Խաչատուր Աբովյանի (1) մասին շատերի պատկերացումները սկսվում ու ավարտվում են «Վերք Հայաստանի» վեպի մեկ նախադասությամբ. «Օրհնվի էն սհաթը, երբ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ…»:
Սակայն քիչ է հայտնի, որ Աբովյանը հարում էր Ներսիսական կուսակցությանը, որը դժգոհ էր հայոց եկեղեցու եւ, առհասարակ, հայերի հանդեպ ցարական Ռուսաստանի քաղաքականությունից:
«Չիրականացան հայ ժողովրդի քաղաքական ակնկալությունները, որոնց համար ռուսները քաղաքական հույսեր էին ներշնչում ռուս-պարսկական եւ ռուս -թուրքական վերջին պատերազմների ժամանակ՝ հայերի աջակցությունը ստանալու նպատակով» (2): Ներսիսականներն ամեն ինչ անում էին Տփղիսում (3) հայոց դպրոցը ռուսական ազդեցությունից դուրս պահելու ուղղությամբ:
Այն, որ Խաչատուր Աբովյանն առաջինն էր, ով Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի (4) գլխավորած արշավախմբի հետ Արարատ լեռան գագաթը բարձրացավ, դպրոցից հիշում են բոլորը: Սակայն դասագրքերում նշված չէ, թե այդ համարձակ քայլն ինչ է արժեցել Խաչատուր Աբովյանին:
«Արցունք, աղոթք եւ պահք»
Ինը տարեկան Աբովյանն Էջմիածնում ուսանում է հինգ տարի: Այդ շրջանի մասին չափազանց քիչ տեղեկություն կա:
Տարիներ անց, գերմանացի բանաստեղծ Ֆրիդրիխ Բոդենշտեդին Էջմիածին առաջնորդելիս, Աբովյանը նրան պատմել է, որ վանքում մեծացել է «արցունքի, աղոթքի ու պահքի մեջ, այնպիսի միջավայրում, որ բթացնում է ամեն ազնիվ բան, որ զարգացնում է անբնական հակումներ»: Աբովյանն ասել է նաեւ, թե վանական կյանքի խստություններին չդիմանալով՝ մի քանի անգամ փորձել է փախչել վանքից, բայց անհաջող (5):
14 տարեկանում Աբովյանն Էջմիածնից տեղափոխվում է Հաղպատ, ապա Թիֆլիս՝ ուսումը շարունակելու:
1824 թ.-ին Թիֆլիսում բացվել էր Ներսիսյան հոգեւոր դպրոցը, որի տեսուչը Մոսկվայից հրավիրված բանաստեղծ Հարություն Ալամդարյանն (6) էր: Ռուսերեն, ֆրանսերեն եւ պարսկերեն լեզուներից բացի՝ սովորեցնում էին հայոց եւ համաշխարհային պատմություն, թվաբանություն, աշխարհագրություն, նկարչություն, տրամաբանություն, քրիստոնեական վարդապետություն, ճարտարախոսություն:
Խաչատուր Աբովյանը
Աբովյանը տեղափոխվում է Ներսիսյան դպրոց: 1826-ին ավարտելով այն՝ ցանկանում էր ուսումը շարունակել Վենետիկում, սակայն ռուս-պարսկական պատերազմը խափանում է նրա ծրագիրը:
Վերադառնում է Էջմիածին, որտեղ կարգվում է կաթողիկոսի թարգման ու գրագիր:
1829 թվականին, Նիկոլայ I կայսեր հավանությամբ, Հայաստան է գալիս Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը՝ Արարատ բարձրանալու մտադրությամբ: Դեռեւս 1811-ին Պարրոտը Կազբեկի գագաթ էր բարձրացել ու այնտեղից նշմարել Արարատը: Պարրոտի արշավախումբը միայն հետաքրքրասիրությունից չէ, որ ցանկանում էր Արարատ բարձրանալ: Ընդլայնվող Ռուսական կայսրությունը գիտական ու ռազմական հետազոտություններ էր անում. տեղեկություններ էին անհրաժեշտ հողերի բերրիության, բնակչության թվաքանակի ու կազմի, բնական հումքի պաշարների մասին: Պարրոտի արշավախումբը թարգմանչի կարիք ուներ: Էջմիածինն ուներ ռուսերենին տիրապետող միայն մեկ թեկնածու՝ Աբովյանը: Նրան էլ հանձնարարվում է շրջել արշավախմբի հետ:
