1930-36թթ Ավետիք Իսահակյանն ապրել և ստեղծագործել է Ֆրանսիայում: 1930 թվականի գարնանը Իսահակյանը մեկնում է Փարիզ` ընտանիքը, ձեռագրերը բերելու: Նրան թվում էր, թե մեկ տարուց ավել չի մնա Փարիզում, սակայն հանգամանքների բերումով մինչև 1936 թիվը մնում է այնտեղ` դառնալով Հովհ. Թումանյանի հիմնադրած «Հայաստանի օգնության կոմիտեի» /ՀՕԿ/ փարիզյան մասնաճյուղի փոխնախագահը: Իսկ դա նշանակում էր մասնակցել անհամար հավաքույթների, կազմակերպել հանգանակություններ` մոխիրների միջից բարձրացող հայրենիք ուղարկելու համար: Այդ էր պատճառը, որ Փարիզը` աշխարհի այդ շքեղագույն քաղաքն, իր հրապույրներով, փարթամ կյանքով, արվեստներով ու գեղեցկությամբ չէր փարատում փարիզաբնակ բանաստեղծի տրտմությունը:
Թեև գիտեր ֆրանսերեն, գիտեր հասկանալ և գնահատել ֆրանսիական և ընդհանրապես համաշխարհային մշակույթի հին ու նոր արժեքները, ուներ բազում հետաքրքրություններ և զբաղմունք, միևնույն է. բանաստեղծը երազում էր օր առաջ լինել հայրենիքում` իր ժողովրդի և սիրելի ընկերների հետ: Սիրելի′ ընթեցող, հատկապես այս տարիների պատմությունը շատ հարուստ և հետաքրքիր է ներկայացված թանգարանի մշտական ցուցադրության համապատասխան հատվածում: Լուսանկարների, ձեռագրերի, վավերագրերի ու փաստաթղթերի կողքին ցուցադրվում են նաև Իսահակյանների ընտանիքի անձնական իրեր, կենցաղային առարկաներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում այցելուների մոտ: Բանաստեղծի որդին` Վիգեն Իսահակյանն իր «Հայրս» գրքում անչափ հետաքրքիր հուշեր է գրել փարիզյան այդ տարիների ամնոռաց դրվագների մասին, որոնցից մի քանի հատված ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
«Կիրակի է, Քոչարի հետ պիտի գնանք «Մարշե օ պյուս»/«Լվերի շուկան»/, այսպես էր անվանել փարիզեցին իր սիրած հին ու մին իրերի շուկան: Այնտեղ կարող էիր գտնել ինչ կամենայիր… Քայլում, թափառում ենք այս բացօթյա թանգարանում, որտեղ ուղղակի գետնի վրա դրված էին հին թե նոր, անվթար, թե կոտրված զանազան իրեր`կարի մեքենաներ, կահույք, հայելիներ, հին զենքեր, մոմակալներ, արձանիկներ և այլն: Ասում էին, թե մեկն այստեղ գտել է «Ստրադիվարիուս» ջութակ: Բախտ որոնողները շատ էին. նրանց թվում կային և արվեստի հմուտ գիտակներ:
Գնեցինք մի քանի իրեր: Քոչարը հանկարծ քարացած կանգ առավ: Նշմարել էր փոշիների տակ թաքնված մի կտավ: Ներքին զգացողությամբ հասկացել էր, որ սա մի արժեքավոր գործ պիտի լիներ: Անտարբեր, զսպելով իր հուզմունքը, վաճառողից հարցրեց նկարի գինը: Շատ բարձր չէր. անմիջապես, առանց սակարկելու վճարեց ու նկարը թևի տակ դրած` արագ հեռացավ: Նստեցինք մետրո և ուղիղ` Քոչարի արվեստանոցը: Այնտեղ Քոչարը մի հատուկ հեղուկի մեջ թաթախված բամբակով սկսեց կտավը մաքրել… Քոչարը հետաքրքրությամբ որոնում էր հեղինակի ստորագրությունը: Մաքրեց նկարի ցածի աջ կողմը, ոչինչ չկար, փորձեց ձախ կողմը և երևաց «C» տառը, մի քիչ հետո ամբողջությամբ «Կուրբե» ազգանունը: Չի կարող պատահել, մի˚թե նշանավոր նկարիչ Գյուստավ Կուրբեի գործը, Փարիզի 1871թ. կոմունայի հերոսի կտավը: Անգնահատելի գործ էր. մեր հավատը չէր գալիս:
