Այս ահեղ դարը ինքը ինձ ծնեց
Եվ… քանի՜ անգամ կործանել ջանաց,
Բայց — կեցցե՜մ թող ես
Ու թող նա՛ կեցցե —
Չկարողացավ կործանել:
Ջանաց
Իր ա՛յն աչքաբաց բիճերի ձեռքով,
Որ նրա աչքի յուղն էին կերել
Եվ ուզում էին ինձ՝ հարազատիս,
Խորթ ցույց տալ նրան…
Ա՜խ, այդ բիճերը,
Որ ծեր են ծնվել…
Զավա՛կըս,
Հիմա ես նրանց առաջ
Նույնիսկ, ազնի՜վ խոսք, ինձ վատ եմ զգում:
Ինձ վատ եմ զգում,
Որ չարացել եմ ես նրանց վրա,
Որ թշնամի եմ համարել նույնիսկ,
Մինչևիսկ ատել:
Սխալվել եմ ես:
Հիմա նրանցից
Շնորհակալ եմ, անկեղծ եմ ասում:
Շնորհակա՜լ եմ:
Չէ՞ որ ինձ համար
Լավ է, որ նրանք կան ու կլինեն:
Չէ՞ որ հենց նրանց ծերության ֆոնին
Ջահելությունն է շեշտվում-ընդգծվում:
Լավ է, որ կյանքում հաղթել են նրանք:
Լավ է, նույնքան էլ արդարացի է:
Ախար ամեն մեկն ունի իրավունք
Գոնե մի՜ անգամ իր կյանքում հաղթելու:
Հերթը նրանցն է —
Թող հաղթեն այսօր,
Բայց չէ՞ որ վաղը դու ես հաղթելու
Կամ քեզ նմանը:
Եվ ճիշտ են, ճիշտ են բոլո՜րն աշխարհում —
Քսո՛ւն, տխմա՛րը, խե՛ղճը, սրիկա՛ն:
Կյանքում ամե՜ն մարդ,
Կյանքում ամե՜ն ինչ
Ունի իրավունք
Արդարացնելու իր գոյությունը:
Եվ որտեղի՞ց բերք,
Թե պարարտանյութ չպիտի լինի:
Ի՞նչ ապաքինում,
Թե չի եղել ցավ,
Թե ախտ չի եղել:
Ի՞նչ վերածնունդ,
Եթե չի եղել մահացու դադար:
Երջանկությունն էլ չէ՞ որ հենց այն է,
Որ չկար երեկ և այսօր հասավ…
Երբ բարկացած եմ՝
Նրանց վանում եմ,
Բայց ինչպե՞ս պիտի վանվեն ինձանից,
Եթե ես հիմա այնտեղ եմ գնում,
Որտեղ գալու են և բոլոր նրա՛նք —
Իրե՞նց ոտքերով,
Թե՞ որդիների, թոռան ոտքերով,
Մի՞թե նույնը չէ:
Գնում եմ —
Հպա՛րտ
Եվ ինքնավստա՜հ,
Սակայն կա մի տեղ,
Որտեղ — քա՛ջ գիտեմ —
Խեղճանալու եմ ես ինքըս մի օր,
Հենց որ քո գլխին ինձ դարձնեն մահակ,
Խեղճանալու եմ —
Եվ ո՜ւր էր գոնե ուժեղի կողմից:
Խեղճանալու եմ… խեղճերի ձեռքով:
Եվ գիտե՞ս՝ ինչպե՛ս:
Ուժեղին հետո մահակ են սարքում:
Ուժեղն ի՞նչ անի — խեղճերն են սարքում:
Մահակ են սարքում՝ ուժեղի գխին,
Բայց այն ուժեղի, որ նոր է եկել:
Դու, հարազա՜տըս, որ գալու ես դեռ,
Պաշտպանի՛ր հորըդ,
Որ չխեղճանա խեղճերի կողմից:
Եվ դա կարող ես անել շա՛տ դյուրին:
Հենց որ ինձանից խարազան շինեն՝
Մեջք ու թիկունքիդ,
Հենց որ քո գլխին ինձ դարձնեն մահակ,
Հենց որ խուփ դարձնեն քո բերնին,
Գիտցի՛ր,
Որ դո՜ւ ես կյանքում իմ հարազատը,
Որ իմը դո՛ւ ես,
Հենց դո՛ւ ես ու կաս,
Ու եթե հայրըդ ապրելիս լիներ,
Կյանքում կլիներ քեզ հետ միասին՝
Ընդդեմ խեղճերի,
Որ իմ անունով
Հիմա ջանում են բերանըդ փակել:
Դու ինձ խեղճերից պաշտպանի՜ր, տղա՛ս,
Պաշտպանիր դու ինձ՝
Ինձ չկրկնելով
Եվ չքայլելով իմ հետքով ծանոթ,
Ինձ — եթե կուզես — ժխտելո՜վ անգամ:
Ինձ չկրկնելով — և միայն այդպե՛ս,
Կխոսես դու իմ հարազատ ձայնով:
Սեփական շավիղ բացելով միայն
Բանուկ կպահես իմ բացած ուղին:
Եվ ինձ ժխտելով՝
Ինձ կհաստատես:
Եթե ուզում ես հորըդ հասկանալ
Ու լինել նրա հարազատ որդին՝
Մոռացի՛ր ընդմիշտ,
Թե կա քերթություն,
Թե կա դպրություն,
Գրականություն:
Կա կյա՜նք,
Կա լեզո՜ւ,
Եվ պիտի, տղա՛ս,
Նաև խոսելու ցանկություն լինի,
Բայց մի ցանկությո՛ւն,
Որ անխուսափ է՝
Ջուր խմելու պես,
Անառարկելի՝
Որպես հրաման,
Անխուսափելի՝
Ինչպես լինում է
Մազի բուսնումը,
Աճը եղունգի:
Այն, ինչ կոչվում է գրականություն,
Դեսպանատո՜ւն չէ,
Որ զգա՛ս — խորհե՛ս — մտածե՛ս մի բան
Եվ այլ բան ասես:
Իսկ դու դեսպա՛ն չես,
Այլ պատգամավո՜ր:
Ու եթե նույնիսկ դեսպա՛ն ես՝
Ապա
Դեսպան ես… կյանքի՜ —
Որքան այսօրվա,
Առավել վաղվա՜…
Եթե ուզում ես հասկանալ դու ինձ՝
Ներս մտիր անտառ և ականջ արա:
Որքա՜ն ձայներ կան՝ բոլո՜րը տարբեր:
Եվ բազմահազար ձայնատերերից
Նույնիսկ գեթ մեկին բնավ չի տանջում
Ինչպե՛ս ձայնելը —
Նրանք կարող են լոկ այսպես ձայնել,
Եվ ոչ այլապես…
Գիտե՛մ՝
Ես էլ եմ գնալու շուտով,
Ուր որ է, այո, գնալու եմ ես,
Բայց չե՜մ կորչելու:
Դառնալու եմ ձեր… առողջությունը:
19.XII.1959թ.
Թիֆլիս