Շատախը զինվում էր և պատրաստվում ինքնապաշտպանության: Զենքերը գնում էին ռուս գործարարներից, և հայ մարտական զինատար խմբերը Պարսկաստանի և քրդաբնակ գյուղերի միջով հասնում էին Վան, այստեղից Շատախ, Մոկս և Ոզմ: Ռուսական երեքգծանի ՄՈՍԻՆ հրացանը՝ 500 փամփուշտով գնահատված էր 15 Օսմանյան ոսկի:
Գավառի ինքնապաշտպանության կոմիտեն Մուրադ պապիս պարտադրել էր 7 տղաների համար գնել 4 հրացան:
Դրանց մեջ կար նաև «Մանիխեր» տիպի ավստրիական մի կարճ հրացան, որը գնահատված էր 20 ոսկի: Մի խոսքով Մուրադ պապիս հարկավոր էր 65 ոսկի: Ով կարող էր օգնել Մուրադ պապիս, եթե ոչ դեռ պատանեկան տարիներից իր հետ եղբայրացած քուրդ Հաջոն: Ի դեպ, անձամբ հիշում եմ Հաջոյին, որն հաճախ մեր տունն էր գալիս և որպես տան տեր նստում էր մեր սրահի կոճղերից մեկի վրա և կանչում մորս. «Զոզան քույրիկ, մի ձվածեղ սարքիր ուտենք»:
Մայրս պատրաստում էր ձվածեղը և մատուցում նրան: Հաջոն խոսում էր նաև հայերեն՝ Շատախի բարբառով:
Հաջոն ուներ չորս արու զավակ, չորսն էլ ամուսնացած: Երբ մենք Հաջոյի տուն հասանք, շարունակում է Զադո հորեղբայրս, Հաջոյի երկու հարսներ, անմիջապես տազերով սառ ջուր բերին, լվացին մեր ոտները և ընթրիքի սեղանի մոտ հրավիրեցին մեզ:
Սովորության համաձայն Հաջոն առաջին օրը հարկ չհամարեց հարցնելու հյուրերի գալու պատճառը: Հաջորդ օրը, նախաճաշից հետո Հաջոն հարցրեց. «Մուրադ աղբեր, որ քամին է բերել քեզ մեր տունը»:
— Աղբեր Հաջո, փող է հարկավոր:
— Ինչքա՞ն:
— Վաթսունհինգ ոսկի:
— Ինչի՞դ է պետք 65 ոսկին, — ասում է Հաջոն զարմացած:
— Զենք պիտի առնեմ, զենք, քէնէ պախեմ, Աստծուց ինչխ պախեմ:
— Հա, խասկցա. զենք առնես, որ քրդին ու թուրքին սպանես:
— Աղբեր Հաջո. նամարդ մարդուն պիտի սպանենք՝ կուզես թուրք լինի, կուզես քուրդ:
Հաջոյին հաճելի թվաց Մուրադի պարզ և անթաքոյց պատասխանը և նա ոսկիներով լի ծանր քսակը դրեց Մուրադի առաջ.
— Վերցրու, — ասաց Հաջոն, — վերցրու ինչքան կուզես, տար զենք գնիր և սպանիր նամարդ մարդուն՝ կուզի թուրք լինի, կուզի քուրդ:
Աղբյուր՝ Hayrik.am