(Հիշողություն)
Լրացավ Պետրոս Ադամյանի մահվան քսանհինգամյակը[1]։
Էսօր՝ նրա կյանքը վերապատմելու կամ նրա տաղանդը վեր հանելու ժամանակ՝ ես էլ ուզում եմ էն պատմել, թե երբ ու ինչպես եմ նրան տեսել և ինչ առնչություն եմ ունեցել նրա հետ, թեկուզ և շատ կարճ ու կողմնակի։
Ութսունական թվականներն էին։
Մեր կյանքում ռազմական փողի նման թնդում էին Գամառ-Քաթիպայի ազատ երգերը, վարար գետի նման հոսում էին Րաֆֆու վեպերը անընդհատ ու խորհրդավոր, մամուլի մեջ աջ ու ձախ շառաչալից մտրակում էր Գրիգոր Արծրունին, իսկ Թիֆլիսի թատրոնում զինվորական երաժշտությունը հնչում էր «Զեյթունցիների մարշը», և որոտում էր Ադամյանը։ Հասարակությունը խռնվում էր թատրոնի դռների առաջ, ու փողոցային երեխաները Թիֆլիսի փողոցներում ճչում էին.
— «Օֆելիա՛, մտի՛ր կուսանոց…
— Դեզդեմոնա՛, ու՞ր է թաշկինակը»…
Հայոց լեզուն տիրաբար հաղթանակում էր գրեթե ամբողջովին վրացախոս Թիֆլիսում և մի նոր շունչ էր փչում։
Թիֆլիսի հայության վրա առանձնապես մեծ տպավորություն էր թողել էն չտեսնված ու չլսված հանգամանքը, որ գլխավորապես ռուս գեներալներն ու բարձր շրջանները իրենց ընտանիքներով լցվում էին հայոց թատրոնի օթյակները…
Ես աշակերտ էի։
Ոչ մի կերպ չէի հաշտվում էն ամենի հետ, ինչ որ խոսում էին էս մարդկանց դեմ. մանավանղ խոսում էին Գամառ-Քաթիպայի, Րաֆֆու և Ադամյանի դեմ, Արծրունու մասին միայն թե ասում էին բռնակալ է։
Պատանեկան ասեմ թե երեխայական զայրույթով ծառս էի լինում, վիճում իմ միանգամայն չգիտցած բաների մասին, պաշտպանում էի նրանց և շարունակ երազում էի՝ տեսնել։
Գամառ-Քաթիպային երբեք էլ չտեսա։ Դեպքը բերեց, հենց էդ օրերը, դեռ աշակերտ, եղա Րաֆֆու մոտ, երբ առաջին փռած «Սամվելն» էր գրում ու սրբագրում։ Մի քիչ հետո եղա և Արծրունու խմբագրատանը, մի երկու անեկդոտանման բան էլ տվի թերթի համար։ Բայց ամենից դժարն ու ամենից ծիծաղաշարժը Ադամյանի հետ ծանոթանալս եղավ։ Հեշտ բան չէր էն ժամանակ մի աշակերտի համար՝ Ադամյանին տեսնել բեմի վրա։ Ներսիսյան դպրոցի աշակերտներին արգելված էր թատրոն գնալը։
Թատրոնի վերաբերությամբ անողոքելի խիստ էր մեր վերակացու պարոն Գրիգորը[2]։ Նա թատրոնը համարում էր անբարոյականության վայր և ամեն կերպ աշխատում էր «էս արդար երեխանցը» հեռու պահի էն նզովյալ շինությունից։ Ինքն էլ կյանքում թատրոն չէր գնացել ու չէր գնում։ Տարին մի անգամ, բարեկենդանին էլ, երբ դպրոցից հրամայում էին՝ «Վարդանանց պատերազմի» ներկայացմանը որդեգիրների հետ թատրոն գնա, ստիպված գնում էր, բայց ներկայացման ժամանակ նստում էր երեսը ետ շրջած ու մեջքն արած դեպի բեմը։
