Ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանն (1929-1990) ուրույն տեղ է զբաղեցնում հայ կինոյի պատմության մեջ: Նրա ձեռագիրն արտասովոր էր, նա ուրիշ հայացքով էր նայում իրականությանն ու իր ժամանակին, տարբերվում էր իր ֆիլմերով ու հերոսներով, որոնք ուրիշ վարքագիծ ու մտածելակերպ էին կրում:
Նրա մուտքը կինո դժվարացնում էր նաև այն հանգամանքը, որ բանասիրական կրթություն ուներ: Այս առումով նրան զգալիորեն աջակցել է Անդրեյ Տարկովսկին: Բանն այն է, որ 1964-66 թթ. Հովհաննիսյանը փորձաշրջան է անցել «Մոսֆիլմ» կինոստուդիայում և որպես փորձնակ ռեժիսոր` մասնակցել է «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմի նկարահանումներին: Տարկովսկին, նկատելով ու գնահատելով Հովհաննիսյանի կինեմատոգրաֆիկ ձիրքը և հասկանալով, որ իր հեղինակության շնորհիվ կարող է աջակցել նրան ֆիլմ նկարելու հնարավորություն ստանալու հարցում, նրա անունը նշել է իր ֆիլմի լուսագրերում, իսկ մի քանի տարի անց հանդես է եկել որպես ռեժիսորի առաջին լիամետրաժ ֆիլմի` «Հնձանի» (1973) գեղարվեստական ղեկավար: Դրանից առաջ` 1969-ին, Բագրատ Հովհաննիսյանը նկարել էր «Աղքատի պատիվը» կարճամետրաժը ըստ Թումանյանի համանուն պատմվածքի:

Պատերազմական ժամանակների կյանքի մասին պատմող հիրավի առանձնահատուկ ֆիլմ է Բագրատ Հովհաննիսյանի բեմադրած «Հնձանը» կինոնկարը արձակագիր Ռուբեն Հովսեփյանի սցենարով: Ամեն առումով շատ հասուն այս աշխատանքում արդեն երևում է, թե ռեժիսորն ինչ ճիշտ ընտրություն էր անում և ինչպես գիտեր աշխատել դերասանների հետ: Այսպիսով, փոքրիկ տղան (Արա Իսահակյան) ոչ մի կերպ չի հավատում, որ իր հայրը զոհվել է, և ամեն օր վազում է կայարան: Բոլորի համար դա անհասկանալի է, նույնիսկ ծիծաղելի, բայց հայրը (Հակոբ Ազիզյան) իրոք որ վերադառնում է: Սակայն կինը (Ալլա Թումանյան) նրան չի սպասել, ամուսնացել է ուրիշի հետ, և տղան ապրում է ռազմաճակատում ոտքը կորցրած քեռու (Սոս Սարգսյան) տանը: Հայրը տուն է դարձել մարտի դաշտում վիրավորվելու պատճառով: Այստեղ նա բուժվում է և ճակատ վերադառնում, այս անգամ` մեկընդմիշտ:

Ֆիլմում տղայի մենությունը լցվում է միայնակ գրքասեր ծերուկի գոյությամբ, որի հետաքրքրաշարժ պատմությունները մանչուկին հույս ու երազ են նվիրում: Ճիշտ է, ծերուկն այնքան էլ անշահախնդիր չի ընկերացել տղային, որն անվճար ճաշի ամենօրյա կտրոն ունի: Խորհրդային ժամանակների կինոյի համար բոլորովին անսպասելի պերսոնաժ է դա: Ինտելիգենտ, որին պատերազմը զրկել է ամեն ինչից` տնից, ապրուստից և ինչ-որ առումով արժանապատվությունից: Խեղճ ծերունին ստիպված է ուտել պատերազմում հայր կորցրած երեխայի հաշվին: Սակայն նրա պահվածքը դատապարտելի չէ, այլ առաջացնում է հանդիսատեսի կարեկցանքը: Այդ դերում նկարվել է մինչ այդ երբևէ կինոյում չխաղացած Վրույր Փանոյանը: Իսկ կայարանի պետի կերպարը ստեղծել է բնատուր հավաստիությամբ օժտված դերասան Ազատ Շերենցը:

