Նահապետ Ռուսինյան (1819, Կեսարիա, Թուրքիա — 1876, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ գրող, մանկավարժ, ազգային-հասարակական գործիչ։
Կենսագրություն
Ծնվել է Կեսարիա գավառի Էվքերե գյուղում, սովորել է Կեսարիայում, իսկ 1829 թվականից ՝ Կ. Պոլսի Սկյուտար թաղամասի Ս. Կարապետ եկեղեցու վարժարանում։ 1844-1851 թվականներին շարունակել է ուսումը Փարիզի Սորբոնի համալսարանում՝ ստանալով բժշկագիտության դոկտորի աստիճան։ 1849 թվականին, Փարիզում, Ծերենցի գործակցությամբ, ստեղծել է ուսանողական «Արարատյան ընկերությունը», որի խնդիրն էր՝«սատարել Հայաստանի առաջադիմությանը»:
1851 թվականին վերադառնալով Պոլիս՝ ծավալել է մանկավարժական, ազգային-հասարակական լայն գործունեություն՝ մեծ մասնակցություն բերելով արևմտահայոց Ազգային Սահմանադրության մշակման ու հաստատման աշխատանքներին։
1853 թվականին տպագրված «Ուղղղախոսութիւն արդի Հայոց լեզուին» աշխատությամբ պաշտպանել է աշխարհաբարը, փորձել է մշակել դրա քերականությունը: Պոլսի պատրիարքարանի կողմից գիրքն արգելվեց 1854 թվականին:
1863 թվականից պարբերաբար ընտրվել է Ազգային ժողովի երեսփոխան, ղեկավարել նրա նիստերը, հանդես բերելով ազգային հոգսերի համար հանգանակություն կազմակերպելու, աղքատ երեխաներին անվճար պարտադիր կրթություն տալու և այլ կարևոր հարցերի քննարկման նախաձեռնություն:
Կյանքի վերջին տարիներին Ռուսինյանը զբաղվել է փիլիսոփայությամբ: Կայսերական բժշկական ուսումնարանում դասավանդել է փիլիսոփայություն և բժշկական դեոնտոլոգիա:
Ռուսինյանի «Կիլիկիա» բանաստեղծությունը, գրված 1860 թվականին հաստատուն տեղ ունի մեր ժողովրդի հիշողության մեջ, շնորհիվ հայրենասիրական ոգու և անկեղծ ներշնչանքի (դարձել է երգ, երաժշտությունը՝ Գաբրիել Երանյանի)։