Ահա էս ժամանակ, Ադամյանի թունդ ժամանակը, Լոռուց Թիֆլիս եկավ իմ հին ուսուցիչը, Տիգրան Տեր-Դավթյան, որին պարտական են իմ հասակակից գրեթե բոլոր գրագետ լոռեցիները, և իր նախկին աշակերտներից մի քանիսին հավաքեց, թե եկեք ձեզ տանեմ «Համլետ»-ի ներկայացմանը, Ադամյանին տեսեք Համլետի դերում։ Տարավ։ Տեսանք։ Էդ գիշերը ինձ համար եղավ մի կախարդական գիշեր և գրեթե վճռական նշանակություն ունեցավ իմ ամբողջ գրական կյանքում։ Էդ գիշեր ես էնքան սիրեցի Համլետը և հետո էլ Շեքսպիրը, որ մի քանի դրամա գրեցի ու միշտ ոչնչացրի, որովհետև… Շեքսպիրի գրածների նման չէին դուրս եկել։ Սակայն էնքան ուժեղ էր կախարդանքը, որ մինչև օրս էլ ես ինձ դրամատուրգ եմ համարում, քան ուրիշ մի բան։
Էն գիշերից հետո ես գաղտնի ճանապարհով դարձյալ ընկա Ադամյանի ներկայացումներին, և մինչև անգամ մի գիշեր էլ խաղացի նրա հետ։ Էդ խաղը, որ բոլորովին անակնկալ, մի սկանդալ դուրս եկավ ու խեղճ Ադամյանին գրեթե սպանեց բեմի վրա, հենց էդ խաղն էլ պատճառ եղավ, որ ես ծանոթացա նրա հետ։ Էդ էլ էսպես եղավ։ Պոլսից Թիֆլիս էր եկել իր ժամանակին հայտնի դերասան Կյուրեղյանը և, եթե չեմ սխալվում, տիկ. Հրաչյայի հետ «Վարդան Մամիկոնյան» էին խաղալու։ Ահա այդ խաղի մեջ Ադամյանն էլ վերցրել էր Եղիշեի դերը։ Վարդա՛ն Մամիկոնյա՛ն… Եղիշե՛… Ադամյա՛ն… ես էլ Ներսիսյան դպրոցի աշակերտ — վճռեցի՝ տեսնել, ինչ ուզում է լինի, թեկուզ դպրոցից դուրս անեն։ Մի բարի հոգի ինձ սովորեցրեց, թե էնպես մի կարճ ու ապահով ճանապարհ կա, որ համ Ադամյանին կտեսնես, համ Վարդան Մամիկոնյանին, դեռ նրանց հետ էլ կխաղաս ու քեզ էլ դպրոցից դուրս չեն անիլ։
— Ի՞նչպես։
— Թե՝ ներկայացումից առաջ կգնաս բեմի ետևը, կհայտնես, որ ուզում ես զինվոր խաղաս — կընդունեն, շորերդ կփոխեն, բեղեր կշինեն, ու կլինես բեմի վրա. էլ ոչ կճանաչեն, ոչ դուրս կանեն։
Փոխանակ քիչ առաջ գնալու, ես դեռ մի քանի ժամ առաջ գնացի, մինչև իրիկնապահ սպասեցի։ Իրար ետևից եկան, հարցուփորձ արին, վերջապես ինձ ընդունեցին հայոց զինվոր։ Շորերս փոխեցին, տրիկո հագցրին, գույնզգույն լանջապանակ հագցրին, մի ոսկեզօծ կարդոնե սաղավարտ կոխեցին գլուխս, մի փետե սուր կախ արին կողքիցս, սուր ծերը արծաթի գույն թղթով պատած մի նիզակ էլ ձեռս տվին, և արդեն կազմ ու պատրաստ էի մեծ պատերազմի համար։
