Նագարեթ Նահապետի Տաղավարյան (իրական ազգանուն՝ Չատրճյան, դեկտեմբերի 25, 1862, Սեբաստիա — 1915, Մեծ եղեռնի զոհ), հայ հասարակական գործիչ, բնագետ, մանկավարժ, բանասեր, խմբագիր, Օսմանյան խորհդարնի անդամ, Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի անդամ, բժիշկ և գյուղատնտես։
Կենսագրություն
Ծնվել է 1862 թվականի դեկտեմբերի 25-ին, Սեբաստիա քաղաքում, արհեստավորի ընտանիքում (հայրը՝ Նահապեհ Չատրճյան, մայրը՝ Մարիամ Չատրճյան)։ 1869-1878 թվականներին սովորել է Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասի Ամենափրկչյան և Կալաթա թաղամասի ազգային վարժարաններում։ 1878-1879 թվականներին սովորել է Փարիզի գործնական երկրագործության վարժարանում։ 1879-1881 թվականներին սովորել է է Ֆրանսիայի երկրագործական բարձրագույն ուսումնարանում և երկրագործության գյուղատնտես-ինժեների կոչում ստացել։ 1881-1883 թվականներին. հաճախել է նաև Ծառաբուծական և Այգեբանական վարժարաններ։ 1883 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս և աշխատանքի անցել երկրագործության նախարարությունում և նպատակ ունեցել եվրոպական նորագույն մեթոդները ներդնել Օսմանյան կայսրության երկրագործության մեջ։ Կարճ ժամանակ անց թողել է պաշտոնը և Սեբաստիա վերադարձել։ Այստեղ աշխատել է Ազգային վարժարանների տնօրեն, բարեկարգել դրանք, բարեփոխումներ կատարել ուսումնական ծրագրերում։ Ժողովրդին եվրոպական քաղաքակրթությանը հաղորդակից դարձնելու նպատակով, չափահասների լսարան ու կիրակնօրյա կրթարան է հիմնադրել։ Հիմնել է իգական սեռի դաստիարակության հարցերով զբաղվող Հայուհիների ընկերություն և այլն։
Սակայն Սեբաստիայում ցուցաբերած նրա աշխուժությունը, բնական գիտություններ տարածելու ձգտումը հարուցել է տեղի պահպանողական իշխանությունների և հայ հոգևորականների անբարեհաճությունն ու թշնամանքը, ինչի հետևանքով կրկին վերադարձել է Կոստանդնուպոլիս։ 1885-86 թվականներին. աշխատել է Կոստանդնուպոլսի Արամյան վարժարանի տնօրեն և այն կարճ ժամանակում օրինակելի կրթօջախ դարձրել։ 1885-1887 թվականներին. Կոստանդնուպոլսում մասնակցել է հայերեն բնագիտական առաջին հանդեսի՝ «Գիտական շարժումի» հիմնադրմանը և հրատարակմանը։ Եռանդուն կերպով աշխատակցել է Կոստանդնուպոլսի և Փարիզի հայկական ու ֆրանսիական պարբերականներին։ 1885 թվականին, բնագիտական առաջադիմական հայացքների համար Կոստանդնուպոլսի պատրիարքարանի Ազգային խառը ժողովի Կրոնական ժողովը նրան բանադրել է։ 1887 թվականին, խուսափելով հալածանքներից, հրաժարվել է մանկավարժական գործունեությունից և մեկնել Կահիրե, ապա՝ Ֆրանսիա։ 1887-1893 թվականներին ուսանել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետում և, միաժամանակ, Սորբոնի համալսարանի բնագիտական ֆակուլտետում։ Սակայն հիվանդության պատճառով ուսումն ընդհատել է և Սեբաստիա վերադարձել։ 1890 թվականին կրկին մեկնել է Փարիզ և ուսումը շարունակել։ 1891 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի բնագիտական ֆակուլտետը։ 1892 թվականին հընթացս մասնագիտացել է Փարիզի Պաստյորի մանրէաբանության ինստիտուտում։ 1893 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը և բժշկագիտության դոկտորի կոչում ստացել։ 1893 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս և Բերա թաղամասում սեփական բուժարան բացել։