Քոչարը դիմեց փորձագետներին. նրանք հաստատեցին իսկությունը և նաև մեծ արժեքը: Քոչարը Փարիզում այս կտավը կախել էր իր գործերի կողքին և ոչ մի պայմանով չէր համաձայնում վաճառել այն, մինչև անգամ դրամական նեղության դեպքում: Քոչարն այս նկարը բերեց իր հետ Հայաստան: Այսօր այդ կտավը մեր Պետական պատկերասրահի լավագույն գործերից մեկն է»: «Հայրս որոշել էր մի տխուր այցելություն կատարել. տեսնել Կոմիտասին, որն ավելի քան տասը տարի ապրում էր աշխարհից մեկուսացած մի հոգեբուժարանում` «Վիլժույիվ» անունը կրող փարիզյան արվարձաններից մեկում:
Այցելությունը նախաձեռնեց մեր հարևանուհին` օրիորդ Մարգարիտա Բաբայանը` Կոմիտասի երբեմնի աշակերտուհին: Նույն օրը, երեկոյան ընթրիքի պահին, ես խնդրեցի հորս և մորս, որ պատմեն իրենց այցելության մասին: Մայրս հուզված լռում էր: Հայրս պատմեց, որ հեշտությամբ գտան բուժարանը…Գլխավոր բժիշկը ուղեկցել էր նրանց Կոմիտասի սենյակը… Կոմիտասը կանգնած էր լուսամուտի մոտ և նայում էր պարտեզին` հետևելով հիվանդների խաղերին: Շուռ էր եկել, ճանաչել էր հորս և ասել. «Դու˚ ես, Ավետիք, որտե˚ղ էիր, այդ ինչու˚ այդքան ուշացել ես»: Նայել էր Մարգարիտային և նույնը հարցրել:
Մարգարիտան պապանձվել էր, բան չէր կարողացել ասել, լաց էր եղել, համբուրել Կոմիտասի ազնվական ձեռքերը: Իր ձեռքով ասեղնագործած թաշկինակներ էր բերել, դրել Կոմիտասի ծնկներին: Հայրս շատ էր հուզվել, արցունքները չէր կարողացել թաքցնել: Ճանապարհին գնած կարմիր խնձորները դրել էր սեղանին և ասել.
«Կոմիտաս, հիշու˚մ ես Էջմիածինը, լիճը, ամառվա շոգին լողանում էինք…»: Կոմիտասը նայել էր հորս, տխուր ժպտացել, մի քանի քայլ էր արել, մոտեցել էր սեղանին, իր դալուկ մատներով շոյել էր ալ խնձորները և հանկարծ, դառնալով դեպի հորս, մտահոգված հարցրել էր. «Ավետիք, որտե˚ղ են թղթերս, գրվածքներս, որտե˚ղ են, այրվե˚լ են, այրվե՜լ… ամենուրեք կրա՜կ, արյու՜ն …»: Հայրս հուզմունքը հաղթահարելով, ասել էր. «Թղթերդ այնտեղ են` Էջմիածնում, քո սենյակում, դաշնամուրդ էլ այնտեղ է` լավ պահպանված»: Այնտեղ բոլորը քեզ են սպասում …Գարունը կգաս, անպայման կգաս»:
Կոմիտասը թերահավատ լսել էր, միամիտ ժպտացել, կարծես ուրախացել էր : Սակայն մի ակնթարթում ամեն ինչ փոխվել էր, հոգին մռայլվել, դեմքը դարձել էր վշտով լի, ողբերգական, շուռ էր եկել, ճակատը հպել էր փափուկ պատին` ձեռքով նշաններ անելով, որ հեռանան…Հայրս վերջացնում էր խոսքը, երբ դուռը թակեցին:
Մարգարիտան էր, տակավին լաց էր լինում… Բերել էր հետը մի ալբոմ` Կոմիտասի և երգչախմբի դեղնած լուսանկարներով: Պատմում էր այն երջանիկ տարիներից, երբ Կոմիտասը երգչախմբով շրջել էր Եվրոպայով մեկ և ամենուրեք` Վիեննայում, Բեռլինում, Հռոմում, իրենց համերգներով զարմացրել երաժշտական աշխարհին: Կոմիտասն աշխարհի առջև բաց էր արել հայ երաժշտության գանձերը»:
Աղբյուր՝ Isahakyanmuseum.am