Էսպես կերպարանափոխված ու զինավառ՝ որ հայելու մեջ ինքս էլ ինձ տեսա՝ լցվեցի գործի լրջության գիտակցությամբ։ Ռուս զինվորներ էին բերել, նրանց հետ տարան մի երկու անգամ բեմի վրա պտտեցինք, փորձ արինք, թե որ կողմից պետք է մտնեինք, ինչ անեինք ու ինչ ասեինք — և ընդամենը ասելիքներս մի քանի բացականչություններ էին — կեցցե՛ Վարդան, կեցցե՛ զորավար, և սրա նման բաներ, նրանից հետո մեռել պիտի խաղայինք, իբրև պատերազմի դաշտում — Ավարայրի դաշտում սպանված հայ զինվորներ։ Ահա հենց էս սպանված զինվորների դերն էր, որ ես չկարողացա կատարեմ ու դուրս եկավ սկանդալ վերջին գործողությանը, վարագույրը բանալուց առաջ մեզ տարան պառկեցրին զանազան տեղեր՝ թե դաշտում, թե լեռնալանջերին, իբրև սպանված ու թափված զինվորներ։ Ես ընկա մի լեռնալանջ։ Բանն էն է, որ էդ լեռնալանջ ասածդ կտավի վրա նկարած լեռներ ու ժայռեր են, ետևից տեղ-տեղ արանք-արանք տախտակներով շինած։ Էդ տախտակների վրա պառկեցինք — իբրև լեռնալանջերին։ Ես էլ, ինչքան կարող էի, պատմական մեծ ողբերգությանը վայել մի դիրք ընդունեցի, սաղավարտս ու նիզակս էլ կողքիս ընկած, տախտակի լենքովը մին պառկեցի։ Բայց էնպես պառկեցի, որ կարողանամ ներքև — դաշտին նայեմ, ուր մի սևացրած արկղի վրա, իբրև ժայռի վրա գալարվելով ու — «Ա՛խ, Հայաստան, Հայաստան» մրմնջալով, մեռնում էր Վարդան Մամիկոնյանը — Կյուրեղյանը։ Նրա մոտ պիտի գային և Վասակի կինը — տիկին Հրաչյան, և վերջապես Եղիշեն — Ադամյանը ծեր Ծառուկի հետ։
Վարագույրը բացվեց։ Առաջին անգամ էի բեմից հասարակություն տեսնում. անհամար գլուխներ ու աչքեր, բոլորը հառած դեպի մեզ։ Բեմի վրա կես մութ է, լուսնյակ գիշեր և խորհրդավոր լռություն, միայն Վարդանն է, որ ոլոր-մոլոր է գալիս ու ցավալի մրմնջում. — «Ա՛խ, Հայաստան, Հայաստան»…
Ահա եկավ Սաթենիկը, մի բաժակ գինի ձեռքին, որ Վարդանի համար է բերում Հայաստանից։
Ոտներս ինձ քաշեցի, սրան ճանապարհ տվի։ Գնաց, ներքև սկսվեցին նրանց փոխադարձ ողջագուրանքները, գուրգուրանքներն ու սրբազան ուխտերը…
Մին էլ հանկարծ թատրոնը թնդաց ծափերից, գլխիս վերև հայտնվեցին Եղիշեն — Ադամյանը ծեր Ծառուկին հենված։
— Ծո՛, ճանապարհ տուր…
Ոտներս դարձյալ ինձ քաշեցի, սա էլ անցավ։