1896 թվականին Տաղավարյանը Կոստանդնուպոլսում հայրենասիրական գործունեության համար ձերբակալվել է ու բանտարկվել։ Չորս ամիս անց, ընդհանուր համաներման շնորհիվ ազատ է արձակվել։ 1897 թվականին Կոստանդնուպոլսի Բերա թաղամասի Ֆրանսիական՝ սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի օժանդակ բժիշկ է նշանակվել, միաժամանակ եղել է Բերայի ազգային վարժարանների հոգաբարձու։ Նորից բանտարկվել է 1900 թվականին և արձակվել Ֆրանսիայի դեսպանության միջնորդությամբ։ Խուսափելով հետագա հալածանքներից՝ 1905 թվականին մեկնել է Եվրոպա, անցել Եգիպտոս և հաստատվել Կահիրեում, որտեղ սկսել է աշխատել որպես բժիշկ, մանկավարժ, մասնակցել Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադրմանը։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է Կոստանդնուպոլիս, ընտրվել խորհրդարանի երեսփոխան (Սեբաստիայից), զբաղվել հողային հարցի նախագծի մշակմամբ։ Տաղաավարյանիը հասարակական եռանդուն գործունեություն է ծավալել հատկապես ազգային կենտրոնական վարչությունում (որի քաղաքական ժողովի անդամ էր 1910-1912 թվականներին) և Կոստանդնուպոլսի քաղաքապետարանում (1912-1913 թթ.)։ 1913 թվականին Կոստանդնուպոլսի քաղաքապետարանի ընդհանուր քննիչ է նշանակվել։ 1914 թվականին ՀԲԸՄ մասնաճյուղեր բացելու նպատակով այցելել է Կովկաս։
Եղերական մահ
1915 թվականի (ապրիլի 11) ապրիլի 24-ին, ի թիվս Կոստանդնուպոլսի 600 ակնառու հայ մտավորականների, ձերբակալվել է և բանտարկվել Կոստանդնուպոլսի կենտրոնական բանտում։ 1915 թվականի ապրիլի 25-ին, ի թիվս բազմաթիվ հայ մտավորականների, գնացքով տեղափոխվել է Այաշի բանտը և մի քանի ամիս այնտեղ մնացել։ Նազարեթ Տաղավարյանն իր մասնագիտական տաղանդը գործադրել է նաև բանտում՝ բուժելով ու խնամելով հիվանդ ու վիրավոր բանտարկյալներին։ Կարճ ժամանակ բանտում մնալուց հետո, 13 այլ մտավորականների հետ Այաշից ուղարկվել է Տիգրանակերտ՝ իբր Պատերազմական ատյանին ներկայանալու համար։ 1915 թվականի հուլիսի 21 կամ 23-ին (կամ սեպտեմբերի 15-ին) Տիգրանակերտ տեղափոխվելու ճանապարհին անասելի չարչարանքների ենթարկվելով, ի թիվս 13 հայ մտավորականների, գազանաբար սպանվել է Տիգրանակերտի ոճրագործ նահանգապետ Ռեշիդի ուղարկած չեթեների հրոսակախմբի ձեռքով, գերմանացի զինվորականների աչքի առաջ։
Գիտական գործունեություն
Եղել է բազմակողմանի զարգացած գիտնական, մի շարք լեզուների տիրապետել։ Տաղավարյանը գրել է բազմաթիվ գիտական աշխատություններ՝ բժշկության, կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, երկրագործության, աստղագիտության, Հայաստանի պատմության ու հայ եկեղեցու, հայ գրերի գյուտի մասին (հրատարակվել են ֆրանսերեն և թուրքերեն լեզուներով)։ Հայերեն և ֆրանսերեն դասախոսություններ կարդացել։ 15 գիտական աշխատություններ, մի քանի տասնյակ բժշկական, պատմագիտական հոդվածներ է հեղինակել։
Անդամակցություն
Ֆրանսիական աստղագիտության ընկերության պատվավոր անդամ (1904):
Երկեր
Տաղարան Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ, 4 հրտ., Երուսաղեմ, 1949: