես ու էլի «Ես»
Ես կարող եմ ծայրահեղությունից ծայրահեղության մեջ ընկնել և այդ երևույթից երբեմն զարմանում եմ ինձ վրա: Որքան էլ շրջապատի հետ զգուշավոր շփվեմ և համբերատար լինեմ, միևնույնն է, ինձ միշտ զգացնել է տալիս ներսումս թաքնված ըմբոստ էակը: Ոչ միշտ եմ հաշտ իմ «Ես»-ի հետ: Շատ հաճախ թույլ տված սխալներիս համար ինքս ինձ հետ վիճում եմ, ինձ փնովում եմ ու միշտ ինքս ինձ հարցնում եմ՝ «ինչ՞ի տենց արեցիր»: Լավ է, որ իմ նկատմամբ խիստ եմ: Ինքնաքննադատությունը հոգու առողջության գրավականն է:
Լավ ու վատ երիտասարդներ
Ներկայիս երիտասարդների մեջ կան և´ լավ որակներ և՝ վատ: Քիչ չեն այն երիտասարդները, ովքեր լուրջ են վերաբերվում խնդիրներին, և դրան զուգահեռ՝ կան երիտասարդներ, ովքեր անտարբեր են կյանքի երևույթների նկատմամբ և աննպատակ ապրում են: Շատերը դարձել են վատ սովորությունների գերին ու կործանում են սեփական կյանքը: Նրանց կողքին ապրում են նաև նպատակասլաց ու առողջ մտածողության տեր երիտասարդներ, ինչը ուրախալի է և հաճելի: Սխալ կլինի ասել, որ շրջապատված ենք միայն լավ կամ միայն վատ երիտասարդներով:
Նորաձևությունը նաև ամոթալի
Մարդու ճաշակը թելադրում է իր բնավորությունը, և այս դեպքում հագուստի մեջ էությու´նը պետք է բարձր լինի, այլ ոչ թե հագուստի գինը: Չպետք է շեշտը դնել հագուստի վրա, այլ պետք է էության հմայքը գերակայի: Ծնողներ կան, ովքեր սխալ պատկերացում ունեն երեխաներին գեղեցիկ հագցնելու հարցում: Նրանք երբեմն իրենց փոքրիկներին հագցնում են այնպիսի զգեստներ, որոնց մեջ երեխայի մանկական հմայքն ու անհատականությունը կորչում է: Իսկ երևույթը ծիծաղելի է ու ամոթալի: Իմ նկարներում ֆիգուրներին նայելիս չես նկատում նրանց հագուստը: Հագուստը ընդհամենը լրացուցիչ տարր է: Պետք չէ, որ զգեստը կլանի կերպարին:
Պետք չէ նորաձևությանը զոհ գնալով՝ ունենալ ծիծաղելի տեսք: Ոչ միշտ են նորաձևության պահանջները համապատասխանում բոլորի անատոմիական կառուցվածքին: Նորաձևության պահանջները բոլորի համար չեն: Երբեմն այդ նույն նորաձևությունը կարող է անձին կործանել: Ոչ թե նորաձևությունն է կարևորը, այլ հագուստը պետք է համապատասխանի էությանն ու մարմնի կենսաբանական կառուցվածքին:
Խառնված սեռեր
Շրջապատող աշխարհը վտանգավոր գույների մեջ է: Երբեմն բացասականը գերազանցում է դրական երևույթին: Մարդկության մեջ բացակայում է առողջ կյանքով ապրելու ձգտումը: Այսօր ոչ միայն երևույթներն են խառնվել իրար, այլև սեռերը: Առավել վտանգավոր է, որ սեռերի խառնվելուն պաշտոնական երանգ են տալիս: Միշտ իմ մեջ ներքին անհանգստություն ու վախ ունեմ, որ մարդկութունը չդառնա վատ երևույթների գերին:
Պատրաստեց Լիանա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Աղբյուր՝ Magaghat.am