— Վարդա՛ն, իմ Վարդա՛ն, — մրմնջալով Ավարայրի դաշտն իջավ։ Հենց դաշտն իջավ թե չէ, որ պիտի խաղա — սը՛՛սս… հասարակությունը ամեն կողմից սը՛ս արավ ու լռեց, պատրաստվեց։ Էդ ժամանակ ես էլ ուզեցի պատրաստվեմ, որ լավ լսեմ ու տեսնեմ. վիզս որ ծռեցի, թեքեցի դեպի ներքև, անկանոն դիրքի պատճառով՝ թուքս կատիկս թռավ թե ինչ՝ հանկարծ մի հազ բռնեց ինձ։ Ես ցնցվում եմ ամբողջ մարմնով, ինձ հետ շարժվում ու ճռճռում է ամբողջ դեկորացիան, բոլոր տախտակներն ու կտավները — այսինքն բոլոր սարերն ու ժայռերը, և հակառակի նման էն ամենահանդիսավոր րոպեին, թատրոնի խորին լռության մեջ։ Թատրոնում ընդհանուր ծիծաղ բարձրացավ, գալերեան սկսեց աղմկել ու աղաղակել — բրավո… բիզ, կեցցեն հայոց քաջերը…և այլն և այլն։
Խեղճ Ադամյանը մնացել է քարացած, մեջտեղը կանգնած։ Վերջապես հազս դադարեց, ժողովուրդը հանգստացավ, նորից սը՛սս, նորից լռություն։ Ադամյանը մի փոքր էլ սպասեց ու խաղաց։ Գործողությունը վերջացավ։ Վարագույրն իջավ թե չէ՝ ժողովուրդն սկսեց դղրդալի ծափահարություններով Ադամյանին կանչել, իսկ Ադամյանը տեղից թռավ դեպի մեռելները կատաղած գոռալով.
— Ա՛ն ո՞վ էր, ծո՛…, բայց ժամանակ չկա, էնտեղ կանչում են, վարագույրը բարձրացնում են։ Գնաց։ Ես խառնակ դրությունից օգտվելով փախա, զինվորական համազգեստս հանեցի ու փախա դեպի պարտերը։ Ճանապարհին, դեպի բեմի ետևը եկողները հարցնում էին, թե էն ո՞վ էր, որ էնպես հազում էր ու աչքերն էլ բաց ներքև նայում։ Ես մտածեցի, որ էս աչքերի բացն էլ քանի չեն իմացել — շուտով թողնեմ բեմական ասպարեզը, գնամ տուն։
Մյուս օրն էր թե մի երկու օրից հետո, պատմեցին, թե այժմ Ադամյանն էլ բարկացած չի, ծիծաղելով է պատմում էդ դեպքը և հարցնում էր, ուզում էր ինձ տեսնի։ Ես գնացի, զարմանալի սիրով ու քաղաքավարությամբ ընդունեց, մանավանդ երբ իմացավ Ներսիսյան դպրոցի աշակերտ եմ և ինչ պատճառով էի գնացել, իրեն գրքերից մինն էլ նվիրեց ի հիշատակ Վարդանանց պատերազմի ներկայացմանը և իմ կարճատև — բայց աղմկալի բեմական գործունեության։ Նրանից հետո մի քանի անգամ եղա մոտը։
Ինձ թվաց մի շատ քաղաքավարի ու քնքույշ, բայց հիվանդ մարդ, և, չգիտեմ ինչու, մենակ մարդ։ Գուցե էն էր պատճառը, որ հյուրանոցում էր ապրում, չգիտեմ, բայց մենակ մարդ…
Այնուհետև երբ ավելի ու ավելի ծանոթացա նրա կյանքի հետ, նրա տառապանքների հետ, տեսա, թե մեր կյանքում ինչքան է հալածվել և մամուլից, հատկապես «Մշակից», որ նրան ոչ թե տանելի, այլ անտանելի տաղանդ էլ չէր ընդունում և դրա համար կռվի էր մտել ռուսաց «Кавказ» թերթի հետ։ Հալածվել է և մասնավոր մարդկանցից, և երբեմն էլ հալածանքների պատճառը եղել են զանազան կանանց պատմություններ։ Առանձնապես նեղն է ընկել մի ռուս կնոջ պատճառով և մի շատ անախորժ դրությունից ազատվել է միայն իր բարեկամ գնդապետ Մելիք-Հայկազյանի