Բարսեղ Կանաչյան (1885, ապրիլի 17, Ռոդոսթո — մայիսի 21, 1967, Բեյրութ), հայ կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ։ «Գուսան» երկսեռ երգչախմբի վերահիմնադիրն է Կոմիտասի հիվանդությունից հետո։(1933 — 1961)։
Կենսագրություն
Ծնվել է Ռոդոսթոյում (այժմ Թեքիրդաղ՝ Թուրքիա) 1885 թվականին։ 1888 թվականին ընտանիքը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որտեղ Կանաչյանն ստանում է նախնական կրթությունը։ 1896 թվականին ընտանիքը գաղթում է Վառնա: Նաթան-Բեկ Ամիրխանյանից երաժշտության դասեր է վերցնում (ջութակ, երաժշտության տեսություն, խմբավարություն)։ 1903 թվականից սովորում է Բուխարեստում (դաշնամուր և հարմոնիա)։ 1908 թվականի օսմանյան սահմանադրության ընդունումից հետո Կանաչյանների ընտանիքը ապագայի ակնկալիքներով վերադառնում է Թուրքիա՝ Կոստանդնուպոլիս: Կանաչյանը այստեղ կազմում է «Քնար» փողային նվագախումբը, զբաղվում դասավանդմամբ, անում ստեղծագործական առաջին փորձերը։ Նրա համար որոշիչ է լինում Կոմիտասի հետ հանդիպումը 1910 թվականի դեկտեմբերին։ Կանաչյանը հանդես է գալիս «Գուսան» երգչախմբում, Կոմիտասի «հինգ սաներ»-ի թվում, հարմոնիայի դասեր է առնում, հետևում խմբավարական արվեստին։ 1919 թվականին Կոմիտասին նվիրված համերգին հանդես է եկել որպես խմբավար 400 հոգանոց միացյալ երգչախմբով։ «Հինգ սաներ»-ով ներդաշնակում և մշակում են հայրենասիրական երգեր։ 1920 թվականից շարունակել է երաժշտական կրթությունը Փարիզում: 1922 թվականից հայկական գաղթօջախներում զբաղվել է խմբավարական գործով։ 1928 թվականից դասավանդել է Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունում, 1933 թվականից Նշան Փալանջյան ճեմարանում: 1936 թվականին Բեյրութում հիմնում է «Գուսան» երկսեռ երգչախումբը, այդ խմբի համար մշակում հայկական և մի քանի արաբական ժողովրդական երգեր։ 1946 թվականին նշվում է Բարսեղ Կանաչյանի երաժշտական գործունեության 40-ամյակը։
Ստեղծագործություններ
Կանաչյանը գրել է շուրջ 30 խմբերգ («Հոյնար», «Դալիլո», «Վարդերի հետ» և այլն) և հայ բանաստեղծների խոսքերով 10 մեներգ՝ դաշնամուրի նվագակցությամբ («Օրոր», «Ասում են ուռին», «Ալվարդի երազը» և այլն), որոնք առանձնանում են մեղեդայնությամբ և վոկալի նուրբ զգացողությամբ։ Հեղինակ է նաև 20 մանկական երգերի և «Աբեղա» (ըստ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի) երգային օպերայի։ Կանաչյանի ստեղծագործության մեջ առավել ուշագրավ է «Նանոր» վիպական-դրամատիկական խմբերգային ծավալուն պատկերը, որը հայ դասական խմբերգային արվեստի նշանավոր երկերից է։ Հայտնի է «Բա՛մ, փորոտան» հայրենասիրական երգի նրա մշակումը։ Կանաչյանի խմբերգերն ու մեներգերը մասամբ հրատարակվել են Բեյրութում (1946–1948) և Երևանում (1969):
Պարգևներ
Արաբական մշակույթի զարգացմանը նպաստելու համար Կանաչյանը պարգևատրվել է արաբական և ֆրանսիական շքանշաններով, այդ թվում Լիբանանի «Մայրու Առաջին կարգի» պատվո նշանով։
«Օրօր»-ի տեքստը
Քուն եղիր, բալաս, աչերդ խուփ արա,
Նախշուն աչերուդ քուն թող գայ վրայ:
Օրօր, իմ բալաս, օրօր ու նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի:
Դուն ալ քուն եղիր, ինծի ալ քուն տուր,
Սուրբ Աստուածամայր, անուշիս քուն տո՛ւր:
Օրօր, իմ բալաս, օրօր ու նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի: