Փախուստ ֆիլմից
Ես միշտ նախանձել եմ այն ռեժիսորներին, որոնք ֆիլմի ավարտից հետո հաճույքով մասնակից են լինում իրենց ստեղծագործության քննարկումներին, հաճույքով վիճում են, հաճույքով պաշտպանվում, հաճույքով հարձակվում և կամ էլ… հաճույքով լռում` սեփական ֆիլմի այս կամ այն գնահատության առթիվ:
Ֆիլմի ստեղծման հետ կապված բոլոր փուլերից ինձ համար ամենածանրը հենց այդ շրջանն է:
Ֆիլմի ավարտից ես մի անկասելի ցանկություն եմ ունենում հեռանալու, փախչելու ֆիլմից, նրա տրամադրությունից, նրա ռիթմից, փախչելու` առանց ետ նայելու, առանց վերլուծությունների, առանց հոգեմաշ արդարացումների, առանց բացատրությւոնների, առանց հաղթողի կամ հաղթվողի կեցվածքի… ցանկություն եմ ունենում թաթախվելու նոր նյութի, նոր տրամադրության, մտքերի նոր ոլորտների մեջ: Սա շատ սուբյեկտիվ զգացում է և, ցավոք, անիրագործելի, քանի որ աշխարհում գոյություն ունի «լռելը համաձայնության նշան է» սպառնալի ասացվածքը, որը հաճախ պարտավորեցնում է չլռել…
Իմ Մելքում պապը
Ինձ թվում է` ամենազարմանալի մարդիկ աշխարհում պապերն են:
Բոլոր պապերը:
Բոլորիս պապերը:
Եվ, իհարկե, զարմանալի էր նաև իմ պապը` իմ Մելքում պապը:
Մելքում Մալյանը…
Իմ խենթ, իմ խռովկան, հեռավոր իմ պապ, դու ղաչաղ չէիր: Ֆիդայի ու հերոս էլ չեղար: Դու ուղղակի խաղաղասեր, տղայամիտ, բոյուբուսաթը տեղը ամուսին ու հայր էիր, և երբ աշխարհում մարդիկ խառնվել էին իրար, չիմացար` ինչ անես, ինչպես անես, որ անվնաս մնա քո շենը, անվնաս մնան քո ընտանիքը, քո կինը, քո որդիները…
Դու երազող էիր, իմ խենթ պապ:
Եվ փորձեցիր օրերից մի օր հարստանալ:
Մեծ գործերի դար էր, և որոշեցիր գործ անել:
Եվ քո հոր ողջ ունեցվածքն ուզեցիր գործի դնել ու Զաքաթալայում` ադրբեջանական գավառական մի փոքրիկ քաղաքում, զավոդ հիմնել:
Օճառի թե մետաքսի մի ֆաբրիկա:
Եվ ընկերացար մի թուրքի հետ:
Այն էլ երբ…
1915 թվականի մայիսին, երբ հայ ու թուրք խառնվել էին իրար…
Ողջ ունեցվածքը քո նախնիների, Նվարդ իմ նանի բերած օժիտն էլ վրան, հանձնեցիր կիսածանոթ մի թուրքի, որը քեզ հետ ֆաբրիկայի կոմպանյոն էր նախատեսվում, հանձնեցիր, որպեսզի նա Զաքաթալայից Բաքու տանի հասցնի բեռնատար մի վագոն լիքը ընկույզ, վաճառի այնտեղ, մի լավ հարստանա և հսկայական մի գումարով վերադառնա իր հայ ընկերակցի մոտ, հալալ կիսի գոյացած գումարը, և գործի դնեք այն` զավոդ թե ֆաբրիկա հիմնելու համար:
Հայ և թուրք:
1915 թվականի մայիս:
Իմ խենթ պապ…
Աղբուր՝ Grqamol.am