Բագրատ Հովհաննիսյանի ստեղծագործական ուղին անցավ մշտական պայքարի մեջ մեկ կինո նկարելու հնարավորություն ունենալու համար, մեկ այնպես նկարելու համար, ինչպես որ ինքն էր զգում ու տեսնում: Մեջբերենք կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանին: Ահա թե ինչ է նա պատմում. «Հնձանի» փոքրիկ տղան հավատում էր, երբ շուրջը ոչ ոք չէր հավատում: Բագրատը կատաղի կռիվ էր տալիս, որ ֆիլմը վերջանա այնպես, ինչպես հիմա է վերջանում` Մարմաշենի եկեղեցու խաղաղ, ջինջ պատկերով և ոչ թե այն գեղեցիկ պատրանքով, որ տղան տեսնում էր իր երևակայության մեջ. արևի շողերով ողողված հնձանը, հայրը` կենդանի, քեռին` ոտքերը տեղը, ուրախ խաղող են ճմռում, և շուրջը բարություն ու համերաշխություն է տիրում: Բայց դա ընդամենը պատրանք է, խաբկանք: Երեխան խոր, իրական հավատ է փնտրում և հավատով ապրող մարդկանց»:
Այս ֆիլմը հայ կինոյի լավագույն էջերից մեկն է և գերում է թե՛ արտասովոր սյուժեով, հերոսներով ու նրանց փոխհարաբերություններով, թե՛ այդ ամենի ներկայացման, պատկերման յուրահատկությամբ: Ֆիլմի օպերատոր Սերգեյ Իսրայելյանին հաջողվել է փոխանցել ռեժիսորի զգացողություններն ու տեսնելու կերպը:
1977-ին Բագրատ Հովհաննիսյանն էկրանավորում է Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» վիպակը: Պատմում են, որ այն ժամանակ գրողի ու ռեժիսորի միջև վեճեր են եղել: Էկրանավորումների ժամանակ թերևս դա անխուսափելի է: Այսօր կարելի է պնդել միայն հետևյալը. այս ֆիլմը հարստացրել է մեր կինոժառանգությունը, ինչպես որ մեծ գրողի վիպակն է առանձնահատուկ տեղ գրավել մեր գրականության մեջ: Այսինքն` «գրականության հասանելիքը` գրականությանը, կինոյին` կինոյինը»: Փաստ է, որ հայ կնոջ դրաման յուրովի է հնչում այս ստեղծագործության մեջ: Յուրովի է արտացոլված նաև անցյալը, որ տարրալուծվելով հերոսուհու, նրա ապրածի մեջ, անճանաչելիորեն փոխել է նրան: Աղունը (Անահիտ Ղուկասյան) ապրել է դժվարին և հակասական կյանք: «Հոր պալատներից» հայտնվելով գոմում ապրող հասարակ գյուղական ընտանիքում` մշտապես պայքարել է կյանքի ամենասովորական նորմերի ձեռքբերման, օրինակ` տուն ունենալու համար: Բայց կա և ուրիշ ճշմարտություն,

նրա սկեսրոջ (Ժաննա Թովմասյան) ճշմարտությունը. այն խեղճության մեջ, որ իրենք էին ապրում, ոչ ոք մյուսին չէր նեղացնում… Խեղճության հետ չհաշտվող մեղմ ու քնքուշ աղջնակն իր ուսերի վրա մեծ բեռ է վերցրել ու տարիների ընթացքում կոպիտ, լեզվանի կին դարձել: Ամուսինը` Սիմոնը (Կարեն Ջանիբեկյան) հոգու խորքում գիտի, որ կինը շատ հարցերում իրավացի է: Բայց ամենատխուրն այն է, որ գյուղի բարձունքում իրենց ձեռքերով կառուցած վեհաշուք ամրոց հիշեցնող տունը պետք չէ նրանց զավակներին: Նրանք իրենց ապագան քաղաքում են տեսնում: Եվ գյուղի հիասքանչ բնաշխարհը (օպերատորներ` Կարեն Մեսյան, Գագիկ Ավագյան) հետզհետե լքվում է, ամայանում:

«Հայկական բնանկարը», գեղագրված լինելով հայ պոեզիայում, ինչպես նաև Բակունցի, Անանյանի, Համաստեղի, Մաթևոսյանի և այլոց շքեղ արձակի էջերում, հազվադեպ է իր էկրանային համարժեքն ունեցել: Այդ առումով էլ առանձնանում է Բագրատ Հովհաննիսյանը, քանի որ իր ֆիլմերում առանձին նշանակություն է տվել հայկական բնապատկերին: Նրա «Տերը» ֆիլմում (1983), որ դարձյալ նկարված է ըստ Հրանտ Մաթևոսյանի սցենարի, հաջողվել է ստեղծել մաթևոսյանական` «կենդանի կանգնած» դարավոր անտառի կինոկերպարը, որ տեղ-տեղ նմանվում է գեղանկարչական երփնագիր բնանկարի: Թե՛ գրական հիմքում, թե՛ կինոնկարում անտառը խորհրդանշական կերպար է: Եվ երբ տեսնում ենք գլխավոր հերոսին` Ռոստոմին, որ միշտ իր սպիտակ, առասպելական ձին հեծած` շրջում է ու պահպանում իր «տիրույթներն» ամեն տեսակ ոտնձգությունից, կասկած չի առաջանում, որ նա այդ անտառի զավակն է, նրա «ծնունդը»: Խորեն Աբրահամյանի անկրկնելի մարմնավորմամբ Տերը` Ռոստոմը, էպիկական, միաժամանակ իրական հերոս է: Նա ապրում է մեր օրերում, բայց ազատ է սոցիալական պայմանականություններից, սահմաններ չճանաչող էություն է, իսկ նրա արմատներն ամենահեռավոր` դիցաբանական անցյալում են: Տերը և նրա «տիրույթները» միասնական սուբստանցիա են, անտրոհելի ամբողջություն: Բնական է, որ Ռոստոմն ինքն իր մասին հոգնակի թվով է խոսում` «մենք», «մեր անտառը»:
Տերը ողբերգական հերոս է, որոշ առումով նման անտիկ հերոսներին, թեև գործողությունը տեղի է ունենում խորհրդային ժամանակների հայկական գյուղում: Ինչպես իրավամբ գրում է Սուրեն Հասմիկյանն իր «Սեղմ կադր» գրքում, «առաջին անգամ հայ կինոյում առաջ է գալիս հերոս, որն իր ողջ էությամբ հակադրվում է, եթե կարելի է այդպես արտահայտվել, այլասերված ամբոխին»: Ռոստոմին ծաղրում են, ծեծում, քշում, բայց նա անկործան է ու անխորտակելի, նա Տերն է «ամենայնի»: Ռոստոմը հոժարակամ է իր վրա վերցրել «անտառը» հանուն ապագայի պահպանող նահատակի դերը:
Բնապատկերն այս ֆիլմում տեսարան-բացիկ չէ, շնչում է, ապրում իր կյանքով, արձագանքում է, նաև լի է տագնապով (օպերատոր` Գագիկ Ավագյան): Յուրօրինակ հնչյունաշարի օգնությամբ (հնչյունային օպերատոր` Յուրի Սայադյան, կոմպոզիտոր` Տիգրան Մանսուրյան) ֆիլմը կարծես թույլ չի տալիս հանդիսատեսին լիարժեք վայելել բնության անխռով գեղեցկությունը, ներդաշնակությունը: Ռոստոմի անհանգստությունն է այդ կերպ փոխանցված բնապատկերին:
Այստեղ վերհանված խնդիրը, իհարկե, որոշ առումով բնապահպանական ուղղվածություն ունի, մի հարց, որ օրեցօր ավելի ու ավելի հրատապ և արդիական է դառնում մոլորակի վրա: Սակայն «Տերը» անհամեմատ ավելի խոր փիլիսոփայական բովանդակություն ունի: Այն գնում և տանում է դեպի մարդկային կեցության խորքերը, Գոյի հիմքերը: Հիշեցնենք, որ կինոյում նման ընդհանրացումների բերում է ֆիլմաստեղծման բոլոր տարրերն ագուցող ռեժիսորական ընդհանուր հայտարարը:
1989-ին Հովհաննիսյանը դարձյալ կվերադառնա պատերազմի հետևանքներին` նկարահանելով «Ադամամութ» («Եվ ամեն ինչ կկրկնվի») կինոնկարը: Սցենարը նա գրել է արձակագիր Վահագն Գրիգորյանի հետ միասին, վերջինիս վեպի հիման վրա: Ֆիլմի հերոսը մեկնում է Բելոռուսիա` այնտեղ մարտնչած ու զոհված հոր հուշարձանի բացմանը: Ուղևորության ընթացքում նա հանդիպում ու սիրահարվում է մի կնոջ, որը, պարզվում է, իր քույրն է: Գլխավոր դերերում հանդես են եկել Արթուր Մեսչյանը և Իրինա Ալֆյորովան:
Ավաղ, դա եղավ նրա վերջին ֆիլմը:
Ինչպիս՞ին կլիներ չարենցյան «Երկիր Նաիրին» կինոլեզվով ներկայացվելու դեպքում. դա առհավետ մնաց Բագրատ Հովհաննիսյանի տեսիլքում: Մեր ֆիլմարվեստում շատ բան կարող էր անել ահռելի մշակույթ կրող, իր ներսում գրականության և ֆիլմի միջև գեղարվեստական հաշտեցում գտնող այս ռեժիսորը: Սակայն նրան քիչ ժամանակ էր տրված, և այդ ժամանակի մեջ էլ, քիչ մասը բաժին հասավ կինոյին:
Սիրանույշ Գալստյան
Աղբյուր՝ Kinoashkharh.am