Մի անգամ …
Ավ. Իսահակյանի ուսանողական ընկեր, անվանի գյուղատնտես, իսկ հետագայում գրող-երգիծաբան Աշոտ Աթանեսյանն իր «Թե ինչպես մեզ չհաջողվեց բանաստեղծին գյուղատնտես դարձնել» ուսանողական հուշերում պատմում է, որ մտածելով, թե կկարողանա Իսահակյանին համոզել զբաղվել գյուղատնտեսությամբ` հետագայում իր հայրենի բնաշխարհին` Շիրակին, օգտակար լինելու համար, հրավիրում է նրան Օբերհոլց, ուր Լայպցիգի համալսարանն ուներ մեծ և ընդարձակ գյուղատնտեսական փորձադաշտ, որտեղ ուսանողները կատարում էին հետազոտական աշխատանքներ:
Սակայն երիտասարդ Իսահակյանը հրաժարվում է` պատասխանելով, որ ինքը բանաստեղծ է:
— Ի՞նչ, բանաստե՞ղծ եք, բայց Շիրակին բանաստեղծություն չէ հարկավոր, այլ հաց, — ասաց ընկերս:
— Բանաստեղծությունն էլ հաց է, հոգևոր հաց, — ասաց և շեշտակի նայեց մեզ վրա:
Տարիներ անց, Իսահակյանը, չիմանալով, որ Աթանեսյանը հուշեր է գրել, գրականագետ Արամ Ինճիկյանին պատմել է հետևյալը.
«Օբեր-Հոլցում գյուղատնտեսության ուսանող Աշոտ Աթանեսյանը փորձեր էր կատարում: Մի օր նա ինձ հրավիրեց, որ ես էլ գյուղատնտես դառնամ: Այդտեղ գրեցի «Մաճկալ ես, բեզարած ես…» բանաստեղծությունը: Եվրոպայի գյուղական միջավայրում մերն եմ հիշել, վերապրել…»
Աղբյուր՝ Isahakyanmuseum.am