Արամ Տիգրանի Ղանալանյան (1909 փետրվարի 12-ին, Ախալցխա — 1983, հունիսի 9, Երևան), հայագետ, բանագետ-բանասեր: Բանասիրական գիտությունների դոկտոր (1970): ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1965 թ.), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1977 թ.)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967 թ.)։
Հովհաննես Ղանալանյանի եղբայրը:
Կենսագրություն
Արամ Ղանալանյանը ծնվել է 1909 թվականի փետրվարի 12-ին Ախալցխայում, մահացել 1983 թվականին Երևանում։ Սովորել է Ախալցխայում, ապա ուսումը շարունակել Թիֆլիսի 72-րդ միջնակարգ դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Երևան։ 1927 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը՝ աշակերտելով Մանուկ Աբեղյանին, Հրաչյա Աճառյանին, Գրիգոր Ղափանցյանին, Արսեն Տերտերյանին։
1931-1933 թթ. դասավանդել է Երևանի հանրակրթական դպրոցներում։ 1932 թվականին իր համալսարանական դասախոս Ցոլակ Խանզադյանի հանձնարարականով և Կ. Մելիք-Օհանջանյանի օժանդակությամբ աշխատանքի է ընդունվում Հայաստանի նյութական մշակույթի պատմության ինստիտուտ և սկիզբ դնում իր գիտահետազոտական գործունեությանը։ 1937-1941 թթ. դասախոսել է ԵՊՀ-ում և 1934-1951 թթ.՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում։ 1932-1938 թթ. եղել է ՀԽՍՀ մշակույթի պատմության, ինչպես նաև պատմության և գրականության ինստիտուտների կրտսեր գիտաշխատող, 1938-1939 թթ.՝ ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի լեզվի և գրականության ինստիտուտի բաժնի վարիչ, 1941-1943 թթ.՝ ավագ գիտաշխատող, 1943-1960 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ժողովրդական բանահյուսության բաժնի վարիչ, 1960-1983 թթ.՝ ավագ գիտաշխատող։
1941 թվականին պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն ( «Աբովյանը և ժողովրդական բանահյուսությունը» ), 1970 թվականին՝ դոկտորական ատենախոսություն ( «Հայ ժողովրդական ավանդությունները» )։ Իր գիտական ծանրակշիռ վաստակի համար Ա. Ղանալանյանը 1965 թվականին ընտրվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 1977 թվականին՝ ակադեմիկոս։ Եղել է «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագրի տեղակալ։
1967 թվականին Արամ Ղանալանյանին շնորհվել է գիտության վաստակավոր գործչի պատվանուն, 1951 թվականին պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Արամ Ղանալանյանը երկար տարիներ եղել է Մ. Աբեղյանի անվան գրականության, ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտների, Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհուրդների անդամ, գրականության ինստիտուտի դոկտորական աստիճաններ շնորհող մասնագիտացված գիտխորհրդի նախագահի տեղակալ և մինչև իր կյանքի ավարտը «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագրի տեղակալն էր։ Վախճանվել է Երևանում, 1983 թվականի հունիսի 9-ին։
Հեղինակած աշխատանքները
«Հայ շինականի աշխատանքի երգերը» (1937 թ.)
«Պռոշյանը և ժողովրդական բանահյուսությունը» (1938 թ.)
«Նմուշներ հայկական հակակրոնական ֆոլկլորից» (1938 թ.)
«Սասունցի Դավիթ, Հայ ժողովրդական վեպ», «Սասունցի Դավթի» պատմիչների կյանքն ու գործունեությունը» (1939 թ.)
«Աբովյանը և ժողովրդական բանահյուսությունը» (1941 թ.)
«Հայ ժողովրդական հերոսապատումները» (1942 թ.)
«Թշնամու կերպարը հայկական հին բանահյուսության մեջ» (1943 թ.)
«Հայ քաջորդիներ» (1943 թ.)
«Հայկական առածանի» (1951 թ.)
«Ավ. Իսահակյանի ստեղծագործության ժողովրդական ակունքները» (1955 թ.)
«Մ. Նալբանդյանը և ժողովրդական բանահյուսությունը» (1959 թ.)
Առածանի (1960 թ.)
«Սայաթ-Նովայի ստեղծագործության ժողովրդական ակունքները» (1963 թ.)
«Թումանյանը և ժողովրդական բանահյուսությունը» (1964 թ.)
«Ավանդապատում» (1969 թ.)
«Հայ գրականությունը և բանահյուսությունը» (1986 թ.)