Երբ Պարրոտը հայտնում է Արարատի գագաթ բարձրանալու իր մտադրության մասին, Աբովյանը խնդրում է իրեն եւս տանել: Պարրոտի խնդրանքից հետո միայն, անձամբ կաթողիկոսի համաձայնությամբ, Աբովյանին թույլ տրվեց արշավախմբի հետ բարձրանալ Արարատ:
Որտե՞ղ էր Նոյյան տապանը
Սնոտիապաշտությունն այն աստիճանի տարածված էր, որ մինչ այդ որեւէ մեկի մտքով չէր անցել Արարատ բարձրանալ: Դրա մասին մտածելն իսկ սրբապղծություն ու մեղք էր համարվում:
Սեպտեմբերի 27-ին, երրորդ փորձից հետո միայն, ժամը 15:15-ին, թվով վեց հոգի, հասնում են լեռան գագաթը: Մոտ 45 րոպե են անց կացնում Արարատի գագաթին, Պարրոտը երկրաբանական չափումներ է անում, որոշում լեռան բարձրությունը: Աբովյանը լեռան գագաթին տնկում է իր հետ բերած փայտե խաչը, ապա արշավախումբը բռնում է վերադարձի ճանապարհը: Փորձելով ինչ-որ բան հետը վերցնել եւ ոչինչ չգտնելով՝ Աբովյանը թաշկինակի մեջ մի սառույցի կտոր է փաթաթում, ապա հալվող այդ սառույցի ջուրը լցնում շիշն ու վերցնում իր հետ:
Արարատ լեռը
Լուսանկարը` Ռիչարդ Սոմերի կտավը
Արարատի գագաթը հաղթահարելուց հետո, սակայն, բոլորին տարակուսանքն է պատում, անգամ Պարրոտին. լեռան գագաթին Նոյի տապանը չկար: Բայց ինչպե՛ս էր դա հնարավոր. ժողովուրդը գիտեր, որ ջրհեղեղից հետո այդ տապանն՝ ամբողջական,՝ կանգնած է Արարատի գագաթին: Դրան հավատում էին վերելքի բոլոր մասնակիցներն՝ անխտիր: Բայց այդ դեպքում ու՞ր էր անհետացել տապանը, եւ ինչպե՞ս է, որ ոչ ոք չէր իմացել: Մի՞թե սխալվել են, հավատացել են մի բանի, որը չի եղել: Հատկապես վախեցած ու տարակուսած էին նրանց ուղեկցող շինականներից երկուսը, որոնք մինչեւ գագաթ բարձրացել էին:
Պարրոտը փորձում է առաջ քաշել միակ հնարավոր վարկածը՝ տապանը չի անհետացել, շարունակում է մնալ սարի գագաթին, պարզապես ծածկված է սառույցի հաստ շերտով: Հետեւաբար՝ անտեսանելի է: Այս վարկածն ավելի է սարսափեցնում շինականներին. փաստորեն, իրենք սրբապղծություն են արել՝ կանգնելով տապանի վրա: Դրա պատասխանն էլ Աբովյանն է գտնում, թե՝ իրենք կանգնած են եղել ձյան ու սառույցի վրա, ոչ թե անմիջականորեն տապանի: Հետեւաբար՝ իրենց արածն ամենեւին սրբապղծություն չէ:
«Սրբապիղծը», որը տեսավ այն, ինչ չպիտի տեսներ…
Աբովյանը Պարրոտին հայտնում է ուսումը Դորպատում շարունակելու իր ցանկության մասին, խնդրում օգնել նրան՝ պետական կրթաթոշակով սովորել: Ի դեպ, Պարրոտի արշավախմբին ուղեկցելիս՝ Աբովյանը սովորում է գերմաներեն մի քանի նախադասություն: Մեկ տարի անց նա արդեն տիրապետում էր գերմաներենին այնպես, որ բնագրով կարդում էր գերմանացի փիլիսոփաներին:
Պարրոտի արշավախմբի հետ անցկացրած երկու ամիսներից հետո, ճանապարհելով նրանց Դորպատ, Աբովյանը վերադառնում է Էջմիածին եւ դիմում է ներկայացնում սինոդին՝ թույլ տալ իրեն եւս մեկնել Դորպատ՝ ուսանելու։ Սակայն հոգեւորականները, անգամ կաթողիկոսը, փորձում են ետ պահել նրան այդ «վտանգավոր» մտքից: Նրան սկսում են հալածել նաեւ Արարատի գագաթը բարձրանալու համար: Հոգեւորականները վստահ էին, որ Նոյյան տապանն Արարատի գագաթին է, հետեւաբար այնտեղ ոտք դնելը սրբապղծություն է:
Առասպել կար, թե իբրեւ սուրբ Հակոբը փորձում է բարձրանալ լեռան գագաթ՝ իր աչքով տապանը տեսնելու: Ճանապարհի կեսին, հոգնած քնում է, եւ երազում նրան հրեշտակ է հայտնվում . «Հակո՛բ, Հակո՛բ, Տերը լսեց քո աղերսանքը, ահա քեզ մոտ է տապանի մի մասը վերցրու եւ գնա : Եվ իզուր մի տքնի տեսնելու այն, ինչ Աստծո կամքով, մարդկանց անտես պիտի մնա» (7): Եվ Աբովյանը, որին շատ լավ հայտնի էր այդ պատմությունը, հանդգնել էր ոտք դնել այդ սուրբ վայրը: Կրոնավորների համար դա եկեղեցու դեմ ուղղված հանդուգն քայլ էր, որը պետք է պատժվեր:
Քանի դեռ Պարրոտը Հայաստանում, ոչ ոք չէր համարձակվում Աբովյանի երեսով տալ կատարած «սրբապղծությունը»։
«Արյունոտված սրտով ես կրկին հանդիպեցի Էջմիածնի սեւ պատերին, որոնք ինձ երբեք այնքան սարսափելի չէին թվացել, ինչպես այդ ժամանակ: Ինձ համար աներեւակայելի տանջանքներով անցավ ամբողջ շաբաթը: Համարյա ամեն օր ես կանչվում էի՝ այն ժամանակ դեռեւս հզոր եւ ամբողջ եկեղեցու եւ, նույնիսկ, ազգի վրա անսահմանափակ իշխանություն ունեցող սինոդի սարսափելի դատաստանին: Մեկի հանդիմանությունները, սպառնալիքները, հրահանգները, մյուսի խոստումները՝ այդ օրվանից հինգ տարի անց եպիսկոպոսական աստիճան եւ տեղ տալու վերաբերյալ, ոչինչ, ոչինչ չէր սարսափեցնում, չէր հրապուրում ինձ» (8) :
Սինոդն ամեն ջանք գործադրում էր՝ կանխելու Աբովյանի ՝ Դորպատում ուսումը շարունակելու միտքը: Սինոդը խոստանում է նրան՝ կարգավորել Լազարյան ճեմարանում ուսանելու հարցը՝ առաջարկելով մինչ այդ շարունակել կաթողիկոսի գրագրի ու թարգմանչի աշխատանքը: Աբովյանը հուսադրվում է եւ շարունակում Էջմիածնում կատարել իր աշխատանքը: Սակայն կաթողիկոս Հովհաննես Կարբեցին ծածուկ տեղեկացնում է նրան, որ Սինոդի այդ խոստումը կեղծ էր եւ տրված էր, որ Աբովյանը հրաժարվեր Պարրոտի հետ ուսման մեկնելու մտքից:
«Սարսափելի հուսահատությունը դժոխային ուժով համակեց ինձ»,- գրում է Աբովյանը (9): Նա ներկայանում է սինոդին եւ հայտնում հոգեւոր կոչումը թողնելու իր վճիռը: «Սինոդը միաբանության ցուցակից ջնջելով իմ անունը, նզովք կարդաց՝ օրհնության փոխարեն: Խլեցին իմ բոլոր իրերը՝ մինչեւ վերջին թելը, թողնելով միայն վրայիս հագուստը: Վայ նրան, ով դրանից հետո նույնիսկ համարձակվեր ինձ ողջունել: Մութ գիշերին, առանց մի կոպեկի, դուրս եկա վանքից ու գիշերն անցկացրի փեսայիս տանը՝ Վաղարշապատում» (10):
Հայ մամուլը եւս դատաստան էր պահանջում Աբովյանի դեմ, որը Արարատյան վերելքներով «պղծել» էր ազգային սրբությունները (11): Դրանից հետո բողոքում են Ներսես Աշտարակեցուն, թե Աբովյանը բարոյական անհանդուրժելի նկարագիր ունի եւ ենթակա է Սիբիրի կամ մեկուսացման: Աշտարակեցին ընթացք չի տալիս այդ զրպարտություններին:
Երբ Հայաստանով տարածվում է Աբովյանի՝ Մասիս բարձրանալու լուրը, Աբովյանին ու արշավախմբին մեղադրում են ստախոսության մեջ, անվերջ հարցուփորձի են ենթարկվում գագաթ հասած ակոռեցի շինականներ Մուրադն ու Հովհաննեսը: Նրանց հավաստիացումները, թե ոչ մի տապան չեն տեսել, այնքան բացասական արձագանքի է արժանանում, որ վերջիններս Աբովյանին խնդրում են ինչ-որ ձեւով աջակցել իրենց՝ հակառակ դեպքում ստիպված պիտի հերքեն գագաթ բարձրանալու մասին ճշմարտությունը (12):
Հոգեկան ծանր ապրումների մեջ՝ Աբովյանը վերադառնում է ծնողների տուն: Եվ, ահա, 1830-ի գարնանը ստացվում է Պարրոտի նամակը Աբովյանի անունով.
«Սիրելի՜ բարեկամ, Ձեր վիճակը որոշված է, կատարվել է՝ ինչ ցանկանում էիք: Անհամբեր սպասում եմ Ձեր ուրախ գալստյանը»…
Հ.Գ. Աբովյանի՝ Դորպատում պետական կրթաթոշակով սովորելու թույլտվությունը շատ երկար ճանապարհ է անեցել: Աբովյանը պետք է նախ՝ ստանար կաթողիկոսի համաձայնությունը, ինչը տրվել էր մեծ դժվարությամբ: Սակայն դա էլ բավական չէր: Պարրոտն արել էր անկարելին՝ ստացել էր Դորպատի համալսարանի ռեկտորի, ապա Լուսավորության նախարարի, Կովկասի փոխարքայի եւ, վերջապես, կայսր Նիկոլայ I-ի անմիջական թույլտվությունը: Ի դեպ, կայսրն անձամբ է իր ձեռքով ստորագրել Աբովյանին կրթության հնարավորություն տալու դիմումը:
Լիլիթ Ավագյան
Ծանոթագրություններ
1. Խաչատուր Աբովյան, 1809-1848, հայ գրող, մանկավարժ, արեւելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր:
2. Պիոն Հակոբյան, «Խաչատուր Աբովյան», Երեւան, 1967, էջ 365-366:
3. Տփղիսը Թբիլիսիի հին հայկական անվանումն է:
4. Ֆրիդրիխ Պարրոտ , 1791-1841, բնագետ, բժիշկ, Արարատ բարձրացած առաջին մարդը:
5. Ֆ. Բոդենշտեդ, «Հազար ու մեկ օր Արեւելքում», հ. 11, Բեռլին, 1850, էջ 162:
6. Հարություն Ալամդարյան, 1795-1834, բանաստեղծ, մանկավարժ, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ: Սպանվել է Նոր Նախիջեւանի Սուրբ Խաչ եկեղեցում:
7. Ռուբեն Զարյան, «Աբովյան», Երեւան, 1954 թ., էջ 32:
8. Խ. Աբովյան, ԵԼԺ, Երեւան, 1947-1961, հատոր 7, էջ 134:
9. Նույն տեղում:
10. Նույն տեղում:
11. Պիոն Հակոբյան, «Աբովյանի անհայտացման հին վարկածի նոր «մեկնաբանումը», էջ 69:
12. Խ. Աբովյան, ԵԼԺ, Երեւան, 1947-1961, հ. 7-րդ, էջ 28:
Աղբյուր՝ MediaMax.am