միջամտությամբ։ Եվ հետագայում, ասում եմ, երբ ավելի շատ ծանոթացա էս մենակ ու միշտ օտար մարդու կյանքի հետ, որին ավելի շատ գնահատել ու սիրել են նրանք, որոնց միանգամայն խորթ է եղել ինքը, որոնց նույնիսկ լեզուն չէր հասկանում ինքը, երբ վերահասու եղա, թե ինչ աշխատանքով ու ինչ բարեխղճությամբ է նա իր դերերն ուսումնասիրելիս եղել — և ամսական քանի-քանի դեր խաղալու պայման է կապելիս եղել նրա հետ հայոց թատրոնը պահող մարմինը, և թե նրան ծափահարողները ծափահարել են լոկ արտաքին փայլից շլացած րոպեաբար և լքել են մշտապես, այնուհետև նա դարձավ ինձ համար մի մշտական վիշտ, մի գեղեցիկ վիշտ, մի իսկական Համլետ, որ բարձր ձիրքերով ծնվել էր մի շատ խեղդուկ մթնոլորտում…
Եվ խեղդվեց…
Իննսնական թվականների սկզբներին էր։ Աշխարհահռչակ իտալացի դերասան Ռոսսին եկավ Թիֆլիս։ Էն ժամանակ, ինչքան հիշում եմ, Թիֆլիսում բացի հայոց դերասանական խումբը՝ ուրիշ խումբ չկար։ Հայոց խումբն էլ մեծ մասամբ կազմված էր սիրողներից հանգ «ուցյալ» Գևորգ Չմշկյանի գլխավորությամբ։ Ես էլ էի սիրողների մեջ։ Ռուս անտրեպրենյորը մեզ հրավիրեց Ռոսսուն դիմավորելու։ Եվ ահա մենք, իբրև դերասանական խումբ գնացինք կայարան, Ռոսսուն ընդունեցինք ծաղկեփնջերով ու երաժշտությունով։ Ռոսսին մեզ հրավիրեց իր բոլոր ներկայացումներին։ «Համլետի» ներկայացման գիշերն էր։ Ամբողջ հասարակությունը անհամբեր սպասում էր վարագույրի բացվելուն, որ Ռոսսու Համլետը համեմատի Ադամյանի Համլետի հետ։ Դուրս եկավ Ռոսսին, հսկա դերասանը — Դանիայի դժբախտ ու փիլիսոփա արքայազունը։ Հասարակությունը հափշտակված, շունչն իրեն պահած հետևում էր մեծ ողբերգուին։ Գործողությունը վերջացավ։ Վարագույրն իջավ։ Թատրոնը դղրդաց միահամուռ ու անընդհատ ծափահարությունից։ Ռոսսին ստիպված մի քանի անգամ բեմ դուրս եկավ՝ մինչև որ հասարակությունը հանգստացավ։ Եվ հասարակությունը հանգստացավ թե չէ, նույնիսկ Ռոսսու թարմ խաղի ահագին տպավորության տակ գրեթե միաձայն արձակեց իր վճիռը.
— Սքանչելի է… Բայց Ադամյանին չի հասնիլ։
Ես իմ կյանքում, թերևս երբեք ինձ էնքան հպարտ չեմ զգացել իբրև հայ, ինչպես էն գիշեր։
Բայց, այսուամենայնիվ, չեմ կարող ասել՝ հպարտությո՞ւնս ավելի մեծ եղավ, թե՞ վիշտս…
Նա մեզանում չգնահատվեց, և անպաշտպան, անժամանակ գերեզման իջավ։
1916
1. Ադամյանը մահացել է 1891 թ. հունիսի 3-ին, Կ. Պոլսում։
2. Գրիգոր Տեր-Հարությունյան — Ներսիսյան դպրոցի վերակացու Հ. Թումանյանի աշակերտության տարիներին։